Ս.թ. հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածի սահմանամերձ իսրայելական բնակավայրերի վրա ՀԱՄԱՍ խմբավորման զինյալ ջոկատների արյունոտ հարձակմամբ Մերձավոր Արևելքը կրկին ընկղմվեց միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող հերթական ճգնաժամի մեջ։
Կողմերը հայտարարում են հազարավոր զոհերի մասին, տարածաշրջանին մոտիկ ու հեռու երկրներն իրենց դիրքորոշումներն են հայտնում, որոնք էլ արտացոլվում են միջազգային լրահոսի վերնագրերում։
ՀԱՄԱՍ խմբավորումն ահաբեկչական է համարվում՝ առնվազն իր գործունեության եղանակների գնահատման տեսանկյունից, նաև Իսրայելի հանդեպ անհանդուրժողական վերաբերմունքի պատճառով, քանի որ ժխտում է այդ երկրի գոյության իրավունքը, ինչն էլ այդ խմբավորմանը անպայամանագրունակ է դարձնում ներկայիս իրողություններում։ Հետո էլ՝ հարձակվել են Իսրայելի վրա, այլ ոչ թե Իսրայելն է հարձակվել։ Մյուս կողմից էլ՝ երկրում աջ-ազգայնական ու ծայրահեղ-կրոնական շարժումների հետ Իսրայելի «մեյնսթրիմային» քաղաքական ուժերի բազմամյա համագործակցությունն է բարդացնում հակամարտության քաղաքական կարգավորումը։ Իսկ բարդացնում է, որովհետև վերոնշյալ ուժերն էլ իրենց հերթին են ձգտում թաղել Պաղեստինում արաբական պետության բուն գաղափարը։ Իսկ հակամարտությունն իր ներկայիս տեսքով արդեն գրեթե 80 տարեկան է։
Այս ճգնաժամի արձագանքները կարող են լսվել նաև մեր՝ առանց այն էլ անկայուն տարածաշրջանում։ Իսկ դա էլ կարող է հարվածել մեր անվտանգության անմիջական միջավայրին, եթե ճգնաժամում ուղղակիորեն ներգրավվեն մի կողմից՝ Իրանն իր «դիմադրության առանցքով» և, մյուս կողմից, Ամերիկան՝ իր եվրոպական ու արաբական դաշնակիցներով։
Միանգամայն ակնհայտ է, որ նախ՝ հակամարտության կողմերի վրա Հայաստանը չունի ազդեցության որևէ լծակ։ Երկրորդ՝ Հայաստանի համար ոչ մի տրամաբանություն չկա իրեն հակադրելու հրեաներին կամ արաբներին, ավելին՝ բազմաթիվ հիմքեր ու փաստարկներ կան հօգուտ իր կառուցողական չեզոքության, անգամ ի հեճուկս այն բանի, որ Իսրայելի կառավարությունը մինչև վերջերս ամենաժամանակակից զենքերն է մատակարարել ալիևյան դիկտատուրային և աջակցել է Ադրբեջանի ռազմական արդյունաբերությանը, իսկ ՀԱՄԱՍ-ի առաջնորդները, ինչպես և Հորդանանի Արևմտյան ափում Պաղեստինյան ինքնավարության ղեկավարները Ալիևին շնորհավորել են «հաղթանակի» կապակցությամբ։ Կառուցողական չեզոքությունն անհրաժեշտ է, քանի որ Մերձավոր Արևելքը մեր անվտանգության միջավայրի կարևոր բաղկացուցիչն է։
Իսկ դա նշանակում է, որ հայ հանրության քաղաքականապես ակտիվ հատվածի համար կարևոր է հակամարտության բուն էության, ինչպես նաև այդ հարցում այնպիսի կարևոր սուբյեկտների դիրքորոշումների ընկալումը, ինչպիսին են ԱՄՆ-ն, ԵՄ-ն ու Իրանը։ Հենց դա էլ մեր նոր թողարկման նպատակն է։
«Անալիտիկոնի» խմբագրություն