Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Միջազգային և անվտանգության հարցերի
հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ
Երևան
Նախաբան
Հարևան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ հայկական հանրության և քաղաքական դաշտի ներքին օրակարգը։ Իսկ որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչների և ուժերի համար, իհարկե, նաև՝ երկրի ներսում շահաբաժիններ քաղելու նպատակով ընդգրկուն քաղաքական շահարկումների առարկա։ Սույն համառոտ հետազոտությունը Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և ընթացիկ աշխարհաքաղաքական իրողությունների միջև համապատասխանություն ստեղծելուն կողմ և դեմ պնդումների համառոտ վերլուծության փորձ է։ Մասնավորապես, հաշվի առնելով դրանց կտրուկ փոփոխությունները՝ 2020-ի աշնանն ու Ուկրաինայում ընթացող պատերազմով…
Նախապատմություն
Երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին խոսք գնաց դեռ անցյալ տարվա երկրորդ կեսից սկսած։ Ընդ որում՝ սկզբում Անկարայում, հետո արդեն՝ Երևանում։ Բարիդրացիական հարաբերություններ հաստատելու մտադրությունները հայտարարությունների մակարդակով պաշտպանեցին ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ԱՄՆ-ն՝ Եվրամիության հետ։ Գործընթացն ակտիվ փուլ մտավ ընթացիկ տարվա հունվարի 14-ին՝ Հայաստան – Թուրքիա երկխոսության հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի՝ Մոսկվայում կայացած առաջին հանդիպմամբ։ Դրա արդյունքների մասին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որում նշվում էր բանակցությունների դրական և կառուցողական մթնոլորտը։ Գործնականում համանման հայտարարություն տարածեց նաև թուրքական ԱԳՆ-ն։ Ռուբինյան – Քըլըչ երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի 24-ին, Վիեննայում։ Դրանից հետո հատուկ ներկայացուցիչները հաստատեցին, որ բանակցությունների վերջնական նպատակը երկու երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումն է։ Դրական գնահատելով երկրորդ հանդիպումը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 2-ին՝ ՀՀ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ, ընդգծեց. «Քննարկումը շատ ավելի կոնկրետ է եղել, քան ենթադրաբար և արդարացիորեն կարող էր լինել առաջին հանդիպմանը»։ Նա նաև տեղեկացրեց, որ ըստ բանակցողների՝ գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների, և դրա վերջնարդյունքը հարաբերությունների կարգավորումն է, իսկ մեզ համար՝ նաև սահմանի բացումը։
Թուրքիան առաջիններից մեկը՝ 1991 թվականի դեկտեմբերի 24-ին ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը։ Սակայն առայսօր Անկարան հրաժարվում է Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Ավելին, 1993 թվականին փակեց Հայաստանի հետ օդային և ցամաքային սահմանները։ 1995 թվականին օդային սահմանը բացվեց, սակայն ցամաքային սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար Անկարան անցած բոլոր տարիներին մի քանի նախապայմաններ էր առաջ քաշում։ Այդ թվում՝ հրաժարում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, Կարսի պայմանագրի, Թուրքիայի և Ադրբեջանի ներկա սահմանների ճանաչում։ Անցյալ դարի 90-ական թվականներից հարաբերությունների կարգավորման առնվազն երկու փորձ է եղել, սակայն երկուսն էլ տապալվել են Անկարայի առաջ քաշած նախապայմանների պատճառով։ Վերջին անգամ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց նախաձեռնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 2008 թվականի աշնանը։ «Ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը ստացած գործընթացն ավարտվեց 2009 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների ստորագրած «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների ստորագրմամբ։ Արձանագրությունները հաստատման համար շրջանառության մեջ դրվեցին երկու երկրների խորհրդարաններում, սակայն գործընթացն այդտեղ էլ կանգ առավ։
Հետպատերազմական իրողություններ
Կարևոր է նշել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու երրորդ փորձը նախաձեռնվեց արդեն բացարձակապես նոր տարածաշրջանային աշխարհաքաղաքական պայմաններում։ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի իրականացրած 44-օրյա ագրեսիան ոչ միայն հանգեցրեց հազարավոր զոհերի, այլև խաթարեց առաջին պատերազմից հետո՝ 1994 թվականից Արցախի շուրջ ձևավորված ստատուս քվոն։ Ադրբեջանը, Իլհամ Ալիևի խոսքերով՝ «վերականգնել է տարածքային ամբողջականությունն ու լուծել է ղարաբաղյան հակամարտությունը»։ Ինչը հնարավորություն է տալիս ասելու, թե առնվազն սահմանների ապաշրջափակումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապող թուրքական մի նախապայմանը վերացել է։ Վերջինս էլ նշանակում է, որ Ալիևը 2008 թվականի հայ-թուրքական գործընթացը տորպեդահարելու իր պատճառը հիմա, ըստ էության, ալյևս չի կարող ներկայացնել։ Սակայն, կա ևս մեկ, կարծես թե ավելի կարևոր հանգամանք։ Մինչև 44-օրյա պատերազմի հետևանքով Հարավային Կովկասում ձևավորված նոր ստատուս քվոն, Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու հատուկ ձգտում, մեծ հաշվով, չուներ ինքը՝ Թուրքիան։ Սակայն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների ստորագրմամբ տարածաշրջանը յուրացնելու «ռուսական պլանի» գործողության դրվելն առնվազն նպաստեց նման ցանկության առաջացմանը։
Առանց Թուրքիայի մասնակցության «տարածաշրջանային հաղորդակցության բոլոր ուղիների» ապաշրջափակում հնարավոր չէ։ Իսկ դիվանագիտական հարաբերությունների բացակայության, Հայաստանի հետ փակ սահմանների պայմաններում հաղորդակցական ծրագրերին մասնակցել Անկարան պարզապես չի կարող։ Եվ դա այն պայմաններում, երբ թուրքերը, ըստ էության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հերթական սպանդի գլխավոր նախաձեռնողն էին։ Բնականաբար՝ զուտ իրենց անձնական նպատակներով։ Որոնցից գլխավորը Հայաստանի տարածքով իրենց համար բաղձալի «Զանգեզուրի միջանցքն» է։ Ահա այստեղ հարկ է արձանագրել, որ ինքնին Հայաստանի տարածքով նման ուղու գաղափարը կարող է նախապայման դառնալ արդեն Երևանի զինանոցում։ Այլ խոսքով՝ Հայաստանը կարող է համաձայնել իր տարածքով Թուրքիայի և Ադրբեջանի համար ցամաքային կապ ապահովել միայն հարաբերությունների կարգավորման և Անկարայի կողմից սահմանների ապաշրջափակման պայմանով։ Այսպիսով, հետպատերազմական նոր իրողությունները հանգում են ոչ միայն Հայաստանի թուլացման, ինչպես դա պնդում են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հակառակորդները, այլև Երևանի հետ հարաբերությունները լավացնելու Անկարայի շահագրգռվածության նշանակալի աճի։
Փոփոխվող աշխարհի աշխարհաքաղաքական իրողությունները
Աշխարհաքաղաքական կոորդինատների ժամանակակից համակարգում ամբողջ աշխարհը, միջազգային հարաբերությունները կապակցված են միասնական շղթայով։ Գլոբալացվող աշխարհն այդ առումով միանգամայն նման է հաղորդակից անոթների, և մի տեղում ալեկոծումն անմիջապես խախտում է անդորրը մի այլ տեղում։ Ուկրաինայում, և ամենագլխավորը՝ Ուկրաինայի շուրջ ընթացիկ իրադարձությունները թույլ են տալիս արձանագրել, որ հայ-թուրքական երկխոսությունն սկսվել է մի իրավիճակում, երբ Ռուսաստանը և նույն Թուրքիան այդ համակարգում այլ դիրք ունեին։ Իսկ ՌԴ-ի հետ Արևմուտքի և առաջին հերթին ԱՄՆ-ի հարաբերությունները՝ բոլորովին այլ բնույթ։ Նաև հարկ է արձանագրել, որ սկզբնապես էլ ոչ լավագույն բովանդակություն ունեցող այդ հարաբերությունները օրեցօր ավելի են վատանում։ Այստեղ անհրաժեշտ է հիշեցնել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցում ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև նախապես առկա կոնսեսուսի մասին։ Ինչի առնչությամբ օրինական հարց է առաջանում. արդյո՞ք այս կոնսեսուսը կենսունակ կլինի ներկա «ուկրաինական» աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում։ Եվ ուկրաինական պատերազմն ի՞նչ նոր հնարավորություններ և ռիսկեր է ստեղծում հայ-թուրքական կարգավորման ճանապարհին։
Այդ հարցերի պատասխաններն ամբողջովին կախված են ընդդեմ Ուկրաինայի ռուսական ագրեսիայի արդյունքներից։ Հնարավոր է ենթադրել, որ Մոսկվայի կողմից իր նպատակներին հասնելու, այսինքն Ուկրաինայի՝ ռազմական դաշինքներից դուրս կարգավիճակին համաձայնելու կամ ձախափնյա Ուկրաինան այս կամ այն պատրվակով գրավելու դեպքում Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու քաղաքականության վեկտորը չի փոխի։ Զուգահեռաբար, Մոսկվայի հետ համագործակցությամբ Անկարան կշարունակի Հարավային Կովկասում հաղորդակցության ճանապարհների ապաշրջափակման աշխատանքը, այսինքն՝ Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելուն առնչվող գործընթացը։ Այն դեպքում, երբ Ուկրաինայում ռազմական գործողության տապալման, արևմտյան ուղղությամբ ռուսական քաղաքականության ձախողման դեպքում Թուրքիան կարող է ակնթարթորեն փոխել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իր այսօրվա պայմանները։ Ինչը պայմանավորված կլինի ոչ միայն և ոչ այնքան հայկական գործոնով, որքան ռուսական։ Թուրքիան կայծակնային արագությամբ Ուկրաինայում ՌԴ պարտությունը կերևակի Հարավային Կովկասում՝ իր համար նոր առավելություններ ստանալու նպատակով։ Օրինակ, Ադրբեջանում իր ռազմական ներկայությունը մեծացնելու կամ ցանկալի «Զանգեզուրի միջանցքին» անդրտարածքային կարգավիճակ տալու համար։ Այսպիսով, հնարավոր է արձանագրել, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխությունները նոր ռիսկեր են առաջացնում հայ-թուրքական հարաբերություների կարգավորման գործընթացի համար։ Ինչն, ի դեպ, Հայաստանի համար այդ գործընթացն ավելի գրավիչ է դարձնում։
«Եթե սահմանները բացենք՝ թուրքերը մեզ կուտեն»
Այստեղ հարկ է անդրադառնալ Հայաստանում, առաջին հերթին ռուսական քարոզչությամբ լայնորեն տարածվող այն միֆին, որ «եթե ռուսները չլինեն՝ թուրքերը մեզ կուտեն»։ Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու մտադրության մասին առաջին տեղեկությունների հայտնվելուց հետո այդ քարոզչական դրույթը նոր տեսք ստացավ. «եթե սահմանները բացենք՝ թուրքերը մեզ կուտեն»։ Այս մռայլ կանխատեսման կողմնակիցների թեզիսներն անփոփոխ հանգում են նրան, թե Թուրքիայի հետ սահմանների բացումը կհանգեցնի Հայաստանի «աջարացման»։ Այսինքն, տեղական արդյունաբերության վերացման՝ թուրքական էժան ապրանքներով Հայաստանի շուկան ողողելու միջոցով, Հայաստանում թուրքերի կողմից անշարժ գույքի զանգվածային գնման, Սյունիքից հայերին դուրս մղելու և այլ աշխարհացունց հետևանքների։ Հիշենք, որ ժամանակին նմանատիպ «փաստարկներ» հնչում էին նաև Հայաստանի հետ առևտուր անող և մեր երկիր այցելող իրանցիների «ներխուժման» առիթով։ Ընդ որում, նման աշխարհացունց սցենարի կողմնակիցները համեստորեն լռում են, որ իրականում թուրքական կապիտալը նույն Աջարիայում չի գերազանցում 15 տոկոսը։ Իսկ համաձայն Հայաստանում գործող օրենսդրության, նույն թուրքերին ոչինչ չի խանգարում մեր երկրում ազատորեն անշարժ գույք ձեռք բերել նաև այսօր՝ հենց փակ սահմանների պայմաններում։
Եվ ըստ հերթականության, բայց բոլորովին էլ ոչ իր կարևորությամբ, վերջինը։ Ո՛չ փակ սահմանները, ո՛չ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը բացարձակապես չխանգարեցին թուրքերին «ուտել» մեզ։ 2020-ի աշնանը նախաձեռնելով և բոլոր հնարավոր միջոցներով բացահայտ աջակցելով Արցախի և Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան, էրդողանական Թուրքիան անհնարինը հնարավոր դարձրեց։ Այսինքն՝ խախտեց Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հարաբերակցության տարիներով ձևավորված հավասարակշռությունը, ինչը լայնածավալ ադրբեջանական ագրեսիան խոչընդոտող գործոն էր։ Հենց այդ հավասարակշռության խախտումը հանգեցրեց Ադրբեջանի դեմ պատերազմում հայկական պետությունների պարտությանը։ Հայաստանը և Արցախը պատերազմում էին միայնակ, առանց միակ դաշնակից Ռուսաստանի աջակցության։ Ադրբեջանի թիկունքում կանգնած էին Թուրքիան, Իսրայելը, Պակիստանը։ Էլ չենք խոսում դարձյալ Թուրքիայի կողմից Արցախ տեղափոխվող հազարավոր միջազգային ահաբեկիչների մասին։ Այսպիսով, պետք է արձանագրել, որ հենց Թուրքիան վճռորոշ դեր ունեցավ 44-օրյա պատերազմի արդյունքներում։ Եվ դա տեղի ունեցավ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայության ու փակ սահմանների պայմաններում։ Հասկանալի է, որ այսօր արդեն ուշ է խոսել այն մասին, թե ինչպես կփոխվեր իրավիճակը, եթե 2020 թվականին Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ ունենային։ Սակայն գրեթե ճշգրիտ կարելի է ասել, որ Հայաստանի հետ փակ սահմանները բոլորովին չխանգարեցին Թուրքիային հայ ժողովրդի դեմ հերթական անթաքույց ագրեսիան իրականացնելու։
Ամփոփում
Անկասկած է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի համար և՛ վտանգներ է պարունակում, և՛ հնարավորություններ բացում։ Ավելին, վտանգներով է լեցուն բուն գործընթացը՝ բաց սահմանների և դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղին։ Այսուհանդերձ, հարկ է նշել, որ ինչպես բանակցությունների գործընթացի, այնպես էլ բաց սահմանների պայմաններում ապագա դիվանագիտական հարաբերությունների ճիշտ կազմակերպմամբ Հայաստանում թուրքական տնտեսական, քաղաքական և մշակութային էքսպանսիայի սպառնալիքները հնարավոր է չեզոքացնել։ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները, սահմանների բացումը Հայաստանի համար ոչ մի դեպքում չպետք է դառնան ինքնանպատակ։ Եվ Երևանը ոչ մի դեպքում չպետք է հանուն հարաբերությունների նորմալացման համաձայնի թուրքական առանց բացառության բոլոր նախապայմաններին։ Գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում աշխարհաքաղաքական իրողությունները սրընթաց փոխվում են՝ մեզ համար մշտապես և՛ նոր վտանգներ, և՛ նոր հնարավորություններ ստեղծելով։ Եվ այդ հնարավորություններից հարկ է ակտիվորեն օգտվել։ Պայմանականորեն ասած՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանը կարող է աչք փակել ընդհանուր անցյալի մութ էջերի վրա և նայել բացառապես ապագային։ Իսկ ընթացիկ աշխարհաքաղաքական և աշխարհագրական իրողություններն այդ հեռանկարը դարձնում են անայլընտրանք։