Ֆրանսիայի հետ Հայաստանի հարաբերությունների զգացմունքային-սենտիմենտալ բաղկացուցիչն իր տեսակարար կշռով այնքան մեծ է, որ անգամ ունակ է ստվերելու այդ հարաբերությունների մյուս բաղադրիչները։ Արտերկրի նկատմամբ հայ հանրության վերաբերմունքում Ֆրանսիան անվերապահ առաջատար է դրական ընկալման առումով։ Այսուհանդերձ, շարունակում է հրատապ մնալ հետևյալ հարցը՝ որքանո՞վ է սա համադրելի հայ-ֆրանսիական հարաբերությունների իրական մակարդակին, տարածաշրջանում առկա իրողություններին, հատկապես՝ 2020 թ. 44-օրյա պատերազմի և Ուկրաինա ռուսաստանյան ներխուժման համապատկերում։
Որքանո՞վ են հիմնավորված այն ակնկալիքները, ըստ որոնց Ֆրանսիան կմտադրվի իր վրա վերցնել փոխարինման-տեղակալման դեր տարածաշրջանում և լուրջ գործոն կդառնա Ռուսաստանի կայսրապետական հավակնությունների զսպման հարցում, առավել ևս, որ պաշտոնական Փարիզի դաշնակիցները ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում տվյալ պահին նույնիսկ չեն քննարկում նման օրակարգ (ինչը չի նշանակում, որ դա չեն անի վաղը կամ մյուս օրը)։
Մեր նոր թողարկման հեղինակային հոդվածներն ու արտատպությունները կօգնեն իրատեսորեն նայել նշյալ հարցերին և ըստ ամենայնի ընկալել հայ-ֆրանսիական հարաբերությունները, ինչը անհրաժեշտ է հայկական պետությանն ու հանրությանը՝ հարափոփոխ ու ալեկոծ տարածաշրջանում ու աշխարհում նոր օրակարգ ձևավորելու համար։
«Անալիտիկոն» հանդեսի խմբագրություն