Հայկ ՍԱՀԱԿՅԱՆ
Քաղաքագետ
Երևան
Փետրվարի 24-ին Վիեննայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումից հետո կողմերը, ինչպես Մոսկվայում կայացած առաջին հանդիպումից հետո, միևնույն հայտարարությունը տարածեցին։ «Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են, որ բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջև լիարժեք կարգավորումն է, ինչպես պայմանավորվել էին Մոսկվայում իրենց առաջին հանդիպման ընթացքում: Նրանք մտքեր են փոխանակել այդ կապակցությամբ համատեղ հնարավոր կոնկրետ քայլեր ձեռնարկելու շուրջ և վերահաստատել իրենց համաձայնությունը՝ գործընթացը շարունակելու առանց նախապայմանների»,- նշված է արտգործնախարարությունների կողմից տարածված հաղորդագրություններում:
Այս ձևակերպումները թույլ են տալիս որոշակի ենթադրություններ անել․
1․ Այն, որ կողմերը շեշտում են առանց նախապայմանների գործընթացը շարունակելու պատրաստակամության մասին, ոչ այնքան երաշխավորում է, որ թուրքական կողմից նախապայմաններ չկան առհասարակ կամ չեն լինելու, այլ ավելի շատ ցույց տալիս, որ կողմերը մինչ այս պահը ցանկանում են շարունակել բանակցությունները, և որ մի շարք հարցերի ուղղությամբ ակտիվ բանակցություններ են ընթանում։ Այսինքն, բանակցային սեղանին նախապայմաններ կարող են գոյություն ունենալ նաև այս պահին կամ ի հայտ գալ որոշ ժամանակ անց, բայց դա բավարար չի լինի բանակցությունները կասեցնելու կամ հարցը հրապարակային դաշտ տեղափոխելու համար։ Հատկապես, որ ՀՀ ԱԳ նախարարը մասնակցելու է Անթալիայում մարտի 11-13-ը կայանալիք դիվանագիտական ֆորումին։
2․ Դիվանագիտական այս սուղ հայտարարություններից զատ բանակցային օրակարգի մասին որևէ հավելյալ տեղեկատվություն, իհարկե, առկա չէ, բայց հասկանալի է նաև, որ կողմերն ակտիվ բանակցում են հարցերի այն փաթեթի շուրջ, որն ընկած է հայ-թուրքական հարաբերությունների հիմքում։ Պարզ է, որ բանակցությունները զրոյից և լրիվ սպիտակ թղթից չեն մեկնարկել՝ սա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման 4-րդ փորձն է (միակ լուրջ փորձը, իհարկե, 2007-2009թթ․ գործընթացն է, երբ ստորագրվեցին Ցյուրիխյան արձանագրությունները, բայց մինչ այդ ՀՀ առաջին և երկրորդ նախագահների օրոք ևս փորձեր են կատարվել): Հետևաբար, այս տարիների ընթացքում բանակցային ծավալուն հիմք է ձևավորվել, առավել ևս, որ կան թեև չվավերացված և օրակարգից դուրս եկած, բայց մոտ 3 տարի բանակցված և առնվազն ստորագրված արձանագրություններ։ Կա հավանականություն, որ կողմերը կարող են բանակցել նաև հենց Ցյուրիխյան արձանագրությունների որոշ հիմնադրույթների շուրջ։
3․ Ուշադրության է արժանի նաև այն ձևակերպումը, որ բանակցությունների վերջնական նպատակը հարաբերությունների լիարժեք կարգավորումն է, իսկ դա կարող է ենթադրել, որ բանակցային սեղանին այժմ դրված են/կդրվեն ոչ թե բացառապես դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանը բացելու, այլ նաև հարաբերությունների պատմական ասպեկտին ու տարածաշրջանային այլ՝ Ադրբեջան-Հայաստան օրակարգին վերաբերող հարցեր։
2007-2009 թթ․ գործընթացի ժամանակ փորձ կատարվեց հասնել ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը (normalization), այլ նաև հաշտեցմանը (reconciliation): Երբ Հայոց ցեղասպանության, դրա հետևանքների հետ կապված զգայուն հարցերը փորձ է արվում նույն զամբյուղի մեջ դնել դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման խնդիրների հետ, բանակցությունների արդյունքն արդեն իսկ հարցականի տակ է, որովհետև մի փորձով խնդիրների այս հսկայական ծավալը լուծելն անհեռանկարային է թվում։ Հնարավոր է առանց պատմական հարցերը, ժողովուրդների ընկալումները մեջտեղ բերելու հաստատել դիվանագիտական հարաբերություններ, բացել սահմաններ, այսինքն՝ ստեղծել հարաբերություններ պետությունների մակարդակում, իսկ մնացած զգայուն և բարդ խնդիրները թողնել հետագային։ Եթե այս անգամ ևս կիրառվի «երկուսը՝ մեկում» տրամաբանությունը, ապա արդեն իսկ ռեալ չէ, որ բանակցություններն արդյունք կտան, եթե կողմերից որևէ մեկը ետ չկանգնի իր դիրքերից։
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակը ոչ միայն սահմանի բացումն ու արտաքին շրջափակումը վերացնելը, այնպես էլ կամ առավելապես հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանական օրակարգից, ԼՂ հակամարտությունից տարանջատելը պետք է լինի։ Արդյո՞ք կարող է Հայաստանն (այն էլ՝ հիմա) հասնել դրան։ Թուրքիայի և Ադրբեջանի շահերն առավել քան երբևէ համահունչ են, և հայ-թուրքական օրակարգը հայ-ադրբեջանականից տարանջատելն առավել քան բարդ, եթե ոչ՝ անիրատեսական։ Կապ չունի, թե որքանով է Թուրքիան պատերազմից հետո մեծացրել իր ազդեցությունն Ադրբեջանում և դեռ որքան կկարողանա մեծացնել. Հայաստանին և ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերում Անկարայի ու Բաքվի մոտեցումները միասնական են։ Ավելին՝ Չավուշօղլուն հայ-թուրքական բանակցությունների մասին ազդարարելիս հայտարարել է՝ Հայաստանի հետ քննարկվելիք ցանկացած հարց համաձայնեցնելու են Ադրբեջանի հետ։
Թուրքիայի արտգործնախարարը մարտի 5-ին Ադրբեջանում էր, և իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հետևած ճեպազրույցում նորից հայտարարել է, որ Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարին, և որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան իր քայլերը լիարժեք համակարգում է Ադրբեջանի հետ։ Ավելին՝ Չավուշօղլուն կրկին շեշտել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը ևս կարևոր է։ Չավուշօղլուին ընդունել է նաև Ալիևը, և հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև նախորդ տարվա հուլիսին կնքված և հայ-թուրքական բանակցությունների պաշտոնական մեկնարկից հետո երկու երկրների խորհրդարաններում վավերացված «Շուշիի հռչակագրին», դրա դրույթների իրականացմանը, որոնց մի մասն ակնհայտ հակահայկական բովանդակություն ունի։ Չավուշօղլուն Ալիևի հետ հանդիպմանը նույնպես շեշտել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի կարևորությունը։ ՀՀ ԱԳՆ-ն, արձագանքելով Չավուշօղլուի այս հայտարարությանը, նշել է, որ պաշտոնական Երևանի համար դա «անհասկանալի խոսույթ է»։ «Սրա մասին գիտեն բոլորը: Մյուս կողմից՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը նույնպես Կառավարության առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում, այդ թվում՝ «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակներում»: Հետևաբար, հայ-թուրքական 2-րդ բանակցություններից օրեր անց հրապարակային նման հայտարարությունները նախապայմանների բացակայության հարցում վստահ լինելու հիմքեր չեն տալիս։
Թուրքիայի կողմից հայ-թուրքական գործընթացի հարցում Ադրբեջանի հետ գործողությունները համակարգելու տեսանկյունից ուշագրավ է, որ Չավուշօղլուի գլխավոր պատվիրակության կազմում է եղել նաև Հայաստանի հետ բանակցություններում Թուրքիայի բանակցող Սերդար Քըլըչը, որը նաև Ալիևի հետ կայացած հանդիպմանն է մասնակցել։ Հետևաբար, Չավուշօղլուի այցի ընթացքում քննարկվել են ոչ միայն Ուկրաինայում կատարվողը, դրա հնարավոր հետևանքները, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ հռչակագրի ստորագրումն ու այլ երկկողմ հարցեր, այլ նաև հենց հայ-թուրքական ընթացիկ բանակցությունները։ Ընդ որում, Քըլըչի՝ Չավուշօղլու հետ Բաքու մեկնելը հենց փետրվարի 24-ին Վիեննայում կայացած հայ-թուրքական բանակցություններից հետո Բաքվին գործընթացի մանրամասների մասին իրազեկելու տրամաբանության մեջ է տեղավորվում։ Եթե այս ամենին հավելենք նաև, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հարցերում նման դիրքորոշումներ հայտնելը ոչ միայն Բաքվի դժգոհությունը կանխելու, այլ նաև տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունն ընդլայնելու ռազմավարությունից է բխում, ապա առավել քան բարդ է թվում, թե ինչպես պետք է Թուրքիան Հայաստանի հետ բանակցությունների ժամանակ մի կողմ դնի Ադրբեջանի հետ փոխկապակցված հարցերն ու համաձայնի քննարկել միայն հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների հաստատման ու սահմանների բացման խնդիրները։
Իսկ ի՞նչ է լինելու, եթե ինչ-որ պահից Թուրքիան զիջումներ պահանջի Հայոց ցեղասպանությանն ու հայ-թուրքական սահմանին վերաբերող հարցերում, պահանջի հեռացնել ՀՀ Սահմանադրության ներածությունը, որով հղում է կատարվում Ակնախության հռչակագրին, որում էլ իր հերթին արձանագրված է․ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։ Ի՞նչ կլինի, եթե Թուրքիան պահանջի Հայաստանից իր տարածքով մայրցամաքային Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցք տրամադրել կամ էլ, օրինակ, պահանջի, որ Հայաստանը նախ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքի, հետո՝ մնացածը։ Սրանք հարցեր են, որոնք կարող են բանակցություններում առաջ գալ ցանկացած պահի՝ այդ թվում այն ժամանակ, երբ թվա, թե կողմերը մոտ են համաձայնության։
Բանակցություններում, այն էլ՝ նման զգայուն և խորը արմատներ ունեցող խնդիրների շուրջ, քիչ թե շատ բավարարող համաձայնություններ կարող են ձեռք բերվել այն դեպքում, եթե կողմերից յուրաքանչյուրը պատրաստ է որևէ հարցում զիջել՝ փոխադարձ ընդունելի լուծման հասնելու համար, պետք է յուրաքանչյուր կողմ ունենա ռեսուրս, որպեսզի ինչ-որ բան ստանալու դիմաց կարողանա ինչ-որ բան էլ տալ հակառակ կողմին։ Դժվար է պատկերացնել, թե այս իրավիճակում ինչ ռեսուրսներ ունի Հայաստանը նշված տրամաբանությամբ հաջողության հասնելու համար, որովհետև մեծ հաշվով զիջելու և «փոխանակելու» բան չունի էլ՝ այնպես, որ ինչ-որ չափով շահող դուրս գա իրավիճակից։ Հետևաբար, կա՛մ Թուրքիան պետք է որոշ հարցերում զիջումների գնա՝ առաջ չքաշելով նախապայմաններ, ինչը քիչ հավանական է թվում, կա՛մ Հայաստանը պետք է դրանց համաձայնի, որպեսզի ինչ-որ համաձայնություն կայանա։
Այնպես որ, հարցականներն ու ռիսկերը շատ ավելին են, քան հնարավորությունները: