«Ֆրանսիան միշտ կլինի ձեր կողքին»,- դեռևս 44-օրյա պատերազմի օրերից մինչ այսօր պարբերաբար, տարբեր առիթներով հայտարարում է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը: Այդ հայտարարությունները ջերմացնում են հայությանը, ինչ-որ իմաստով նաև մխիթարում, սակայն բավականին բարդ է ասել, թե գործնական առումով դրանք ինչպես են ազդում Արցախի ու Հայաստանի շուրջ եղած անվտանգության բավականին բարդ իրավիճակի վրա: Առավել ևս, որ հետպատերազմյան ժամանակահատվածում նաև նկատելի է եղել Ֆրանսիայի հռետորաբանության և քաղաքականության որոշակի փոխակերպում՝ ընդգծված հայկական ուղղությունից դեպի տարածաշրջանային, դեպի Հայաստանի ու Ադրբեջանի միջև որոշակի հավասարակշռում:
Մինչդեռ, 44-օրյա պատերազմից հետո Ֆրանսիան սկսեց չափազանց ուժգին քայլով: Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները միաձայն ընդունեցին Արցախի անկախության ճանաչման մասին բանաձև՝ ընդ որում, հորդորելով գործադիր իշխանությանը ճանաչել Արցախը 1994-ի հրադադարի «սահմաններով»: Գործադիր իշխանությունը, սակայն, չանսաց այդ հորդորին: Ավելին, ժամանակի ընթացքում Ֆրանսիան փորձեց հավասարակշռել իրավիճակը, ու թեև Հայաստանի հետ հարաբերությունները շարունակում են լինել առանձնահատուկ, այդուհանդերձ՝ Փարիզն այլևս չի անում հայտարարություններ կամ քայլեր, որոնք կարող են «խրտնեցնել» Բաքվին:
Ի՞նչ տեղի ունեցավ: Ֆրանսիան փորձեց հետպատերազմյան շատ բարձր տոնով հասկացնե՞լ Բաքվին, որ ֆրանսիական հետաքրքրություններն անտեսելը կարող է բերել բարդությունների՝ ի վերջո, խոսքը թե՛ Մինսկի խմբի համանախագահ, թե՛ ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից մեկը լինող պետության մասին է, որքան էլ Ֆրանսիայի ներկայիս աշխարհաքաղաքական կարողություններն ու մասշտաբը զգալիորեն համեստ են, թե՞ հակառակը՝ Ֆրանսիան տեսավ, որ այդօրինակ շեշտադրումներն ընդհանրապես կարող են իրեն թողնել խաղից դուրս և փորձեց փնտրել Բաքվի հետ աշխատանքի եզրեր, հաշվի առնելով այն, որ Բաքուն «մենակ չէր» թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ պատերազմից հետո:
Ընդհանրապես, արցախյան հարցում Ֆրանսիայի քաղաքականության առանցքում, թերևս, արժե դիտարկել այն խնդիրը, որ պաշտոնական Փարիզը նախագահ Մակրոնի մակարդակով բարձրաձայնեց աշխարհաքաղաքական մեծ խաղի կիզակետում լինելու մտադրության մասին՝ ուկրաինական պատերազմի բռնկումից հետո: Նա Փարիզ հրավիրեց Եվրահանձնաժողովի նախագահին և Գերմանիայի կանցլերին, որպեսզի ուկրաինական պատերազմից բացի քննարկեն նաև եվրոպական սուվերենության խնդիրը: Մեծ հաշվով, Ֆրանսիայի աշխարհաքաղաքական կենսունակությունն ու շարժունակությունը կախված է լինելու, թերևս, հենց այդ խնդրի լուծումից՝ թե որքանով կհաջողվի ապահովել եվրոպական սուվերենություն, որովհետև առանց համաեվրոպական ներուժի Փարիզն այսօր չունի գերխաղացողների շարքում մրցունակության մեծ ռեսուրս:
Եվրոպական սուվերենության խնդրի համատեքստում Փարիզի համար կա երեք էական կենտրոն՝ Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա: Եվրոպական սուվերենության «բերմուդյան եռանկյունին»: Դա նշանակում է, որ Կովկասը՝ իր հարցերով, այդ թվում առանցքային՝ հայ-ադրբեջանական, արցախյան խնդիրներով, եվրոպական սուվերենության այդ «բերմուդյան եռանկյունու» «անկյուններից» մեկն է: Միևնույն ժամանակ, այդ համատեքստում Կովկասը Ֆրանսիայի համար առանցքային օղակ է նաև Մերձավորարևելյան և Պարսից ծոցի տարածաշրջանների «ճանապարհին», որի ուղղությամբ վերջին տարվա ընթացքում Փարիզը դրսևորեց նկատելի աշխուժություն: Առանց Կովկասի կարող է ոչ միայն սեղմվել «եվրոպական սուվերենության» օղակը, այլ նաև կտրվել այն շղթան, որը տանում է դեպի Ֆրանսիայի երբեմնի մեծ խաղի առանցքային ուղղություններից մեկը՝ Մերձավոր Արևելք, ինչպես նաև Պարսից ծոց:
Արցախը Ֆրանսիայի այդ «ճանապարհին» է, ինչով էլ արտահայտվում է Փարիզի աշխուժությունը հատկապես 44-օրյա պատերազմից հետո: Բանն այն է, որ պատերազմը և դրա հետևանքով վերափոխված ստատուս քվոն ստեղծեցին մի իրավիճակ, երբ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը սկսեցին աշխուժորեն առաջ տանել տարածշրջանը «փակելու» օրակարգը: Այդ հանգամանքը նվազ անհանգստություն առաջացրեց Վաշինգտոնում, քանի որ Միացյալ Նահանգների ռազմավարական չափումներն ու գործիքակազմը, լինելով շատ ընդգրկուն, ձևավորում են անվտանգության և քաղաքական խաղի ավելի մեծ շղթաներ, կենսական չդարձնելով փոքր օղակների վրա կենտրոնանալը: Ֆրանսիան, ունենալով բավականին համեստ հնարավորություններ, շատ ավելի զգայուն էր հետպատերազմական Կովկասի հանդեպ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնամուտից հետո նախագահ Մակրոնն ակնհայտորեն փորձեց բավականին մերձ փոխհարաբերության հասնել, այդ թվում նաև՝ ԱՄՆ օգնությամբ Կովկասում դիրքերի վերականգնման և ամրացման համար: Սակայն, ժամանակի ընթացքում պարզվեց, որ Բայդենի վարչակազմը կենտրոնացած է առավել լայն հորիզոնի վրա, գլխավոր սպառնալիք համարելով Չինաստանը: Ավելին, Բայդենի վարչակազմը բավականին անհարմար դրության մեջ գցեց Ֆրանսիային՝ ձևավորելով Ավստրալիա-Մեծ Բրիտանիա-ԱՄՆ հնդկախաղաղօվկիանոսյան ալյանսը, ինչը հանգեցրեց նրան, որ Ավստրալիան հրաժարվեց Ֆրանսիայի հետ կնքված սուզանավերի գնման գործարքից, Փարիզին պատճառելով տասնյակ միլիարդի վնաս:
Ֆրանսիայի նախագահը Կովկասի, մասնավորապես՝ Արցախի հարցում աստիճանաբար սկսեց հայացքն ուղղել Ռուսաստանի կողմ, ավելի ինտենսիվ աշխատելով Մոսկվայի հետ: Ասել, որ այդ աշխատանքը տվել է մեծ արդյունք, բավականին դժվար է, միևնույն ժամանակ, սակայն, թերևս որոշակիորեն դրա ազդեցությամբ նաև հաջողվեց 2021-ի վերջին Եվրոպայի Խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ մեկտեղ կազմակերպել Փաշինյան-Ալիև երկու հանդիպում Բրյուսելում՝ դեկտեմբերի 14-ին և 15-ին: Սակայն, ուկրաինական իրավիճակի թեժացումը գործնականում խլեց ամբողջ ուշադրությունը: Այդուհանդերձ, մարտի 9-ին Ելիսեյան պալատում ընդունելով իր հրավերով Ֆրանսիա ժամանած Նիկոլ Փաշինյանին, Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ չնայած Ուկրաինան կլանել է ուշադրությունը, սակայն չպետք է մոռանալ կովկասյան տարածաշրջանի խաղաղության և անվտանգության հարցն ու այդ համատեքստում՝ չկարգավորված հակամարտությունն ու խնդիրները: Թեև Ֆրանսիան ակնհայտորեն փորձեց հավասարակշռել պատերազմի օրերի և հետպատերազմյան շրջանի իր նկատելի հայամետ դիրքավորումներն ու հռետորաբանությունը և աշխատել նաև Բաքվի հետ, այդուհանդերձ կասկածից վեր է, որ դիտարկելով Կովկասը մեկ՝ տարածաշրջանային փաթեթով, Փարիզն, այդուհանդերձ, հենց Հայաստանն է տեսնում իր համար «կենտրոնակայան», հաշվի առնելով հայ-ֆրանսիական հարաբերությունների առանձնահատկությունը գործնականում բոլոր առումներով՝ քաղաքական, մշակութային, ժողովրդական-հասարակական, պատմական:
Թերևս առանձնահատուկ որակել հնարավոր չէ տնտեսական հարաբերությունները և հատկանշական է, որ հենց այդ ուղղությամբ որոշակի նախաձեռնողականություն է ցուցաբերում Էմանուել Մակրոնը: Նախորդ տարվա ավարտին Հայաստանի արտգործնախարարի Ֆրանսիա այցի ընթացքում ստորագրվեց հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների խորացման ճանապարհային քարտեզի մասին հռչակագիրը: Մարտի 9-ին էլ Մակրոնը Փաշինյանին հրավիրել էր Ֆրանսիա՝ Հայաստան-Ֆրանսիա առաջին համաժողովին մասնակցելու համար:
Սակայն, այդ ամենն առաջացնում է մեկ այլ հարց: Որքան է դրանում Էմանուել Մակրոնի նախընտրական շահագրգռությունը, և ինչ հարաբերակցություն է ֆրանսիական քաղաքականության հնարավոր ռազմավարության հետ: Նախընտրակա՞նն է ավելի շատ, թե՞ ռազմավարականը: Ի վերջո, Ֆրանսիայում մշտապես բավականին մեծ է եղել հայկական համայնքի ձայներին արժանանալու կարևորությունը: Բանն այն չէ միայն, որ ավելի քան 500 հազարանոց համայնքը պատկառելի տեսակարար կշիռ ունի ընտրողների «քարտեզում»: Ֆրանսիայի հայկական համայնքն ունի նաև ֆրանսիական կյանքին բարձր, գործնականում լիարժեք ինտեգրվածություն, ինչի շնորհիվ հայկական համայնքի մի շարք շրջանակներ և գործիչներ բարձր հեղինակություն են ընդհանրապես Ֆրանսիայի հանրային կյանքում: Հետևաբար, հայկական համայնքի ձայները լոկ հայկական համայնքի ձայները չեն, այլ հնարավոր է նաև, որ համայնքային դիրքորոշումը ազդում է ֆրանսիական հանրության այլ խմբերի վրա ևս:
Միևնույն ժամանակ, 2022 թվականի նախագահական առաջիկա ընտրություններն այդ առումով առանձնահատուկ են: Բանն այն է, որ Հայաստանի հանդեպ ուշադրությունն այդ ընտրությանը, այդուամենայնիվ, աննախադեպ էր: Ոչ միայն գործող նախագահ Մակրոնն ուշադրության արժանացրեց Հայաստանն ու դրա խնդիրները, այլ նաև նախագահի պաշտոնի համար պայքարում նրա գլխավոր մրցակիցներից մեկը՝ Հանրապետական կուսակցության թեկնածու, Իլ դե Ֆրանս խոշորագույն քաղաքային շրջանի Խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսը: Պեկրեսը ամիսներ առաջ այցելեց Հայաստան և ավելին՝ նա այց կատարեց անգամ Արցախ, ինչի մասին հայտարարվեց, իհարկե, Պեկրեսի Ֆրանսիա վերադառնալուց հետո միայն: Ավելին, այդ այցը արժանացել էր ընդհուպ Իլհամ Ալիևի կոշտ գնահատականին, թե «հետ չէին թողնի» Պեկրեսին, եթե տեղյակ լինեին նրա այցի մասին: Թեև կան հիմքեր կարծելու, որ Ալիևի հայտարարությունն այդ իմաստով ավելի շուտ ներքին սպառման համար էր՝ սեփական հանրության ականջների համար:
Իսկ ինչի՞ համար է Հայաստանի ու Արցախի հանդեպ Ֆրանսիայի նախագահական ընտրապայքարի այդ աննախադեպ հետաքրքրվածությունը: Այն կնվազի՞ ընտրության արդյունքից հետո, թե՞ ով էլ լինի Ֆրանսիայի նախագահը՝ ֆրանսիական ռազմավարությունը պահանջելու է «չմոռացվել» Կովկասում և «չմոռանալ» Կովկասը: Այդ հանգամանքը, սակայն, Հայաստանին ու Արցախին չպետք է մատնի թե գլխապտույտի, մինչև անգամ պատրանքի, թե Ֆրանսիան պատրաստ է ուժով պաշտպանել հայկական շահերը և հետաքրքրությունները, թե, իհարկե, մյուս կողմից պետք է պահանջի առավելագույն դիվանագիտական աշխատանք Փարիզի այդ նախատրամադրվածությունը, փոխադարձ հետաքրքրությունների հանգամանքը առավելագույնս արդյունավետ օգտագործելու համար:
Հայկական կողմի համար դիվանագիտական ճկունության խնդիրը, հատկապես ցավագին պատերազմից և պարտությունից հետո, պահանջում է խաղացողների և շահերի բազմազանության դաշտ: Ֆրանսիան թանկ է այդ, այլ ոչ թե «Ռուսաստանին փոխարինելու» անիրատեսական նպատակադրումների և դիտարկումների առումով: Հատկապես, երբ Փարիզը նկատելիորեն աշխատում է Ռուսաստանի հետ ակտիվ շփումներով: Ի վերջո, հայկական պատրանքներն ավելորդ բեռ են նաև աշխարհաքաղաքական իմաստով ներկայումս բավականին համեստ հնարավորություններ ունեցող Ֆրանսիայի համար:
Այդ տեսանկյունից, հայկական կողմը, թերևս, պետք է ձգտի խորացնել այսպես կոչված հանրային կապերը, հատկապես օգտագործելով Ֆրանսիայի հայության ներուժը: Այդ առումով, ռազմաքաղաքական պատրանքների փոխարեն թեկուզ փոքր, նվազ հնչեղ, սակայն առավել իրատեսական ու գործնական քայլերի օրինակ է 2021 թվականի սեպտեմբերին Ստեփանակերտում բացված Պոլ էլյուարի անվան Ֆրանկոֆոնիայի կենտրոնը, որը կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով, ֆրանսիացի ժողովրդի աջակցությամբ: Ի դեպ, կենտրոնի կառուցման մեկնարկն, ըստ էության, տրվել է 2019-ին, սակայն կորոնավիրուսի համաճարակն ու հետո արդեն 44-օրյա պատերազմն իրենց ազդեցությունն են թողել ժամանակացույցի վրա: Այդուհանդերձ, որոշակիորեն պայմանական առումով «հանրային դիվանագիտության» մեխանիզմը, թերևս, ներկայիս փուլում շատ ավելի առարկայորեն կարող է նպաստել հայ-ֆրանսիական բարեկամության իրացմանն ու կապիտալիզացիային՝ Արցախի համար հետպատերազմյան նոր ու բարդ ժամանակաշրջանում:
Ռազմաքաղաքական իմաստով Ֆրանսիայի քայլերը, թերևս, ենթակա են մի շարք գործոնների ազդեցության, որոնց թվում, սակայն, չկա հայկական ազդեցությունը: Դրանից պետք չէ բարդույթավորվել կամ հուսահատվել, այլ պարզապես գնահատել իրողություններն ու փնտրել հնարավորություններ հայ-ֆրանսիական այլ հարթություններում՝ թեկուզ համեստ, սակայն շոշափելի: Իրականությունը շատ հաճախ խոշոր հաշվով փոխվում է ավելի շատ փոքր գործերով, քան մեծ խոսքերով ու հավակնոտությամբ: