Իրակլի ՃԻԽԼԱՁԵ
Լրագրող
Թբիլիսի
Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան, որ քողարկվում է «պլանքաշ ազգայնականների» դեմ պայքարի կեղծ շղարշով, որքան էլ տարօրինակ է՝ պառակտել է Վրաստանը, որը կարծես թե Ուկրաինայի դաշնակիցը պիտի լիներ։
Ավելի ճիշտ՝ ոչ թե պառակտել է, այլ հստակ վեր է հանել Ուկրաինայի տարածքում ռուսական ռազմական տեռորի նկատմամբ վրացական կառավարության և հասարակության վերաբերմունքների տարբերությունը։
Ուկրաինայում պատերազմ սկսվելու երկրորդ օրը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրեց ռուսական ագրեսիայի հարցով խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնելու ընդդիմադիր կուսակցությունների դիմումը։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հրաժարվեց մասնակցել նիստին: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, թե Ռուսաստանի դեմ Արևմուտքի տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներին միանալը «հակասում է երկրի ազգային շահերին», և պաշտոնական Թբիլիսին չի պլանավորում դրանք կիրառել։ Սրա համար անմիջապես արժանացավ Մոսկվայի գովասանքների հեղեղին…
Դրանից հետո վարչապետին լավագույն խորհուրդը, հավանաբար, տվեց Վրաստանի օմբուդսման (ժողովրդական պաշտպան) Նինո Լոմջարիան՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում գրելով. «Իրակլի՛, մարդավարի բացատրենք. ոչ ոք քեզ չի խնդրում Զելենսկի դառնալ, պարզապես լռի՛ր։ Մի՛ խայտառակիր մեզ»։
Ի տարբերություն իշխանությունների դիրքորոշման, ռուսական ներխուժման օրվանից Վրաստանի ողջ տարածքում չեն դադարում գործող իշխանությանը հեռացնելու պահանջով հանրահավաքներն ու ի պաշտպանություն Ուկրաինայի ակցիաները։ Թբիլիսիի կենտրոնում՝ Խորհրդարանի շենքի առջև՝ Ռուսթավելի պողոտայում, ամեն օր հավաքվում են հազարավոր թբիլիսցիներ, Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի և այլ երկրների քաղաքացիներ։ Բողոքի նման միջոցառումներ են անցկացվում Վրաստանի համարյա բոլոր քաղաքներում։ Ի դեպ, Ռուսաստանի երկու քաղաքացիներ՝ Անտոն Միխալչուկը և Ռոման Պերեվերզևը միջոցառումներից մեկի ժամանակ հրապարակավ այրեցին ռուսական անձնագրերը՝ նման ձևով արտահայտելով իրենց բողոքն ընդդեմ Կրեմլի քաղաքականության։
Իսկ վրացական իշխանությունները փետրվարի 28-ին գնացին ընդհանրապես աննախադեպ քայլի. Թբիլիսիի օդանավակայանում խոչընդոտեցին կամավորների խմբի մեկնումը Ուկրաինա… Հաջորդ օրն իսկ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Թբիլիսիից հետ կանչեց իր երկրի դեսպանին. «Անհապաղ հետ ենք կանչում դեսպանին Վրաստանից՝ մեզ օգնելու ցանկություն հայտնած կամավորներին խոչընդոտելու, պատժամիջոցների նկատմամբ անպարկեշտ դիրքորոշման համար»,- հայտարարեց Զելենսկին։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ըստ էության, չհամաձայնեց վարչապետի հայտարարությանը՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ «France 24» պետական հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ նշելով. «Այն, ինչ կարևոր է և ինչ սպասում են Վրաստանից՝ բացահայտ համերաշխությունն է։ Իմ այցի շրջանակներում հենց դա եմ ես հղում նախագահ Զելենսկիին։ Վրաստանի բնակչությունը նույնպես շատ հստակ դա է արտահայտում»։
Այսուհանդերձ, «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն Ուկրաինայի դեսպանին հետ կանչելու գործում տեսավ իրենց քաղաքական հակառակորդի՝ «Վրաստանի միասնական ազգային շարժում» կուսակցության «ձեռքը», հայտարարելով. «Փորձեր են արվում Վրաստանը ներքաշելու… ռազմական հակամարտությամ մեջ։ Իհարկե, մենք դա թույլ չենք տա»։
Ինչպես այս դեպքում չհիշես հանգուցյալ Վիկտոր Չեռնոմիրդինին, որը երկար տարիներ Ուկրաինայում ՌԴ դեսպանն էր։ Չէ՞ որ նախազգուշացնում էր. «Դեռ ժամանակ կա դեմքը փրկելու։ Այլապես հետո հարկ կլինի մարմնի այլ մասերը փրկել»։
Վրաստանի իշխանությունները փաստացի ստորագրեցին իրենց դատավճիռը… Ավելի ճիշտ՝ ոչ թե դատավճիռը, և ոչ էլ ստորագրեցին։ Պարզապես ցուցանեցին իրենց անգործունակությունը։ Վարչապետի, մշակույթի նախարարի և այլոց բոլոր այն հայտարարությունները, թե ագրեսոր երկրի դեմ պատժամիջոցներին միանալ չի կարելի, ցույց են տալիս, որ նրանք կրեմլյան ռեժիմից վախեցած են (շատ կցանկանայինք հուսալ, որ «գնված» չեն)։ Անձամբ ես չեմ հավատում, թե նման դիրքորոշումը պայմանավորված է «ազգային շահերի» մասին մտահոգությամբ։ Ավելի շուտ, այն խոսում է ընդդեմ ազգային շահերի, երկրի ու բնակչության գործելու, ինչպես նաև Վրաստանի տարածքի 20%-ը խլածի, քո իսկ երկրի բնակիչներին փախստական դարձրածի առջև կապիտուլյացիայի մասին։
Կարելի է հիշել, որ 2006 թվականին ռուսական էմբարգոյից հետո հենց Ուկրաինան էր այն երկիրը, որն իր վրա վերցրեց վրացական արտահանման մեծ մասը՝ դրանով իսկ օգնելով մեր երկրին փրկելու տնտեսությունը։
2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ հենց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն էր առաջիններից մեկը, որ եկավ Թբիլիսի՝ աջակցելու Վրաստանին։
Հասկանալի է, որ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան վաղ թե ուշ շնչահատ ավարտվելու է։ Սակայն եթե անգամ ենթադրենք, թե Կրեմլին կհաջողվի գրավել և օկուպացնել Ուկրաինան, ապա հերթում հաջորդը կլինեն առնվազը Մոլդովան և Վրաստանը։ Եվ ազգային շահերի մասին Ղարիբաշվիլիի ոչ մի «մտահոգություն» չի կարողանա կանգնեցնել ռուսական տանկերին և օդուժին։
Իհարկե, պատժամիջոցներին կառավարության չմիանալը կարելի է բացատրել նրանով, որ ցանկալի չէ հրաժարվել ռուսական զբոսաշրջիկներից, ՌԴ շուկա գինի, ջուր և մրգեր արտահանելուց։ Կարելի է բացատրել նաև՝ ագրեսիայի կրկնության վախով։ Սակայն… Միջազգային պատժամիջոցներն ամեն դեպքում ստիպելու են Վրաստանի բանկային և ֆինանսական հատվածին սահմանափակելու ՌԴ հետ շփումները։ Այսպես, Ազգային բանկն արդեն հաստատեց, որ սահմանափակումներ է մտցրել ռուսական ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ։ Իսկ «ՎՏԲ բանկ Ջորջիան» Վրաստանի իր ակտիվները վաճառեց չինական «Բազիսբանկին»։
Այսօր Ուկրաինային օգնում է ամբողջ աշխարհը, Ռուսաստանին՝ ոչ մեկը, և Վրաստանի կառավարությունը որոշեց դառնալ «ոչ մեկը»։
Իսկ վրացական կամավորներն այսպես, թե այնպես հասան Ուկրաինա։ Եվ կպաշտպանեն այն ագրեսորից։ Պաշտպանելով Ուկրիանան՝ կպաշտպանեն նաև Վրաստանը։ Ռուսաստանը դեռևս ազատ երկիր դառնալու հնարավորություն ունի։ Թեև այդ շանսը օր-օրի նվազում է։ Եվ փոքրիկ Վրաստանը կարող է նրան դրանում օգնել՝ աջակցելով Ուկրաինային։
Ինչ վերաբերում է Վրաստանի կառավարությանը, ապա առավել կամ պակաս երկար ժամանակ իշխանության մնալու նրանց շանսերը նույնպես նվազում են օրեցօր։ Առայժմ դժվար է կանխատեսել, թե վարչապետի թիմը, այսուհանդերձ, կփորձի՞ փրկել դեմքի մնացորդները և հրաժարական տալ։ Իսկ հասարակության մեջ իշխանությունների գործողություններից դժգոհությունը մեծանում է, և չի բացառվում, որ այն վերածվի ողջ երկրում զանգվածային բողոքի ու ստիպի իշխանություններին հեռանալ՝ բայց արդեն խայտառակված։
Եվ իբրև վերջաբան ցանկանում եմ հիշեցնել գերմանացի պաստոր Մարթին Նիմյոլերի խոսքերը, որոնք լիովին համապատասխանում են Վրաստանի այսօրվա իրավիճակին. «Երբ նացիստները եկան կոմունիստների հետևից, ես լռեցի։ Ես կոմունիստ չէի։ Երբ նրանք բանտարկեցին սոցիալ-դեմոկրատներին, ես լռեցի։ Ես սոցիալ-դեմոկրատ չէի։ Երբ նրանք եկան արհմիության անդամի հետևից, ես չբողոքեցի։ Ես արհմիության անդամ չէի։ Երբ նրանք եկան հրեաների հետևից, ես չվրդովվեցի։ Ես հրեա չէի։ Երբ նրանք եկան իմ ետևից, ոչ ոք չէր մնացել, որ պաշտպաներ ինձ»։