Ֆրանսիայի արտաքին գործերի գերատեսչությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում զինված միջադեպերի, զորքերի տեղաշարժի և գազամատակարարման դադարեցման առնչությամբ։
«Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Լեռնային Ղարաբաղում միջադեպերի, այդ թվում՝ Փառուխում ու Խրամորթում զինված միջադեպերի ու զորքերի տեղաշարժի առնչությամբ։ Ֆրանսիան կոչ է անում, որ ուժերը, որոնք առաջ են եկել, վերադառնան իրենց ելման դիրքեր՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության համաձայն։
Ֆրանսիան նաև անհանգստությամբ է տեղեկացել Լեռնային Ղարաբաղում գազամատակարարման նոր անջատման մասին և հորդորում է վերականգնել այն։
Ֆրանսիայի՝ Եվրոպայի ու արտաքին գործերի նախարարը այդ հարցը բարձրացրել է հայաստանցի ու ադրբեջանցի իր պաշտոնակիցների հետ զրույցներում՝ կոչ անելով անհապաղ վերականգնել Ղարաբաղի բնակչության գազամատակարարումը եղանակային ցուրտ այս պայմաններում։
Ֆրանսիան մշտական կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ երկխոսության առաջմղման նպատակով»։
ԱՄՆ–ը մտահոգված է ԼՂ–ում գազամատակարարման խափանումներով և ադրբեջանական զորքերի տեղաշարժով
Մարտի 24-ին` ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:
Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:
Մարտի 25-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հաղորդեց, որ 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։
Արցախում լարված իրավիճակի առնչությամբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին հրավիրեց Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում հայտարարեց՝ «տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են նոր օրակարգ ձևավորել»։