Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
AIISA ասոցացված փորձագետ
Երևան
Հայաստանի Զինված ուժերի շարքերում տողերիս հեղինակի ժամկետային ծառայությունն անցնելուց հետո անցել է ավելի քան 20 տարի, բայց, ի մեծ ցավ ամենքիս, մեր բանակի խնդիրները համարյա նույնն են մնացել։ Դրանց քննության համար վերցնելով հենց այս պայմանական ժամկետը՝ սկզբից ևեթ նշենք, որ սույն ժամանակահատվածի ընթացքում և, հատկապես, վերջին տարիներին էապես բարելավվել է զինծառայողների սնունդը։ Այս ամենի նկատմամբ ըստ ժամկետային իսկ ծառայողների վկայության՝ այժմ գրեթե հարցեր չկան։ Նեխած կարտոֆիլով, հոտած ձվով կամ աղբից չմաքրված հացահատիկով, բարեբախտաբար, մեր զինվորներին որոշ զորամասերում էլ չեն կերակրում։ Բարելավվել են նաև զինվորականների կացարանային և նյութատեխնիկական պայմանները։ Եվս մեկ կարևոր ձեռքբերումն այն է, որ ներկայումս համարյա բոլոր ժամկետային զինծառայողները ժամանակին կարողանում են օգտվել իրենց հասնող արձակուրդներից։ Եվ ամենագլխավորը՝ նրանք այժմ չեն վճարում արձակուրդ գնալու իրենց իրավունքն իրացնելու համար, մինչդեռ նախորդ տարիներին այդ արձակուրդներից զինծառայողները շատ դեպքերում օգտվում էին նաև կաշառքի կամ ծանոթությունների միջոցով։
Սրանով, սակայն, մեր բանակային ղեկավարության 20-ամյա ձեռքբերումներն ավարտվում են։ Անցած երկու տասնամյակների ընթացքում հայկական բանակում պարբերաբար փոխվում էին Պաշտպանության նախարարները, Գլխավոր շտաբի պետերը, ավելի ցածրաստիճան զինվորական ղեկավարները։ Որոշ մարդիկ, օրինակ՝ Արտակ Դավթյանը կամ արդեն նախկին պաշտպանության նախարարներ Վաղարշակ Հարությունյանը և Արշակ Կարապետյանը, հեռանում և կրկին բանակ էին վերադառնում։ Ընդ որում, վերջինս վերադարձել է պաշտոնի զգալի բարձրացմամբ։ Սակայն մեր Զինված ուժերում ծառայություն անցնելու բարոյահոգեբանական պայմաններն ու սկզբունքներն, այնուամենայնիվ, չեն փոխվել։
Գլխավոր շտաբում պաշտոնանկությունների և նոր նշանակումների հերթական շքերթի լույսի ներքո կարելի է ենթադրել, որ այդ իրավիճակով դժգոհ է նաև երկրի ղեկավարությունը։ Թեև, հաշվի առնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական մոտիվացիոն գործոններն ու նրա որոշ որակները, չի կարելի բացառել այն վարկածները, որոնց համաձայն հիշյալ պաշտոնանկություններն ու նշանակումները պայմանավորված էին տվյալ բանակային կադրերի անձնական անհավատարմության, կամ՝ հավատարմության ոչ բավարար աստիճանի չափով։ Կա ևս մի վարկած, ըստ որի այս բոլոր զինվորական կադրերն անցնում են բավականին մութ «սպառազինությունների գործով», որի շրջանակում դեռևս կալանքի տակ է գտնվում ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Ի բնե լավատես լինելով՝ մենք, այնուամենայնիվ, որպես հիմք ենք ընդունելու առաջին վարկածը։ Կադրերը որոշում են ամեն ինչ։ Սուրեն Պապիկյանը Պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ պահից բախվել է Գլխավոր շտաբից սկսած Զինված ուժերի կադրային կազմում առկա խնդիրներին։ Նոր նախարարի կողմից տվյալ խնդրի կարևորությունը գիտակցելու մասին է վկայում 2021 թ․ ավարտին Զինված ուժերի Գլխավոր շտաբի Հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Արթուր Երոյանի նշանակումը Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի պաշտոնում։ Այդ հաստատությունը ՀՀ ԶՈՒ սպայական կազմի դարբնոց է։ Մեր տեղեկությունների համաձայն՝ Պապիկյանը նախարարի պաշտոնը ստանձնելուց ի վեր անմիջապես «նշանառության» տակ է առել Արտակ Դավթյանին և Գլխավոր շտաբի այլ պաշտոնյաների՝ շոշափելով առկա իրավիճակն ու տրամադրությունները։
Ոչ մի կերպ չկամենալով վիճարկել բանակաշինության մեջ կադրերի կարևորությունը, այնուամենայնիվ, կանգ կառնենք այլ խնդրի վրա, որն ուղղակիորեն աղերսվում է ՀՀ Զինված ուժերում առկա հիմնական խնդրի՝ բանակային կադրերի որակի հետ։ Խոսքը Զինված ուժերի կառուցվածքի, կազմակերպման, գործունեության կանոնակարգման չափանիշների, ուստի նաև Զինված ուժերի շարքերում ժամկետային ծառայության կազմակերպման ու անցկացման պայմանների մասին է։ Չեմ ուզում մանրամասն անդրադառնալ Զինված ուժերի ներկայիս ոչ նախանձելի վիճակին, վիճակ, որը պայմանավորված է նրանով, որ մեր երկիրը շարունակում է մնալ պատերազմական կացության մեջ։ Այսուհանդերձ, ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանում բանակի՝ որպես պետության և հասարակության անհրաժեշտ բաղկացուցչի գոյությունը կրկին ձևական է։ Ժամկետային զինվորական ծառայությունը ձևական բնույթ ունի։ Ժամկետային զինծառայողները ժամանակ են ձգում՝ երկամյա ծառայության ժամկետը հնարավորինս աննկատ արագ լրացնելու տրամադրվածությամբ։ Սպայական կազմի մեծ մասը նույն կերպ է ձգում իրենց վերապահված ծառայության 20-ամյա ժամկետը։ Բանակի բարձրագույն ղեկավարությունը, զինկոմիսարներն ու ԶՈՒ նյութատեխնիկական ապահովման կազմակերպման բոլոր մնացած օղակները նախկինի պես թաթախված են տարաբնույթ կոռուպցիոն գործարքներում։
21-րդ դարում այն բանակը, որի սպաներն իրենց ծառայության ժամանակի մեծ մասը հատկացնում են զինծառայողների շարային պատրաստությանը, ինքնաբերաբար արդյունավետ լինել չի կարող։ Արդյունավետ չի կարող լինել այն բանակը, որի շարքերում երկամյա ծառայության ժամանակ ժամկետային զինծառայողները նշանակետին են արձակում ընդամենը 30 փամփուշտ։ Արդյունավետ չէ այն բանակը, որը զինավարժությունների ժամանակ հրթիռային կայանքը գործարկում է մեկ՝ նախատեսված տաս անգամի փոխարեն, իսկ «տնտեսված» դիզելային վառելիքը տեղում գողացվում։ Դարձյալ առանձին անդրադարձ է պահանջում դիրքապահ ծառայության կազմակերպման հարցը։ Բավարարվենք սոսկ մեր զինծառայողների գերեվարման դեպքերի քննությամբ, որոնց մեծ մասը տեղի է ունեցել կարգապահության բացակայության և զինվորական կանոնագրքի տարրական կանոնների խախտման ու պարեկային ծառայության իրականացման կարգի աղաղակող անտեսման պատճառով։ Այս ամենը տեղի է ունենում ի հեճուկս այն հանգամանքի, որ ընդամենը մեկուկես տարի առաջ այդ բանակի վրա են հարձակվել հինգերորդ սերնդի պատերազմի տեխնոլոգիաների և առաջատար ՆԱՏՕ-ական մշակումների կիրառմամբ։
Այս բոլոր տարիների ընթացքում մենք տեղյակ էինք մեր բանակին համակած հիշյալ անմխիթար իրողություններին։ Միակ յուրօրինակ մխիթարությունն այն էր, որ նմանատիպ՝ թերևս ավելի վատթար վիճակ տիրում էր նաև մեր հակառակորդ ադրբեջանական բանակում։ Սակայն Ադրբեջանի ղեկավարությունն, ի տարբերություն մեզ, կարողացել է անհրաժեշտ ու պատշաճ եզրահանգումներ կատարել և այդ իսկ պատճառով Արցախի և Հայաստանի դեմ 44-օրյա ագրեսիվ պատերազմում մեզ առաջնահերթ հարված է հասցրել ադրբեջանական ու թուրքական բանակի և այլ արհեստավարժ վարձկանների միջոցով։ Իսկ մեր կողմից այս հարվածն ընկել է ռազմական գործողություններին մասնակցելու փորձառությամբ չանցած արցախյան բանակի 18-ամյա նորակոչիկների կամ վառոդի հոտը մոռացած հայ զինկոմիսարների «լավագույնս» կազմակերպած մոբռեսուրսի կամավորների վրա։ Ընդ որում, ադրբեջանցիներն իրենց բանակի ղեկավարումը փոխանցել են Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ական դպրոցն անցած գեներալներին։ Անգամ թուրքական ու իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերը կառավարվում էին ոչ թե ադրբեջանցի, այլ իսրայելցի ու թուրք մասնագետների կողմից։
Հայաստանի Զինված ուժերն ունեն ուռճացված կառավարչական շտաբային կազմ։ Բանակի շարքերում են հարյուրավոր գրասենյակային գեներալներ, գնդապետներ, փոխգնդապետներ, մայորներ և այլ շտաբային «առնետներ»՝ զրոյին մերձեցող արդյունավետության գործակցով։ Նրանք համապատասխան կրթություն չունեցող, բայց «գեներալական» բիզնես վարելու արտակարգ հմտություններով օժտված գեներալներն են։ Նրանք ռազմաճակատ մոբիլիզացիոն ռեսուրս ուղարկելուն տառացիորեն անընդունակ զինկոմ-բիզնեսմեններ են։ Նրանց շարունակությունն են հազարավոր սպա-բիզնեսմեններ՝ մեր սպայակազմի զգալի մասը։ Այս բոլոր մարդիկ երկար տարիներ զբաղված էին միայն մեկ գործով՝ պետական միջոցների մսխմամբ։ Հետևաբար, նրանք դույզն-ինչ չեն կամենում հրաժարվել անհուսորեն հնացած «խորհրդային» բանակային մոդելից և դեմ են բանակի պայմանագրային հիմունքներին անցնելուն։ ժամանակին ձեր խոնարհ ծառայի այն հարցին, թե որոնք են բանակը պայմանագրային դարձնելուն խանգարող պատճառները, արցախյան պատերազմի անմոռանալի հերոս և իսկական գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը ժպտալով հակընդդեմ հարց է տվել.- «Դու ուզում ես մեր գեներալներին բիզնեսի՞ց զրկել։»
Կարծում ենք, որ հենց արհեստավարժ պայմանագրային բանակին անցումը թույլ կտա ձերբազատվել ուսադիրներով այս բոլոր բիզնեսմեններից և ամենագլխավորը՝ զորակոչի կազմակերպման և Զինված ուժերի շարքերում ծառայելու խորհրդային համակարգից։ Պայմանագրային արհեստավարժ բանակը թույլ կտա բարձրացնել կարգապահությունը և ամենագլխավորը՝ բանակային ծառայությունը կդարձնի գրավիչ և հեղինակավոր։ Զինվորականը՝ բժշկի, ոստիկանի կամ երաժշտի պես մասնագիտություն է։ Արժանավոր Զինված ուժեր ստեղծելու համար բոլորովին անհրաժեշտ չէ միևնույն զինկացարանում հավաքել փողոցային հեղինակություններին, խաղամոլներին, քրեականներին, ջութակահարներին և օրինակելի ընտանիքներում մեծացած պատանիներին։ Երեք միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում, անտարակույս, կգտնվեն մի քանի տասնյակ հազարավոր երիտասարդներ, որոնք պատրաստակամ կլինեն տիրապետելու զինվորական գործին, պաշտպանելու Հայրենիքը և դրա դիմաց ստանալու արժանապատիվ վարձատրություն և սոցիալական պաշտպանություն։
Զինվորական պարտքի կատարման ձանձրալի ընթացքից զինվորական ծառայությունը պետք է վերափոխվի հեղինակավոր մասնագիտության։ Զորակոչային տարիքին հասած մնացած բոլոր քաղաքացիներին, անկասկած, անհրաժեշտ է անցնել ռազմական պատրաստության դասընթաց։ Ընդ որում, այն բոլորովին չպետք է հանգեցնի շարային պատրաստության, հայրենասիրական երգեր երգելուն կամ զորամասն ավլելու երկամյա «հմտություններին»։ Հայ տղամարդիկ պետք է իմանան կրակել, մեկ թիմով գործել, չվախենալ արկերի պայթյունի ձայներից և այլն։ Գործող արհեստավարժ բանակին կից նմանատիպ դասընթացների կազմակերպման տարբերակները բազմաթիվ են։ Կարևոր է, որ դրանցից հետո ողջ մոբիլիզացիոն ռեսուրսը ստանա զինվորական գրքույկներ և օրենսդրորեն պատշաճ հրահանգավորում՝ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում ներկայանալ կոնկրետ զինվորական տեղաբաշխման վայր։ Հրետանավորները կհամալրեն հրետանային, սակրավորները՝ սակրավորային, դիպուկահարները՝ դիպուկահարային, հետևակայինները՝ հետևակային զորախմբեր, առանց զինկոմիսարների և այլ գրասենյակային զինվորականների։
Արհեստավարժ բանակին անցնելուց հրաժարվելու պատճառների մասին հարցին, որպես կանոն, հետևում է միևնույն պատասխանը՝ «պայմանագրային բանակը լավ երևույթ է, բայց վատ է, որ մենք նրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չունենք»։ Իսկ տրամաբանորեն հաջորդող հարցին, թե արդյո՞ք առ այդ կատարվել են համապատասխան հաշվարկներ, սովորաբար հետևում է քար լռությունը։ Լռությանը հաջորդում են բանակում երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության բացառիկ կարևորության մասին պաթոսային ճառերը։ Ընդ որում, ռազմահայրենասիրական դաստիարակությունը շատ դեպքերում վստահված է Գարեգին Նժդեհի գաղափարները Մուսոլինիի կամ Հիտլերի գաղափարներից զանազանել անկարող «զամպոլիտներին»։ Իսկ եթե մի պահ ընդունելի համարենք մեր գեներալների խիստ կասկածելի այն փաստարկները, թե արհեստավարժ պայմանագրային բանակի համար «փող չկա», ապա անմիջապես նոր հարց է ծագում, թե այդ դեպքում ի՞նչն է մեզ խանգարում իրականություն դարձնել «Ազգ-բանակ» հայեցակարգը, պայմանով, որ այն չմնա սոսկ թղթի վրա, վերածվելով լոկ քաղաքացիներից հավելյալ գումարներ կորզելու միջոցին, ինչպես այն անում էր ևս մեկ գրասենյակային պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ «Ազգ-բանակը» պետք է կառուցվի Վովա Վարդանովի հիմնադրած «Ողջ մնալու արվեստը» հրաշալի դպրոցի օրինակով։ Մոտավոր հաշվարկով դա թույլ կտա անհրաժեշտ պահին զինվորագրել առնվազն 200 հազար մարդ։ Բայց այս կապակցությամբ օրինաչափ հարց է ծագում․ արդյո՞ք Հայաստանի ղեկավարությունը պատրաստ է զենք բաժանել ազգովի բանակ դարձած ողջ հասարակությանը։ Ելնելով հայաստանյան ռոբեսպիերադանտոնական ներքաղաքական առանձնահատկություններից՝ համարձակորեն կենթադրենք, որ հազիվ թե։
Այսպիսով՝ արհեստավարժ բանակի համար անհրաժեշտ փողը մենք չունենք։ Չունենք նաև ազգը բանակի վերածելու ցանկություն։ Սակայն ձևական բանակն ունենալու ցանկությունն առկա է։ Բանակը նաև ցանկալի է բնակչության շջանում հայրենասիրական ոգու պահպանման և «սրբություն սրբոց»՝ գեներալական բիզնեսի շարունակության համար։ Բոլոր հարակից խնդիրները՝ բանակային սպանությունները, այդօրինակ բանակում չծառայելու նպատակով բնակչության արտագաղթը, պետական միջոցների ոչ նպատակային մսխումը, գողությունն ու ամենագլխավորը՝ ազգային անվտանգությունն ապահովելու անընդունակությունն այդ մարդկանց գրեթե չի հուզում։ Ավելին՝ հենց բանակի ղեկավարությունն է Հայաստանում գործող՝ անհուսորեն հնացած խորհրդային բանակային մոդելի պահպանման գլխավոր շահառուն։ Այդ իսկ պատճառով՝ բոլոր հայտարարվող բանակային բարեփոխումները սոսկ թղթի վրա են մնում։
Հայաստանը փոքր երկիր է, և բանակում տիրող իրերի դրությունը գրեթե բոլորին ծանոթ է։ Արծարծված թեման շատ լայն է, իսկ խնդիրները՝ բազմաթիվ։ Հասկանալի պատճառներով մենք չենք կարող արծարծել և թվարկել բոլոր խնդրահարույց ուղղությունները։ Բայց իրավիճակը պետք է ուղղել արմատական միջոցներով և հնարավորինս արագ շտկել։ Մեր հարևան պետությունները մեզ արդեն իսկ երկու անգամ հնարավորություն են տվել վերաիմաստավորելու ազգային անվտանգության ապահովման տեսլականը՝ 2016 և 2020 թվականներին։ Խոսքը մեր չօգտագործած հնարավորությունների մասին է։ Անհրաժեշտ է հստակորեն գիտակցել, որ երրորդ հնարավորություն կարող է նաև չլինել․․․