Գեորգի ՄԻՐԶԱԲԵԿՅԱՆ
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը մտել է բանակցային փուլ: Գործընթացին պաշտոնական ընթացք հաղորդվեց այն ժամանակ, երբ Երևանն ու Անկարան երկկողմ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին՝ ի դեմս Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի ու արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչի:
Այդ ժամանակից ի վեր թուրք բարձրաստիճան պաշտոնյաները սկսեցին առավել հաճախ խոսել Երևան-Անկարա հարաբերությունների մասին՝ հանդես գալով պաշտոնական հայտարարություններով, հիմնականում՝ երկրի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շուրթերով: Առանձին հրապարակումներ հայտնվեցին նաև թուրքական տարբեր քաղաքական կուսակցություններին սպասարկող լրատվամիջոցներում, որոնցում համեմատություններ էին տարվում ներկա իրավիճակի և 2009 թվականի Ցյուրիխյան արձանագրությունների միջև:
Իհարկե, դժվար է պնդել, թե հատուկ ներկայացուցիչների նշանակումից հետո Երևան-Անկարա բանակցությունների հարցը Թուրքիայի առաջնային թեմաներից մեկը դարձավ: Ի վերջո, թուրքական դիտանկյունից այն ներկայացվում է ավելի լայն համատեքստում՝ առնվազն որպես Հարավային Կովկասում Անկարայի արտաքին քաղաքականության մաս, որտեղ առաջնային են տարածաշրջանի հաղորդակցությունների վերաբացման հեռանկարներն ու դրանցից բխող քաղաքական ազդեցության հաշվարկները, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ հակամարտության հարցը: Այնուամենայնիվ, նկատելի է, որ հետպատերազմական շրջանում Թուրքիան ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ և ադրբեջանական շահերի շարունակական հիշատակմամբ հանդերձ՝ Երևանին, կարծես, երկկողմ հարաբերությունների կարգավորման առանձին օրակարգ է առաջարկում:
Հունվարի 14-ին Մոսկվայում հատուկ ներկայացուցիչներ Ռուբինյանի և Քըլըչի առաջին հանդիպումը երկու պետությունները դրական որակեցին: Մևլյութ Չավուշօղլուն շտապեց շեշտել, որ Մոսկվայի ընտրությունը պայմանավորված էր Հայաստանի ցանկությամբ, ինչին իրենք «ընդառաջել» են: Ավելին՝ Անկարայից սկսեցին հնչել ուղերձներ այն մասին, որ երկկողմ բանակցությունների համար միջնորդների կարիք այլևս չկա, և թուրքական կողմը հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը նախընտրում է անցկացնել երկու պետություններից մեկում:
Սակայն առաջին հանդիպումից հետո հնչեցին հայտարարություններ, որոնք արժանի են ուշադրության: Թուրքիան Հայաստանին հրավիրեց մասնակցելու 2022թ. մարտի 11-13-ը կայանալիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին, կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ փետրվարի 24-ին Վիեննայում սպասվում է հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Ընդ որում՝ Չավուշօղլուն նորից նշեց, թե երրորդ երկրում հանդիպման վայրի մասին առաջարկը հնչել է Երևանից:
Հարց է առաջանում, թե ինչու Թուրքիան, որը երկու պետությունների ներկայացուցիչների հերթական հանդիպումը ցանկանում է անցկացնել երկու պետություններից մեկում, հանկարծ համաձայնեց Վիեննայի տարբերակին:
Պատճառների թվում կարող է լինել այն, որ Անկարայի համար շատ կարևոր է ապահովել Հայաստանի մասնակցությունը Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Դա թուրքական կողմին առաջին հերթին ավելի շահեկան դիրքերից կներկայացնի միջազգային ասպարեզում՝ ցույց տալով, թե Անկարան բավական կառուցողական է հայ-թուրքական բանակցություններում և դրանցում բավական արագ արդյունքներ են գրանցվում: Նման մոտեցումը ամբողջությամբ համապատասպանում է թուրքական կողմից քանիցս հնչած այն հայտարարություններին, ըստ որոնց՝ Անկարան Երևանի հետ բանակցություններին մոտենում է առանց նախապայմանների:
Դիվանագիտական ֆորումին Հայաստանի մասնակցությունը ապահովելու թուրքական ցանկության մասին է խոսում այն, որ այդ երկրում պարբերաբար կազմակերպում էին «Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա»։
Այդ երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարեց, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է ֆորումին մասնակցելու մասին։ Օքթայի այդ հայտարարությունը հաստատող հնչերանգով տարածվեց թուրքական մամուլում։ Այնինչ Հայաստանն իր մասնակցության մասին դեռ չի հայտնել, սակայն հերքել է Փաշինյանի հնարավոր այցի մասին խոսակցությունները:
Թեկուզև Անթալիայի ֆորումին Փաշինյանի մասնակցությունը դուրս է եկել օրակարգից, սակայն հանուն հայկական պատվիրակության ներկայության Թուրքիան չի հրաժարվել Վիեննայում կայանալիք «միջանկյալ հանդիպման» անցկացումից, որը Թուրքիան դարձյալ ծառայեցնելու է իր շահերին։
Եթե ընդունենք զարգացումների այսպիսի ընթացքը, ապա Հայաստանի կողմից էլ շատ կարևոր էր հայ-թուրքական հերթական բանակցություններն անցկացնել երրորդ երկրում (այս անգամ՝ Եվրամիության անդամ պետությունում)՝ խուսափելու թուրքական հարկի տակ՝ դիվանագիտական ֆորումի շրջանակում, կողմերի ընդամենը երկրորդ հանդիպման անցկացումից։
Պետք է հաշվի առնել, որ հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ՝ միտված հետագա անելիքների նախանշմանը։ Հետպատերազմական խոցելի պայմաններում Երևանը պետք է դրսևորի զգուշավորություն և չշտապի իր գործողություններում: Չի բացառվում, որ Երևանը հատուկ ներկայացուցչների երկրորդ հանդիպման ելքից հետո միայն կհստակեցնի Անթալիայի դիվանագիտական ֆորումին իր մասնակցության հարցը:
Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի մասնակցությունը Թուրքիայի համար կարևոր է մեկ այլ տեսանկյունից։ Գաղտնիք չէ, որ ի թիվս մի շարք երկրների՝ դրան մասնակցելու է Ադրբեջանի պատվիրակությունը, և ըստ Անկարայի հավաստիացումների՝ Անթալիան լավ հնարավորություն է «բոլոր կողմերի ձայները լսելի դարձնելու համար»: Այլ կերպ ասած՝ Թուրքիան, բացի դիվանագիտական այդ հարթակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից, միաժամանակ հավակնում է Ռուսաստանի նմանությամբ միջնորդ հանդիսանալ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում: Թուրքական կողմը այդ կերպ ջանում է փոխհատուցել 2020թ. նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունում որպես կողմ չներգրավվելու «բացը», ինչը Թուրքիայում խնդրահարույց են համարում: Այլ կերպ ասած՝ Անկարան տարածաշրջանային խաղաղության և անվտանգության անվան տակ փորձում է մի նոր օրակարգ ձևավորել՝ ավելի լսելի դարձնելու թուրք-ադրբեջանական տանդեմի ընդհանուր շահերը։
Այսպիսով, Թուրքիան, ելնելով սեփական շահերից, չի ցանկանում խաթարել հայ-թուրքական բանակցությունները։ Միևնույն ժամանակ, համաձայնելով փետրվարի 24-ին Վիեննայում նախատեսված հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը, փորձելու է իր այդ քայլը որպես «զիջում» ներկայացնել Երևանին: Անշուշտ, դա չի նշանակում, թե Հայաստանի՝ ֆորումին մասնակցելու համաձայնությունը թուրքական ճնշման հետևանքով կայացրած որոշում կլինի:
Բանակցությունների ելքից ու Թուրքիայի դիրքորոշումից շատ բան է կախված լինելու, սակայն ակնհայտ է, որ հետպատերազմյան տարածաշրջանում նոր իրողությունների պայմաններում (հաղորդակցությունների վերաբացում և նոր ենթակառուցվածքների կառուցում) Հայաստանն ու Թուրքիան ունենալու են ուղիղ հաղորդակցության և քննարկումների անհրաժեշտություն։
11 Փետրվար
Civilnet.am