ԱրմԻնֆո. «Այսօր ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն պատրաստ չեն մադրիդյան սկզբունքների իրագործմանը»։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը:
Հայաստանը ղարաբաղյան կարգավորման բանակցային օրակարգ է մտցրել մադրիդյան սկզբունքների առավել հստակեցման անհրաժեշտության մասին առաջարկը։ Երևանն առաջարկում է նաև Բաքվին և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին քննարկումներ սկսել Արցախի ՝ բանակցային գործընթաց վերադառնալու հարցի շուրջ։
«Իհարկե, այդ սկզբունքներին սատարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Սակայն, հաշվի առնելով երեք սկզբունքներից երկուսի ՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության պահպանման ծայրահեղ հակասությունը՝ ներկայումս դրանց իրագործումը հնարավոր չէ։ Այդ մասին կարելի է խոսել Ղարաբաղում շփման գծում լարվածության աստիճանի իրական նվազեցումից, միջազգային երաշխիքների ներքո ծանր սպառազինությունը հետ քաշելուց հետո», – ընդգծել է նա։
Մեկնաբանելով ապրիլի 15-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքները՝ Եվսեևը այն օգտակար է որակել: Նրա գնահատմամբ, այս հանդիպումը հերթական քայլն էր հակամարտող կողմերի միջև լարվածության թուլացման ճանապարհին։
Նրա գնահատմամբ, Ադրբեջանը շահագրգռված է եղել լարվածության վերացմամբ, որն առաջացել էր, այդ թվում, Հայաստանի պաշտպանության նախարարի նյույորքյան հայտարարությունից հետո, որ հանրապետության զինված ուժերը պատրաստ են հակահակահարձակողական գործողությունների, ինչը, Եվսեևի գնահատմամբ, Մոսկվայում տեղի ունեցավ: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների մոսկովյան հանդիպման արդյունքների ավելի կոնկրետ և հեռուն գնացող հետևանքների մասին, փորձագետի գնահատմամբ, առայժմ խոսելը վաղաժամ է:
Ապրիլի 17-ին Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Վարշավայում լրագրողներին հայտնել է Վաշինգտոնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումն անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկի մասին: «Երեկ մենք ԱՄՆ – ից հրավեր ենք ստացել այցելելու Վաշինգտոն, որտեղ պետքարտուղարը նույնպես կներկայացնի իր առաջարկները՝ հակամարտության կարգավորման հարցում բեկման հասնելու համար», – նշել է Մամեդյարովը:
Arminfo.info