Այն տպավորությունն է, որ հայ ժողովուրդը, հայ հանրությունը սեփական պատմությունից դասեր չեն քաղում։ Այդ իսկ պատճառով մենք կրկին սկսում ենք սուզվել արհեստականորեն ստեղծված ներքին խարդավանքների և տարաձայնությունների մեջ՝ հերթական անգամ մոռանալով բազմաթիվ արտաքին սպառնալիքների մասին։ Հենց այդ եզրակացության կարող է հանգել Հայաստանում ստեղծված իրավիճակն անգամ կողքից դիտարկող յուրաքանչյուր մարդ։ Տեղի ունեցողի բուն էությունն այն է, որ իշխանազրկված ռևանշիստները փորձում են հասարակությունը երկու մասի բաժանել, պառակտել ժողովրդին և միմյանց հետ թշնամացնել՝ թալանվածը պահպանելու և կրկին իշխանության վերադառնալու համար։ Հենց այս նպատակի համար «նախկինները» գործող կառավարության դեմ սանձազերծել են իսկական տեղեկատվական-քարոզչական պատերազմ։
Այս պատերազմում «նախկինները» սեփական երկրի կառավարության դեմ լարել են անգամ տարիներով Ադրբեջանի դեմ աշխատած քարոզչական հարթակները։ Այս պատերազմում ռևանշիստները ժողովրդի ընտրած՝ Հայաստանի օրինավոր իշխանության դեմ փորձում են կիրառել ամեն հնարք՝ անգամ առանց այն էլ խնդրահարույց Արցախը։ Երևանում, Ստեփանակերտում, Հայաստանի այլ քաղաքներում և մարզերում ընթանում է իշխանության հանդեպ առկա դժգոհությունը սաստկացնելու ուղղութամբ հետևողական աշխատանք՝ մինչև իսկ դժգոհության համար նոր պատրվակներ ստեղծելու միջոցով։ Ընդ որում՝ թե՛ այդ գործընթացը նախաձեռնած, և թե՛ դրա զոհը դարձած անձանց, կարծես թե, չի մտահոգում, որ Հայաստանը դեռ պատերազմական վիճակի մեջ է հարևան Ադրբեջանի հետ։ Թվում է, որ այդ դեպքում երկրորդ պլան են մղվել անգամ Թուրքիայի նկատմամբ դարավոր ֆոբիաները։ Այսուհանդերձ, միանգամայն ակներև է, որ ներքին պառակտումներն էապես թուլացնում են հայկական կողմի թիկունքը, հետևաբար՝ Երևանի դիրքերն Արցախի հիմնախնդրի շուրջ Բաքվի հետ ընթացող բանակցություններում։ Հիշենք, որ այս դիրքերը մեծապես ամրապնդվել են, երբ Հայաստանում իշխանության է եկել հետխորհրդային երկրներում օրինավորության առավելագույն բարձր աստիճանով օժտված կառավարությունը։
Հայաստանում իշխանության փոփոխությունը և նախկին ու նոր իշխանությունների միջև տեղեկատվական-քարոզչական պատերազմը հանգեցրել է հասարակության երկփեղկման։ Իշխանությանն, ընդհանուր առմամբ, սատարող և նրանից դժգոհ հատվածների տոկոսային հարաբերակցությունը համապատասխանար 25-30% և 70-75% է։ Հասկանալի է, որ իրավիճակի լուրջ սոցիոլոգիական հետազոտության տվյալների բացակայության պայմաններում վերոնշյալ թվերը բավականին պայմանական են։ «Դժգոհներն» իրենց հերթին բաժանվում են երեք ենթախմբի։
Սկսենք առաջինից։ Նրանք նախորդ իշխանության տարբեր մակարդակների ներկայացուցիչներ են՝ երկրի նախագահից մինչև ոստիկանության համեստ աշխատակից։ Իշխանությունից դժգոհ լինելու hիմնական պատճառը բարեկեցության աղբյուրից, ժողովրդական լեզվով ասած՝ «լափամանից» հարկադրաբար զրկվելն է։ Այս մարդիկ ամենատարբեր մակարդակներում տարիներ շարունակ կողոպտում էին ընդհանուր ազգային հարստությունը և թաղված էին կաշառակերության մեջ։ Եվ ամենակարևորը, նրանք վաճառքի էին հանել տառացիորեն ամեն ինչ՝ բնական պաշարներից մինչև հայոց պետության ինքնիշխանությունը։
Հենց նրանց բազմամյա գործունեության հետևանքով են արտասահմանցիների ձեռքում հայտնվել հայկական էներգահամակարգը՝ բաշխիչ ցանցերից մինչև ատոմակայանը, գազատար ցանցը, երկաթուղին, ջրային և մնացյալ բնական պաշարները, ավիացիան (Հայաստանը սեփական՝ ազգային ավիափոխադրող չունի)։ Ավելին՝ երբ վաճառքի հանելու նոր բան չէր մնացել՝ այդ մարդիկ սկսել են պետության անունից վարկեր վերցնել, որոնց մեծ մասը նրանց իսկ կողմից հաջողությամբ յուրացվել է։ Ասածիս մեջ համոզվելու համար բավական է անցնել «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու 60 կիլոմետրի երկայնքով։ Մնացած 490 կիլոմետրերը մնացել են սոսկ թղթի վրա։ Իսկ մեր պետական արտաքին պարտքն այսօր գերազանցում է 7 միլիարդ դոլարը։
Ի դժբախտություն բոլորիս՝ հիշյալ առևտուրը չէր սահմանափակվում ազգային հարստության վաճառքով։ Նախորդ իշխանությունը տարիներ շարունակ սեփական նեղխմբակային շահերի համար վաճառում էր ազգային-պետական ինքնիշխանությունը՝ ՄԱԿ-ում քվեարկություններից սկսած մինչև Հայաստանի ներառումը ԵԱՏՄ և ՀԱՊԿ ինտեգրացիոն կազմավորումներում։ Դրա հետևանքով այսօր հայերն ապրում են մի պետության մեջ, որում ջուրը, էլեկտրական էներգիան, գազը, տրանսպորտն ու բոլոր բնական հանքարդյունաբերելի պաշարները կառավարում են արտասահմանյան ընկերությունները։ Մենք ապրում ենք մի երկրում, որի սահմանները վերահսկում են այլ պետության սահմանապահները՝ Իրանի սահմանից մինչև երևանյան օդանավակայանը։ Եվ այս ամենը՝ այսօր դեռ դժգոհել հանդգնող «նախկինների» շնորհիվ…
Երկրորդ ենթախումբը բաղկացած է լրագրողներից, փորձագիտական հանրության ներկայացուցիչներից, բլոգերներից և պարզապես մասնագիտություն չունեցող մարդկանցից։ Այս մարդիկ կառավարության դեմ դժգոհում են մասնագիտորեն՝ վճարի դիմաց։ Պետք է խոստովանել, որ այդ վճարը բավականին համեստ է՝ «լափամանից» զրկված գործատուների առատաձեռնությունն էապես նվազել է։ Մասնագիտորեն դժգոհողներն աշխատավարձ են ստանում տասնամյակների թալանից ուռճացած Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շրջապատի գրպաններից։ Նախկինում երկրորդ ենթախմբի ներկայացուցիչների մեծ մասն աշխատավարձ էր ստանում և՛ պետբյուջեից, և՛ ծրարների տեսքով՝ անմիջական ղեկավարությունից։ Ծրարների պարունակությունը ձևավորվում էր իշխող կուսակցության «ընդհանուր գանձարանից», որն, իր հերթին, գոյանում էր հարկերից խուսափելուց ստացված գումարներից։ Պատահական չէ, որ իշխանափոխությունը ցավոտ հարված է հասցրել տվյալ ենթախմբի գրպաններին։ Նրանց նույնպես «լափամանից» են զրկել և այսօր նրանք փող են ստանում բացառապես ծրարներով։ Դրանից վրդովված լրագրողները, փորձագետներն ու բլոգերները ԶԼՄ-ներով ու սոցիալական ցանցերով ակտիվորեն տարածում են իշխանությունների սխալների մասին տեղեկատվություն։ Եթե իշխանությունները սխալներ չեն գործում, իսկ այսպես նույնպես լինում է, մասնագիտորեն դժգոհողները հորինում են չեղյալ սխալներ՝ տարածելով ակնհայտ ապատեղեկատվություն։ «Զանգվածային» գործողությունների մասնակիցներն, ընդ որում, համեստ վարձատրություն են ստանում՝ «ազատություն Ռոբերտ Քոչարյանին» վանկարկումների դիմաց։
Դժգոհողների երրորդ ենթախումբը նախկինում ազգային հարստություններն ու պետբյուջեն չէր թալանում, կաշառք չէր վերցնում և «նախկիններից» անցյալում կամ այսօր դրամական վարձատրություն չէր ստանում։ Երրորդ ենթախմբի ներկայացուցիչներն առաջին երկու ենթախմբերի յուրօրինակ զոհերն են, ընդ որում՝ նաև տառապում են ստոկհոլմյան բարդույթով։ Այս մարդիկ հայտնվել են նախորդ իշխանության և նրա սպասարկուների տեղեկատվական-քարոզչական հնարքների գերության մեջ։ Նրանք իսկապես հավատացել են, որ Նիկոլ Փաշինյանը կարող է և պատրաստվում է հանձնել Արցախը, հովանավորում է ԼԳԲՏ-ին և անգամ՝ «Սորոսից» գումար է ստանում։ Փաստորեն, առաջին և երկրորդ ենթախմբերը կարողացել են հաջողությամբ լվանալ նրանց ուղեղները։
Ի բարեբախտություն մեր երկրի և նրա պետականության բեկորների՝ բնակչության մնացած պայմանական 70-75%-ը նախկին թալանիչների և նրանց պատվերակատար ապատեղեկատու վարձկանների քարոզչական հնարքների ազդեցության ներքո չի հայտնվել։ Հասարակության մեծ մասը քաջ գիտակցում է, որ «նախկինների» վերադառնալու միակ նպատակը՝ իրենց թալանածի պահպանումն է և կրկին ավելի շատ թալանելու մոլուցքը։ Իշխանության հանդեպ որոշակիորեն բարյացակամ կամ նրան լիովին աջակցող քաղաքացիների դրական տրամադրվածությունը կախված է հենց գործող իշխանության քաղաքականության ողջամտությունից։ Այն կախված է ներքին քաղաքականությունում և արտաքին քաղաքական ասպարեզում իշխանության ձեռնարկած քայլերի արգասաբեր հետևողականությունից, հատկապես՝ արցախյան, հայոց ազգային պետականակերտման և սոցիալ-տնտեսական քաղաքականության ոլորտներում։
Հայ հասարակությունը 30 տարի հուսահատորեն սպասում էր ժողովրդավարության, կյանքի որակի բարձրացման և, ամենակարևորը, արդարության հաստատման։ Հասարակությունը հոգնել է սպասել և այսօր պահանջում է ամեն ինչ և հենց այժմ։ Այսպիսի առավելապաշտական պահանջների կատարման գործնականում անհնարինության պայմաններում իշխանությունը պետք է առնվազն ուղենշի իրական՝ ոչ հռչակագրային փոփոխությունների սկիզբը։ Անհրաժեշտ է ներկայացնել տնտեսության զարգացման հստակ հայեցակարգն ու բարեփոխման ուղեգծերը։ Եվ, ամենագլխավորը, պետք է հրաժարվել ամբոխահաճությունից և նախորդ իշխանության վարքագիծը կրկնելու՝ թալանի, կոռուպցիայի, հովանավորչության և ինքնիշխանությունը վաճառելու գայթակղությունից։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել իշխանության հանդեպ հասարակության հերթական հիասթափությունից։ Հիասթափություն, որը կարող է Հայաստանը կանգնեցնել նոր ազգային աղետի շեմին։
Պետք է հիշել սեփական պատմությունը։ Պետք է դաս քաղել գոնե սեփական սխալներից։ Եվ, վերջապես, պետք է դադարել տառապել ստոկհոլմյան բարդույթով…