Հայաստանի լեռներում ծվարած նախկին առողջարանային քաղաքը դարձել է տուն ոսկու հանքը շահագործողների համար: Տեղացիները, սակայն, կարծում են, որ հանքի շահագործումը վտանգի տակ կդնի ոչ միայն երկրի քաղցրահամ ջրերի ամբողջ պաշարը, այլև ողջ էկոհամակարգը:
Հայաստանի հարավ-արևմուտքում գտնվող Ջերմուկ քաղաքը երկար ժամանակ հայտնի է իր տաք աղբյուրներով, բուժիչ հանքային ջրերով և տպավորիչ ջրվեժներով: Սակայն այն պահից, երբ հանքարդյունաբերող ընկերություն «Lydian International»-ը ոսկու արդյունաբերության համար տեղափոխվեց առողջարանային քաղաքից ավելի բարձր գտնվող Ամուլսար լեռը, այս քաղաքը հայտնի դարձավ այլ բանով:
2018թ-ի հունիսից Հայաստանի տարբեր մասերից հավաքվել են ցուցարարներ, որոնք դեմ են հանքի շահագործմանը, քանի որ դա աղտոտում է իրենց հողն ու ջուրը: Օր ու գիշեր տևած շրջափակումների արդյունքում հաջողվել է ամբողջովին դադարեցնել շինարարական աշխատանքները: Մեկ տարի անց Հայաստանի` դեռևս նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ով նախորդ տարվա «թավշյա» հեղափոխության արդյունքում է եկել իշխանության, հայտնվել է աճող ճնշումների ներքո և ստիպված է ինչ-որ մեկի կողմն անցնել:
Մի կողմում մեծ մասսայականություն վայելող բողոքի ակցիաներն են, որոնք հանքը դիտարկում են որպես տապալված ռեժիմի խորհրդանիշ, մյուս կողմում Մեծ Բրիտանիայի հարկային ապաստան Զերսիում գրանցված ընկերությունն է, որը Հայաստանում ամենամեծ օտարերկյա ներդրումները պետք է կատարի:
Գետերի և արոտավայրերի աղտոտում
անվճար և հարկադիր կերպով հանձնել «Լիդիանին»:
Ամուլսարի հանքավայրի կառուցումից շատ առաջ «Լիդիանը», հենվելով տխրահռչակ և կոռումպացված կառավարության աջակցության վրա, մաքրեց արոտավայրերը: Տեղացիների խոսքերով` իրենք կա՛մ ստիպված էին վաճառել իրենց արոտավայրը, որն իրենց ապրուստի միակ միջոցն էր, կա՛մ`
«Գյուղացիները չգիտեն` ուր տանեն իրենց անասունները, ուստի այլևս գյուղատնտեսությամբ չեն կարող զբաղվել»,- DW-ի հետ զրույցում նշեց Ջերմուկի բնակիչ Ահարոն Արսենյանն, ով 2012թ-ից ի վեր դիմադրում է ընկերության գործունեությանը: 2017թ-ին, երբ հանքափորները եկան, տեղացիները հասկացան, որ ամեն ինչ ավելի է վատանում: «Երբ քամի է սկսվում, փոշին երկինք է բարձրանում»,-ասում է Արսենյանը: «Ամեն անգամ: Մենք երբեք չենք տեսել նման քանակի փոշի, երբե՛ք»:
Ջերմուկի և հարակից Գնդեվազ գյուղի բնակիչները նշում են, որ շինարարության առաջընթացին զուգահեռ իրենց ծորակներից սկսել է կեղտոտ ու ցեխոտ ջուր հոսել: Տեղական ձկնաբուծարանի տերերից մեկի խոսքերով՝ աննախադեպ մեծ քանակությամբ ձկներ են անկում: «Նրանք, ովքեր հարկադիր չէին լքել իրենց վարելահողերը, այլևս չեն կարողանում օգտագործել, քանի որ անասնահոտը հրաժարվում է փոշեպատ խոտ ուտել կամ աղտոտված ջուր խմել»:
Հակասական գնահատականներ
Ամենամեծ հարցը հետևյալն է` ի՞նչ կարող է պատահել, երբ հանքը սկսի գործել, և արդյո՞ք դա անվտանգ է Հայաստանի ամենամեծ քաղցրահամ ջրի պաշարի` Սևանի համար: Արսենյանն իր ծննդավայրն անվանում է «ջրի մայրաքաղաք»: Զերմուկն ու հանքավայրը նստած են Արփա-Որոտան գետերի վրա, որոնք էլ իրենց հերթին սնում են Սևանը: Լիճը Հայաստանի բնակչության մեծամասնությանն ապահովում է խմելու ջրով և ձկնատեսակներով:«Երկրի ողջ էկոհամակարգը կախված է դրանից»,- նշում է Հայաստանի բնապահպանական ճակատի (ՀԲՃ) ակտիվիստներից, Երևանի բնակիչ Արփինե Գալֆայանը:
Համաձայն «Լիդիան»-ի`շրջակա միջավայրի վրա ազդեցության առաջին գնահատականի, որը հրապարակվել էր 2016թ-ին, կեղտաջրերի արտանետումը նվազագույն կլինի և կհամապատասխանի ջրի որակի չափանիշներին: Այլ անհարմարություններ ևս, ինչպիսին են` աղմուկը, փոշին և աղտոտվածությունը, կպահվեն վերահսկելի մակարդակի վրա: Ընկերությունը հայտարարել է, որ կփոխհատուցի հասցված բնապահպանական վնասները` ֆինանսական աջակցություն տրամադրելով նոր ազգային պարկի կառուցմանը:
Սակայն երբ նրանք դիմեցին ամերիկահայ երկրաքիմիկոս-ինժեներ և նախագծի մեջ ներդրում կատարելու միտում ունեցող Հարութ Բրոնոզեանին, վերջինս կասկածներ հայտնեց և շրջակա միջավայրի վրա ազդեցության իր սեփական գնահատումն իրականացրեց:
Բրոնոզեանի խորհրդատվության համաձայն՝ «Լիդիան»-ը մեծապես թերագնահատել է շրջակա միջավայրի վրա ծրագրի կենսագործման դեպքում ունենալիք ազդեցությունը, ինչի հետևանքով Սևանա լիճը և ջրի այլ աղբյուրներ անտարակույս աղտոտվելու են քիմիական նյութերով, ներառյալ` մկնդեղը և ցիանիդը: Արդյունքում` դարեր շարունակ վտանգվելու են ինչպես ջրային կյանքը, այնպես էլ մարդու առողջությունը:
Միևնույն ժամանակ, «Balkani Wildlife society» բնապահպանական հասարակական կազմակերպության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախագիծը հնարավոր է խախտի վտանգված տեսակների գոյությունն, ինչպիսին է հազվադեպ հանդիպող և վերացող կովկասյան ընձառյուծը: Լիդիանի խոստացված պարկը «կենսաբազմազանության փոխհատուցման շատ բացասական օրինակ» է, նաև որ հանքը թերացել է պահպանել Հայաստանի և եվրոպական բնապահպանական կանոնակարգերը:
Ջուրը մեր ոսկին է
Գալֆայանի խոսքերով` «չնայած տեղացիներին այս հարցը խորապես հուզում էր դեռևս մեկ տասնամյակ առաջ, երբ ընկերությունը հայտնվեց, քչերն էին համարձակվում բարձրաձայնել»: Համաձայն ՀԲՃ-ի, կառավարության անդամները «Լիդիան»-ի բաժնետերերի մեջ էին, և քանի որ կառավարությունը զենք գործադրեց 2008թ-ի վիճահարույց ընտրություններից հետո, բնակչության շրջանում առկա էր վախի և ճնշման մթնոլորտ:
2018թ-ի ապրիլին ամեն ինչ փոխվեց: Հայերը գրավեցին փողոցները, երբ նախագահ Սարգսյանը փորձեց մեկ հնգամյակ ևս առաջնորդել երկիրը: Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, խոստանալով վերջ դնել կոռուպցիային, հաղթեց երկրի առաջին դեմոկրատական ընտրություններում և 2018թ-ի մայիսից զբաղեցրեց երկրի վարչապետի պաշտոնը: Ոգևորված այս հաղթանակով` Ջերմուկի և հարակից գյուղերի բնակիչները սկսեցին հանք տանող ճանապարհի շրջափակումը: Ամբողջ երկրով մեկ «մեր ոսկին մեր ջուրն է» միտքը դարձավ կարգախոս: Ամեն անգամ, երբ «Լիդիանը» փորձում էր նոր իրավական մեխանիզմով ճնշում գործադրել կառավարության վրա` ապաշրջափակելու տարածքը, ավոտեմեքենաների մեծ հոսք էր գալիս` ուժեղացնելով շրջափակումը:
Բարձր ռիսկայնությամբ խաղ
Փաշինյանի կառավարությանը չի հաջողվում ո´չ չեղարկել իր նախորդների կողմից «Լիդիան»-ին տրված արտոնագիրը, ո´չ էլ վերջ տալ շրջափակմանը` շեշտելով հանքի շահագործման վերաբերյալ նոր աուդիտ անցկացնելու կարևորությունը: Եվ սա հարվածում է «Լիդիան»-ին: 2018թ-ի զեկույցի համաձայն, շրջափակման արդյունքում ավելի քան 42 միլիոն դոլարի (37 միլիոն եվրո) վնաս է հասցվել, իսկ ամբողջական կորուստը կազմում է 136 միլիոն` սպառնալով ընկերության ֆինանսական կայունությանը:
Մարտին «Լիդիան»-ը ծանուցեց ՀՀ կառավարությանը, որ իրավիճակի չլուծման դեպքում նախատեսում է կորպորատիվ դատարանում դատական հայց ներկայացնել կառավարության դեմ: Տեղական լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ ընկերությունը կարող է պահանջել երկու միլիարդ դոլար փոխհատուցում, ինչը Հայաստանի պետական բյուջեի գրեթե երկու երրորդն է:
Ի վերջո հուլիսին վերջապես հրապարակվեց շրջակա միջավայրի վրա ազդեցության կառավարական զեկույցը, ըստ որի հանքն անվտանգ է: Այդ օրից ի վեր Փաշինյանը մեկ անգամ չէ, որ փոխում է իր դիրքորոշումը: Մեկ կասկածի տակ է առնում կառավարության կողմից նախագծի վերաբերյալ դրական գնահատականը, մեկ նշում, որ հանքն անվտանգ է: Սեպտեմբերի 7-ին վարչապետը հանդիպում հրավիրեց ինչպես ակտիվիստների, այնպես էլ «Լիդիան»-ի ժամանակավոր գործադիր տնօրեն Էդվարդ Սելերսի հետ, ով ասաց, որ ընկերությունը թույլ կտա տեղանքում անկախ մոնիթորինգ անցկացնել: Երկու օր անց Փաշինյանը սոցիալական կայքերով դիմեց ցուցարարներին` խնդրելով ապաշրջափակել տարածքը:
Գալֆայանն ասաց, որ ցուցարարները ոչ միայն կշարունակեն շրջափակումը, այլև նախատեսում են քաղաքացիական անհնազանդության ավելի լայն արշավ, ներառյալ՝ երթեր դեպի մայրաքաղաք: «Սա մեզ համար կյանքի և արդարության խնդիր է», – ասաց նա: «Մենք միանշանակ պայքարելու ենք»:
Միևնույն ժամանակ, «Գլոբալ արդարություն հիմա» շարժումից Ժան Բլեյլոքը DW- ին ասաց, որ միջազգային կորպորատիվ դատական գործընթացը խիստ գաղտնի է` հնարավոր է, որ «Լիդիանն» արդեն իսկ սկսել է այն:
«Կորպորատիվ դատարանները կատարյալ գործիք են, որպեսզի անդրազգային կորպորացիաները դատի տան կառավարություններին»,- ասում է Բլեյլոքը՝ հավելելով, որ «վճարումները կարող են հսկայական լինել, արբիտրները շատ նեղ հեռանկարով են դիտարկում, և ընդհանուր առմամբ դա զանգվածային ճնշում է կառավարությունների վրա ՝ ստիպելու նրանց հետ կանգնել իրենց բռնած դիրքից»:
«Լիդիանը» չպատասխանեց DW-ի խնդրանքին` մեկնաբանելու իր գործողությունների նկատմամբ քննադատությունը, կամ տեղեկացնելու, թե արդյոք սկսել է արդեն կորպորատիվ դատական գործընթացները:
Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը
Սկզբնաղբյուրը` Deutsche Welle