Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 16-ին Վանաձորում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ծավալված դրամատիկ իրադարձությունները բոլորովին անսպասելի էին մինչև այն պահը, երբ ներկա տասնյակ լրագրողներից մեկը վարչապետին հարց ուղղեց Ազգային անվտանգության ծառայության և նրա տնօրեն Արթուր Վանեցյանի մասին։
Վարչապետի պատասխանն ալեկոծեց հանրությանը՝ մամուլին, փորձագետներին, սովորական քաղաքացիներին. անհանգստացել են նաև նախկիններից հայտնի դեմքեր։ Վարչապետը հայտարարել էր Ոստիկանության պետին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին պաշտոնից ազատելու մտադրության մասին։ Րոպեներ անց իրադարձությունների հետագա զարգացումը դուրս եկավ թույլատրելի և ընդունելի շրջանակներից. ԱԱԾ տնօրենը տարածեց իր պաշտոնանկության մասին հայտարարություն` այն զետեղելով ԱԱԾ պաշտոնական էջում։
Հայտարարությունը պարունակում էր վարչապետին ուղղված մի շարք քննադատական հանդիմանություններ, այնտեղ վկայակոչվում էր սպայական պատիվը։
«Հայաստանի կառավարությանն առընթեր» կարգավիճակ ունեցող և անձամբ վարչապետին ենթակա երկու կարևորագույն գերատեսչությունների պետերին աշխատանքից ազատելու մտադրությունը հաշված ժամեր անց նյութականացվեց, իսկ նրանց առաջին տեղակալները նշանակվեցին ժամանակավոր պաշտոնակատարներ։ Ի հայտ եկան բազմաթիվ քաղաքական և մերձքաղաքական գնահատականներ, որոնք առնչվում էին տեղի ունեցող իրադարձությունները իշխանության ճգնաժամ լինել-չլինելու հարցին։
Ինչո՞ւ է դա կարևոր։
Առանց պատշաճ գնահատման, իսկ ավելի ճիշտ՝ ախտորոշման, հնարավոր չէ հաշվարկել ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ հետագա գործողությունները, եթե տեղի ունեցողը ճգնաժամ է, կամ՝ ճգնաժամը կանխարգելող քայլեր, եթե առկա իրավիճակը դեռ և կամ ճգնաժամ չէ։
Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո նոր քաղաքական թիմն օրենսդրության, Սահմանադրության, արդարադատության համակարգի և ուժային կառույցների մեջ ժառանգել է բազմաթիվ «ականապատված դաշտեր». հիշյալ գերատեսչությունների ղեկավարները պետք է նշանակվեին դրանցում պատկառելի աշխատանքային ստաժ ունեցած և առնվազն գնդապետի կոչմամբ անձինք։ Ակնհայտ էր, որ այս պաշտոններին նշանակվող անձանց ընտրությունը պետք է լիներ փոխզիջման արդյունք, քանի որ ավտորիտար վարչակարգի պայմաններում տվյալ գերատեսչություններում տեղի էր ունենում կադրային մանրակրկիտ զտում՝ նախորդ իշխանության հանդեպ լիակատար հավատարմության սկզբունքով։ Էլ չենք խոսում «ախպերական» հանձնարարությունների կամ հարազատներին առաջ մղելու երևույթների մասին։ Չկար նաև թեկնածուներին ընտրելու համար բավարար ժամանակ։ Ուստի, այդ իսկապես բախտորոշ պահին որոշվել էր ԱԱԾ տնօրեն և ՀՀ Ոստիկանության պետ նշանակել սույն կառույցների Երևան քաղաքի վարչությունների պետերի տեղակալներին. ԱԱԾ-ում՝ Արթուր Վանեցյանին, իսկ Ոստիկանությունում՝ Վալերի Օսիպյանին։
Բոլորս լսել ենք նրանց «նորովի աշխատելու» մասին տրված հրապարակային հանձրարարությունը. այդ գերատեսչությունների նոր պետերը նույնպես հրապարակավ խոստանում էին միանգամայն նոր ոճով աշխատել և, ընդհանուր առմամբ, իսկապես ջանում էին համապատասխանել նոր պահանջներին։ Սակայն, անհասկանալի էր, արդյո՞ք նրանց առջև դրված էր հիշյալ կառույցների բարեփոխման, թե՞ սոսկ աշխատաոճի փոփոխության և ներքին ուժերով դրանցում առկա համակարգային կոռուպցիայի երևույթները վերացնելու խնդիր։
Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսի օրը գրեթե աննկատ մնաց ևս մեկ կարևոր իրադարձություն. Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հաստատել է Ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի պաշտոններին նշանակվելու համար համապատասխանության չափանիշների փոփոխություն սահմանող օրենքի նախագիծ, որը հիշյալ երկու և Պաշտպանության նախարարի պաշտոնները դարձնում է քաղաքական։ Այս մոտեցումը լիովին բացատրելի է, եթե կա հեղափոխությունից մեկ ու կես տարի անց տվյալ կառույցները բարեփոխելու քաղաքական խնդիր։ Անցած տարվա ընթացքում հիշյալ գերատեսչություններն արել են ամենագլխավորը՝ չեն թույլատրել հետհեղափոխական իրավիճակի գահավիժումը դեպի քաոս և, սեփական ներուժի վրա հենվելով, ապահովել են տվյալ կառույցների բնականոն գործունեությունը։ Այժմ՝ ներկա փուլում, անհրաժեշտ են Ոստիկանության համակարգի արմատական բարեփոխումներ, մասնավորապես՝ ոստիկանության անձնակազմի կրճատումն ու նրա աշխատանքային արդյունավետության, մասնագիտական պատրաստվածության և վարձատրելիության բարձրացում։ ԱԱԾ-ում էլ, հավանաբար, հարկավոր է իրականացնել վերակառուցակարգում. քննարկվում է ԱԱԾ Քննչական վարչության փոխանցումը Քննչական կոմիտեի կազմ, հետախուզության և հակահետախուզության ծառայությունների տարանջատումը և առանձին ծառայությունների ձևավորումը, որի մասին հայտարարում էր նույն ինքն Վանեցյանը։ Անհրաժեշտ է նաև ունենալ ԱԱԾ աշխատակազմի մասնագիտական պատրաստությամբ զբաղվող սեփական մարմին՝ հատուկ ծառայությունների աշխատակիցներին արտերկրում պատրաստելու արատավոր ավանդույթին վերջ տալու համար։ Ակնհայտ է, որ սա քաղաքական խնդիր է, որի լուծումը կարող են տալ քաղաքական կարգավիճակով օժտված նոր ղեկավարները։
Սակայն այստեղ ևս դեռ շատ բան ոչ հստակ է. անձնակազմին գերատեսչությունների ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներին ներկայացրած վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ արդյունավետ աշխատելու դեպքում նրանք վեց ամիս հետո կնշանակվեն համապատասխան պաշտոններին։ Այժմ հարց է ծագում. արդյո՞ք պարոն Մարտիրոսյանն ու պարոն Սարգսյանն են այն հնարավոր քաղաքական ղեկավարները, որոնց վիճակված է բարեփոխել իրենց ղեկավարած գերատեսչությունները։ Արդյո՞ք առաջին ընթերցմամբ ԱԺ-ում ընդունված օրենքի նախագիծը կարգելակվի ու կշարունակվի ղեկավար պաշտոններին «համակարգի մարդկանց» նշանակելու նախորդ ավանդույթը։ Թե որ ուղղությամբ են ընթանալու փոփոխություններն՝ առայժմ դժվար է կանխատեսել, քանի որ օրենսդիր և գործադիր իշխանության գործողություններում հստակ տրամաբանությունը դեռ նկատելի չէ, ուստի հաջորդ վեց ամիսներին անորոշությունը պահպանվելու է։
Իհարկե, սա նպաստելու է այն մարդկանց փաստարկների հարատևմանը, որոնք մտադիր են հասարակությանը համոզել, թե երկրում առկա է կառավարման ճգնաժամ։ Բայց իրականությունն ավելի բարդ է. առանցքային կարևորության պաշտոններում կադրային ռոտացիայի հարցում իշխանությունը գտել է ժամանակավոր լուծում՝ իրեն վերապահելով ապագա մանևրի համար անհրաժեշտ տարածություն։ Այստեղ ճգնաժամ որոնելու ճիգերն ավելորդ են. այն չկա։
Ճգնաժամի մասին խոսակցությունների ֆոն ստեղծած գլխավոր պատճառն անորոշությունն է, հետևաբար՝ իշխանության առջև ծառացած կարևոր նպատակներից է առնվազն երկարաժամկետ կտրվածքով անորոշությունը փարատելը։ Այսինքն, ճգնաժամ կարող է առաջանալ այն դեպքում, երբ մանևրի համար տարածություն ունենալու պարագայում մանևրը տեղի չի ունենա։ Սա լավ են հասկանում նաև ներկա կառավարության դեմ ծայրահեղ թշնաբար տրամադրված՝ նախորդ վարչակարգի շահերը սպասարկող այլևայլ շահառու խմբեր, որոնք մեզ թշնամի և «դաշնակից» երկրների քարոզչության հետ կամերտոնային միաձայնությամբ ջանում են սերմանել և խորացնել կեղծ անորոշության պատրանքը։
Կրկնենք, որ ճգնաժամ կամ ճգնաժամի նախադրյալներ ներկայումս պարզապես չկան։ Սակայն, գործող իշխանության մտածողության հատվածականությունն ու իներցիոն բնույթը և տեղեկատվական հոսքերի վատ կառավարումը կարող է ճգնաժամի առաջացման պատճառ դառնալ։ Այդ իսկ պատճառով ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների փոփոխությունը պատշաճ առիթ է կառուցակարգային ընկալելի բարեփոխումների գործընթացն սկսելու և առկա խնդիրներին իրական կառուցակարգային լուծումներ տալու համար։ Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներին միտված այդ լուծումները պետք է ուժեղացնեն կոռուպցիայի դեմ պայքարը, վերացնեն նրա գաղափարախոսական և նյութական հենքը, արագացնեն դատաիրավական համակարգի բարեփոխումները և ամրապնդեն պետության տնտեսական հիմքերը։ Պետությունն ունի պատկառելի ներուժ, որի գործարկման դեպքում կայունության ներքին պաշարն քանիցս աճելու է։ Վաղը՝ արտաքուստ հառնող ու թերևս գոյաբանական մարտահրավերներ պարունակող ֆորսմաժորներին դիմագրավելու համար այն մեզ չափազանց շատ է պիտանի լինելու։ Այսպիսով՝ երկրի անվտանգությունը, կայունությունը և ներքին օրինականությունը երաշխավորող խնդրո առարկա կառույցների՝ ԱԱԾ և Ոստիկանության բարեփոխման հարցերն ունեն գոյաբանական կարևորություն. իշխանությունը չպետք է մոռանա, որ ժողովրդից պետությունը կառավարելու արտոնություն է ստացել հենց այդ խնդրին կառուցակարգային լուծումներ տալու համար՝ առանց կարևորելու, թե ո՞վ, ինչպե՞ս և ի՞նչ չափով է «մտահոգվելու»։ Կոպիտ չարտահայտվելու համար ասենք, որ քարավանն առաջ է գնում՝ անկախ ամեն ինչից։
Պետությունն ունի կամք և անհրաժեշտ ներուժ այդ լուծումներն իրականություն դարձնելու համար. Հայաստանը չունի այս պատմական հնարավորությունը լիովին չօգտագործելու իրավունք։ Աստված մեզ օգնակա՛ն։