Այս շաբաթվա ուշագրավ իրադարձություններում մռայլ համաչափություն կար
Ուկրաինային անվտանգության ոլորտում աջակցություն ցուցաբերելուց հրաժարվելը «և փոխարենը քաղաքական աջակցություն հայտնելը ոչ այլ ինչ է, եթե ոչ փուչ քարոզչություն, պարզապես հիմարություն», – ասաց Թեյլորը ՝ այդ երկրում Ամերիկայի ամենաբարձրաստիճան դիվանագետը: «Դա անարդյունավետ է այն ամենի համեմատ, ինչը մենք փորձում էինք անել: Անտրամաբանական է և անբացատրելի: Պարզապես խենթ որոշում էր»: Լսումների ընթացքում պարզ դարձավ, որ Թրամփը խորտակում է արտաքին քաղաքականությունը 2020-ի ընտրարշավում խաբեությամբ հաջողության հասնելու համար:
Չորեքշաբթի օրը նաև Ռոջեր Սթոունի դատավարության վերջնական փաստարկների ներկայացման օրն էր: Նա Թրամփի երկարամյա գործընկերն է, ով մեղադրվում է Կոնգրեսում կեղծ հայտարարություններ անելու, սուտ վկայություն տալու և ամերիկյան ընտրություններում ռուսական միջամտության գործով Կոնգրեսի կողմից իրականացվող հետաքննության ժամանակ արդարադատության համար խոչընդոտներ ստեղծելու մեջ:
Դատավարության ընթացքում Թրամփի նախընտրական քարոզչության նախկին ղեկավար Սթիվ Բաննոնը ցուցմունք տվեց առ այն, որ ինքը Սթոունին համարում է «WikiLeaks»-ի համար նյութեր ապահովող հիմնական անձը, ուր հրապարակվել էին Դեմոկրատական ազգային կոմիտեի հազարավոր նամակներ, որոնք հաքերային հարձակման արդյունքում ձեռք էին բերվել Ռուսաստանի կողմից: Թրամփի նախընտրական քարոզչության նախկին աշխատակից Ռիկ Գեյթսը ցուցմունք տվեց այն մասին, որ Թրամփն ուղղակիորեն խոսել է Սթոունի հետ «WikiLeaks»-ի ծրագրերի մասին: Թրամփն իր հատուկ խորհրդական Ռոբերտ Մյուլերին հղած գրավոր նամակներում նշել է, որ ոչ մի նման խոսակցություն չի հիշում : Սթոունը, կարծես, չափազանցրել էր «WikiLeaks»-ի իր կապերը, սակայն դատավարության ընթացքում պարզ դարձավ, որ Թրամփը ստել է: Նա 2016-ի ընտրությունների քարոզարշավի ժամանակ բազմիցս փորձել է օգտվել Ռուսաստանի` կիբերհանցագործությունների արդյունքում ձեռք բերած տվյալներից:
Իմպիչմենտի լսումներից հետո լրատվամիջոցներից ոմանք հորանջում էին: «Reuters»-ի երկու լրագրողներ դատավարությունը համարում էին «հետևողական, բայց ձանձրալի», գրելով. «Ի տարբերություն լավագույն իրապատում հեռուստաշոուների, էլ չենք ասում Թրամփի նախագահության մասին, հրավառությունները և պայթուցիկ պահերը սակավ էին»: NBC-ի լրատվական վերլուծաբանը եզրակացրեց, որ լսումները ավելի շատ նման էին միանվագ ներկայացման փորձի, քան հիթային Բրոդվեյ մյուզիքլի բացման երեկոյի»:
Ինչ խոսք, չորեքշաբթի օրը նոր բացահայտումներ քիչ են եղել, քանի որ վկաների դռնփակ ցուցմունքների արձանագրություններն արդեն իսկ հրապարակվել էին: Բայց եթե առկա փաստերը երկրի հիմքերը ցնցելու առիթ չեն, ապա մեղքը Դեմոկրատների հետախուզական հանձնաժողովինը չէ: Մեղքը բոլորինս է, որ թույլ ենք տալիս ընդունելի համարել այս անօրինական, կլեպտոկրատական նախագահությունը:
Աշխարհի ամենաուժեղ թմրամիջոցներից կախվածության պես՝ մեր քաղաքական դասը որևէ բան զգալու համար կարծես պահանջում է ավելի մեծ ցնցումներ: Մեկ ամիս առաջ հանրապետական որոշ հնազանդ սենատորներ կարճ ժամանակով հեռացան իրենց տիրակալից, քանի որ Թրամփը կանաչ լույս էր տվել թուրքական կողմին` հարձակվելու Սիրիայում Ամերիկայի քուրդ դաշնակիցների վրա: Լինդսի Գրեհեմը, ով Թրամփի խոնարհ ծառան է, այդ ժամանակ նշեց, որ եթե նախագահը չփոխի քաղաքականությունը, նա պատրաստ է դառնալ Թրամփի «ամենավատ մղձավանջը»:
Թրամփը չփոխեց քաղաքականությունը, որով պետք է պաշտպաներ քրդերին, և չորեքշաբթի օրը Օվալաձև գրասենյակում կայացած հանդիպման ժամանակ լպստեց Թուրքիայի բռնապետական նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոշիկները: Առանց ըմբոստանալու` Գրեհեմը փոխեց իր վարած քաղաքականությունը: Հանդիպումից հետո, կարծես զվարճանալով իր իսկ նսեմացումից, նա որոշեց սատար կանգնել Էրդողանին և արգելափակել Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը ճանաչող կոնգրեսական բանաձևը. զանգվածային վայրագություններ, որոնք Թուրքիան մոլեգնորեն հերքում է:
Ուրեմն՝ ճիշտ է. չորեքշաբթի օրը տեղի ունեցած դատական նիստում բացահայտված Թրամփի դավաճանությունը չի շարժի անշարժ հանրապետականներին: Անցյալ ամիս Գրեհեմը Աքսոյիսին ասաց, որ կան հանգամանքներ, որոնց առկայության դեպքում նա կարող է աջակցել իմպիչմենտին: «Եթե դուք բացի հեռախոսազրույցից կարողանաք ցույց տալ ինձ որևէ ապացույց, դա, ըստ էության, շատ անհանգստացնող կլինի», – ասաց նա: Այժմ, երբ առկա է ապացույցների առատություն, Գրեհեմը պնդում է, որ հարցումը «անվավեր է», քանի դեռ Թրամփի` Ուկրաինայի սխեման բացահայտած մատնիչը ի հայտ չի եկել:
Բայց ճակատագրական սխալ է Թրամփի ցանկացած պահանջ կատարող մարդկանց թույլ տալ մեզ համար սահմանել հասարակական վարքի ընդունելի ստանդարտներ: Ցանկացած նորմալ չափիչով այս շաբաթվա նորությունները` իմպիչմենտի լսումը, Քարի դատը, Էրդողանի հետ խայտառակ հանդիպումը, էլ չենք ասում Թրամփի ավագ խորհրդատու Ստեֆան Միլլերի սպիտակ ազգայնականության նոր բացահայտումները` սենսացիոն և պատմական կհամարվեին: Այն փաստը, որ հանրապետականները այլ բան են պնդում, մեր քաղաքական խորը ճգնաժամի նշան է: Մեզանից յուրաքանչյուրն ինքը պետք է ընտրի ինչ անել. լռել և անբարեխիղճ կերպով վերաբերվել մեր համաքաղաքացիներին կամ, որպես ցնցող նախազգուշացում, կրկնակի քաղաքական գործողությունների դիմել:
Առերեսվելով Թրամփի հանցանքների ապացույցներին` իրավունքի պաշտպանների զգալի մասը փորձում է համոզել ամերիկացիներին, որ նախագահը առաջադրվել է հրեա բարերար Զորջ Սորոսի կողմից: Մքարթիի փնթփնթացող ֆանտազիան, որ Սորոսը վերահսկում է ամերիկացի դիվանագետներին, ի սկզբանե սկանդալային թեմա էր. Ռուդի Ջուլիանին անընդհատ առաջ էր տանում այս գաղափարը:
Այժմ այս պնդումներն ավելի հաճախ են բարձրաձայնվում: Չորեքշաբթի երեկոյան Զո դի Գենովան և Վիկտորիա Տենսինգը, ովքեր Ջուլիանիի և կոռումպացված ուկրաինական շահերի միջև միջնորդներ են եղել, հայտնվել են Lou Dobbs- ի Fox Business շոուում, որտեղ Դի Գենովան ասել է. «Կասկած չկա, որ Զորջ Սորոսը վերահսկում է ԱՄՆ Պետդեպարտամենտի արտաքին քաղաքականությամբ զբաղվող շատ մասնագետների»:
Հինգշաբթի օրը սպիտակ ազգայնականության ներկայացուցիչ Սթիվ Քինգը թվիթերյան իր էջում տեղադրեց Սորոսի որդու նկարը ՝ անհեթեթորեն պնդելով, որ հենց նա է տեղեկատվություն հաղորդողը (Քինգը հետագայում ջնջեց այդ գրառումը):Սրանք հակասեմական դավադրությունների տեսություններ են, որոնք երկրորդ կարգի բարոյալքված օլիգարխիաներում, ինչպիսին Ռուսաստանն ու Հունգարիան են, խեղաթյուրում են հասարակական կյանքը: Երեք կարճ տարիների ընթացքում հանրապետականները թույլ են տվել մեր երկիրը հասցնել այդ մակարդակի, իսկապես ընկղմել դրա տակ, քանի որ արտասահմանյան ավտորիտարները հեշտությամբ են մանիպուլյացիայի ենթարկում մեր նախագահին և նրան իրենց հավասար չեն համարում:
Դեմոկրատները չեն կարող ստիպել, որպեսզի իրենց հանրապետական գործընկերները կանգնեն այնպիսի հարգարժան հայրենասերների կողքին, ինչպիսիք են Թեյլորը և Քենթը, որոնք հարգված պահպանողական առաքինությունների մարմնացումն են: Այն ամենը, ինչ նրանք կարող են անել, ստիպել ընտրություն կատարել իդեալների, որոնք հանրային կյանքում բոլորը մեկ անգամ գոնե ձևացնում էին, որ հարգում են, և սեփական պղծության միջև: Կա՛մ ամերիկացիները կվերականգնեն իրենց ի ծնե իրավունքը և կրկին կդառնան լիբերալ ժողովրդավարության, կա՛մ` ոչ: Մեզանից յուրաքանչյուրը պետք է որոշի, թե այդ գործընթացում որքան ենք մտածում զվարճանալու մասին:
Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը
Սկզբնաղբյուրը`«The New York Times»