«Թավշյա հեղափոխության» արդյունքում Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից մեկ ու կես տարի անց երկրում չի դադարում այդ արմատական փոփոխության բնույթի և իմաստի մասին բանավեճը։ Շատերը կարծում են, որ ոչ մի առանձնահատուկ փոփոխություն տեղի չի ունեցել, այլ, ընդամենը, փոխվել են երկրի խորհրդարանում և կառավարությունում գործող անձինք։ Իսկ փոփոխությունների մեջ ավելի խորն իմաստ տեսնողները հարց են տալիս. ինչպիսի՞ն պետք է լինեն երկիրը զարգացման ավելի արդյունավետ մակարդակ դուրս բերելու համար անհրաժեշտ համակարգային բարեփոխումները։ Նոր իշխանությունը խոսում է «տնտեսական հեղափոխության» մասին՝ առանց հստակորեն ճշգրտելու այդ հասկացության իմաստը։ Խոսվում է նաև կոռուպցիայի և «ստվերի» դեմ պայքարելու մասին։ Այս երկու ուղղությունները ներկայացվում են որպես կառավարության ռազմավարական նպատակներն իրականացնելու միջոց։
Որքա՞ն համարժեք է Հայաստանի նոր իշխանության այս ռազմավարությունը և որչա՞փ է այն համապատասխանում երկրում ստեղծված իրավիճակի պահանջներին։ Հեղափոխությունից հետո Հայաստանում առկա իրավիճակի բնույթն ըմբռնելու համար, նախ՝ հարկավոր է բնութագրել մինչև 2018 թվականը երկրում տիրած դրությունը։ Խոսքը քաղաքական և տնտեսական հարաբերությունների բնույթի, ինչպես նաև պետական և հասարակական հաստատությունների դրության մասին է։ Չէ՞ որ այդ դրությունը ձևավորվել է տասնամյակների ընթացքում և, անկասկած, ունեցել է իր կայուն գործառնությունն ապահովելու համար անհրաժեշտ ամուր մեխանիզմներ։ Ուրեմն, քաղաքական օլիմպոսից Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հեռանալը չէր կարող չազդել այդ մեխանիզմների արդյունավետության չափի վրա։
Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ ի դեմս այդ կուսակցության Հայաստանը գործ ուներ երկրի համարյա ողջ ֆինանսական կապիտալի միավորման հետ։ Համապատասխանաբար՝ այդ ուժի քաղաքական գործունեությունը, նախ և առաջ, հիմնվում էր ֆինանսական պաշարների վրա։ Բացի դրանից՝ կարևոր հանգամանք էր, որ պետական կյանքից անհետացվել են ազատ ընտրությունների և արդարադատության ինստիտուտները։ Ինչպիսի՞ն էր այդ ժամանակ երկրի քաղաքական և տնտեսական համակարգը։ Ինչպիսի՞ն էին իրավապահ մարմինները։ Եվ, վերջապես, ինչպիսի՞ն էր Հայաստանի Սահմանադրությունը։
Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների բնույթի և նոր իրավիճակում անելիքների մասին հարցերին պատասխանելու համար բավարար է հստակորեն պատասխանել վերոնշյալ հարցադրումներին։
Նախ՝ պարզաբանենք, թե ինչու երկրում իշխանությունը հայտնվել է ըստ էության «խոշոր սեփականատերերի ակումբ» դարձած ՀՀԿ ձեռքում։ Այնուհետև՝ նկարագրենք այդ խմբի անդամների իշխանատենչ վարքագիծը և դրա համապատասխանությունը Սահմանադրության դրույթներին։ Այս հարցի քննությունը բարդ ձեռնարկ չէ. Հայաստանում տեղի ունեցածի մեծ մասն ունի բազում այլ երկրներին ևս բնորոշ ընդհանրական բնույթ։
Եթե իրավական և սահմանադրական պետություն հռչակված երկրում հասարակությունն ու քաղաքական դասն ի վիճակի չեն ազատ ընտրությունների հիման վրա ձևավորել պետական կառավարման մարմիններ, պետական պաշտոնների խորշը միշտ յուրացվում է կողմնակի անձանց կողմից։ Ինչ-որ պահից նրանք գերազանցապես խոշոր սեփականատերերն են։ Հայաստանն այս խնդրին հանդիպած առաջին և վերջին երկիրը չէ։ Իշխանության օլիգարխացման հարցը լավ ուսումնասիրված է։ Իշխանության օլիգարխացումը հասարակության իրավագիտակցության բացակայության հետևանք է, որից բխում է նաև սահմանադրական կարգի բացակայությունը։ Որտեղ կա Սահմանադրություն, բայց չկա սահմանադրական կարգ, առաջանում է կա՛մ ավտորիտարիզմ, կա՛մ հասարակության ամենաազդեցիկ անդամների միջև ազդեցության գոտիների և ոլորտների բաժանման շուրջ «պայմանագրի» վրա հիմնված օլիգարխիկ վարչակարգ։
Սահմանադրական կարգի բացակայությունը չի նշանակում, որ երկիրն ապրում է անկարգության մեջ կամ օրենքից դուրս։ Իրականում՝ այն ապրում է ավտորիտար առաջնորդի «օրենքի» հիման վրա։ Վատ և անարդար օրենքը նույնպես օրենք է։ Առնվազն Հայաստանի պարագայում կարելի է պնդել, որ երկրում գործած «օրենքը» երկար ժամանակ հաստատվում էր իշխանության լծակներին, ապա նաև ազգային հարստությանը տիրացած մարդկանց կողմից։ Սեփականությունը քաղաքական իշխանության հիմքն էր, իսկ քաղաքական իշխանությունը խոշոր սեփականության աղբյուրն ու երաշխավորն էր։ Երբ սեփականատերերի քաղաքական ազդեցության չափը քաղաքական կյանքում գերակա է դարձել, գոյացել է խոշոր սեփականատերերի օրենքի վրա հիմնված կարգը՝ կառավարման օլիգարխիկ համակարգը։
Արդեն 2003 թ. Հայաստանում հասարակական-քաղաքական կարգը բյուրեղացել է մի կառուցվածքի մեջ, որը հիմնված էր խոշոր սեփականատերերի միջև քաղաքական և տնտեսական ազդեցության գոտիների բաժանման սկզբունքի վրա։ Այդ պայմանագրի կանոնները ողջ երկրի համար օրենք են դարձել։ Տվյալ կարգը Սահմանադրության հետ առնչվում էր միայն այն մասով, որը թույլ էր տալիս օրինականացնել այդ կարգի կանոնները ողջ հասարակության համար։ Այսինքն, գոյություն ունեցող կարգը պետական հաստատություններին և հասարակությանը ներկայացվում էր որպես սահմանադրական կարգ և հարկադրում էր հասարակությանն ապրել ըստ նրա կանոնների։ Բոլորը գիտեին, որ, իրականում, գործող կարգը երկրում հաստատում էր անհավասարության սկզբունքը և գործում կարգավորման ստվերային մեխանիզմների հիման վրա։ Այդ մեխանիզմները նույնպես միանգամայն ակներև էին՝ շորթում, կաշառում, տեղեկատվական և ֆինանսական միջոցների մենաշնորհում կառավարչական շղթայի ձեռքում։ Սահմանադրությունն, ըստ էության, գործում էր միակողմանիորեն՝ որպես քաղաքացիներին կառավարչական շղթայի ծրագրերին ենթարկեցնելու մեխանիզմ։ Իշխող վարչակարգն, ընդհակառակը, ապրում էր այլ՝ իր անդամների անպատժելիությունն ապահովող կանոնների համաձայն։ Այսինքն, Հայաստանում գործում էր այլ օրենք, որը երկրի Սահմանադրության վկայակոչմամբ պարտադրվում էր ողջ հասարակությանը։
Կարևոր է ընդգծել, որ Հայաստանում նկարագրված քաղաքական համակարգի բնույթը հասարակության համար առանձնապես գաղտնիք չի եղել։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի 2008 թվականի զեկույցում նշվել է. «Հայաստանի Հանրապետությունում և մի շարք այլ անցումային երկրներում ձևավորվել է կառավարման օլիգարխիկ ռեժիմ, որը զգալի չափով վերահսկում է մամուլը, կուսակցությունները և պետական հաստատությունները։ Այդ պատճառով տնտեսական վերնախավը դուրս է մղել քաղաքականին և իր տեղն է զբաղեցրել է։ Բիզնեսն ու քաղաքականությունը միահյուսվել են մեկ կորպորատիվ խմբի շրջանակում, և միևնույն անձինք հանդես էին գալիս թե՛ որպես գործարարներ, և թե՛ որպես պետական գործիչներ։ Գործարար վերնախավը ստացել է պետական քաղաքականության վրա վճռորոշ ազդեցություն գործելու հնարավորություն, առաջին հերթին՝ պետության տնտեսական քաղաքականության վրա՝ պետական իշխանությանը պարտադրելով նեղ խմբակային կամ, անգամ, անձնական շահերի գերակայություն։ Արդյունքում՝ օլիգարխիկ խմբավորման դուրս մնացած սուբյեկտները, փաստորեն, զրկվել են ինքնուրույն տնտեսական քաղաքականություն վարելու հնարավորությունից, որի պատճառով տարբեր սոցիալական խմբերի միջև տեղի է ունեցել եկամուտների անհամաչափ բևեռացում»։ Մեջբերվածը՝ երկրում իրերի առկա դրության հետ բոլորի հաշտվելու լավագույն վկայությունն է։
Կարելի է ավելացնել միայն այն, որ համարյա բոլոր քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպություններից շատերի գործունեությունը տասնամյակներով սահմանափակվում էր այդ վարչակարգին ծառայություններ մատուցելով՝ սեփական գոյության հարատևման պայմաններն ապահովելու համար։ Գոյություն ունենալու և գործելու համար այլ պայմաններ պարզապես չեն եղել։
******
Պետք է լավ հասկանալ, թե ինչ քաղաքական կառուցվածքի հետ գործ ուներ Հայաստանի հասարակությունը, երբ 2018 թ. առաջացել էր դրա «հավերժացման» սպառնալիքը՝ երկրի Սահմանադրության հետ նախապես կատարված օրենսդրական ձեռնածությունների միջոցով։ Հայաստանի քաղաքացիները չեն հաշտվել այդ ծրագրերի հետ։ Թե ինչու է այդպես եղել՝ այլ հարց է։ Փաստն այն է, որ խաղաղ գործողությունների միջոցով ՀՀԿ-«խոշոր սեփականատերերի ակումբը» դուրս է մղվել պետական կառավարման համակարգից։ Կապիտալը կորցրել է իր քաղաքական ուժը։ Սա, թերևս, ներկայիս Հայաստանի քաղաքական պատմության ամենապերճախոս փաստն է։ Արդյունքում՝ առաջին անգամ երկրի քաղաքական կյանքում հաստատվել է ազատ ընտրությունների մեխանիզմը, և իշխանության է եկել նոր ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Եթե այժմ փորձենք պատասխանել հարցին, թե ի՞նչ է փոխվել Հայաստանում, ապա կնշենք հետևյալը. պետական կառավարման համակարգը ձերբազատվել է կապիտալի թելադրանքից։ Կապիտալ կրողները «գնացել են փողոց», իսկ պետական իշխանության լծակներն անցել են «հեղափոխականներին»։ Խոսքի ազատությունը և ազատ ընտրությունները երաշխավորված են։ Երկրի տնտեսությունը կտրուկ վայրիվերումներ չի ապրել։ Կառավարությունը հայտարարել է լիբերալ ուղեգիծ և վարում է ստվերային տնտեսության դեմ պայքար, որի շնորհիվ էապես աճել են պետբյուջե հավաքագրվող հարկային և մաքսային եկամուտները։ Զուգահեռաբար բարձրացվում են քաղաքացիների աշխատավարձերն ու թոշակները։ Երկրում նաև հռչակված է անկախ դատական համակարգի կայացման ուղեգիծ։ Մի բան ևս՝ նրանք կառուցում են ճանապարհներ և մաքրում աղբը։ Երբեմն՝ կոռուպցիայի և ապօրինությունների դեմ պայքարի շրջանակում ձերբակալում և դատում են «նախկիններին»։ Կան գոհ և չափազանց դժգոհ մարդիկ…
Բայց գլխավոր հարցերը մնացել են. ի՞նչ պետք է անել նոր իրավիճակում։ Կառավարման ո՞ր համակարգը կարող է լրացնել օլիգարխիկ համակարգի վերացումից հետո առաջացած կառավարման վակուումը։ Այսինքն՝ ո՞րն է նոր պայմաններում քաղաքական-իրավական կարգավորման նպատակը, էությունը և իմաստը։ Այս հարցերին դեռ հստակ պատասխաններ չեն տրվել։ Չկան նաև դրանց վերաբերյալ համոզիչ պատկերացումներ։
Հեղափոխության ժամանակ հասարակությանը խոստացվել է, որ Հայաստանում հաստատվելու է օրենքի գերակայությունը։ Սա նշանակում է, որ երկրում անհրաժեշտ է հաստատել համապարփակ սահմանադրական կարգ։ Բայց ինչպե՞ս անել դա։ Նոր իշխանությունները չեն ցուցադրում սահմանադրական կարգի կառուցակարգման որևէ ռազմավարություն։ Խոսվում է սոսկ իշխանության և բիզնեսի տարանջատման անհրաժեշտության մասին։ Բայց այդպիսի տարանջատումն առայժմ գոյություն ունի միայն մեկ մարդու՝ վարչապետի կամքով։ Երկրի քաղաքական ոլորտում առաջացել է խորը վակուում։ Իշխանությունների գործունեության մեջ տարանջատման կայուն սկզբունքի երաշխավորման մեխանիզմները չեն նշմարվում։
Պետք չէ մոռանալ, որ երկրի քաղաքացիներին խոստացվել է վերադարձնել անցած տասնամյակներում ապօրինաբար դիզված կապիտալը։ Սա մեծապես բարդացնում է սեփականության պաշտպանության խնդրի լուծումը և շարունակում է խթանել խոշոր սեփականատերերի՝ քաղաքականության մեջ վերադառնալու ցանկությունը։ Նրանք լավ հասկանում են, որ եթե հասարակությունը չճանաչի սեփականության օրինականությունը, այդ սեփականությունը ոչ մի պաշտպանվածություն չի ունենա։ Ինչ-որ պահի կա՛մ գործող իշխանությունը, կա՛մ որևէ քաղաքական ուժ կարող են խլել այն հասարակության ծափահարությունների ներքո։
Թվում է, որ այս իրավիճակում բիզնեսի և քաղաքականության տարանջատման խնդրի լուծումն անհնարին է։
Սակայն այս խնդրի լուծման հրամայականը գոյություն ունի։ Հետհեղափոխական ժամանակահատվածում քաղաքական և տնտեսական ոլորտների քաղաքական-իրավական կարգավորումն անիրագործելի է առանց դրանց տարանջատման և սեփականության ու ձեռներեցության պաշտպանության մեխանիզմ ստեղծելու։ Չի կարելի պնդել, որ տվյալ հանգամանքը չի գիտակցվում։ Ընդհակառակը՝ դրա մասին խոսվում էր ժողովրդական շարժման ամենասկզբից։ Ակտիվիստների մի խումբ անգամ առաջարկել է խնդիրը կարգավորելուն ունակ մի հայեցակարգ։ Այսինքն՝ «Նոր Հայաստանի» հետհեղափոխական քաղաքական-իրավական կարգավորման հրամայականի անհրաժեշտությունը գիտակցվում էր հենց սկզբից։ Դրա մասին արժե առանձին խոսել։
Այս հայեցակարգի էությունը հաստատում է մի շարք հիմնարար օրենսդրական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, որոնք ի զորու կլինեն ապահովել սեփականության պաշտպանությունը և երաշխավորել քաղաքական ոլորտի ազատությունը կապիտալի թելադրանքից։ Թվում է, թե դրանում ողջ ծավալով հաշվի է առնված միևնույն խնդրի առջև ժամանակին հայտնված այլ երկրների փորձը։ Այդպիսի քաղաքական-իրավական կարգավորման ալգորիթմը հետևյալն է.
Ա. Դեկապիտալիզացիայի մասին օրենքի ընդունում։ Այդ օրենքը խոշոր սեփականատերերի կողմից պետությանը վճարվելիք հատուցման հարկի դիմաց ապահովելու է երկրում համընդհանուր տնտեսական համաներման օրինականացումը։ Այդ օրենքի ընդունման նպատակը՝ հասարակության մեջ համընդհանուր համաձայնության մթնոլորտն ապահովող արդարության որոշակի հայեցակարգի հաստատումն է։ Ենթադրվում է, որ հասարակությանը հասցված վնասի հատուցում իրականացվելու է դատարանի առանձին որոշումների հիման վրա։ Ենթադրվում է նաև, որ առաջարկված ալգորիթմը հանգեցնելու է հասարակության կողմից սեփականության օրինականության ճանաչմանը և խոշոր սեփականատերերի քաղաքականության մեջ մտնելու շահագրգռության նվազմանը։
Բ. Կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունումը նպատակ ունի պաշտպանել քաղաքական դաշտը տարատեսակ արկածախնդիր քաղաքականացված խմբերից և ստեղծել պայմաններ կուսակցություն լինելու չափանիշներին համապատասխանող իրական քաղաքական կառույցների ձևավորման համար։ Ենթադրվում է, որ բոլոր գոյություն ունեցող և ձևավորվող կուսակցությունները պետք է անցնեն նոր օրենքի սահմանած պահանջների հիման վրա վերագրանցման կամ գրանցման ընթացակարգի միջով։ Դրա շնորհիվ հնարավոր կլինի քաղաքական դաշտն ազատել ապաքաղաքական կառույցների թելադրանքից։
Գ. Ընտրությունների մասին նոր օրենքը կթույլատրի ընտրություններին մասնակցել միայն այն քաղաքական ուժերին, որոնց գործունեությունների բնույթը կհամապատասխանի Կուսակցությունների մասին օրենքին։ Այդպիսի օրենքը պետք է խստագույնս կանոնակարգի կուսակցությունների գործունեությունն ընտրությունների ժամանակահատվածում։ Օրենքի յուրաքանչյուր խախտում կարող է հանգեցնել քաղաքական ուժի ընտրարշավին և ընտրություններին մասնակցելու կասեցմանը։
Նշենք, որ վերոնշյալ երեք օրենքները քաղաքական և տնտեսական օրինական գործունեության ապահովման միասնական տիպօրինակի առանձին բաղադրիչներն են։ Ենթադրվում է, որ դրանք կարող են նոր Սահմանադրության առանցքի հիմքը դառնալ։ Իշխանափոխությունից հետո անցած մեկ ու կես տարվա ընթացքում այս խնդիրները հաճախ են քննարկվել։ Հայաստանի նոր իշխանությունները, կարծես թե, սկսել են զբաղվել Կուսակցությունների և Ընտրությունների մասին օրենքների մշակմամբ։ Սակայն քաղաքականության և բիզնեսի տարանջատումը երաշխավորող օրենքն ընդունելու հստակ մտադրության բացակայությունն այդ օրենքների արդյունավետության վերաբերյալ կասկած է առաջացնում։
Նշենք նաև, որ ներկայումս հանրային բանավեճերում քննարկվում են սեփականության հարցի շուրջ հասարակության մեջ համաձայնության ապահովման այլ մոտեցումներ ևս։ Մասնավորապես՝ առաջարկվել է մատչելի դարձնել բոլոր խոշոր ձեռնարկությունների գործունեությանը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը։ Դա հնարավոր կլինի, եթե հիշյալ ձեռնարկությունները վերածվեն բաց բաժնետիրական ընկերությունների և գրանցվեն բորսայում։ Նմանատիպ առաջարկություններում բանական հատիկ նույնպես առկա է. այս ճանապարհով ևս կարելի է հասնել համընդհանուր համաձայնության։ Ասվածի գլխավոր իմաստն այն է, որ քաղաքացին պետք է իրեն երկրի տեր զգա։
Ամեն դեպքում՝ քաղաքական-իրավական կարգավորման հրամայականը շարունակում է պահանջված լինել։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է կայուն կերպով գործել Հայաստանի պետական կյանքն առանց որևիցե կարգավորման տիպօրինակի և առանց տնտեսական կյանքի մեջ պետության ու քաղաքականության մեջ բիզնեսի հարատև միջամտության։