Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Արցախյան կարգավորում. 2011 թվական՝ արդյունքներ եւ հեռանկարներ

marut
February 2012

Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ
Արցախի արտաքին քաղաքականության
եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ
Ստեփանակերտ

ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովը կարելի է դիտել որպես անցած «բանակցային տարվա» մեկնարկային միջոցառում: Գագաթնաժողովի ընթացքում Ղարաբաղի վերաբերյալ բեկումնային փաստաթուղթ չի ընդունվել, որովհետեւ վերջինիս համար Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի հասարակությունների ներսում անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծվել: Բացակայում էին նաեւ արտաքին պայմանները: Մասնավորապես՝ միջազգային միջնորդները պատրաստ չեղան առաջարկել արդի միջազգային իրավական իրողությունները հաշվի առնող նոր մոտեցումներ եւ առաջարկություններ:

Աստանայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները սահմանափակվել են Համատեղ հայտարարության ընդունմամբ:[1] Հիշեցնենք, որ այդ պաշտոնատար անձինք հանդես են եկել հակամարտության խաղաղ կարգավորման օգտին եւ կողմերին կոչ են արել ձեռնարկել հավելյալ քայլեր՝ հրադադարն ամրապնդելու եւ բոլոր ոլորտներում վստահության միջոցառումներն իրականացնելու ուղղությամբ:

Թեեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ընդունել են համատեղ փաստաթուղթը, գագաթնաժողովի շրջանակներում նրանց առաձին հանդիպում տեղի չի ունեցել, իսկ ելույթներում հնչել են փոխադարձ մեղադրանքներ: ԵԱՀԿ հերթական գագաթնաժողովը, որը հնարավոր եղավ գումարել 11 տարի անց (ԵԱՀԿ անդամ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպումն ընդունված է անցկացնել երկու տարին մեկ), եւ որի արդյունքներով անդամ-պետություններն ընդունել են սոսկ Հոբելյանական հայտարարություն, բայց չեն կարողացել համաձայնեցնել գործողությունների ծրագիր, երեւակել է  ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդ-կազմակերպությունում` ԵԱՀԿ-ի ներսում առկա ճգնաժամը:

Այսպիսով, ղարաբաղյան «կարգավորման տարին» սկսվել է լուրջ տարաձայնությունների համապատկերին՝ թե՛ հակամարտող կողմերի միջեւ, եւ թե՛ միջնորդական առաքելությունն իրականացնող կազմակերպության ներսում: 

Տարեսկզբին հակամարտության կողմերի միջեւ լարվածությունը Բաքվի կողմից սրվում էր ընդհուպ մինչեւ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կայացած մարտյան հանդիպումը: Լարվածության թեժացման եւ իրավիճակի հնարավոր ապակայունացման կապակցությամբ որոշ եվրոպական երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են արել չայցելել ղարաբաղյան հակամարտության գոտի:[2]

Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները`[3] ռազմագերիների փոխանակման եւ հրադադարի գծի երկայնքով հնարավոր միջադեպերի հետաքննության վերաբերյալ, որոշակիորեն մեղմել են տարածաշրջային իրավիճակը:

2011թ. հունիսին՝ Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի մասնակցությամբ Կազանում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների թվով երկրորդ հանդիպումը: Նախատեսվում էր կարգավորման Հիմնարար կամ այսպես կոչված «մադրիդյան» սկզբունքների եւ դրանց տարրերի ընդունումը:

Արցախյան հանրության արձագանքը Կազանում «մադրիդյան սկզբունքների» հնարավոր ընդունման նկատմամբ բավական կարծր էր: Հանդիպման նախօրեին Լեռնային Ղարաբաղի ոչ կառավարական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարություններով[4], որոնց մեջ նշվում էր, որ ԼՂՀ քաղաքացիական հասարակությունը մտադիր չէ ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի ստորագրելիք՝ կարգավորման առաջարկված սկզբունքների վրա հիմնված որեւէ փաստաթուղթ: «Մադրիդյան սկզբունքները» գնահատվել են որպես անընդունելի եւ ԼՂՀ ազգային շահերին արմատապես հակասող: Արտահայտվել է համոզվածություն, որ ոչ մի միջպետական համաձայնություն չի կարող ունենալ իրավաբանական ուժ, եթե այն միտված է մարդու հիմնարար իրավունքների սահմանափակմանը եւ ընդունված է ուժի կիրառման կամ տնտեսական պարտադրանքի սպառնալիքի ներքո:

Այսպիսով, Հայաստանի իշխանությունների վրա ճնշում է գործադրվել, որպեսզի նրանք հրաժարվեին շրջանակային փաստաթղթի ստորագրման գաղափարից:

Նախքան կազանյան հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վրա գործադրվել է արտաքին ճնշում՝ այս անգամ առաջարկված փաստաթղթի ստորագրմանը հասնելու նպատակով: Որպես ճնշման օրինակ կարելի է դիտարկել կազանյան հանդիպումից մեկ ամիս առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների ընդունած Դովիլյան հայտարարությունը[5], որում Օբաման, Սարկոզին եւ Մեդվեդեւը համոզմունք են հայտնել, որ Հիմնարար սկզբունքների ընդունման ձգձգումը հարցականի տակ է դնելու կողմերի համաձայնություն ձեռք բերելու պատրաստակամությունը: Հանդիպման նախօրեին Օբաման հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ, իսկ Սարկոզին նրանց համապատասխան ուղերձներ է հղել:

Կազանյան հանդիպման ժամանակ Հիմնարար սկզբունքների շուրջ շրջանակային փաստաթուղթ չի ստորագրվել, բայց կողմերն առաջընթաց են արձանագրել սույն նպատակակետին հասնելու ուղղությամբ:

Թաթարստանի մայրաքաղաքում կայացած եռակողմ գագաթնաժողովը կրկին ցուցադրել է նախկին մոտեցումների հիման վրա կարգավորմանը հասնելու անհնարինությունը: 

Հարկ է նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ինչպես եւ բանակցային կողմերը դեռեւս չեն հրաժարվել «մադրիդյան» առաջարկներից: Այդ սկզբունքները կրկին հիշատակվել են դեկտեմբերի 6-ին Վիլնյուսում կայացած ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ Ադրբեջանի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարների Համատեղ հայտարարության մեջ:[6]

Ակնհայտ է, որ խաղաղ գործընթացում իրական առաջընթաց արձանագրելու համար ղարաբաղյան կարգավորման միջնորդները պետք է ընդունեն միջազգային հարաբերությունների մեջ ի հայտ եկած նոր նախադեպերն ու նոր միջազգային-իրավական իրողությունները:

Վերջին տարիների ընթացքում բազմիցս հարկ է եղել արտահայտվել արցախյան կարգավորման փիլիսոփայության վերանայման հրամայականի մասին:[7]   Կազանից հետո կարգավորման մոտեցումների եւ միջորդական ձեւաչափի վերանայման հարցն ավելի է արդիականացել: Արցախյան հակամարտության կարգավորման նոր մեթոդաբանության կողմնակից փորձագետների թիվն աճում է: Հուսանք, որ բանակցային գործընթացի նկատվող դանդաղեցումը շահագրգիռ կենտրոնների կողմից արդյունավետորեն կօգտագործվի նոր սկզբունքներն ու մոտեցումները մշակելու համար:

Եթե Մինսկի խումբը չվերանայի կարգավորման իր տեսլականը, ապա նա ստիպված կլինի միջնորդի դերը զիջել ուրիշներին: 

2011թ. կարգավորման գործընթացն ուղեկցվում էր մարտական կորուստների հանգեցրած հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներով: Պաշտոնական Բաքուն առաջնորդվում էր «Կա՛մ Ադրբեջանի պայմաններով խաղաղություն, կա՛մ պատերազմ» բանաձեւով:[8]

Ադրբեջանի կողմից դիպուկահարների պատերազմը շարունակելը եւ հրադադարի ռեժիմը[9]  դիտարկելու եւ վերահսկելու միջազգային մեխանիզմի ստեղծման աշխատանքներից խուսափելն ածանցյալ են վերոնշյալ ադրբեջանական բանաձեւից:  ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ Գործող նախագահի եւ միջազգային այլ գործիչների՝ դիպուկահարներին ճակատային գծից հեռացնելու վերաբերյալ կոչերը կարող են լսվել եւ իրականանալ միայն Ադրբեջանի՝ ռազմական շանտաժի կամ ռազմական դիվանագիտության քաղաքականությունից հրաժարվելու դեպքում:[10]  Հայաստանը եւ ԼՂՀ-ն արդեն հայտարարել են դիպուկահարներին հետ քաշելու իրենց պատրաստակամության մասին, բայց հայկական պետությունները չեն կարող միակողմանիորեն դիմել այս քայլին:

Ադրբեջանը չի դադարեցրել եւ շարունակում է սպանություններ գործել հրադադարի գծի ողջ երկայնքով՝ սաստկացնելով առկա լարվածությունը: Ստեղծված իրավիճակում Հայաստանը եւ ԼՂՀ-ն պետք է ձեռնարկեն ակտիվ հակագործողություններ ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական-դիվանագիտական հարթության վրա: Նպատակասլաց աշխատանքի շնորհիվ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է դրվի այնպիսի կացության մեջ, որ հրադադարի պայմաններում մարդ սպանելու հրամանները Բաքվի համար ունենան խիստ բացասական քաղաքական հետեւանքներ: Ադրբեջանի կողմից կատարված ամեն մի կրակոց պետք է մոտեցնի ԼՂՀ միջազգային ճանաչումը: 

Մերձակա հեռանկարում բանակցային գործընթացն, ամենայն հավանականությամբ, անցնելու է երկրորդ պլան: Որպես ձեւական բացատրություն դրան կծառայի ընտրական շրջանը. 2012-2013թթ. տեղի կունենան նախագահական ընտրություններ` թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, եւ թե՛ հակամարտող երկրներում՝ ԼՂՀ-ում, Հայաստանում եւ Ադրբեջանում:

Իրականում, ինչպես ցույց է տալիս փորձը, բուն խնդիրը ոչ թե ընտրությունների, այլ մի շարք այլ գործոնների մեջ է: Օրինակ՝ ներքին եւ արտաքին կարծր պարամետրեր ունեցող ստատուս-քվոն, ղարաբաղյան կարգավորման համար կիրառվող հնացած մոտեցումները, միջնորդ կազմակերպությունում առկա ճգնաժամը, խեղված բանակցային ձեւաչափը եւ այլն:

Մոտակա տարիներին հնարավոր են իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ:[11]  Օրինակ՝ ուժերի փոխհավասարակշռության հիման վրա ձեւավորված ստատուս-քվոյի պահպանում: Հարկ է նշել, որ հավասարակշռության պահպանումը հավասարազոր է կայունության պահպանմանը:

Մյուս հնարավոր սցենարը Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումն է: Ակնառու փաստ է, որ այսօր խաղաղության եւ տարածաշրջանային անվտանգության նկատմամբ սպառնալիքը բխում է Բաքվից, եթե բացառենք հարեւան Իրանի շուրջ զարգացումները:

Իրավիճակի ռազմական զարգացման հեռանկարը կարող է փակվել ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմամբ: Ժամանակակից փորձը ցույց է տալիս, որ նոր պետությունների միջազգային ճանաչումը հակամարտային գոտիներում երկարաժամկետ կայունություն ապահովելու առավել արդյունավետ մեխանիզմ է: Առկա է այն իրողության ընկալումը, որ հակամարտությունը կարող է լիովին սպառվել միայն Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ն դե-յուրե ճանաչելուց հետո:

Քանի դեռ պաշտոնական Բաքուն պատրաստ չէ ճանաչել ԼՂՀ քաղաքացիների հիմնարար իրավունքները եւ Արցախի Հանրապետության գոյություն ունենալու իրավունքը, տարածաշրջանում խաղաղության պահպանումը մնում է օրախնդիր: 

Նոր պատերազմի կանխման համար հայկական զույգ պետություններին եւ Սփյուռքի կազմակերպություններին անհրաժեշտ է ակտիվորեն գործարկել տարածաշրջանում խաղաղության պահպանման գործընթացի «երկրորդ գիծը», այն է՝ բանակցային գործընթացին զուգահեռ ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքը: Այդ ուղղությամբ առաջին համեստ քայլերը կատարվել են 2011 թվականին: Սիրիայում լարվածության թեժացումը` կապված հարեւան Իրանի դեմ հնարավոր զինված ագրեսիայի հետ, անկասկած, փոխելու է ստատուս-քվոյի շուրջ ձեւավորված արտաքին պարամետրերը եւ մեր տարածաշրջանում ունենալու է ապակայունացնող դերակատարություն: Այս կապակցությամբ ԼՂՀ-ն ու Հայաստանը պարտավոր են պատրաստ լինել նոր մարտահրավերներին դիմագրավելուն եւ պետք է ունենան գործողությունների մանրակրկիտ մշակված ծրագիր՝ հնարավոր արտաքին սպառնալիքները չեզոքացնելու համար: 

 

—————————————————————————–

1. Joint Statement by the Heads of Delegation of the OSCE Minsk Group Co-Chair Countries and the Presidents of Azerbaijan and Armenia, http://www.osce.org/home/74234

2. Журнал «Аналитикон», Карабахское урегулирование – 2011, стр. 20-22, https://theanalyticon.com/?lang=ru

3. Совместное заявление президентов Азербайджанской Республики, Республики Армения и Российской Федерации по нагорно-карабахскому урегулированию, http://news.kremlin.ru/ref_notes/882

4. Общественность Нагорного Карабаха не намерена признавать документ, который готовится к подписанию в Казани, http://www.kavkaz-uzel.ru/articles/187744/?print=true
Заявление участников Дискуссионного клуба при Нагорно-Карабахском Комитете « Хельсинкская Инициатива-92» , http://www.hca.nk.am/engine/print.php?newsid=371&news_page=1

5. Президенты России, Франции и США приняли совместное заявление по нагорно-карабахскому конфликту, http://kremlin.ru/news/11356

6. Совместное заявление руководителей делегаций стран-сопредседателей Минской группы ОБСЕ и министров иностранных дел Азербайджана и Армении, http://www.mid.ru/bdomp/brp_4.nsf/sps/E5E4EA869CF23A8A4425795E0050F424

7. М.Маилян, М.Саркисян «Императивы пересмотра принципов мирного урегулирования нагорно-карабахского конфликта», https://theanalyticon.com/?p=682&lang=ru

8. Степанакерт и Ереван не будут играть по бакинским правилам, http://www.newcaucasus.com/index.php?newsid=4580

9. В Сочи президенты Армении и Азербайджана договорились “…проводить расследование возможных инцидентов вдоль линии прекращения огня с участием сторон под эгидой сопредседателей Минской группы ОБСЕ при содействии специального представителя действующего председателя ОБСЕ”.
http://news.kremlin.ru/ref_notes/882

10. Глава МИД Азербайджана: Военная дипломатия поддерживает прогрессивный ход переговоров по Карабаху, http://pda.regnum.ru/news/1398476.html

11. М.Маилян и М.Саркисян, Императивы пересмотра принципов мирного урегулирования нагорно-карабахского конфликта, https://theanalyticon.com/?p=682&lang=ru

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.