Ալեքսանդր ՔԱՆԱՆՅԱՆ
Քաղաքագետ
Քարվաճառ
Արցախյան շարժումն ի սկզբանե ուներ ընդամենը մեկ նպատակ՝ Միացում։ 1989 թ. դեկտեմբերի 1-ին Միացումը ներհայաստանյան օրենսդրության տեսանկյունից դարձել էր կատարված իրողություն՝ ի հեճուկս փլուզվող ԽՍՀՄ միութենական կենտրոնի արտահայտած մերժողական դիրքորոշման։ 1990 թ. օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրում, որն ընկած է անկախ Հայաստանի բոլոր սահմանադրությունների հիմքում, Արցախի հայությունը՝ մնացյալ Հայաստանի բնակչության հետ միասին, հանդես է եկել որպես Հայոց անկախ և ինքնիշխան պետականության հիմնադիր։ Արցախից ընտրված ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորները լիարժեք և իրավահավասար կարգավիճակով մասնակցում էին Հայաստանի ներքին քաղաքական կյանքին և օրենսդիր գործունեությանը։
Սակայն արդեն 1991 թ. պաշտոնական Երևանը որոշեց հրաժարվել դե-ֆակտո և ներհայաստանյան օրենսդրությամբ դե-յուրե կայացած միացումից և Արցախի ղեկավարությանը պարտադրեց տրամագծորեն փոխել քաղաքական դիրքորոշումն ու ընթանալ առանձին հանրապետություն և ապա վերջինիս «անկախություն» հռչակելու ճանապարհով։ Այս քայլն արդարացնելու համար ներքին շրջանառության մեջ դրվեց դիվանագիտական «հանճարեղ խաղի» առասպելաբանությունը, որի «շնորհիվ» միջազգային ասպարեզում Հայաստանն իբր խուսափում էր «տարածքային վեճ» հրահրող և «ագրեսոր» պետություն դիտվելուց։
Այնուամենայնիվ, բավականաչափ ակնհայտ է, որ այդ պահին գործող հայաստանյան օրենսդրության տեսանկյունից Արցախը Հայաստանից «անկախացնելու» ոտնձգության պատճառն ավելի «պրոզայիկ» էր. պաշտոնական Երևանն՝ ի դեմս խիստ «զգուշավոր» արտաքին-քաղաքական ուղեգծի ջատագով ՀՀ առաջին նախագահի՝ սկսվող արցախյան առաջին պատերազմին ընդառաջ ամեն կերպ ջանում էր վայր դնել և իրենից հեռացնել հիմնախնդրի համար ռազմական և արտաքին քաղաքական պատասխանատվությունը։
Եթե փորձենք հասկանալ, թե ինչ է շահել Հայաստանն Արցախի «անկախության» մոդելի ակներևաբար արհեստական բեմադրումից, ապա գնահատման առարկայական չափանիշների տեսանկյունից հարկադրված ենք լինելու խոստովանել, որ «անկախության» տիպօրինակի մատուցած ռազմաքաղաքական, իրավական կամ բանակցային առավելությունները միանգամայն թեական են և անշոշափելի։ Արցախի «անկախության» բեմադրումը ոչ մի միջազգային դերակատար, բնականաբար, լուրջ չի ընդունել։ Ավելին՝ արևմտյան աշխարհաքաղաքական բևեռի քաղաքականությունն իրավական հարթությունում սպասարկող վերպետական «տիպային» կառույցներից մեկը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2015 թ. հունիսի 16-ի վճռով ևս մեկ անգամ՝ իրականությանը միանգամայն համապատասխանող իրավաբանական ձևակերպմամբ հաստատել է, որ Արցախի ներկայիս ողջ տարածքում առկա իրավիճակի և գործընթացների պատասխանատու է ճանաչում Հայաստանի Հանրապետությանը։
Արցախի՝ Հայաստանից «անկախության» բեմադրման իսկությանը ներքին ագրեսիվ քարոզչության ազդեցությամբ մասամբ հավատացել է միայն հայաստանյան և սփյուռքյան հասարակությունը։ Միաժամանակ, իբր «արտաքին օգտագործման» համար նախատեսված «անկախության» բեմադրումը սկիզբ է դրել համազգային ու համապետական վտանգավորության մակարդակի մի շարք հեռահար գործընթացների՝ արցախյան առանձին քաղաքական վերնախավի ձևավորման մեկնարկին, ՀՀ արցախաբնակ քաղաքացիների մի շարք հիմնարար սահմանադրական իրավունքների, մասնավորապես՝ համապետական ընտրական իրավունքի ոտնահարմանը, հայաստանյան հասարակության ըստ հայրենակցական սկզբունքի արհեստական տրոհմանը, Արցախում ժողովրդավարացմանն ու քաղաքացիական հասարակության ձևավորմանը միտված հանրային շարժումների էական թուլացմանը և առանձին պետականություն լինելու մասնակի հանրային անհիմն համոզման վրա հիմնված էթնոօտարման (դեռևս սաղմնային, բայց արդեն որոշակիորեն ուրվագծվող) երևույթներին։
Արցախի «անկախության» տիպօրինակի ընտրությունը, իրական լուծում չտալով ներկա հայոց պետականության առջև ծառացած գեթ մեկ ռազմավարական նշանակության մարտահրավերի, Հայաստանի ազգային անվտանգության հիմնարար կարևորության հանրորեն դեռևս լիովին չգիտակցվող մի շարք հարցադրումներ է առաջացնում, որոնցից մեկը վերաբերում է ՀՀ արևելյան (այդ թվում և արցախյան հատվածի) միջպետական սահմանի խնդրին։ Հուսալ, որ վերջինիս արցախյան հատվածը ճանաչվելու է ներկա սահմաններում (կամ՝ առանց սահմանների հստակեցման) լուրջ միամտություն է։ Միջազգային իրավունքը գերազանցապես նախադեպային է. ԽՍՀՄ փլուզումից հետո նախկին վիճահարույց ինքնավարությունների (ի դեպ՝ միայն մասնակի) ճանաչումներն ընթացել են բացառապես «ճանաչվող» պետական միավորների նախկին վարչական սահմանների շրջանակում՝ Կոսովո, Աբխազիա, Հարավային Օսիա։ Այլ երկրների կողմից Արցախի «ճանաչման» գինը համարյա անխուսափելիորեն ներառելու է տարածքներ հանձնելու բաղադրիչը՝ «տարածք՝ խաղաղության դիմաց» հայտնի միջազգային բանաձևի շրջանակում։ Բոլոր ինքնավարությունների նախորդ՝ միջազգային իրավունքի տեսանկյունից նախադեպային ճանաչումները հուշում են, որ մեկ կամ մի քանի երկրի կողմից Արցախի անկախության ակնկալվող (բնույթով՝ մասնակի) ճանաչումն անխուսափելիորեն տեղի է ունենալու նախկին ԼՂԻՄ վարչական սահմաններում (լավագույն դեպքում՝ Բերձորի հատվածում նեղ միջանցքով հանդերձ)։ Ուստի, «անկախության» այսպիսի մասնակի ճանաչումն էապես բարդացնելու է «ճանաչված» սահմաններից դուրս հայտնվելիք ներկայիս Արցախի տարածքի 2/3 հատվածի պահպանման անհրաժեշտության իրավաքաղաքական փաստարկումը։
Արցախի սահմանների խնդրին սերտորեն առնչվում է Երրորդ Հանրապետության արցախյան քաղաքականության հիմնաքար համարվող Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի վկայակոչումը։ Ինչ էլ խոսվի նախկին «ադրբեջանահայության»՝ Ադրբեջանից տարածքային տեսքով փոխհատուցում ստանալու ենթադրյալ իրավունքի մասին, փաստն այն է, որ ներկայիս Արցախի մեծագույն մասի օտար բնակչությունը 1988-1991 թթ. չէր ինքնորոշվել Հայաստանին միավորվելու օգտին և 1991-1993 թթ. անկախ Ադրբեջանի «մաս» է կազմել։ Սոսկ ինքնորոշման իրավունքի վկայակոչումն՝ անկախ Հայաստանին միավորվելու կամ անկախություն հռչակելու տարբերակներից՝ խախուտ իրավական հիմքեր է ապահովում Արցախի ներկայիս տարածքի վրա հայկական վերահսկողությունը միջազգային իրավունքի արդի «բառապաշարով» պատշաճորեն ձևակերպելու և փաստարկային հարիր հիմնավորումներով օժտելու համար։ Այն առավել ևս սակավօգուտ է՝ Ադրբեջանի նոր ագրեսիային ի պատասխան ազատագրվելիք տարածքների հայաստանապատկանությունն իրավական հավակնության տեսքով ձևակերպելու համար։ Ուստի, Հայաստանի պարագայում տարածքային վեճի հայեցակարգը` ինքնորոշման իրավունքի հարակից օժանդակ վկայակոչմամբ այլընտրանք չունի։
Հայաստանի ազգային-պետական քաղաքականության հիմքում պետք է դրվի ցեղասպանության հետևանքների վերացման հայեցակարգը։ Համաշխարհային բոլոր դերակատարներին քաջ հայտնի է (թեև ներկա փուլում՝ գերազանցապես ոչ ձեռնտու), որ Հայաստանի թուրք-խորհրդային ապօրինի բաժանումը, խորհրդային Մոսկվայի վերահսկողության ներքո հայտնված Հայաստանի տարածքների մեծ մասը հարևան հանրապետություններին կամայականորեն կցելու և դրանք հայաթափելու հանգամանքն իրավական տեսանկյունից բավարար հռչակագրային հիմք է՝ Կուր գետով ՀՀ պետական սահմանը հաստատելու համար։
Ըստ էության անհիմն է նաև այն պնդումը, թե ԼՂՀ միջազգային ճանաչումն ապահովելու է անվտանգության հավելյալ երաշխիքներ։ Նախ՝ կրկնենք, որ իրական միջազգային ճանաչում՝ ՄԱԿ-ում անդամակցությամբ հանդերձ, երբեք չի լինելու, իսկ թեականորեն ենթադրվող մասնակի (մեկ կամ մի քանի պետության կողմից՝ առանց ՄԱԿ անդամակցության) ճանաչումն անխուսափելիորեն կունենա այնպիսի գին, որն ինքնին զրոյացնելու է անվտանգության բոլոր իրական երաշխիքները, ինչպիսին են՝ վերահսկվող ներկայիս տարածքի ամբողջականությունը, Արցախում բացառապես հայաստանյան զինված ուժերի ներկայությունը և այլն։
Հարկ է մշտապես հիշել նաև այն, որ համաշխարհային արևմտյան ուժային բևեռի կողմից նախկին դաշնային հանրապետությունների կամ ինքնավարությունների (Կոսովո) մասնակի ճանաչումը, որպես կանոն, ուղեկցվում էր պաշտոնապես կամ առնվազն լռելյայն արձանագրվող՝ այլ պետությունների հետ չմիավորվելու նախապայմանով։ Նույնը՝ Բոսնիա-Հերցեգովինայի տարածքում ձևավորված Սերբական հանրապետության հանգամանքն է։ Կարծել, որ Արցախի «անկախության» ճանաչումից հետո Արցախը «հաջորդ իսկ օրը», այսինքն՝ ճանաչումից հետո կարճ կամ միջնաժամկետ ժամանակահատվածում միավորվելու է Հայաստանին՝ լուրջ միամտություն է։ Համաշխարհային ազդեցիկ ուժի կողմից «անկախ» ճանաչված Արցախի մարզային քաղաքական վերնախավը նախկին «մետրոպոլիայից» քաղաքականապես առանձին «ինքնիշխան» պետություն դառնալու գայթակղությունից ոգևորիչ գլխապտույտ է ապրելու։ Հատկապես, որ դրանով անտարակույս մեծապես շահագրգռված կլինի Արցախի «անկախության» ճանաչման քայլին դիմած տերությունը։
Վերոնշյալից ակներևաբար բխում է, որ Արցախի «անկախության» ճանաչումը նպաստելու է ոչ թե տարածաշրջանում հայության ռազմաքաղաքական դիրքերի ամրապնդմանը, այլ ներազգային ավելի խորն ու վտանգավոր մակարդակի պառակտմանը, Արցախում առանձին կենտրոնախույս քաղաքական վերնախավի ձևավորմանը, Հայաստանի հետ վերամիավորման ամբողջացման հեռանկարի համակարգային տապալմանը, անվտանգության մակարդակի նվազմանը, տարածքային կորուստների սպառնալիքի շեշտակի աճին և, որպես հետևանք, շահագրգիռ այլ պետությունների «խաղաղարար» զորամիավորումների ռազմակալող ներթափանցմանը։
Արցախի անկախության ճանաչման հայեցակարգի ջատագովներն, այսպիսով, պետք է պատրաստ լինեն ստանձնել Արցախ-մնացյալ Հայաստան ներազգային պետական պառակտման, ուստի և Հայոց պետականության վերահաս կործանման բարոյական, քաղաքական և պատմական պատասխանատվությունը։ Հայաստանը գտնվում է աշխարհագրական այնպիսի միջավայրում, որ Սերբիա-Չեռնոգորիա, Գերմանիա-Ավստրիա, Ռումինիա-Մոլդովա օրինակով էթնոտրոհման նմանակումը հայության համար հղի է անվտանգության միջավայրի և պատմական հեռանկարի անվերականգնելի տապալմամբ։
Ի պատասխան Արցախը Հայաստանի Հանրապետության մնացած մասից տարանջատող սակավ ապօրինի իրավակարգավորումների գերատեսչական ակտերի մակարդակով փուլային չեղարկմանը՝ սպասելի են մի շարք համաշխարհային դերակատարների ցուցադրական դժգոհության (մեծամասամբ՝ հերթապահ կարգի) դրսևորումներ, լուրջ ջղաձգումներ Բաքվում, Անկարայում, Պակիստանում և մի քանի այլ իսլամական երկրում, թերևս որոշակի լարվածության աճ շփման գծում։ Զուգահեռաբար տեղի կունենա Հայաստանի տարածաշրջանային դերի վերագնահատում և հեղինակության աճ։ Ընդ որում՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու բանակցային գործընթացը վերջապես կբերվեն իրականության՝ ազգային անվտանգության հիմնարար հրամայականների և առկա անվերափոխելի իրողությունների դաշտ։ Աղմուկը հետզհետե կմարի, իսկ մեր տարածաշրջանային դիրքերը միանգամայն կամրապնդվեն։
Այն առարկությունը, թե Արցախի միացումը Հայաստանին վերահաստատող ակտերը միջազգային հանրության համար երբեք ընդունելի չեն լինի՝ անտեղի է արդեն իսկ այն պատճառով, որ Արցախի անկախությունն էլ այդ նույն միջազգային հանրությունը ցայսօր չի ճանաչել։ Եվ այն երբեք չի ճանաչի Հայաստանի համար շահեկան տարբերակով (այն սկզբունքորեն անհնարին է)։ Մինչդեռ միացումն, ի հեճուկս ժամանակավոր քաղաքագիտական առասպելաբանությունների, այս խնդիրը լուծում է ինքնաբերաբար և անշրջելիորեն։
Պետք է հիշել, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգայնորեն լիովին ճանաչված պետություն է, նաև՝ ՄԱԿ անդամ։ Հայաստանն ունի անկախ ինքնիշխան պետության միջազգայնորեն ճանաչված տիտղոս։ Տարբեր երկրներ կարող են սեփական պատկերացումներ ունենալ Հայաստանի տարածքային տարողության վերաբերյալ։ Շատերը, ինչպես, օրինակ, Մեծ Բրիտանիան ՀՀ անկախությունը ճանաչելիս կարող են հատուկ նշել, որ Արցախը Հայաստանի մաս չեն համարում։ Միանգամայն բնական վիճակ, որն, այնուամենայնիվ, ինքնին հյուծիչ պատժամիջոցներ կամ ռազմական միջամտություն չի ենթադրում, եթե նախապես առկա չէ համաշխարհային և տարածաշրջանային ուժի կենտրոնների կամ նրանց մի (տվյալ պահին գերիշխող) մասի միջև հստակ դիրքորոշում՝ որևէ տարածքային փոփոխություն ամեն գնով չհանդուրժելու, կանխելու կամ վերաձևելու վերաբերյալ։
Միջազգային իրավունքը թե՛ պատմական կտրվածքով, և թե՛ ներկա «ինստիտուցիոնալիզված» կարգավիճակում խիստ հարաբերական և հակասական, հիմնականում նախադեպային, բոլոր մակարդակների ընթացիկ ռազմաքաղաքական լուծումներն ըստ գերակա կողմի/կողմերի կոնյուկտուրային նպատակահարմարության կարգավորող անկայուն համակարգ է: Միջազգային իրավունքի բազմազան, գործնականում միմյանց ըստ էության հակասող և նպատակահարմարային կամայականությամբ մեկնաբանվող ու պարտադրվող դրույթներն ընդամենը սահմանում են խաղի կանոնների մոտավոր շրջանակ: Պետությունների կամ աշխարհաքաղաքական միավորումների մրցակցային դիմակայության ընթացիկ դրսևորումներն ու արդյունքները պատճառաբանվում, արդարացվում և հաստատագրվում են ըստ միջազգային իրավունքի ընձեռած «հնարավորությունների պատուհանի»` յուրաքանչյուր ոք յուրաքանչյուր դեպքում` ըստ ունեցած փաստացի կշռի և հարակից տարատեսակ հանգամանքների նպաստավորության:
Մոտակա մեկ-երկու տասնամյակների ընթացքում աշխարհում կուտակվելու են միջազգային իրավունքի արդի խմբագրությանը չհամապատասխանող այնքան փաստացի «շեղումներ»՝ տարածքային վերաձևումներ, նախկին պետությունների տրոհումներ և այլն, որ դրանց ճանաչումն ինքնին անխուսափելի է դառնալու։ Միջազգային իրավունքն իր բնույթով ու գործառույթներով հարկավ պետք է պահպանողական լինի, բայց այն ևս որոշակի փուլում վերահամապատասխանեցվելու է համաշխարհային զարգացումներից առաջացած ճգնաժամային քանակի ու որակի նոր իրողություններին։
Միաժամանակ, պետք չէ մոռանալ, որ յուրաքանչյուր երկրում գերակա է ներքին ազգային օրենսդրությունը։ Որևիցէ ընկերություն այն պահից, երբ ոտք է դնելու Հայաստան, հարկավ ստիպված է լինելու առաջնորդվել ներհայաստանյան օրենսդրությամբ, որի համաձայն Արցախը Հայաստանի ինքնիշխան տարածքի մասն է։ Այսօր էլ օտարերկրյա դեսպանատները լռելյայն ճանաչում են այս իրողությունը՝ ընդունելով Արցախի բնակչության ՀՀ քաղաքացի լինելու իրավական իրողությունը։
ՀՀ ներկայիս օրինավոր իշխանութունը, որն իներցիոն ընթացքով դեռ շարունակում է դեգերել «երկու հայկական պետությունների» անհեռանկար հայեցակարգի փակուղային վանդակում, պետք է ողջամտություն, ազգային-պետական հասունություն ու համարձակություն դրսևորի՝ «միացման» հայեցակարգին վերադառնալու համար։ Համոզված ենք, որ նախորդ ապապետական երեք վարչակազմերից ժառանգված և իներցիոն ազդեցությամբ ցայսօր անկենսունակաբար հարատևող «երկու հայկական պետությունների» կատարելապես ժամանակավրեպ ռազմավարությունը վերջնական խորտակման եզրին է։ Արցախի այժմյան տարածքի վրա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն առանց հռչակագրային անհարկի աղմուկի գերատեսչական ակտերով վերամրագրելու ուղղությամբ վերակողմնորոշումն անխուսափելի և անայլընտրանք է։
Միացման ամբողջացման փուլային տրամաբանությունը հրամայաբար պահանջում է, որ Արցախի ուժային կառույցները՝ Ոստիկանությունը, ԱԱԾ-ն և Դատախազությունը՝ ՊԲ օրինակով պետք է դրվեն Երևանի ուղիղ հսկողության ներքո։ Վերաբնակեցման հայեցակարգի մշակումն ու իրականացումը պետք է լիովին դրվի Երևանի ուղիղ վերահսկողության տակ։ Արցախի իշխանությունները պետք է սոսկ իրազեկվեն հիմնադրվող բնակավայրերի կամ ստեղծվող ենթակառուցվածքների վայրի և հարակից հանգամանքների մասին։ Վերաբնակեցման իրականացման արդյունավետությունն ապահովելու և տեղի ապապետական մերձքրեական տարրերի նենգադուլ-սաբոտաժը բացառելու համար Քարվաճառի, Քաշաթաղի և Հադրութի վարչական շրջանների կառավարումը պետք է դրվի ՀՀ կառավարության անմիջական վերահսկողության ներքո։ Պետք է վայրկյան առաջ վերացվեն Արցախի և Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերի վարչական սահմանին գործող ապօրինի մաքսակետերը։ Պետք է անվերապահորեն վերացվի ռոումինգը։ Մինչև 2023 թ. պետք է վերականգնվի արցախաբնակ ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ համապետական ընտրություններին մասնակցելու կոպտորեն ոտնահարված սահմանադրական իրավունքը։
Միաժամանակ, անհրաժեշտ է ապահովագրել Միացման իրավաքաղաքական հայեցակարգը տարատեսակ ու տարանպատակ բովանդակախեղման ու նենգափոխման ոտնձգություններից։ Այդ նպատակին էր ծառայում մի շարք գործիչների մասնակցությամբ սույն թվականի հուլիսի 13-ին հրապարակված քարվաճառյան երկրորդ հռչակագիր-հայտարարությունը՝ Միացման իրավաքաղաքական հայեցակարգի հիմնատարրերի վերաբերյալ, որում մասնավորապես ասված է.
«Մենք՝ արցախյան հիմնախնդրի իրավաքաղաքական հայեցակարգի մշակման և կենսագործման ասպարեզում տևականորեն ներգրավված գործիչներս, մտահոգված լինելով հայոց պետական միասնությունը տրոհելու շարունակական փորձերով, արտաքին քայքայիչ միջամտությունների աշխուժացմամբ և Միացման հայեցակարգի նենգափոխման ակնառու ոտնձգություններով, հաստատում ենք. հայությունն, ի դեմս իր միակ պետականության, հայրենի ողջ տարածքի նկատմամբ ունի հայրենատիրության բնական, անբեկանելի և անժամանցելի իրավունք: Հայրենի ողջ տարածքի վրա ազգային-պետական ինքնիշխանության վերականգնումը հայոց կենսունակ պետականության հարատևման և հայ ժողովրդի գոյատևման երաշխիքն է։
Արցախահայության վճռական կամքով և համայն հայության աջակցությամբ Արցախը գրեթե 30 տարի՝ 1989 թ. դեկտեմբերի 1-ից, փաստացի և իրավականորեն Հայաստանի Հանրապետության մաս է, որը վերահաստատվել է 1990 թ. օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրով և, որպես այդպիսին, անկախացել է ԽՍՀՄ-ից` լինելով Հայաստանի Հանրապետության կազմում։ Ի լրումն դրա, Արցախի՝ Հայաստանի Հանրապետության մաս լինելն ամրագրված է նաև Ազգերի Լիգայի 1920 թ. փետրվարի 24-ի հատուկ զեկույց-առաջարկով։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը 1991 թ. սեպտեմբերի 2-ին և այսպես կոչված անկախության հանրաքվեն նույն թվականի դեկտեմբերի 10-ին՝ ԽՍՀՄ միութենական հանրապետությունների ինքնորոշման մասին 1990 թ. օրենքին համապատասխանելու անհաջող փորձեր էին, որոնք հապճեպորեն թելադրվել են պաշտոնական Երևանի կողմից և որևէ դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես անկախացում Հայաստանի Հանրապետությունից։
Ըստ այդմ խստագույնս մերժելի են.
-Արցախը երկրի ներսում և արտաքին հարաբերություններում Հայաստանի Հանրապետությունից առանձին պետություն ներկայացնելը՝ «երկրորդ հայկական պետության» կեղծ կաղապարով,
-Արցախի միացումը Հայաստանին իբր իրավականորեն չկայացած կամ հետագա զարգացումներով չեղարկված հայտարարելը,
-Միացման գաղափարը անորոշ ապագային և/կամ այլոց որոշումներին վերապահելը, որն ըստ էության խորացնում է ներազգային պառակտումը և Արցախը Հայաստանին հակադրելուն միտված արտաքին միջամտությունների առիթ է տալիս,
-Միացմանը հասնելու պատրվակով՝ Արցախը երևութական սուբյեկտայնությամբ օժտելու նկրտումները՝ Հայաստանի
Հանրապետությունն ու Արցախը հորիզոնական հարթության վրա զետեղելը և «երկկողմանի» ռազմաքաղաքական դաշինքներ կնքելու անհեթեթ փորձերն ու մտավարժանքները։
Միացման իրավաքաղաքական հայեցակարգից բխող միակ քաղաքական օրակարգը ենթադրում է.
-Միացման հիմքում ընկած հիմնարար պետականաստեղծ ակտերից բխող սկզբունքների վերամրագրումը և հետևողական կենսագործումը,
-Միացման իրողությունը ստվերող, դրան անհամահունչ կամ հակասող բոլոր ապօրինի և հակասական իրավակարգավորումների անհապաղ վերանայումը,
-Արցախաբնակ ՀՀ քաղաքացիների՝ համապետական ընտրություններին մասնակցելու սահմանադրական ոտնահարված իրավունքի վերականգնումը։
Ներքոստորագրյալներս հաստատակամորեն հորդորում ենք, որ ազգային և պետական միասնականությանը հետամուտ քաղաքական ուժերն ու անհատ գործիչները, գիտակցելով Հայաստանին Արցախի միացման իրավական ամբողջացման գոյաբանական հրամայականը և բախտորոշ նշանակությունը, մեզ հետ միասին, աչալուրջ հետևողականությամբ մերժեն Միացման գաղափարը բովանդակախեղելու և նենգափոխելու բոլոր ոտնձգությունները»։
Լուսանկարը՝ Ստեփանակերտի մամուլի ակումբի