ԱՀ արտգործնախարար Մասիս ՄԱՅԻԼՅԱՆԻ ողջույնի խոսքը Ստեփանակերտի մամուլի ակումբի և «Հայկական ընտրություն» ՀԿ (Երևան) կողմից կազմակերպված կլոր սեղանին՝ նվիրված 1989 թ. դեկտեմբերի 1-ին Արցախի Ազգային խորհրդի և Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից ընդունված վերամիավորման մասին համատեղ որոշման 30-ամյակին
Ողջունում եմ սույն քննարկման բոլոր մասնակիցներին և բուն քննարկումը, անչափ կարևորում եմ համազգային օրակարգի ձևավորմանը միտված գաղափարներն ու նախաձեռնությունները և դրանց անկաշկանդ ու կառուցողական քննարկումները։
Այս քննարկումը տեղի է ունենում աշխարհաքաղաքական բավականին բարդ պայմաններում և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ նոր մարտահրավերների պարագայում։ 1988-ին վերսկսված և համայն հայության զարթոնքը խթանած ազգային-ազատագրական պայքարից ի վեր մենք հեշտ ժամանակներ չենք ունեցել, բայց, այդուհանդերձ, քայլ առ քայլ մոտեցել ենք 1988-ին հռչակած մեր գլխավոր նպատակին և դարավոր իղձին։
Այս ամբողջ ընթացքում բազմիցս բարձրաձայնել ենք մեր դիրքորոշումը։ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, առավել ևս՝ երբեք չի պատկանել Ադրբեջանին։ Խորհրդային Ադրբեջանի կազմում հայկական ինքնավարության պատմական առումով կարճատև ներառումը ամենևին էլ հիմք չէ Արցախի Հանրապետության նկատմամբ անկախ Ադրբեջանի տարածքային նկրտումների համար։ Արցախի նկատմամբ հայ ժողովրդի ինքնիշխանությունն անսասան է եղել շատ ավելի վաղ, քան աշխարհի քարտեզում Ադրբեջանի հայտնվելը։ Արցախը պատկանել և պատկանում է հազարամյակներ ի վեր իր հայրենիքում ապրող հայ ժողովրդին և հայկական աշխարհի անբաժան մասն է կազմում։ Հայաստան ասելով այսօր հասկանում ենք մեկ երկիր և ընդհանուր ապագա ունեցող երկու պետություն։
Կարծում եմ՝ Ադրբեջանի իշխանություններն, ի վերջո, ստիպված են լինելու ճանաչել տարածաշրջանում ստեղծված քաղաքական իրողությունները, ինչն էլ հնարավոր կդարձնի Հարավային Կովկասում տևական խաղաղության ապահովումը։
Արցախի դատը պաշտպանելու և հաջողություններն ամրագրելու համար հարկ է ներգրավել հայ ժողովրդի մտավոր ողջ ներուժը։ Հուսով եմ՝ այսօրվա միջոցառումը այդ նպատակին միտված կարևոր քայլերից մեկն է։