«Մեկ ձայնը կարող է փոխել սենյակը: Եթե մեկ ձայնը կարող է փոխել սենյակը, ապա այն կարող է փոխել քաղաքը: Եթե այն կարող է փոխել քաղաքը, ապա կարող է փոխել նահանգը: Եթե այն կարող է փոխել նահանգը, կարող է փոխել պետությունը, և եթե այն կարող է փոխել պետությունը, այն կարող է փոխել աշխարհը: Ձեր ձայնը կարող է փոխել աշխարհը»:
Բարաք Օբամա
Ստեփանակերտի մամուլի ակումբի հերթական ուսուցումը վարում էին «Ազգային վերածնունդ կուսակցության (ԱՎԿ) նախագահ Հայկ Խանումյանը և Տարածքային ընտրական հանձնաժողովի (ՏարԸՀ) ներկայացուցիչ, ԱՎԿ անդամ Արմինե Ավանեսյանը: Քննարկման հիմնական թեմաներն էին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները, հանդիպող ընտրախախտումները, հանձնաժողովների ձևավորման սկզբունքները:
Արմինե Ավանեսյանը ներկայացրեց Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կառուցվածքը, անդրադարձավ ՏարԸՀ-ներին, որոնք ընդգրկում են Ստեփանակերտի և ԱՀ բոլոր շրջաններ: Այդ հանձնաժողովների անդամները կարող են լինել կուսակցական, անկուսակցական, ինչպես նաև կարող են նշանակված լինել նախագահի կողմից:
Ընտրությունները կարգավորող իրավական դաշտը համապարփակ է, բայց խրթին: Խորհրդարանական ընտրությունները կարգավորվում են համապարփակ իրավական դաշտով, որը հիմնականում բաղկացած է Սահմանադրությունից, Ընտրական օրենսգրքից և ԿԸՀ կանոնակարգերից ու որոշումներից: ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած քաղաքացիները, բացառությամբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված անձանց: Ընտրողների գրանցումն իրականացվում է պասիվ եղանակով, և ընտրողների ցուցակները հիմնված են բնակչության պետական ռեգիստրի տվյալների վրա, որը գտնվում է Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության (ԱՎՎ) վերահսկողության ներքո և ներառում է Արցախում մշտական բնակություն ունեցող բոլոր ընտրողներին: Թեկնածուների ցուցակները կարող են ներկայացվել քաղաքական կուսակցությունների և կուսակցական դաշինքների կողմից:
«Կարևոր չէ, թե ինչպես են քվեարկել, կարևորն այն է, թե ինչպես են հաշվել», ժամանակին ասել է ԽՍՀՄ ղեկավար Ի· Ստալինը: Այս խոսքերի մեջ կա նաև մեր այսօրվա դառը իրականությունը: Խոսքս վերաբերում է ընտրակեղծիքներին: Թեև պետությունը երաշխավորում է ընտրությունների արդար իրականացումը, այնուամենայնիվ՝ ընտրությունների արդյունքները կասկածի տեղիք են տալիս: Ընտրակեղծիքներն իրականացվում են տարբեր հանգամանքներում, տարբեր ուղիներով: Ընտրախախտումներից են բաց քվեարկությունը, տվյալ տեղամասում չհաշվառված ընտրողի քվեարկությունը, ծեծկռտուքը, կրկնակի քվեարկությունը, բաց քվեարկությունը զինծառայողների կողմից, կուտակումները, զանգվածային բաց քվեարկությունը, ուրիշի փոխարեն քվեարկելը և այլն:
Երկու ընտրություն մեկ օրու՞մ:
ԱՀ նախագահական և խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2020 թվականի գարնանը՝ նույն օրը: ԱՀ բնակչության համար այդքան էլ հարմար տարբերակ չէ դա: Արցախի ժողովրդին ավելի համապարփակ տեղեկատվություն պիտի հաղորդվի, որպեսզի ժողովուրդը իմանա, թե ում է ընտրում, պատկերացում ունենա տվյալ անձնավորության կամ տվյալ կուսակցության վերաբերյալ: Մարդկանց իրավագիտակցությունը մեծ դեր է խաղում այս պարագայում, սակայն մեր հասարակության իրավագիտակցության մակարդակը այդքան էլ բարձր չէ: