Փիլարտոս Վարաժնունին սերում է Այրարատ աշխարհից Վասպուրական տեղափոխված Վարաժնունիների նախարարական տնից: Ըստ Խորենացու` տոհմը սերում է Վարաժ նահապետից, ում Արտաշես արքան կարգել էր «իշխան արքունականացն որսոց (արքունի որսապետ) եւ շենս պարգեւեալ նմա առ Հրազդան գետով»: Վարաժնունիների մասին հիշատակում է նաև 7-րդ դարի պատմիչ Սեբեոսը: Հունական աղբյուրները այս հայտնի տոհմը հիշատակում են Վահրամյան անունով։ Նիկողայոս Ադոնցն ասում է, որ Փիլարտոս Վարաժնունին եղել է Վարդաս Սկլերոսի ապստամբությանը մասնակցած Սահակ-Վահրամ զորավարի սերնդից։
Մատթեոս Ուռհայեցու վկայությամբ նա կրթություն է ստացել հորեղբոր` ժամանակի նշանավոր գիտնական Հովհաննես Կոզեռնի մոտ, Հարսան Մսուր գավառի Զովրի Կոզեռն վանքում (Կոմմագենե)։ Քաղկեդոնականություն ընդունելու համար հայորդին արժանացել է ժամանակի հայ պատմիչների անխնա քննադատությանը: Ուռհայեցին գրում է. «Սա ելեալ յանապատէ եւ եղեւ պիղծ անապատի», իսկ Կիրակոս Գանձակեցին Փիլարտոսին համարում է փախստական հայերի կամ ավազակների առաջնորդ: Վարաժնունու սկզբնական գործունեության մասին վկայություններ կան նաև Միքայել Ասորու «Ժամանակագրության» մեջ: Վերջինս գրում է, որ սելջուկյան արշավանքների ժամանակ հիսուն հայեր, որոնց զբաղմունքը թուրքերին կողոպտելն էր, գալիս են Մարաշ բերդաքաղաքը, որտեղ էլ գտնում են Փիլարտոսին: Վերջինս դառնում է նրանց առաջնորդը, իրեն հավատարիմ ուժերը համալրելով ու հզորանալով՝ մտնում Կիլիկիա և թուրքերից գրավում Քեսունը, Մարաշը, Ալպսթանը, հետագայում Մելիտենեն, Խարբերդը, Ուռհան և այլ բազում բերդեր:
Ասորու վկայությունն է հաստատում արաբ պատմիչ Աբու-լ Ֆեդան. «Եվ այն ժամանակ, երբ հույները թուլացած էին և թուրքերն ամենուրեք զբաղված էին նվաճումներով, մի խումբ հայեր, որոնք քաջ ու հանդուգն մարդիկ էին, իրար միացան ու կազմեցին մի հրոսակախումբ, գնացին հույների երկրները, կողոպտեցին ու ավերեցին: Նրանք իրենց առաջնորդ Փիլարտոսի առաջնորդությամբ բազմացան և սկսեցին գրավել Կիլիկիայի ամրությունները»: Բյուզանդական պատմագրության վառ ներկայացուցիչներից արքայադուստր Աննա Կոմնենան հայորդուն բնութագրում է որպես «արիութեամբ ու խոհեմութեամբ աչքի ընկնող անձնավորութիւն»։ Հաշվի առնելով, որ Փիլարտոսի իշխանության տիրույթներում հայերի հետ համատեղ ապրում էին նաև մեծ թվով հույներ` արաբ ժամանակագիր Իբն ալ-Քալանիսին Վարաժնունուն անվանում է «հայերի ու հույների թագավոր»։
11-րդ դարում Բյուզանդական կայսրությունը հետևողականորեն շարունակում էր նախորդ դարի 60-ական թվականներին սկսած հայկական տարածքների նվաճման քաղաքականությունը: 1001-ին, Դավիթ Կյուրապաղատի մահից հետո, կայսրությանն անցավ Տայքը, որից հետո բյուզանդական զորքը ներխուժեց Վրաստան: Վախենալով Վասպուրականի թագավորության արևելյան սահմաններն ասպատակող սելջուկյան հարձակումներից և տեղի տալով Վասիլ Բ-ի ճնշումներին՝ Սենեքերիմ Արծրունին 1021 թվին իր տիրույթները հանձնեց Բյուզանդիային և Վասպուրականի շուրջ մեկ միլիոնի հասնող բնակչության մի զգալի հատվածի /400.000 մարդ/ հետ հեռացավ Փոքր Հայք՝ Սեբաստիա ու հարակից շրջաններ: 1045-ին, բյուզանդական զորքերի հերթական արշավանքի արդյունքում, Անին անցավ թշնամուն և Բագրատունյաց թագավորությունը դադարեց գոյություն ունենալուց: Դրան անմիջապես հաջորդեց Բյուզանդիայի կողմից հայկական զինական ուժերի կազմացրումն ու երկրից դուրս բերումը, որից հետո Հայաստանը ենթարկվեց թուրք-սելջուկների պարբերական հարձակումներին:
1064-ին ահռելի զորքով Այսրկովկաս ներխուժեցին սուլթան Ալփ-Արսլանի զորքերը, որոնք ձեռնամուխ եղան երկրամասի նվաճմանը: Նույն թվին թշնամին գրավեց Անին: Դարասկզբին Տարոնից, Տայքից, Վասպուրականից, Այրարատից ու Շիրակից դեպի Կապադովկիա, Կիլիկիա, Ասորիք ու հարակից շրջաններ սկսված զանգվածային արտագաղթը հասավ ահռելի չափերի: Հայության կուտակումը հիշյալ շրջաններում և նախարարական տների ու նրանց զինական ուժերի առկայությունը հնարավորություն ընձեռեց այդ տարածքներում հայկական իշխանությունների կազմավորման համար:
Տիրելով Հայաստանի հյուսիս-արևելյան շրջաններին՝ սելջուկները ձեռնամուխ եղան բյուզանդական կայսրության տապալման գործին: Այդ օրերին հայ իշխան Փիլարտոս Վարաժնունին ծառայում էր բյուզանդական բանակում, ուր հասել էր «դոմեստիկոսի» տիտղոսի։ Կայսր Ռոմանոս Դ Դիոգենեսը 1070-ին դեպի Խլաթ կատարած արշավանքի ժամանակ նրան էր վստահել բանակի հրամանատարությունը։ Մեկ տարի անց կայսերական զորքերը խայտառակ պարտություն կրեցին սելջուկներից (գերիների թվում էր Ռոմանոս Դ կայսրը), որոնց հաջողվեց գրավել ամբողջ Հայաստանը և ներխուժել Փոքր Ասիայի խորքերը: Մանազկերտի ճակատամարտում (1071թ.) բյուզանդական զորքի՝ սելջուկներից կրած պարտությունից մեկ տարի անց, Փիլարտոս Վարաժնունուն հաջողվում է Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում ստեղծել հայկական ընդարձակ իշխանապետություն (ներառյալ Կոմմագեննեն, Հյուսիսային Ասորիքը, Կիլիկիայի ու Վերին Միջագետքի որոշ տարածքներ)՝ Մարաշ կենտրոնով։ Տասը տարի անց նրա տիրույթների հարևանությամբ՝ Քեսուն կենտրոնով, մեկ այլ հայկական իշխանություն է հիմնում Գող Վասիլը (նրան այդպես էին անվանում փոքրաթիվ ուժերով կռվի մեջ մտնելու և հաղթանակը գողանալու համար)։ Վերջինս ճանաչում է Փիլարտոսի սյուզերենությունը (գերակայությունը)՝ դառնալով նրա վասալը:
1080-ին, ամրանալով Լեռնային Կիլիկիայի Բարձրբերդի շրջանում և տիրելով երեք բերդերի (Կոպիտառ, Բարձրբերդ, Կոռոմոզոլ)՝ Անիի թագավորության վերջին տիրակալ Գագիկ Բ-ի (1042-1045 թթ.) թիկնապահ Ռուբեն իշխանն ապստամբեց Բյուզանդիայի դեմ՝ հիմնելով մի նոր հայկական իշխանություն: Ցավոք, տեղեկություններ չունենք Ռուբենի՝ Փիլատոսի ու Գող Վասիլի հետ ունեցած հարաբերությունների մասին, բայց հայտնի է, որ Վասիլի ու Կիլիկիայի հայկական իշխանության հիմնադիր Ռուբեն Ա-ի թոռան՝ Թորոս Ա-ի (1100-1129 թթ) միացյալ ուժերը ջարդել են Կիլիկիա ներխուժած սելջուկներին ու դուրս շպրտել երկրից (Բերդուսի ճակատամարտ, 1107 թ.):
Բյուզանդիան չէր հաշտվում հայկական պետական կազմավորումների գոյության փաստի հետ, բայց անկարող լինելով միայնակ պայքարել սելջուկների դեմ` առժամանակ փորձում էր լեզու գտնել նոր ստեղծված հայկական պետական կազմավորումների հետ, որպեսզի նրանց զինական ուժերն օգտագործի սելջուկների դեմ՝ կայսրության արևելյան սահմանները քոչվորների ներխուժումներից պաշտպանելու նպատակով: Հայկական իշխանություններին վիճակված էր իրենց վրա վերցնել սուլթանության ծանր հարվածները: Թուրքերն այդ օրերին ձեռնամուխ էին եղել Միջին Արևելքի երկրամասերի ու Փոքր Ասիայի նվաճման գործին և ձգտում էին ճեղքել Սև ծովից մինչև Միջերկրական ծով ձգվող հայկական պատնեշը:
1072-ին հիմնելով ու օր-օրի ընդարձակելով իր տիրույթները՝ Վարաժնունին ստեղծեց մի զորեղ իշխանություն և առժամանակ կարողացավ կասեցնել սելջուկ թուրքերի առաջխաղացումը դեպի Կիլիկիա ու Բյուզանդիայի արևմտյան շրջաններ։ Բյուզանդական արքունիքը ճանաչեց հայորդու իշխանապետությունը և նրան շնորհեց «Սեբաստոս» տիտղոսը, որը «Կեսարից» հետո երկրորդ բարձր տիտղոսն էր Բյուզանդիայում։ Փոխարենը հայոց իշխանն ընդունեց քաղկեդոնականություն։ Այս քայլն ատելություն ու թշնամանք առաջացրեց նրա դեմ՝ հատկապես հոգևորականության շրջանում: «Այս թոհուբոհին մէջ,- գրում է Ծերուն-Երվանդ Հ. Քասունին,- հանկարծ կը բարձրանայ դեմքը Փիլարտոս Հայի, որուն զինվորական եւ դիվանագիտական ընդարձակ գործունեութիւնը կը յաջողի խաղաղութեան գոտի մը ստեղծել Եփրատացւոց աշխարհին մէջ ու նոր յոյսեր ներշնչել շրջանի հայութեան»:
1073-ին Վարաժնունին փորձեց իր տիրույթների մեջ ներառել Սասունը, բայց Ալելուա դաշտում (Ծոփքի Անձիտ գավառ) տեղի ունեցած ճակատամարտում պարտություն կրեց Թոռնիկ իշխանի զորքերից։ Փիլարտոսին, սակայն, հաջողվեց բյուզանդացիներից գրավել Ուռհան (Եդեսիա) ու Անտիոքը։ Իր իշխանապետությանը հայկական պետականության տեսք տալու նպատակով՝ Վարաժնունին Ջհան գավառի Հոնի քաղաքում կաթողիկոս ձեռնադրեց Պետրոս Ա Գետադարձի քեռորդուն՝ Սարգսին։
1083-ից նրա իշխանապետությունն աստիճանաբար սկսեց թուլանալ: Սելջուկները ներխուժեցին Վարաժնունու տիրույթները: Իրեն ենթակա քաղաքներում սկսված երկպառակությունների պայմաններում, տեսնելով, որ պետությունը կործանվում է, նա մեծաթիվ գանձերով գնաց սելջուկ տիրակալ Մելիքշահի մոտ` խնդրելով նրանից «քաղցրութիւն եւ խաղաղութիւն ամենայն հաւատացելոցն Քրիստոսի»: Հանդիպելով անտարբեր վերաբերմունքի`իշխանը հրաժարվեց քրիստոնեությունից, ընդունեց մահմեդականություն՝ կարծելով, որ սելջուկների կողմից պատվի կարժանանա եւ օգտակար կլինի իր ժողովրդին: Ուռհայեցին գրում է, որ նա այդ քայլով ոչնչի չհասավ… Իշխանությունը վերականգնելու բոլոր հույսերը կորցնելուց հետո` Փիլարտոսը վերստին դավանեց քրիստոնեություն, մտավ վանք և այնտեղ էլ 1090-ին կնքեց մահկանացուն:
Վարաժնունու ու Գող Վասիլի իշխանությունների առկայությունը նպաստավոր պայմաններ ստեղծեց Լեռնային Կիլիկիայի Բարձրբերդի շրջանում Ռուբեն իշխանի հիմնած հայկական իշխանության կայացման, ամրապնդման ու ընդարձակման համար: Վերջինիս վիճակված էր դառնալու Մերձավոր Արևելքի ամենակենսունակ քաղաքական միավորներից մեկը:
Պահպանվել և մեզ են հասել Փիլարտոս Վարաժնունու արճճե կնիքները։
Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...
Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...
Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...