Գևորգ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Թուրքագետ
Երևան
Տարեցտարի մեծանում է Արևմտյան Հայաստան այցելող հայերի թիվը։ Տարեկան հազարավոր հայեր ինչպես ՀՀ-ից, այնպես էլ Սփյուռքից այցելում են Արաքսի ու Ախուրյանի այն ափը՝ տեսնելու հայկական պատմական տպավորիչ ժառանգությունը։ Նման հոսքը տրամաբանորեն բերում է նրան, որ առավել շատ այցելվող վայրերն առավել խնամված լինեն։ Դրա օրինակն են Անին, Կարսը, Վանը, Աղթամար կղզին։ Բայց հսկա տարածքի վրա մի զգալի ժառանգություն ոչ միշտ է արժանանում ուշադրության՝ կապված հեռու լինելու, պակաս նշանակալի լինելու, հանրության լայն շերտերին հայտնի չլինելու ու հասանելի չլինելու հետ։ Ու այստեղ առաջ են գալիս լրջագույն խնդիրներ։
Թուրքիայի Հանրապետությունը պարտավորված է հայկական պատմամշակութային ժառանգությունը պահպանել Լոզանի պայմանագրով, սակայն իր այս պարտականությունը խիստ թերի է կատարում կամ, եզակի բացառություններից զատ, գրեթե չի կատարում։ Պետության կողմից անտերության մատնվելուց զատ` բազմաթիվ հայկական կոթողներ տեղի բնակիչների (մեծամասամբ քուրդ) թիրախում են. դրանցից շատերն օգտագործվում են որպես պահեստ, խորդանոց, իսկ որոշ դեպքերում նաև քարհանք։ Սակայն առանձին ու մանրամասն պետք է խոսել հայկական ժառանգության վրա կախված մերօրյա դամոկլյան սրի, այն է՝ գանձագողության մասին։ Վերջին տարիներին ոչ ոք այնքան վնաս չի հասցրել Թուրքիայի տարածքում գտնվող հայկական եկեղեցիներին, վանքերին ու գերեզմանատներին, որքան տեղի գանձագողերը։ «Հայերի ոսկիները» գտնելու տենդը ոչ միայն չի մարել վերջին տասնամյակներում, այլ ընդհակառակը՝ շարունակում է հետաքրքրություն ներկայացնել և մեր օրերում էլ շատ արկածախնդիրների կյանքի նպատակն է։ Թեև գանձագողությունը թուրքական օրենքներով քրեորեն պատժելի է, այնուամենայնիվ, կտրված ու հեռու վայրերում և ոչ մեծ բնակավայրերում գանձագողերը հսկողությունից դուրս են, իսկ հաճախ նաև տեղացիներն են գանձագողերի դերում հանդես գալիս։
Թուրքիայում կարելի է գանձագողերի երկու հիմնական խումբ առանձնացնել. առաջինը տեղի գյուղերի ու քաղաքների բնակիչներն են, որոնք հենց իրենց բնակավայրի հայկական ժառանգությունն են թիրախավորում։ Երկրորդ խումբն ավելի մեծ աշխարհագրություն և ավելի մեծ փորձ ունեցողներն են, որոնք աշխատում են հին քարտեզների, տեղանքում նշանների միջոցով գտնել հայերի ոսկիները։ Նրանք հաճախ գործում են խմբերով։ Թեև երկու խումբն էլ զգալի վնասակար են հայկական ժառանգության հարցում, սակայն երկրորդ խումբը, որն առավել պատրաստված է տեխնիկապես և քանակապես ավել է, հաճախ ավելի մեծ վնաս է հասցնում։
Գանձագողության գլխավոր վտանգն այն է, որ հարստություն գտնելու համար գանձագողերը հիմնականում քանդում են եկեղեցիների հիմքերը, ինչն էլ ժամանակի ընթացքում բերում է եկեղեցու մասնակի, ապա նաև ամբողջական փլուզման։ Բացի այդ, պղծվում են նաև հայկական գերեզմանները, քանի որ գանձագողերի հիմնական թիրախներից մեկն էլ հենց այս վայրերն են, որտեղ էլ, ըստ վերջիններիս, հայերը կարող էին թաքցրած լինել իրենց գանձերը։ Քրեորեն պատժելի լինելով հանդերձ՝ գանձագողությանը վերաբերող խմբեր կարելի է գտնել Ֆեյսբուք սոցիալական ցանցում. այստեղ գանձագողեր են հավաքված ու կիսվում են իրենց փորձերով ու գիտելիքով։ Անգամ կան գանձագողեր, որոնք հետաքրքրված են հայերի հետ կապեր հաստատելու հարցում՝ գանձատերերի ժառանգների գտնելու հույսով։
Ժամանակ առ ժամանակ թուրք իրավապահները ձերբակալում են գանձագողերի, անգամ լինում են դեպքեր, երբ հայերի ոսկի որոնելիս վերջիններս անգամ հատուցում են սեփական կյանքով՝ մնալով փլատակների տակ։ Այնուամենայնիվ, ո՛չ քրեական պատասխանատվությունը, ո՛չ էլ կյանքի համար վտանգը չի կանգնեցնում արագ հարստանալ երազող թուրք և քուրդ գանձագողերին։ Քիչ չեն դեպքերը, որ հենց անվտանգության ուժերն են աչք փակում կամ էլ տեղական ինքնակառավարման մարմիններն են խրախուսում այս ամենը։
Իհարկե, վերջին տարիներին առնվազն մեզ հայտնի չեն դեպքեր, երբ գանձագողերը լուրջ վնաս հասցրած լինեն զբոսաշրջային մեծ հոսք ունեցող վայրերում, ինչպիսին Անին է կամ Աղթամար կղզին Վանա լճում, բայց և նույն Վանա լճի մեկ այլ կղզի՝ Կտուց կղզին, որն այցելուների մեծ հոսք չունի, ժամանակ առ ժամանակ տուժում է գանձագողերի գործողություններից։ 2019-ի աշնանը մեր այցին նկատելի էին թարմ փորված փոսեր կղզու վրա գտնվող հայկական Սուրբ Հովհաննես Կարապետ կղզու ներսում, որոնք չկային նույն տարվա ամռանը։ Նույն Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին, որը լուրջ ուշադրության կենտրոնում է և խոշոր զբոսաշրջային կենտրոն է դարձել, գանձագողերի վտանգն ամբողջությամբ շրջանցում է, բայց մի քանի կմ հեռավորության վրա հրաշալի Սուրբ Թովմաս հայկական վանքն օրեցօր ավելի վատ վիճակում է հայտնվում, ու այստեղ էլ գանձագողերն իրենց ավերիչ հետքերն են թողնում։
Նման օրինակները, ցավոք, բազմաթիվ են։ Արդյո՞ք կան լուծումներ։ Գոնե մասամբ իրավիճակը շտկելուն միտված կարող է լինել այն, որ հարցը շարունակաբար բարձրացվի Թուրքիայում և նրա սահմաններից դուրս։ Բացի այդ, տեղացիների հետ հանդիպումներում պիտի շարունակ կրկնել, որ հայերը սովորություն չեն ունեցել գանձեր պահել եկեղեցիների հիմքերի մոտ կամ գերեզմանատներում, ինչը խիստ վնասաբեր մոլորություն է տեղացիների շրջանում։ Այստեղ պիտի հիշենք նաև այն, որ Թուրքիայի արևելքում հայերին հանդիպող տեղաբնակների առաջին հարցերից մեկն է՝ «Արդյո՞ք քարտեզ չկա»՝ ակնարկելով հնարավոր գանձերի թաքստոցի տեղն իմանալու մասին։ Ի հավելումն վերը նշվածի, առավել հեռու և քիչ հայտնի վայրերի շարունակական այցելությունը նույնպես կարող է դրական զարգացում ապահովել և առավել շատ ուշադրություն հրավիրել տեղանքի վրա՝ որպես զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրեր։ Հայերի այցերի հաճախականության արդյունքում գանձագողերից պաշտպանված լինելու օրինակ է նաև Վարագավանքը։ Թեև Վարագավանքը կիսաքանդ վիճակում է, սակայն հայերի հաճախացող այցերի արդյունքում տեղի քուրդ ընտանիքներից մեկը հսկողության տակ է վերցրել եկեղեցին, այն պահպանում է՝ հայ այցելուներից գումար ստանալու նպատակով։ Այստեղ տեսնում ենք հետաքրքիր մի իրավիճակ, երբ ոչ թե պետությունն է խնամում, ինչպես Անիում կամ Աղթամարում, այլ հենց տեղացին՝ նյութապես շահագրգռված լինելով այդ հարցում։
Իհարկե, վերը նշվածի կյանքի կոչումն ամբողջովին չի փրկի իրավիճակը, սակայն անգամ մեկ եկեղեցի կամ որևէ կոթող փրկելու համար առնվազն պետք է փորձել ու փորձել։