Իմ հանդիպումները Գերմանիայում, Լյուքսեմբուրգում և Իսպանիայում
Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ
Լրագրող
Երևան
Ամեն անգամ, երբ «Զվարթնոց» օդանավակայանում բարձրանում եմ օդանավ, ինքս ինձ ասում եմ. այս անգամ էլ ու՝ վերջ, արդեն հոգնել եմ օդանավերից, գնացքներից, ավտոբուսներից, հոգնել եմ գրքերով լի ծանր ճամպրուկներով ճամփորդություններից: Իսկ երբ օդանավը ընկնում է տուրբուլենտության գոտի, որոշումս դառնում է վերջնական:
Տունդարձին, երբ իմ օդանավը վայրէջք է կատարում «Զվարթնոց» օդանավակայանում, իսկ այդ վայրէջքները սովորաբար շատ թեթև ու փափուկ են լինում, ես մտքում գծում եմ հաջորդ ճամփորդության քարտեզը՝ Եվրոպա, Մերձավոր Արևելք, Հյուսիսային Ամերիկա, վերջերս նաև՝ Լատինական Ամերիկա:
Հունվարի 31-ին 212-րդ անգամ բարձրացա օդանավ. Երևան-Վարշավա-Նյուրնբերգ: Չգիտեմ, թե ինչու եմ հաշվում իմ թռիչքները, բայց հաշվում եմ ու նշում իմ նոթատետրերից մեկում:
«Լեհական ավիաուղիներով»՝ դեպի Գերմանիա
Հունվարի 31-ից փետրվարի 10-ը հերթական այցելությունս էր սփյուռքյան համայնքներ, այս անգամ՝ Գերմանիա, Լյուքսեմբուրգ և Իսպանիա:
«Լեհական ավիաուղիները» «լոուքոսթեր» չեն, բայց առաջարկում են ճկուն գներ: Երևան-Վարշավա-Նյուրնբերգ-Պրահա-Վարշավա-Երևան չորս թռիչքների համար վճարեցի 180 հազար դրամ: Նյուրնբերգում ինձ տհաճ անակնկալ էր սպասում: Ուղեբեռս՝ երկու ճամպրուկներ, ջարդելով բացել էին: Հավանաբար փորձել էին հասկանալ, թե ինչ պարունակություն ունեն: Տեսել էին «անպետք» իրեր՝ իմ հեղինակած և հրատարակած գրքերը, որոնց վաճառքից ստացված գումարով կարողանում եմ ճամփորդել աշխարհի տարբեր երկրներում:
Զանգահարեցի Նյուրնբերգի իմ ընկերներից Անդրանիկ Միքայելյանին: Նախապես գիտեի, որ նա ինձ դիմավորելու է, սակայն անհարմար էի զգում, որ աշխատանքային օրով նա բանուգործ թողած պետք է հասներ օդանավակայան: Քանի որ ճամպրուկներս ջարդել էին, նրա գալը և գրքերը նրա բերած նոր ճամպրուկներում տեղավորելը ուղղակի փրկություն էր:
Մի քանի ժամ հանգստանալուց հետո Նյուրնբերգից, Անդրանիկի օգնությամբ, գնացքով ուղևորվեցի Քյոլն, որտեղ հասա երեկոյան:
Քյոլնից՝ Դույսբուրգ
Քյոլնի կայարանում ինձ դիմավորելու էր եկել Երվանդ Խոսրովյանը՝ Դորտմունդից: Երվանդը ծնվել և կյանքի մի հատվածն անց է կացրել Իրանում, 80-ականների վերջերին անցել է Խորհրդային Միություն, ապա հաստատվել Գերմանիայում: Թարգմանիչ է, հայերենից բացի խոսում է գերմաներեն, պարսկերեն, թուրքերեն, ադրբեջաներեն:
Ինձ և Երվանդին ծանոթացրել է ֆեյսբուքը: Ամիսներ առաջ, երբ տեղեկացավ, որ Եվրոպա եմ մեկնելու, առաջարկեց նաև այցելել Քյոլնի շրջան:
Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը բաժանված է 16 երկրամասերի՝ հողերի: Ես Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի երկրամասում էի, որը Գերմանիայի ամենախիտ բնակեցված հողն է: Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի տարածքը 34 հազար քառակուսի կիլոմետր է, բնակչության թիվը 18 միլիոնի շուրջ, վարչական կենտրոնը Դյուսելդորֆ քաղաքն է: Գերմանացիներից հետո երկրի երկրորդ էթնիկ խումբը թուրքերն են: Տարբեր տվյալներով՝ Գերմանիայում թուրքերի թիվը 5-ից 7 միլիոն է: Գերմանիայի բնակչությունը այսօրվա տվյալներով 83,5 միլիոն է:
Երվանդի հետ երեկոյան քայլեցինք Քյոլնի կենտրոնում՝ գոթական նշանավոր կաթոլիկ տաճարի շուրջը և Հռենոսի ափին թեթև ընթրիք արեցինք սրճարաններից մեկում, ապա նրա ավտոմեքենայով ուղևորվեցինք Դույսբուրգ քաղաք, որտեղ փետրվարի 1-ին պետք է տեղի ունենար Եվրոպայում իմ հինգ քննարկում-զրույցներից առաջինը:
Սարսափելի հոգնած էի: Երևանից իմ թռիչքը այնպիսի ժամի էր, որ նախորդ ամբողջ գիշերը չէի կարողացել քնել: Բացի այդ, իմ ճամպրուկների վնասվելը նյարդայնացրել էր ինձ, և երբ հասա Դույսբուրգի հյուրանոցի համարը, սկսվեց սարսափելի գլխացավ: Միգրենով տառապող ամեն մարդ իր գրպանում դեղեր է պահում: Կեսգիշերից հետո խմեցի ամենաուժեղ հաբը՝ «Ռելպակսը», սակայն ֆրանսիական դեղը ոչ մի կերպ չօգնեց: Վաղ առավոտյան զանգահարեցի Երվանդին, կանչեցի իմ սենյակ, և որոշեցինք Շտապ օգնություն կանչել:
Եթե որոշել եք ճամփորդել, ապա անպայման վերցրեք բժշկական ապահովագրություն: Շտապ օգնությունը շատ շուտ հասավ: Գերմանացի բժիշկները ինձ անգլերենով հարցրին, թե որտեղ է ցավը: Ասացի՝ միգրեն ունեմ: Նրանցից մեկն ասաց, որ ինքն էլ է տառապում միգրենով: Մի քանի հարց տվեց և ասաց, որ պետք է ինձ տեղափոխեն Դույսբուրգի հիվանդանոց:
Նրանք վերցրին իմ 10-օրյա ապահովագրությունը հաստատող թղթերը, որի համար Ռոսգոստրախ-Արմենիայում վճարել էի 8 եվրո, և տեղափոխեցին հիվանդանոց: Անմիջապես երակային միացրին: Մոտ երկու ժամվա ընթացքում իմ գլխից հանեցին ցավը, և ես Երվանդի հետ քայլելով դուրս եկա դեպի մեքենան:
Ուժեղ, շատ ուժեղ անձրևում էր: Հիվանդանոցի ճանապարհին ես որոշել էի, որ պետք է դադարեցնեմ ճամփորդությունս և շտապ վերադառնամ, քանի որ առողջությունս չի ներում: Հիվանդանոցից դուրս եկա ամբողջովին անցավ, կազդուրված, բայց մի քիչ՝ անզոր մարմնով: Մենք վերադարձանք հյուրանոց, նախաճաշեցինք և հանգիստ առանք, որպեսզի պատրաստվեմ միջոցառմանը:
Դույսբուրգը ունի կես միլիոնից ավելի բնակչություն, մեծությամբ Գերմանիայի 13-րդ քաղաքն է, գտնվում է Հռենոս գետի և նրա վտակներից Ռուրի միախառնման կետում: Հայտնի է իր նավահանգստով: Ընդհանրապես, Հռենոսը և գետի նավարկելի լինելու իրողությունը շատ կարևոր նշանակություն ունի Գերմանիայի տնտեսության համար:
Դույսբուրգի ձեռնարկը կազմակերպել էր Եվրոպայի Հայերի Համագումար կազմակերպության Գերմանիայի մասնաճյուղը և այդ կառույցի երկու ակտիվ անդամ՝ Րաֆֆի Պետիկյանն ու Երվանդ Խոսրովյանը:
Իմ ելույթում անդրադարձա Արցախում 2020 թ. մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնահարցին և այդ կապակցությամբ հայ հանրության մոտ առկա տրամադրություններին: Ձեռնարկի երկրորդ հատվածում հարց-պատասխան ձևով ծավալվեց քննարկում: Մարդկանց հատկապես հետաքրքրում էին Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացները, ձեռքբերումներն ու անհաջողությունները 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո, Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակը:
Միջոցառման ավարտին, ինչպես այլ վայրերում, ես ներկայացրի իմ հեղինակած և ԱՆԻ կենտրոնի հրատարակած գրքերը: Դրանց վաճառքից ստացված գումարը ուղղվում է իմ ճամփորդություններին: Ճիշտ է, յուրաքանչյուր քաղաքում և երկրում ինձ օգնում են տարբեր կազմակերպություններ ու անհատներ, բայց գրքերի վաճառքից ստացված գումարներն են ինձ հնարավորություն տալիս դուրս գալ երկար ճամփորդությունների և ամենակարևորը՝ լինել անկախ հետազոտող ու բանախոս:
Դույսբուրգից՝ Լյուքսեմբուրգ
Փետրվարի 2-ի առավոտյան Դույսբուրգի կայարանում հրաժեշտ տվեցի Երվանդին և գնացքով շարժվեցի դեպի Լյուքսեմբուրգ:
Եվրոպայում կարելի է ճամփորդել գնացքով, օդանավով կամ ավտոբուսով: Ամենաէժանը ավտոբուսներն են, բայց ամենադանդաղը: Օդանավերը ևս թանկ չեն: Օրինակ, Եվրոպա նախորդ՝ 2019 թ. նոյեմբերյան այցի ընթացքում Միլանից Բեռլին օդանավի համար վճարեցի 42 եվրո: Ամենաթանկը գնացքներն են, բայց նաև ամենահարմարն են, քանի որ կարող ես քեզ հետ ունենալ մի քանի ճամպրուկ և չվճարել դրա համար, երկրորդ՝ շատ արագ են՝ ժամում 200-ից 300 կիլոմետր ժամ, երրորդ՝ գնացքները քաղաքի կենտրոնից հասնում են քաղաքի կենտրոն, ի տարբերություն օդանավերի, որոնք կարող են լինել քաղաքներից մինչև 50 կիլոմետր հեռավորության վրա: Գնացքների մի կարևոր առավելությունն էլ այն է, որ կարող ես մեկնելուց 5 րոպե առաջ լինել կայարանում, ի տարբերություն օդանավերի, երբ 2-3 ժամ կորցնում ես օդանավակայան հասնելու և գրանցվելու, մոտ նույնքան ժամանակ էլ՝ վայրէջքից հետո քաղաք հասնելու համար:
Տեղեկանալով, որ Եվրոպա եմ մեկնում, Լյուքսեմբուրգ ինձ հրավիրել էր իմ ֆեյսբուքի ընկերներից Արմեն Ստեփանյանը: Առաջին անգամ նրան հանդիպեցի Լյուքսեմբուրգի կայարանում: Արմենը եկել էր երեք զավակներից մեկի՝ որդու հետ:
Լյուքսեմբուրգում երրորդ անգամ էի լինում: Սա Եվրոպայի փոքր պետություններից է, բայց քաղաք -պետություն չէ: Գտնվում է Գերմանիայի, Ֆրանսիայի և Բելգիայի սահմանային եռանկյունում, կյանքի մակարդակով բոլոր երեքից էլ առաջ է: Տարածքը 2,6 հազար քառակուսի կիլոմետր է, բնակչության թիվը հասնում է 700 հազարի, որից 140 հազարը բնակվում է մայրաքաղաքում: Երկիրն ունի երեք պետական լեզու՝ լյուքսեմբուրգերեն, որը գերմանական բարբառ է, ֆրանսերեն և գերմաներեն:
Արմենը բնակվում է Լյուքսեմբուրգ քաղաքի արվարձանում՝ դեպի Բելգիա տանող հատվածում: Մենք միասին ճաշեցինք նրա հյուրընկալ ընտանիքում: Մեզ էր միացել Ռաֆայել Գևորգյանը` ՀԲԸՄ երիտասարդ պրոֆեսիոնալների մասնաճյուղի պատասխանատուն: Լյուքսեմբուրգի իմ ձեռնարկը կազմակերպել էր ՀԲԸՄ-ն, որը տեղի ունեցավ փետրվարի 2-ի երեկոյան՝ Լյուքսեմբուրգի հյուրանոցներից մեկում:
Հայկական համայնքը Լյուքսեմբուրգում նոր է ձևավորվում: Այստեղ հաստատվել են մի քանի հարյուր երիտասարդ հայ մասնագետներ, հիմնականում՝ Հայաստանից: Քանի որ միջոցառմանը ներկա էին հայաստանցիներ, քննարկումը գերազանցապես ծավալվեց ներհայաստանյան իրադարձությունների շուրջ: Մարդկանց հետաքրքրում էր այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում: Նրանք շատ ավելի լավ են հետևում իրադարձություններին, երբեմն շատ ավելի տեղեկացված են, քան Հայաստանում բնակվողները: Բոլոր հանդիպումների ընթացքում հիմնական բողոքներից մեկն այն էր որ չեն կարողանում հասկանալ, թե մամուլի հրապարակումներից որն է իրական, որը՝ կեղծիք: Ֆեյք-նյուզը դարձել է համաշխարհային խնդիր:
Երեկոյան Արմենի, Ռաֆայելի և մի քանի այլ հայաստանցի երիտասարդների հետ ընթրեցինք Լյուքսեմբուրգի ռեստորաններից մեկում, որտեղ շարունակվեց բանավեճը՝ Արցախում կայանալիք ընտրություններ, նախագահի թեկնածուներ, սահմաններում և բանակում տիրող վիճակ, Հայաստանում համակարգային փոփոխությունների գրեթե բացակայություն:
Գիշերեցի Լյուքսեմբուրգում, այն հյուրանոցում, որտեղ կայացել էր քննարկումը, իսկ հաջորդ օրը կեսօրին վերադարձա Գերմանիա՝ Քյոլն:
Երկու օր Քյոլնում
Լյուքսեմբուրգի ելույթից հետո իմ հաջորդ հանդիպումը Ֆրանկֆուրտում էր՝ փետրվարի 5-ին: Այսպիսով, երկուսուկես օր ազատ ժամանակ ունեմ: Դեռ Դույսբուրգի ձեռնարկի ժամանակ ծանոթացել էի Գնունի Կարապետյանի հետ: Մենք ֆեյսբուքի ընկերներ չէինք, սակայն Գնունին հետևել էր ՍիվիլՆեթի իմ գործունեությանը: Դույսբուրգի ձեռնարկից հետո, երեկոյան, ընթրիքի ժամանակ նա ինձ առաջարկեց, որ այդ երկուսուկես օր ազատ ժամանակը անցկացնեմ Քյոլնում, ասաց, որ ինձ սիրով կհյուրընկալի իր բնակարանում:
Գնունին ծնվել է Ձորաղբյուրում, մասնագիտությամբ քիմիկոս է, աշխատում է նշանավոր «Բայեր» գործարանում: Արդեն մոտ 20 տարի բնակվում է Գերմանիայում, վերջին տարիներին՝ Քյոլնում: Շատ լավ ժամանակ անցկացրինք: Նա ինձ մանրամասն ծանոթացրեց Քյոլնի և այն գործարանի հետ, որտեղ աշխատում է: Սուրճի և ճաշի սեղանների շուրջ մենք խոսում էինք հայաստանյան զարգացումների, Գերմանիայի և մասնավորապես Քյոլնի հայ համայնքի մասին:
Հայերը Գերմանիայում ապրում են բազմաթիվ քաղաքներում: Ոչ ոք չգիտի նրանց ճշգրիտ թիվը, բայց շատերը կարծում են, որ մոտ 80 հազար պետք է լինի: Ո՞վ է հաշվել, ինչպե՞ս է հաշվել, ոչ ոք չգիտի:
Ամենաշատ հայեր բնակվում են Քյոլնի, Դյուսելդորֆի, Դույսբուրգի, Դորտմունդի արդյունաբերական հատվածում: Գերմանիայի հայերը ներկայացնում են տարբեր շերտեր և տարբեր ժամանակներում գնացածներ՝ պոլսահայեր, իրաքահայեր, իրանահայեր, 1990-ական թթ. սկզբներից Հայաստանից հեռացածներ:
Վերջին տարիներին շատ հայեր բուժման նպատակով են մեկնում Գերմանիա: Այդ հայերի մի մասը կարողանում է հաղթահարել քաղցկեղը և վերադառնալ տուն, մի մասը այլևս չի վերադառնում` ցավոք, շատ են դեպքերը, երբ նրանց հնարավոր չի լինում բուժել և վերադառնում են Հայաստան՝ կյանքի վերջին օրերն անցկացնելով իրենց հարազատների հետ:
Գերմանիայի տարածքում հայկական եկեղեցի չկա: Հայերը պատարագների համար վարձում են կաթոլիկ կամ բողոքական եկեղեցիներ: Տարբեր քաղաքներում ձևավորվել և շարունակում են ձևավորվել միություններ, որոնք փորձում են համակարգել հայ կյանքը:
Քյոլնից՝ Ֆրանկֆուրտ
Փետրվարի 5-ի առավոտյան Գնունին ինձ հասցրեց Քյոլնի կայարան, որտեղից գնացքով շարժվեցի դեպի Ֆրանկֆուրտ: Սա արդեն Հեսսեն երկրամասն է, որի վարչական կենտրոնը Վիսբադեն քաղաքն է: Երկրամասի տարածքը 21 հազար քառակուսի կիլոմետր է, բնակչության թիվը՝ ավելի քան 6 միլիոն:
Ֆրանկֆուրտը Գերմանիայի բանկային կենտրոնն է, մեծությամբ երկրի հինգերորդ խոշոր քաղաքը շուրջ 650 հազար բնակչությամբ: Մյուս չորս խոշոր քաղաքներն են Բեռլինը՝ 3.5 միլիոն, Համբուրգը՝ 1.8, Մյունխենը՝ 1.3 և Քյոլնը՝ 970 հազար:
Գերմանիայում երկնաքերեր չկան, բացի Ֆրանկֆուրտից: Այս քաղաքում են գտնվում Գերմանիայի բոլոր ամենաբարձր հարկանի 10 շենքերը, որոնցից ամենաբարձրը Կոմերցբանկ աշտարակն է՝ 259 մետր:
15-20 տարի առաջ, երբ լուսաբանում էի ԵԽԽՎ Ստրասբուրգի նիստերը, Ֆրանսիա էի հասնում Ֆրանկֆուրտով: Այն ժամանակ գործում էր Երևան-Ֆրանկֆուրտ չվերթը:
Եվրոպայում գտնվելու առաջին հինգ օրերին գրեթե անդադար անձրևային եղանակ էր: Երբ հասա Ֆրանկֆուրտ, եղանակը բացվեց, ամբողջ օրը պայծառ արև էր, կապույտ-կապույտ երկինք և գարնանային հրաշալի ջերմ եղանակ:
Ֆրանկֆուրտի կայարանից մինչև Գերմանիայի Ազգային գրադարանի շենք, որտեղ երեկոյան պետք է կայանար իմ հանդիպումը, քայլելով մոտ 40 րոպե է պահանջվում:
Մեկ անվավոր ճամպրուկով էի և որոշեցի քայլելով հասնել գրադարան՝ ճանապարհին ունենալով կանգառ-հանգիստներ: Բռնեցի այն փողոցը, որը կայարանից ուղիղ հասցնում է մինչև գրադարան: Երեք հիմնական կանգառ ունեցա՝ սուրճի, ապա ճաշի, ավելի ուշ՝ թեյի, բոլորը դրսում, որովհետև այդպիսի արևային օրը չի կարելի անցկացնել փակ տարածքում:
Երեք կանգառներով մոտ երեք ժամ տևեց, մինչև հասա գրադարան: Գրքերով լի ճամպրուկը թողեցի, ապա մոտ երկու ժամ քայլեցի շրջակա տարածքում:
Ֆրանկֆուրտի միջոցառումը կազմակերպել էր Լուսինե Բադալյանը: Լուսինեն Գիսենի համալսարանում դասավանդում է տարբեր թեմաներով կուրսեր, հիմնականում ժողովրդավարության, մարդու իրավունքնների և միջազգային կազմակերպությունների վերաբերյալ: Ֆրանկֆուրտի միջոցառումը կազմակերպելուն օգնել էին նաև Շուշի Թումանյանը, Այգուն Քացախյանը և Հայկ Սարգսյանը: Նրանց հետ ևս ծանոթ էի ֆեյսբուքից:
Ֆրանկֆուրտի քննարկմանը հիմնականում հայաստանցիներ էին, կային մի քանի հոգի ավանդական սփյուռքից: Իմ ելույթի, հարց-պատասխանի ու բանավեճի շրջանակը գրեթե նույնն էր՝ Արցախ, հայկական բանակ, հետհեղափոխական Հայաստան: Քննարկումը տևեց մոտ երկու ժամ, որի ավարտից հետո Հայկի հետ հասանք կայարան, որտեղից գնացքով ճանապարհը շարունակեցի դեպի Նյուրնբերգ:
Նյուրնբերգից՝ Բարսելոնա
Ֆրանկֆուրտից հետո իմ հաջորդ հանդիպումը Բարսելոնայում էր՝ փետրվարի 8-ին: Նյուրնբերգում ինձ կրկին դիմավորեց Անդրանիկը: Նա Շիրակի մարզի Կապս գյուղից է: Այստեղ ուսանում է իրավաբանություն և ներգրավված է Գերմանիայի ներքին քաղաքականության մեջ: Մարտի կեսերին մասնակցելու է Լաուֆ անունով փոքր քաղաքի տեղական ընտրություններին:
Նրա հյուրընկալ ընտանիքում գիշերելուց հետո հաջորդ առավոտյան ուղևորվեցինք Բավարիայի քաղաքներից մեկը՝ Բամբերգ, որը համարվում է գերմանական Վենետիկը: Կաթոլիկ քաղաք է՝ միջնադարյան եկեղեցիներով ու ճարտարապետությամբ: Ճանապարհին կանգ առանք Էրլանգեն քաղաքում, որտեղի համալսարանում իրավաբանություն է դասավանդում մեր ընկերներից Գուրգեն Պետրոսյանը: Միասին սուրճ խմեցինք և զրուցեցինք Հայաստանից, Սահմանադրությունից, նրա նախագահից ու անդամներից, սահմանադրական հանրաքվեից:
Գերմանիան երկրորդ աշխարհամարտից շատ է տուժել: Բազմաթիվ քաղաքներ ուղղակի ավերվել են, իսկ հին, միջնադարյան ճարտարապետությունից շատ բան չի մնացել: Բամբերգը բացառություններից է: Գրեթե ամբողջ օրը անցկացրինք այս կոկիկ, գունավոր քաղաքում, որը, ինչպես գերմանական գրեթե բոլոր բնակավայրերը, հայտնի է իր գարեջրատներով:
Բամբերգը, ինչպես Նյուրնբերգը, Բավարիա երկրամասում է: Բավարիայի տարածքը ավելի քան 70 հազար քառակուսի կիլոմետր է, բնակչությունը՝ 13 միլիոն: Մայրաքաղաքը Մյունխենն է: Բավարիայի մեծությամբ երկրորդ քաղաքը Նյուրնբերգն է՝ 500 հազար: Բավարիան Գերմանիայի ամենահարուստ հողն է:
Փետրվարի 7-ի կեսօրին Նյուրնբերգի օդանավակայանից թռա դեպի Բարսելոնա: Առաջին անգամ էի լինելու Իսպանիայում: Բարսելոնան նախ և առաջ Կատալոնիա է, որը մի քանի տարի առաջ անկախության հանրաքվե է անցկացրել: Բարսելոնան «Կամպ Նոու» մարզադաշտ է և ֆուտբոլային հանճար Լիոնել Մեսսի: Բարսելոնայում կրոնից՝ կաթոլիկությունից ավելի ուժեղ պաշտամունք կա՝ ֆուտբոլը:
Կատալոնիա այցելության հրավերը ստացել էի Բարսելոնայի Հայկական Մշակութային Միությունից և նրա ատենապետ Տաթև Սուլյանից: Մեկուկես օր պիտի մնայի: Օդանավակայանում ինձ դիմավորեցին Տաթևն ու տեղի հայ համայնքից Սևադա Սահակյանը:
Արդեն մթնում էր: Տուն գնալու ճանապարհին մենք կանգ առանք մոդեռն ճարտարապետության ամենանշանավոր դեմքերից Անտոնիո Գաուդիի Սագրադա Ֆամիլիայի մոտ: Սա կաթոլիկ եկեղեցի է, որի շինարարությունը սկսվել է մոտ 130 տարի առաջ, սակայն դեռ չի ավարտվել: Չգիտեմ ինչու` ճարտարապետական այս հրաշքն ինձ վրա նաև որոշ բացասական էմոցիաներ թողեց: Գուցե մթությունն էր պատճառը, գուցե՝ խոշորությունը կամ այլ բան, չգիտեմ:
Նախքան ընթրիքը, ավելի վաղ ունեցած պայմանավորվածության համաձայն, հյուրընկալվեցինք Կատալոնիայի ազգային համագումար կազմակերպությունում, որը անկախական շարժման ջատագովներից է: Անգլերենով հակիրճ ներկայացրի Արցախյան հարցի և հակամարտության էությունն ու պատմությունը, նրանցից տեղեկացա, թե ինչու են կատալոնացիները ձգտում անկախանալ Իսպանիայից:
Տաթևի ու Սևադայի և նրանց տիկնանց հետ ընթրեցինք Տաթևի տանը: Տաթևը Սիրիայից է՝ Քեսաբից: Տարիներ աշխատել ու ապրել է ԱՄԷ-ում, վերջին տարիներին տեղափոխվել ու հաստատվել է Բարսելոնայում: Երկու գիշեր պետք է մնայի նրա հյուրընկալ ընտանիքում:
Հաջորդ օրը՝ փետրվարի 8-ին, Տաթևի ու Սևադայի հետ ծանոթացա Բարսելոնայի հետ: Եղանք «Կամպ Նոու» ստադիոնի տարածքում. այստեղ «Բարսելոնան» է խաղում, քայլեցինք հին քաղաքում, ճաշեցինք, բարձրացանք բլուրի վրա, որտեղ եկեղեցի կա և որտեղից ափի մեջ տեսնում ես և զգում 1,7 միլիոնանոց, Միջերկրականի ափին փռված քաղաքը: Այցելեցինք Հայ տուն, որտեղ Բարսելոնայի հայկական մշակություն է և շաբաթօրյա հայկական դպրոցը: Այստեղ սովորում է ավելի քան 80 աշակերտ:
Երեկոյան իմ հերթական դասախոսություն-քննարկումն էր, որի ավարտին փոքր խմբով ընթրեցինք Բարսելոնայի ճաշարաններից մեկում: Փոքր տարածք էր: Եթե դա Երևանում լիներ, ապա, հավանաբար, մոտ 20-25 հոգի կարող էր տեղավորել: Այստեղ, սակայն, սեղաններն ու աթոռները այնքան կիպ էին դրված, որ 100-150 մարդ էր տեղավորվել: Բոլորը ուտում էին ու բարձր խոսում, այդ թվում՝ մենք:
Բարսելոնայի և Իսպանիայի հայ համայնքը նոր է ձևավորվում: Հիմնականում հայաստանցիներ են: Ամենամեծ համայնքը Վալենսիայում է, հայեր բնակվում են նաև Մադրիդում և բազմաթիվ այլ մեծ ու փոքր քաղաքներում:
Բարսելոնայից Նյուրնբերգ և Մյունխեն
Փետրվարի 9-ի կեսօրին Բարսելոնայից վերադարձա Նյուրնբերգ: Օդանավակայանում ինձ սպասում էին Անդրանիկն ու մեր մյուս ընկերները՝ Գուրգենը, Դավիթը և Գարիկը: Հինգ հոգով նոր մոդելի «Աուդի» մեքենայով ուղևորվեցինք Մյունխեն:
Գերմանիան Եվրոպայի միակ երկիրն է, որտեղ ավտոմայրուղիների վրա չկա արագության սահմանափակում: Մեր «Աուդին» սլանում էր մինչև 240 արագությամբ ու էլի տեղ ուներ: Ճանապարհին Հայաստանի ներքաղաքական կյանքն էինք քննարկում:
Իմ լրագրողական գործունեության ընթացքում ես այցելել եմ տասնյակ երկրներ, հարյուրավոր քաղաքներ, շփվել հազարավոր մարդկանց հետ: Երբեք չեմ հիշում, որ Հայաստանի նկատմամբ այնպիսի հետաքրքրություն եղած լինի, ինչպես 2018-ի ապրիլյան հեղափոխությունից հետո է: Բոլորն են խոսում Հայաստանից ու Նիկոլ Փաշինյանից: Մեծ մասը գովաբանում է և չի ուզում որևէ քննադատություն լսել նրա հասցեին, մի մասը երջանիկ է, որ Հայաստանում չկան հները և նոր իշխանական ուժ, նոր մարդիկ են եկել, մի փոքր հատված սկսել է քննադատել իշխանություններին:
Մի քանի ժամ անց հասանք Մյունխեն: Այս քաղաքը երկու կարևոր հիշողություն է թողել իմ մեջ: Մյունխենի «Բավարիա» ֆուտբոլային ակումբ, որի հետ խաղացել է Երևանի «Արարատը», և «Ազատություն» ռադիոկայան, որ մինչև Պրահա տեղափոխվելը, հենց Մյունխենում էր:
Իմ վերջին ելույթ-քննարկումը կազմակերպել էր Մյունխենի հայ-գերմանական «Անուշ» պարի ու մշակույթի կենտրոնն ու նրա ղեկավար Անուշ Չախալյանը:
Այս հանդիպումից հետո մենք գարեջուր խմեցինք Մյունխենի պատմական մի վայրում՝ Հոֆբրոյհաուսում, որտեղից Հիտլերը սկսել է իր քաղաքական գործունեության կարևոր շրջանը, ապա շրջեցինք քաղաքի կենտրոնական, պատմական հատվածում, իսկ կեսգիշերն անց վերադարձանք Նյուրնբերգ:
Փետրվարի 10-ի առավոտյան Անդրանիկը ինձ հասցրեց կայարան, որտեղից ավտոբուսով ուղևորվեցի Պրահա: Իմ վերադարձը Երևան Պրահա-Վարշավա ճանապարհով էր: