Ալեքսանդր ՔԱՆԱՆՅԱՆ
Հանրային գործիչ
Քարվաճառ
2020 թ. հունվարի 21-ին Քարվաճառի իմ տան բակում ես ստիպված եմ եղել հացադուլ սկսել՝ Տրտու (Թարթառ) գետի վերին հոսանքի ավազանում ապօրինի փոքր ՀԷԿ-աշինությունը կասեցնելու և ողջ Քարվաճառի շրջանում հետայնու բացառելու համար։ Տարիներ շարունակ ինձ հասու բոլոր միջոցներով՝ սոցիալական ցանցերով, լրատվամիջոցներով և պատասխանատու պաշտոնյաների հետ անհատական շփումների ժամանակ, աչքի առաջ ունենալով Քաշաթաղի Աղավնո և Հոչանց գետահովիտների ողբերգությունը, անընդհատ ահազանգում և զգուշացնում էի, որ իրավիճակն ահագնանում է՝ պահանջելով ամենաբարձր մակարդակի վճռական կանխարգելիչ միջամտություն։ Հարյուրավոր մարդիկ սոցցանցերում արձագանքում և միանում էին իմ արտահայտած մտահոգություններին, բայց դրությունը շարունակում էր օրըստօրե վատթարանալ։
Համոզվելով, որ առանց իմ անձնական ներգրավման խնդիրը կարող է երբևէ լուծում չստանալ, 2019 թ. ես անձամբ Ստեփանակերտում հանդիպել եմ Բնապահպանության փոխնախարարին և զգուշացրել, որ այնուհետև անձամբ դիմելու եմ օրենսդրորեն թույլատրված բոլոր հնարավոր միջոցների՝ Քարվաճառի շրջանում փոքր ՀԷԿ-աշինությունը դադարեցնելու համար։ Իմ այս քայլն անմիջապես տարատեսակ շահարկումների տեղիք է տվել, քանի որ այն ժամանակագրորեն շուրջ մեկ ամսով նախորդում էր սույն թվականի փետրվար-մարտ ամիսներին կայանալիք արցախյան ընտրական գործընթացներին։ Սակայն, ի հեճուկս հայտնի շահագրգիռ շրջանակների՝ ապատեղեկատվություն տարածելու սպասելիորեն ձախորդ ջանքերի, հացադուլի առաջադրած բուն նպատակն այսօր կարելի է ըստ էության իրագործված համարել։
Տրտուի վերին ավազանում ապօրինի փոքր ՀԷԿ-աշինությունն այժմ լիովին դադարեցված է, ձևավորվել և գործում է հատուկ քննիչ հանձնաժողովը, որի աշխատանքային գործունեությունն ընթացիկ կերպով վերահսկելի է։ Քարվաճառի շրջանի բնակչությունը պայքարին լայն աջակցություն է ցուցաբերել, որն արտահայտվել է քաղաքացիների հրապարակային սատարող կեցվածքով, ստորագրահավաքով և ինքնակազմակերպմամբ։ Կարևոր արդյունքներից է ՀԷԿ-աշինության ոլորտի օրենսդրական կարգավորումների նոր փաթեթի մուտքն Արցախի խորհրդարան։ Վերջապես ՀՀ Ջրային օրենսգրքի պահանջների զգալի մասը պարտադիր կհամարվի նաև Արցախի տարածքում։ Երբ «Անալիտիկոնի» խմբագրից առաջարկություն եմ ստացել ամսագրի համար շարադրել ապօրինի փոքր ՀԷԿ-աշինության դեմ պայքարի անցած փուլի պատմությունը, մի պահ մտորել եմ, թե ինչ կառուցվածք պետք է ունենա այսչափ բուռն և բազմաշերտ իրադարձություններին անդրադարձող շարադրանքը։ Հաշվի առնելով այն, որ հացադուլի 15 օրերին տասնյակ ԶԼՄ-ների տված հարցազրույցներից բացի ես նաև պարբերաբար իրավիճակի զարգացմանը վերաբերող հայտարարություններ եմ տարածել, անցքերի հերթականությունը և այդ օրերի մթնոլորտը պահպանելու համար նպատակահարմար եմ դիտել հիշյալ հայտարարություններից որոշ հատվածներ մեջբերել և իրար կապակցել։
Հացադուլի նախօրեին ես տարածել եմ ապօրինի ՀԷԿ-աշինությունը կանխող գործընթացի սկիզբն ազդարարող երեք հայտարարություններ։ Առաջինում քաղաքական գնահատական էր տրվում ՀՀ վարչապետի՝ Արցախում սահմանադրական պարտականություններն անտեսելու պատճառով առաջացած քաղաքական ծանր հետևանքներին. «Ապապետական նախորդ վարչակազմերից ապակենսունակաբար ժառանգած, ՀՀ հիմնարար պետականաստեղծ ակտերին հակասող, արցախաբնակ ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը հակասահմանադրաբար ոտնահարող, Արցախն՝ արտաքին շահագրգիռ տերությունների ձեռքում մնացյալ Հայաստանի դեմ խարդավանքների գործիք դարձնող «երկու պետությունների» կեղծ հայեցակարգը լրջագույն սպառնալիքների և համազգային նշանակության աղետների պատճառ է դարձել։ ՀՀ կառավարության՝ ՀՀ ինքնիշխան տարածքի անքակտելի մաս կազմող Արցախի պետական կառավարման համար ուղիղ սահմանադրական պատասխանատվությունից հրաժարվելու անվայել, խորապես անբարո և իր իսկ շահերի տեսանկյունից հակարդյունավետ քաղաքականության պատճառով Արցախում ոչ միայն ստեղծվել են առավելագույն նպաստավոր պայմաններ սպասվող տեղական ընտրություններում քրեական օլիգարխիայի լիակատար վերարտադրության համար, այլև սանձարձակ անպատժելիության գագաթնակետին են հասել Արցախի բնության դեմ կատարվող հանցագործությունները, մասնավորապես՝ անտառահատումների ծավալն ու բոլոր հնարավոր բնապահպանական կարգավորումները ոտնահարող տասնյակ փոքր ՀԷԿ-երի շինարարությունը։ Լև, Թրղի, Հոչանց, Աղաւնո գետերի ավազանները համարյա ամբողջովին ջրազրկված են։ Հակարի և Տրտու (Թարթառ) գետերի վերին հոսանքի ավազանն ամենակարճ ժամկետում՝ նույնպես»։
Քաղաքական գնահատականից հետո հարկավոր էր բացատրել հանրությանը, թե ինչու եմ ընտրել հացադուլի պես ոչ ստանդարտ պայքարի ձև։ Այս հարցի պատասխանը տվել եմ հայ հասարակությանը հասցեագրված կոչի միջոցով. «Սիրելի՛ հայրենակիցներ, իմ քարվաճառյան տան հյուրասիրությունը վայելած հարյուրավոր բարեկամներ, բոլորդ, ում համար Արցախը Հայաստանի նվիրագույն մասն է, ամենքդ, ում համար հայրենի բնությունը սրբություն է, իսկ ազատագրված տարածքի վերաբնակեցումը և տնտեսական զարգացումը՝ կարևորագույն համապետական հրամայականներից է։ Իմ քայլը տկարության հուսահատ դրսևորում չէ։ Արցախում դեռ շատ քիչ բան է փոխվել, և հանրային բողոքի դեպքում բնակչությունը համարյա անպաշտպան է օլիգարխիայի, ուժայինների և տեղի քրեական տարրերի հնարավոր վրեժխնդրության առջև։ Ուստի՝ ընտրել եմ պայքարի անհատական ուղի։ Ես ֆիզիկապես ընդունակ չեմ մոլեգնող ապօրինի շինարարությունները կանխելու նպատակով միայնակ շինտեխնիկայի ճանապարհը փակել։ Պետական իշխանության միջամտությանը դեռ նույնպես հնարավոր չէ ապավինել, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գիտակից անպատասխանատվությամբ անտեսում է աղետի գոյությունը, խնդիրը համարելով իր իրավասությունից դուրս, իսկ Արցախում իշխող քրեական օլիգարխիան ինքն է այդ քստմնելի հանցագործություններն իրականացնողը։ Դիմում եմ ձեր ազգային և քաղաքացիական արժանապատվությանը։ Յուրաքանչյուրդ՝ պատշաճ դիտած չափով և եղանակով ստանձնե՛ք պատասխանատվության ձեր բաժինը։ Արցախյան գետերը վերստին հոսելու են»։
Այս երկու հայտարարությունները տնից տարածելուց հետո ես ընկերոջս ուղեկցությամբ անմիջապես շարժվեցի դեպի Քարվաճառի շրջանի վարչակազմի շենքը, և ժամը 11.30-ին վարչակազմի ղեկավարին փոխանցվեց «Քարվաճառի շրջանում փոքր ՀԷԿ-աշինության անվերապահ դադարեցման վերաբերյալ» պահանջագիրը. «Ելնելով քրեորեն հետապնդելի կոռուպցիոն գործարքների շրջանակում Քարվաճառի շրջանում փոքր ՀԷԿ-երի անվերահսկելի շինարարության հետևանքով ստեղծված համապարփակ բնական աղետը կանխելու ազգային հրամայականից,
Պահանջում եմ.
Ա. Սույն պահանջագիրը Քարվաճառի շրջանի վարչակազմին հանձնելու պահից 24 ժամվա ընթացքում (2020 թ. հունվարի 21-ի ժամը 12.00-ին) լիովին դադարեցնել Տրտու (Թարթառ) գետի վերին ավազանում ընթացող առանց բացառության բոլոր ՀԷԿ-աշինական աշխատանքները։
Բ. Սույն պահանջագիրը Քարվաճառի շրջանի վարչակազմին հանձնելու պահից 48 ժամվա ընթացքում (2020 թ. հունվարի 22-ի ժամը 12.00-ին) ՀԷԿ-աշինական տարածքներից ամբողջովին դուրս բերել ողջ շինտեխնիկական շարժակազմը և կենտրոնացնել այն հանրային և ոստիկանական վերահսկողության համար հարմար վայրում։
Գ. Սույն պահանջագիրը Քարվաճառի շրջանի վարչակազմին հանձնելու պահից մեկ շաբաթվա ընթացքում (2020 թ. հունվարի 27-ի ժամը 12.00-ին) Արցախի կառավարությանը հանձնարարել հանդես գալ հատուկ պաշտոնական հայտարարությամբ՝ Քարվաճառի շրջանում այսուհետ որևէ նոր փոքր ՀԷԿ կառուցելու մտադրությունից իսպառ և հիմնավորապես հրաժարվելու վերաբերյալ։
Վերոնշյալ պահանջների ամբողջական և անվերապահ կատարումից հետո, ողջամիտ ժամկետներում, պետական և հասարակական կազմակերպությունների, բնապահպանական և ֆինանսական ոլորտների արհեստավարժ փորձագետների լայն ներկայացուցչական ներգրավմամբ պետք է ձևավորվի արցախյան ՀԷԿ-աշինության ընթացքում բնապահպանական և ֆինանսական բնույթի հանցագործությունները քննելուն ունակ հատուկ հանձնաժողով։ Այդ հանձնաժողովը լիակատար թափանցիկությամբ պետք է ուսումնասիրի Արցախում Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի համատեղ կառավարման տարիներին կառուցված յուրաքանչյուր ՀԷԿ-ի համապատասխանությունը գործող բնապահպանական կարգավորումներին»։ Փաստաթղթի վերջում զգուշացնում էի, որ. «Պահանջագրի պայմաններն ու ժամկետները չհարգելու դեպքում դիմելու եմ նախազգուշական հացադուլի, իսկ շրջանի բնական միջավայրի ոչնչացման հանցավոր ոտնձգությունների հարատևման դեպքում՝ անցնելու եմ նաև ջրադուլի»։
Քաջ գիտակցելով, որ Բակո Սահակյանի վարչակազմը չի գիտակցելու իմ մտադրության լրջությունը և համառելու է, պահանջագրի մեջ նշվածի համաձայն փետրվարի 21-ի ժամը 11.00-ին իմ տան բակում խփել եմ իմ ճամփորդական վրանը, տեղական բազալտե քարերից կրակատեղ սարքել և ժամը 12.00-ից անցել եմ հացադուլի։
Հացադուլին անցնելու պահից որոշել եմ հնարավորինս հեռու մնալ համացանցից, բայց կողքիս գտնվող ընկերներից ու քիչ-քիչ իմ շուրջը հավաքվող քարվաճառցիներից տեղեկանում էի, որ բողոքիս հանդեպ հանրային ուշադրությունն առաջին իսկ ժամերից շատ մեծ էր։ Կառավարությունն ինձ մոտ անմիջապես ուղարկել է Բնապահպանության նախարարի խորհրդական Հարութ Մնացականյանին, որի հետ բովանդակային և ընկերական քննարկում ենք ունեցել։ Առաջին օրն ուշ գիշերով ինձ այցելել է իմ վաղեմի ընկեր, Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, որն ինձ երկրորդ անգամ փոխանցել է Բակո Սահակյանի՝ ինձ հետ հանդիպելու առաջարկը, որը բնականաբար մերժել եմ։ Մասիսին շատ երախտագետ եմ, որ ինձ ստիպել է փոխել վրանում գիշերելու որոշումը, քանի որ հենց այդ օրերին սաստիկ ցուրտ էր։ Դրանից հետո, մինչև խորը գիշեր մարդկանց հետ կրակի շուրջն էի մնում, իսկ լուսաբացին նախորդող մի քանի ժամ՝ իմ տան առաջին հարկի անդուռ ճաշասենյակում՝ մարդկանց ելումուտը դյուրացնելու համար։ Մասիսի միջոցով Կառավարությանը մի հուշագիր եմ փոխանցել, որը դարձել է հետագա բանակցությունների մեկնարկային փաստաթուղթը։
Հացադուլի հաջորդ օրն ըստ ամենայնի վճռորոշ էր. տարերայնորեն և ինքնուրույնաբար ոտքի է կանգնել ավագ դասարանների աշակերտությունը… Միաժամանակ, շրջանի այլ համայնքներում ևս սկսվել են լուրջ խմորումներ։ Իրավիճակն արագորեն փոփոխվում էր, և Բակո Սահակյանի շրջապատը հարկադրվել է գնալ աննախադեպ զիջման. հացադուլի երկրորդ օրվա ավարտին կանգնեցվել է Թարթառի վերին ավազանում ընթացող 5 ՓՀԷԿ-երի շինարարությունը, իսկ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին հանձնարարվել է ինձ հետ բանակցություններ վարել՝ հատուկ քննիչ հանձնաժողովի ձևավորման սկզբունքների շուրջ. «Երեկ երեկոյան՝ հավաստի աղբյուրներից տեղեկացել եմ, որ Արցախի կառավարության առաջարկով ժամանակավորապես դադարեցվել են Տրտուի (Թարթառի) վերին հոսանքի ավազանում ընթացող մի շարք ՀԷԿ-երի կառուցման աշխատանքները։ Վստահելով Արցախի պետնախարարին, ես դույզն իսկ վստահություն չեմ տածում ՀԷԿ-երը կառուցող քրեական օլիգարխիայի հանդեպ, ուստի այսօր ջանալու եմ հավաստիանալ, որ աշխատանքներն, իրոք, դադարեցված են, իսկ շինտեխնիկան հեռացված է շինհրապարակներից։ Այնուհետև, առանց հացադուլից դուրս գալու, ես մեկնելու եմ Ստեփանակերտ՝ պետնախարարի հետ գործող և կառուցվող ՀԷԿ-երի շինարարության բնապահպանական և ֆինանսական հանգամանքները ստուգելիք հատուկ հանձնաժողովի ձևավորման սկզբունքների և լիազորությունների հարցը քննարկելու համար։ Եթե բանակցությունները պսակվեն հաջողությամբ, ապա նոր հնարավորություն կունենամ քննարկել հացադուլից դուրս գալու որոշումը։
Հանձնաժողովի ստուգման աշխատանքներից ու պատշաճ մասնագիտական եզրակացության հրապարակումից առաջ որևէ՝ ամենափոքր իսկ չափով շինարարության վերսկսման դեպքում՝ կրկին դիմելու եմ հացադուլի և հանդես եմ գալու համընդհանուր դիմադրության կոչով»։
Պետնախարարի հետ կայացած առաջին և հետագա բոլոր հանդիպումներն ընթանում էին բարդ, բայց հարգալից մթնոլորտում։ Ընդամենն ունեցել ենք բանակցային հինգ «ռաունդ»։ Առաջին հանդիպման կապակցությամբ հայտարարել եմ հետևյալը. «Արձանագրում եմ, որ Արցախի «քաղաքական ղեկավարությունը» դեռ լիովին չի ըմբռնում իրավիճակի լրջությունը և Քարվաճառում՝ շրջանի համապարփակ զագացման հեռանկարը փակող և տարածքի բնապահպանական համակարգը հիմնավորապես աղճատող փոքր ՀԷԿ-աշինության անվերապահ կասեցման անխուսափելիությունը։
Ուստի՝ ես շարունակում եմ հացադուլը և պատասխանատու կերպով զգուշացնում եմ, որ մերժելի ՀԷԿ-աշինարարական աշխատանքների վերսկսման ուղղությամբ որևէ ոտնձգություն հանգեցնելու է իրավիճակի կտրուկ վատթարացման։ Արցախի «քաղաքական ղեկավարությանը» հորդորում եմ օր առաջ գիտակցել Քարվաճառի շրջանում փոքր ՀԷԿ-աշինության շարունակության անհամատեղելիությունը Հայաստանի ազգային անվտանգության հրամայականին և դրսևորել պատշաճ խոհեմություն»։
Պետնախարարին հանդիպելուց հետո հաջորդ օրը մեկնել եմ Քաշաթաղի շրջանի Աղավնոյի գետահովիտը, որտեղ տարիներ առաջ մեկնարկած ՓՀԷԿ-աշինությունը սոսկալի ավերներ է գործել՝ խորապես վնասելով տեղի բնակավայրերին։
Հաջորդ օրն ինձ այցելել է Արցախի երիտասարդության սկզբունքային և նվիրյալ երիտասարդներից Մհեր Պողոսյանը, որն ինձ տեղեկացրել է իմ պահանջներին ի պաշտպանություն հացադուլի դիմելու իր մտադրության մասին։ Նրան հնարավոր չի եղել տարհամոզել, և ինձ մնում էր իմ խորին հարգանքն ու խոնարհումը բերել իր կամքին և վճռականությանը։
Ստեփանակերտից ու Քաշաթաղից վերադառնալուց հետո ես մի շարք հանդիպումներ եմ ունեցել Քարվաճառի շրջանի համայնքներում։ Քարվաճառի շրջանում ապրող հայրենակիցներիս անկեղծ և անվերապահ աջակցության մակարդակն ինձ պարզապես ապշեցնում էր։ Ես վերջնականապես գիտակցել եմ, որ շրջանի ապագայի համար ծավալվող պայքարն այսուհետ անկասելի է, իսկ շրջանի բնակչության իրավագիտակցության զարթոնքը՝ հեղափոխական։
Իրավիճակի հանդեպ վերահսկողությունը լիովին կորցրած Բակո Սահակյանը որոշել է դիմել հերթական հակարդյունավետ ու ահաբեկող քայլերի՝ իր հետ Քարվաճառ բերելով իրեն սպասարկու ուժայինների ողջ «ծաղկեփունջը». «Արցախի մարզպետ Բակո Սահակյանն իր հետ Քարվաճառ է բերել Արցախի ոստիկանապետ Լևոն Մնացականյանին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանին, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին, Կրթության նախարար Նարինե Աղաբալյանին և այլ պաշտոնատար անձանց։ Գումարվել է Քարվաճառի շրջանի վարչակազմի փակ նիստ, որի ընթացքում վաղեմի սովորության համաձայն համայնքների ղեկավարներին և տեղի ուժային կառույցներին հանձնարարվել է բոլոր հնարավոր բռնաճնշումներով կասեցնել ապօրինի փոքր ՀԷԿ-աշինության դեմ բնակչության օրըստօրե աճող դիմադրությունը։ Երեկվանից Քարվաճառի և Քաշաթաղի շրջանում, ինչպես նաև Ստեփանակերտում սկսվել է ստորագրահավաք՝ իմ առաջադրած պահանջներին սատարելու համար։ Ամենաբարձր մակարդակով փորձ է արվում ահաբեկել դասադուլի մասին հայտարարած Քարվաճառի միջնակարգ դպրոցի ավագ դասարանների աշակերտությանը։ Աշակերտությունը փայլուն դիմադրում է։ Արցախի քրեական օլիգարխիան փրփուրներից է բռնվում»։
Բակո Սահակյանի քարվաճառյան «այցի» առնչությամբ հայտարարել եմ. «Երեկ և այսօր Քարվաճառում մոլեգնած քաղաքացիների զանգվածային ահաբեկման ոտնձգությունները և պետնախարարի բանակցային ջանքերը զրոյացնող Արցախի հանրային հեռուստատեսության աճպարարությունները լրջագույնս վտանգում են համաձայնության գալու հեռանկարը, որն, ընդամենը, պետք է ամրագրի հայտնի պահանջների անվերապահ կատարման անխուսափելիությունը։ Բակո Սահակյանը սպառում է նրան՝ իմ առողջության հաշվին հատկացված մտորելու ժամանակը։ Անպայմանագրունակ քրեական օլիգարխները պետք է քաջ գիտակցեն, որ իրենց էժանագին խարդավանքները վատթարացնելու են բացառապես նրանց հետագա կացությունը։ Ես ամուր եմ և կդիմանամ, իսկ նրանք անխուսափելիորեն ենթարկվելու են Հայաստանի ազգային անվտանգության հրամայականներից ակներևաբար բխող պահանջներին»։
Օրեցօր Քարվաճառ եկող մարդկանց հոսքը շատանում էր, իսկ անընդհատ խոսելուց ձայնս սկսել է արագորեն «խզվել»։ Հացադուլի վերջին օրերին համարյա խոսել չէի կարողանում։ Ինձ այցելել է Գևորգյան ճեմարանի տարիներից իմ ավագ դասընկեր՝ ներկայումս Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը, տասնյակ լրատվամիջոցներ, բնապահպաններ, զբոսաշրջային ոլորտի երբեմնի գործընկերներ և անհամար հոգեհարազատ և գաղափարակից ընկերներ։
Իսկ իրադարձությունների ընթացքն արդեն լիովին անկասելի էր։ Եվ հացադուլի տասնվեցերորդ օրը չլրացած, երբ հաստատվել է հանձնաժողովի՝ մեզ համար ընդունելի ձևաչափով ստեղծվելու պայմանավորվածության հաստատումը, ես տեղին եմ համարել կայացնելու հացադուլից դուրս գալու որոշումը. «Ուրախ եմ տեղեկացնելու բոլորիդ, որ Քարվաճառում՝ տարածքի կայուն համապարփակ վերաբնակեցումն ու զարգացումը խաթարող և բնապահպանական աղետալի վիճակ ստեղծող փոքր ՀԷԿ-աշինության կասեցման ուղղությամբ պայքարի առաջին փուլն ավարտվել է։ Ստեղծվել է ներկայացուցչական հանձնաժողով, որը պետք է քննի գործող ՓՀԷԿ-երի նախագծման և շահագործման համապատասխանությունն օրենսդրությանը և բնապահպանական չափորոշիչներին։ Կիսակառույց ՓՀԷԿ-երը ենթակա են ուսումնասիրության՝ դրանց թույլտվության բնապահպանական պահանջներին և օրենսդրությանը համապատասխանության տեսանկյունից։
Վերոնշյալն ինձ թույլ է տալիս կայացնել ՀԱՑԱԴՈՒԼԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ որոշումը և լինել իր իրավունքների համար քաղաքացիական կամք դրսևորած հայրենակիցներիս կողքին։
Նորակազմ հանձնաժողովին մաղթում եմ հաջողություն, կամք և վճռականություն՝ ազգի և սեփական խղճի առջև պատշաճ և պատասխանատու կերպով աշխատանքները ծավալելու և անհարկի միջամտություններից զերծ մնալու համար։ Բոլորս ապավինում ենք ձեր խոհեմությանն ու բարեխղճությանը և աչալրջորեն հետևելու ենք, որ հանձնաժողովը չշեղվի իր մասնագիտական պարտավորությունների շրջանակից։
Միաժամանակ, վերահաստատում եմ, որ Քարվաճառի բնակչության պաշտպանած, իմ ձևակերպած և Հայաստանի ազգային անվտանգության հրամայականից բխող բոլոր պահանջները լիովին ուժի մեջ են և չեն փոխվելու։ Քարվաճառում ոչ մի նոր ՓՀԷԿ չի կառուցվելու, իսկ կառուցման փուլում գտնվողներն ապամոնտաժվելու են։ Այս պահանջից երբեք նահանջ չի լինի։ 2019 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ գործող ՓՀԷԿ-երը ենթարկվելու են խստագույն վերահսկողության և առկա օրենսդրական պահանջների։
Իմ հորդորն եմ հղում Քաշաթաղի և ողջ Արցախի բնակչությանը՝ քարվաճառցիների պես դրսևորել քաղաքացիական կամք և հասունություն, որպեսզի այլուր ևս համապարփակաբար քննվեն ՓՀԷԿ-աշինության հարուցած ծանր խնդիրները և դրանց լուծման արդյունավետ ուղիները։
Այսուհետև՝ Հայաստանի Հանրապետության անքակտելի բաղկացուցիչ մաս կազմող Արցախի էներգահամակարգը պետք է զարգացվի պատասխանատու և համալիր ռազմավարության հիման վրա, որը կբացառի լեռնային գոտիների վերածումը հումքային կցորդի, այլ ներդաշնակաբար կնպաստի այդ տարածքների լիակատար բնակեցմանը և կայուն վերընթաց տնտեսական զարգացմանը։
Ամենախորին երախտագիտություն եմ հայտնում պայքարի այս առաջին փուլում քարվաճառցիներիս աջակցած և մեզ միացած բոլոր հայրենակիցներիս, հատկապես ինձ զորավիգ եղած հացադուլավոր Մհեր Պողոսյանին, որին նույնպես հորդորում եմ հացադուլից դուրս գալ և նախանձախնդրորեն լծվել այս և այլ խնդիրների լուծմանը։
Վերստին՝ խոնարհումս և հարգանքս յուրաքանչյուրիդ՝ ի՛մ հարգելի և շատ սիրելի հայրենակիցներ»։