Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտի» ռուսական տարբերակի խմբագիր
Երևան
Հայաստանի Ազգային ժողովն, այնուամենայնիվ, ունեցավ ներկայիս տեսքով Սահմանադրական դատարանի գորդյան հանգույցը հատելու վճռականություն։ Սպառելով բոլոր այլ՝ ավելի «մեղմ» ուղիներն ու մեթոդները՝ հայ օրենսդիրները գիտակցել են, որ առանց հրատապ և գործուն քայլերի չլուծված խնդիրը վերածվում է հայոց պետականության տակ դրված ականի, որն ամեն պահի կարող է պայթել։
Հայտնի է, որ 2015 թ. Հայաստանի Սահմանադրության որոշ «հայրեր», որոնք այն «կարել» են Սերժ Սարգսյանի հագով՝ երկու նախագահական ժամկետների ավարտից հետո նրա իշխանությունը վարչապետի պաշտոնում երկարաձգելու համար, իրենց իսկ մասին նույնպես չեն մոռացել։ Այն ժամանակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին մինչև 70 տարեկան լրանալը մնում էր երեք շաբաթ, և նրա հեռանալուց հետո, գործող անցումային դրույթների համաձայն, ՍԴ նոր նախագահը պետք է ընտրվեր ԱԺ կողմից ընտրվող նոր դատավորների թվից, վեց տարի ժամկետով, այլ ոչ թե մինչև կենսաթոշակի անցնելը։ Այս խոչընդոտը մի կերպ «շրջանցելու» համար ՍԴ նախագահի այդ պահին հավակնող անձի՝ իշխող Հանրապետական կուսակցության անդամ և խորհրդարանի պատգամավոր Հրայր Թովմասյանի օգտին «կազմակերպել» են Գագիկ Հարությունյանի վաղաժամ պաշտոնաթողությունը, որպեսզի Թովմասյանի վաղաժամ ընտրությունն «ընկներ» այն դրույթի ուժի ներքո, որի համաձայն նա, ինչպես և Հարությունյանը, պետք է զբաղեցներ ՍԴ նախագահի պաշտոնը մինչև իր թոշակի տարիքը՝ հեռավոր 2035 թվականը։
Սա նախորդ վարչակարգի՝ հայ հասարակությանը թողած միակ «նվերը» չէ։ Երբ պարզ դարձավ, որ հին դատական համակարգը ոչ միայն չի համապատասխանում այժմյան պահանջներին, այլև տապալում է իր բարեփոխմանն ուղղված յուրաքանչյուր մտադրություն և ոգևորում է չկազմալուծված պետական ապարատը, արգելակելով կոռուպցիոն քրեական գործերի բնականոն ընթացքը, վարչապետ Փաշինյանը դրա մասին արդեն ուղիղ տեքստով հայտարարեց. «Մենք բարեփոխումներ ենք կատարում հաճախ ի հեճուկս պետական ապարատի, որը դիմադրում է բարեփոխումներին։ Անգամ, երբ ընդունվել է դատական համակարգը բարեփոխելու միջանկյալ որոշումը, որն առանց ՍԴ-ին դիպչելու Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ) էր շնորհում բարեվարքության (integrity) չափանիշներին դատավորների կորպուսի համապատասխանությունը ստուգելու իրավասությունը, ՍԴ-ն օպերատիվորեն վճռել է, որ դա անել չի կարելի և ԲԴԽ-ին հարկավոր է այդ իրավասությունից զրկել։ Եթե դրան հավելենք ՍԴ նախագահի և մի քանի անդամների անառողջ հետաքրքրությունը սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և այլոց (մարտի 1-ի գործը) դատական գործընթացի հանդեպ, ինչպես նաև նրանց հրապարակային հայտարարությունները, անհասկանալի-խորհրդավոր հանդիպումները «դաշնակից» երկրների դեսպանների հետ, ապա պարզ կլինի, որ «թերապևտիկ» միջոցները սպառված են և գործի պետք է անցնի «վիրաբուժությունը»։
Ակնհայտ է, որ մենք առնչվում ենք տևական ժամանակ ինքնահոսի թողած վաղեմի հիվանդության հետ, որը ստեղծում է ուղիղ սպառնալիք ժողովրդավարությանը, ռևանշի սպառնալիք, ազգային անվտանգության սպառնալիք և պետականության դեմ սպառնալիք։ Ակներև է, թե որքան ուղիղ և բառացի պետք է ընկալենք ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանի այն խոսքերը, թե Սահմանադրական դատարանը դարձել է «վերջին միջնաբերդ», իսկ ինքը՝ «վերջին դիրքապահ»։ ՍԴ-ն «լավագույնս» ծառայել է պետությունը զավթելու և այն կազմակերպված հանցախմբի ձեռքում երկու տասնամյակների ընթացքում հանցագործության գործիք դարձնելու նպատակին։ Միանգամայն պարզ է, որ այս «վերջին միջնաբերդից» և «վերջին դիրքապահից» մեզ հարկավոր է օր առաջ ձերբազատվել։
Տարբեր շահագրգիռ ազդեցության խմբերից ուրվագծվող «ռևանշի կորպորացիան» Սահմանադրական դատարանն իր խաղադրույքն է դարձրել և, փաստորեն, դեռ խաղը չսկսած՝ քաղաքականապես ու բարոյապես պարտվել է։ Խորհրդարանում որակյալ մեծամասնություն ունեցող իշխող բլոկն ուներ Սահմանադրության անցումային դրույթը սովորական քվեարկությամբ փոփոխելու մանդատն ու հնարավորությունը և կարող էր ցրել նոր Սահմանադրության պահանջներով չընտրված ՍԴ յոթ անդամներին։ Բայց իշխանությունը ձեռնպահ է մնացել այս դյուրին տարբերակը կյանքի կոչելուց և քաղաքացիներին հնարավորություն է ընձեռել հանրաքվեով իրացնել հարցը վճռելու իրենց իրավունքը։
Քննադատների նախապատրաստած տեքստերը պահանջված չեն դարձել։ Իսկ հանրաքվեն «հակաժողովրդավարական» կոչել ու համընդհանուր ծիծաղ չառաջացնել պարզապես հնարավոր չէ։ Այդ իսկ պատճառով՝ նրանք ստիպված են եղել նոր կանոնների հետևել. գործող քննադատները ձևավորել են «Ո՛չ»-ի շտաբը, որտեղ հավաքվել են գերազանցապես իրավաբաններ ու առանձին ակտիվիստներ, բայց ո՛չ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ինչն էլ ինքնըստինքյան ուշագրավ է։
Սպասվող հանրաքվեն ոչ միայն ու ոչ այնքան Սահմանադրական դատարանի՝ ներկա տեսքով ու կազմով լինել-չլինելու հարցը քաղաքացիների դատին հանձնելու որոշում է, այլ, նախ և առաջ, թավշյա-ոչ բռնի հեղափոխության բոլոր նվաճումների պաշտպանության ակտ։ Հանրաքվեն՝ մերժվածը կրկին մերժելու, մերժվածից տարանջատվելու, ռևանշի համար «դետոնացիոն էֆեկտի» հնարավորություն ստեղծելու հույս փայփայող խաժամուժին կրկին մեկընդմիշտ մերժելու ակտ է։
Դատական համակարգը բավականին «նուրբ նյութ» է. այն բարեփոխելը և ժողովրդավարական չափանիշներին համապատասխանեցնելը չի հաջողվել ոչ մի հետխորհրդային երկրի՝ բացառությամբ մերձբալթյան հանրապետությունների։ Հենց դատական համակարգն էր գլխավոր խոչընդոտի դեր ստանձնում Վրաստանում, Ուկրաինայում և Մոլդովայում բարեփոխիչ գործընթացների հաջողության ճանապարհին։ Այն փրկօղակ էր դառնում ամեն տեսակ հետադիմական ուժերի համար, որոնց պարբերաբար հաջողվում էր կրկին ու կրկին վերարտադրվել և հեղափոխական փոփոխությունների գործընթացը շեղել ավազակապետական այլասերման և իրավիճակի դեգրադացման ուղղությամբ ու իրականություն դարձնել օլիգարխիկ ռևանշը։ Մարդիկ կանգնում էին այն տխուր իրականության առաջ, որ «հեղափոխությունը նորից գողացված է», որ իրենք կրկին ոչինչ չեն որոշում, որ իրենց կամքից կրկին ոչինչ կախված չէ, որ հեղափոխության պտուղներն կրկին հափշտակվում են տականքների կողմից։ Հետաքրքիր է, որ «հեղափոխության բարիքներից օգտվող տականքների» բանաձևը չի գործել Ամերիկյան հեղափոխության, Պորտուգալիայում «Կարմիր մեխակների», Լեհաստանում, Չեխիայում և բազում այլ երկրներում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունների պարագայում, երբ քաղաքացիներին հաջողվում էր հաստատութենականացնել իրենց ձեռքբերումները, բայց սա արդեն պատմաբանների վերլուծության առարկա է։
Շատ վտանգավոր է կարծել, որ Հայաստանում այդ սպառնալիքը վերջնականապես և անշրջելիորեն չեզոքացված է. չէ՞ որ այդ սպառնալիքի բոլոր հատկանիշները միանգամայն ակնբախ են և անընդհատ հիշեցնում են իրենց գոյության մասին։ Ավելին՝ Հայաստանի դեմ մղվում է տեղեկատվական բաղադրիչի ամբողջական կիրառմամբ հիբրիդային պատերազմ՝ դրա ամենահարձակողական և թունավոր ձևով, որը, փաստորեն, ջնջել է բոլոր հնարավոր տաբուները և հասարակությանը հարատև սթրեսի մեջ է պահում։
Պետության և հասարակության առջև ծագել է ազատությունը պաշտպանելու, առկա արհեստական խոչընդոտները վերացնելու, գողացված Սահմանադրությունը հետ բերելու, հափշտակված Սահմանադրական դատարանը վերադարձնելու և հետագա՝ հատկապես դատական համակարգի բարեփոխումներին ընդառաջ ճանապարհը հարթելու հրամայականը, առանց որի հնարավոր չէ ձևավորել բարեփոխումների անշրջելիության ինստիտուցիոնալ երաշխիքները։ Դատարանը նախ և առաջ արդարության, իրավունքների և ազատությունների պաշտպանության հաստատություն է։ Առանց իսկապես անկախ դատական համակարգի՝ տնտեսական հեղափոխության, երկրի իրական արդիականացման և զարգացման, մեր ալեկոծյալ, քաոտիկ և խիստ վտանգավոր տարածաշրջանում միջազգային հարաբերությունների հաջողակ սուբյեկտ լինելու համար անհրաժեշտ բավարար ներքին ամրության ձեռքբերման ճանապարհը փակ է մնում։ Հիշենք, որ մեր տարածաշրջանում կանոնները նույնքան սակավ են, որքան ջունգլիներում, իսկ քո դաշնակիցներն այնպիսիք են, որ թշնամիների կարիքն էլ չկա։ Այո՛, հանրաքվեն ավազակապետության անդառնալիության և հետագա բարեփոխումների ուղու բացումն է։
Մեր ազատության պաշտպանությունն այն ատողների ոտնձգություններից ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության գործն է։ Հետո՞ ինչ խնդիր, որ նրանք են նախաձեռնել հանրաքվե և համակարգում են «Այո»-ի պաշտոնական շտաբի աշխատանքը հանրաքվեին ընդառաջ ընթացող ընտրարշավի շրջանակում։ Սա բոլորիս գործն է, մեզանից ամեն ոք ունի պատասխանատվության իր բաժինը։ Չէ՞ որ Ազատությունը Տիրոջ կողմից յուրաքանչուրիս պարգևած է ի սկզբանե և անօտարելի արժեք է։