Տարոն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի փորձագետ
Երևան
2020 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում Սիրիայում տեղի ունեցած ռազմական գործողությունները հերթական անգամ հաստատեցին, որ այդ երկրում զինված հակամարտությունը «ահաբեկչական կառույցների դեմ պայքարի» փուլից վերաճում է հակամարտությանը ներգրավված արտաքին խաղացողների, այդ թվում՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև շահերի ուղիղ բախման: Եթե նախկին տարիների ընթացքում, առնվազն՝ 2015-2019 թթ., հակամարտությունը հիմնականում բնորոշվում էր Սիրիայում ահաբեկչական կառույցների դեմ պայքարով, որտեղ յուրաքանչյուր ներգրավված պետություն ուներ իր դաշնակիցը՝ ի դեմս Սիրիայի կառավարության, քրդական ուժերի, թուրքոմանների և այլ զինված խմբավորումների, ապա «Իսլամական պետության» վտանգի չեզոքացմանը զուգահեռ սկսեցին ի հայտ գալ արդեն նշված բլոկների միջև խորը հակասությունները: Նախորդ շրջափուլի ընթացքում մենք արդեն իսկ ականատես էինք եղել Թուրքիա-Ռուսաստան բախմանը՝ 2015 թ. նոյեմբերի 24-ին ռուսաստանյան ռազմական ինքնաթիռի խոցումից հետո: Նշված հակասության շրջանին, սակայն, հետևել էր 2016 թ. ամռանը սկսված հաշտեցումը և Սիրիայի հակամարտության շրջանակներում համագործակցության հաստատումը, որին ներգրավվել էր նաև մյուս խոշոր արտաքին խաղացողը՝ Իրանը:
Միացյալ Նահանգներն իր հերթին առնվազն 2014 թ.-ի վերջից սկսեց իր խաղը կառուցել Սիրիայում բավականին լուրջ ուժ ներկայացնող քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) հետ համագործակցության վրա՝ վերջիններիս, ինչպես նաև որոշ արաբական ուժերից կազմելով «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը: 2019 թ.-ից արդեն իսկ «Իսլամական պետությունը» զրկվել էր Սիրիայում իր գրաված գրեթե բոլոր տարածքներից, այդ թվում՝ նավթային հանքավայրերից: 2019 թ. դրությամբ Սիրիայի պատերազմական քարտեզը արդեն իսկ բաղկացած էր Թուրքիայի և վերջինիս հավատարիմ խմբավորումների վերահսկած տարածքներից՝ Իդլիբ նահանգի մեծ մասը, քրդական ուժերից գրավված Աֆրինը, ավելի վաղ «Իսլամական պետությունից» գրավված Ազազ-Ջարաբլուս հատվածը՝ Հալեպի հյուսիսում և 2019 թ. հոկտեմբերին «Խաղաղության ակունք» ռազմագործողության արդյունքում Եփրատից արևմուտք ընկած՝ Թուրքիային սահմանակցող մի հատվածում զբաղեցրած «անվտանգության գոտին»:
Մյուս բևեռը ներկայացնում են քրդական ուժերը՝ Միացյալ Նահանգների հետ համագործակցությամբ իրենց վերահսկողության տակ պահելով Եփրատից արևմուտք ընկած տարածքները՝ բացառությամբ Թուրքիայի գրաված շրջանի, ինչպես նաև Ղամիշլիի, Քավքաբի և Հասաքայի մի մասի, որտեղ Սիրիայի և ՌԴ ուժերն են: Երկրի մյուս հատվածը՝ ներառյալ մայրաքաղաք Դամասկոսը և խոշորագույն քաղաք Հալեպը, վերահսկում են Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ գործող կառավարական ուժերը: 2019 թ.-ի վերջից և մասնավորապես 2020 թ. հունվարից ծավալվեց հակամարտության նոր փուլը, երբ Սիրիան սկսեց Հալեպի արվարձանների նկատմամբ վերջնական վերահսկողություն հաստատելու և Իդլիբի ազատագրման գործողությունը: Այս գործողությունն իր բնույթով արդեն իսկ ենթադրում էր շահերի բախում նշված տարածքները վերահսկող Թուրքիայի և Սիրիային աջակցող Ռուսաստանի միջև:
Սիրիայում իրավիճակը դեռևս արագ հանգուցալուծման նշաններ ցույց չի տալիս՝ հաշվի առնելով նաև նավթային հանքավայրերի շահագործման շուրջ շահերի բախումը: Այսօր Սիրիայի նավթագազային հանքավայրերի նկատմամբ վերահսկողություն արտաքին խաղացողներից միայն Թուրքիան չունի: Վերջինս, սակայն, փորձում է իր բաժինը ստանալ: Մյուս կողմից, ռազմավարական նշանակություն ունեցող Իդլիբի զգալի մասն ազատագրված է, սակայն Իդլիբ քաղաքը և նահանգի մեծ մասը դեռևս վերահսկում են Թուրքիան և Թուրքիայի աջակցությամբ գործող խմբավորումները: ԱՄՆ-ն դեռ շարունակում է պահպանել իր ներկայությունը, մասնավորապես՝ նավթային գոտիներում, շարունակելով համագործակցել քրդերի հետ, իսկ Իրանի ու Ռուսաստանի աջակցությամբ գործող Սիրիայի բանակը փորձում է նոր տարածքներ ազատագրել: Այս պայմաններում չի բացառվում թուրք-ռուսական նոր հակասության հասունացումը, և այս բոլոր գործընթացները չեն կարող կտրված լինել Հարավային Կովկասից: Այս տեսանկյունից չափազանց կարևոր է Սիրիայի հակամարտության տեղեկատվական հոսքերին հետևելը՝ հաշվի առնելով, որ ներգրավված կողմերից մեկը՝ Ռուսաստանի Դաշնությունը, ՀՀ ռազմավարական դաշնակիցն է, մյուս երկուսը՝ Թուրքիան և Իրանը, ՀՀ հարևան պետություններ են, որոնցից Թուրքիայի հետ հարաբերությունները, մեղմ ասած, հարթ չեն:
Այս տեսանկյունից բավականին հետաքրքիր պատկեր է տալիս Ադրբեջանի և Հայաստանի լրատվամիջոցների քաղաքականությունը Սիրիայի հակամարտության, մասնավորապես՝ ռուս-թուրքական հակասությունների լուսաբանման հարցում: Ընդհանուր պատկերը հասկանալու համար անհրաժեշտ է հետազոտություն կատարել՝ ընտրելով թիրախային լրատվամիջոցները, դրանց ազդեցությունը, լսարանը և ֆինանսավորման աղբյուրները: Սակայն որոշակի չափով կարելի է պատկերացում կազմել պետական լրատվական գործակալությունների նյութերի ուսումնասիրության արդյունքում, այս դեպքում՝ ադրբեջանական «Ազերթաջ»-ի և հայաստանյան «Արմենպրես»-ի:
2020 թ. ընթացքում թուրք-ռուսական հարաբերությունների լարվածության պատճառ դարձավ մասնավորապես Իդլիբի ռազմագործողությունը, որի վերաբերյալ փետրվար-մարտ (մարտի 12-ը ներառյալ) ամիսներին «Ազերթաջ»-ը և «Արմենպրես»-ը տեղադրել են նույն քանակությամբ՝ 49-ական նյութ՝ համապատասխանաբար ադրբեջաներեն և հայերեն բաժիններում։ Նյութերի բովանդակության, ինչպես նաև սկզբնաղբյուրների հետազոտությունը, սակայն, հետաքրքրիր մանրամասներ և տարբերություններ է ի հայտ բերում։
«Ազերթաջ»-ի 49 նյութից 31-ում հղում է կատարվում թուրքական պետական լրատվական կայքերին: Փետրվարի 27-ին Թուրքիայի ԶՈւ 33 զինծառայողի մահվան պատճառ դարձած ավիահարվածի հաջորդ օրը գրված նյութերից մեկում իբրև «հիշեցում» «Ազերթաջ»-ի կողմից նշվում է, որ թուրք զինծառայողները զոհվել են «Սիրիայում անցկացվող հակաահաբեկչական գործողության ժամանակ»։
Հետաքրքրական է, որ ադրբեջաներեն բաժնում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների բոլոր 4 հեռախոսազրույցների նյութերում հղում է կատարվում բացառապես թուրքական կողմին։ «Արմենպրես»-ում հակառակ պատկերն է. Էրդողան-Պուտին հեռախոսազրույցների վերաբերյալ բոլոր նյութերի սկզբնաղբյուրը ՌԴ նախագահի պաշտոնական կայքն է:
«Ազերթաջ»-ում ռուսաստանյան մամուլին հղումով 49 նյութից 12-ն է, իսկ երկուսի դեպքում՝ Մոսկվայում «Ազերթաջ»-ի թղթակիցը: Այդ թվում` նշված 14 նյութից 6-ը վերաբերում է Մոսկվայում մարտի 5-ին կայացած Էրդողան-Պուտին հանդիպմանը:
Երկու նյութի դեպքում հղում է կատարվում է Վրաստանի արտգործնախարարության և նախագահի, իսկ մեկի դեպքում՝ Շվեդիայի ԱԳՆ հայտարարություններին, որոնք պարունակում են հակառուսական ակցենտներ։ Միայն մեկ նյութ «Ազերթաջ»-ի սեփական վերլուծությունն է, այն էլ մասամբ Իդլիբի խնդրին վերաբերող։ Այն տեղադրվել է Մյունխենի անվտանգության համաժողովից հետո և հիմնականում վերաբերում է ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպմանը։
«Արմենպրես»-ում տեղադրած 49 նյութի դեպքում պատկերը տրամագծորեն տարբերվում է. 26 նյութում հղում է կատարվում ռուսաստանյան կայքերին՝ բոլոր նյութերի 53 տոկոսը, իսկ «Ազերթաջ»-ում թուրքական սկզբնաղբյուրներին հղումով նյութերը 63 տոկոս են կազմում: Ըստ որում, «Արմենպրես»-ում նշված 26 նյութից 7-ում փոխանցվում են թուրքական կողմի հայտարարությունները: Մի մասի դեպքում առկա է համակողմանի հակիրճ ամփոփում՝ ռուսաստանյան և թուրքական կողմերի հայտարարություններին հղումով։ 9 նյութի աղբյուրը թուրքական կայքերն են։
«Արմենպրես»-ը նյութերից մեկում հղում է կատարում սիրիական «ՍԱՆԱ» պետական լրատվական գործակալությանը։ «Ազերթաջ»-ը սիրիական աղբյուրներին որևէ հղում չի կատարել։ «Արմենպրես»-ի նյութերից 4-ում տեղեկատվությունը վերցվել է միջազգային այլ լրատվամիջոցներից, այդ թվում՝ արաբական։ Մնացած 9 նյութը հայաստանյան փորձագետների վերլուծություններ են։
Ադրբեջանական գործակալության նյութերում հստակ կերպով արտացոլվում է Սիրիայի իշխանությունների, ինչպես նաև անուղղակիորեն ՌԴ կողմից վերջինիս աջակցելու շուրջ բացասական տրամադրությունների գեներացումը։ Մասնավորապես նյութերից 12-ում նշվել է, որ «Թուրքիան Իդլիբում հակաահաբեկչական գործողություն է իրականացնում», մեծ մասում կիրառվում է «Ասադի ռեժիմ» արտահայտությունը: «Արմենպրես»-ում, ընդհակառակը, նյութերի բովանդակային վերլուծությունը վեր է հանում Սիրիայի իշխանությունների նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորման քաղաքականությունը, ինչը պայմանավորված է թե՛ հայ-սիրիական հարաբերություններով և Հայաստանի շահերով, թե՛ Թուրքիայի հանգամանքով:
Այսպիսով, առնվազն հայկական և ադրբեջանական պետական լրատվական գործակալությունների՝ Սիրիայում ռուս-թուրքական հակասություններին վերաբերող նյութերի վերլուծությունը ցույց է տալիս, որ հայկական գործակալությունը նախապատվությունը տալիս է ռուսաստանյան, իսկ ադրբեջանականը՝ թուրքական աղբյուրներին: Մյուս կողմից, «Արմենպրես»-ում առկա են հայաստանյան փորձագետների վերլուծություններ, իսկ «Ազերթաջ»-ում նման վերլուծություններ չկան: Սա իր հերթին նշանակում է, որ «Ազերթաջ»-ի ընթերցողները տոկոսային հարաբերակցությամբ ավելի շատ են ստանում միակողմանի տեղեկատվություն՝ հօգուտ թուրքական տեսակետի, մինչդեռ «Արմենպրես»-ում փորձագետների վերլուծությունները թույլ են տալիս իրադարձությունները տեսնել հայաստանյան, ոչ թե երրորդ երկրի շահերի տեսանկյունից, չնայած այս դեպքում ևս զգացվում է լրատվական նյութերի աղբյուրների էլ ավելի տարբերակման որոշակի անհրաժեշտություն: