Գևորգ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Թուրքագետ
Երևան
Մինչ ամբոջ աշխարհում կորոնավիրուսն է օրակարգ ձևավորում ու նաև թելադրում, այնուամենայնիվ, մեր տարածաշրջանում քաղաքական (և ոչ միայն) զարգացումները հասկանալու կարիքը ոչ մի տեղ չի կորել։ Ուղղակի այժմ կարիք է առաջացել այդ ամենը հասկանալու «կորոնավիրուսի ժամանակաշրջանում» և դրա ստեղծած ու դեռ ստեղծելիք պայմաններում։
Բայց մինչ անդրադարձը մեր օրերի զարգացումներին, այս հոդվածում հնարավորություն ունենք հայացք գցելու 2019 թվականին՝ հասկանալու անցյալ տարվա զարգացումների դինամիկան ու փորձելու ձևակերպել սպասելիքները 2020-ից։
2019 թվականին Հայաստանի և Թուրքիայի քաղաքական հարաբերություններում կրկին դրական տեղաշարժ չարձանագրվեց։ Երևանն ու Անկարան երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը չբերեցին քաղաքական օրակարգ, երկու կողմից էլ անդրադարձը դրանց մեծ չէր. արված հայտարարություններն էլ չէր կարելի որակել կառուցողական և հետագայի համար հիմք ստեղծող։ Հայտարարություններում էլ (առավելապես թուրքական կողմի) խոսքը մեծամասամբ վերաբերում էր Արցախյան խնդրին, որտեղ Անկարան շարունակում էր Ադրբեջանի տեսակետը կիսողի անփոփոխ դերը։ 2019-ի նշանակալի իրադարձություններից էր Հայոց ցեղասպանության ճանաչումը Միացյալ Նահանգների Կոնգրեսում, ինչը տեղի ունեցավ Սիրիայի հարցում Թուրքիայի և ԱՄՆ-ի տարաձայնությունների համատեքստում և ընկալվեց որպես ամերիկյան ճնշում Անկարայի վրա։ Այսպիսով, հիմնական իրադարձություններն անցած տարում, որոնք առնչվում էին հայկական կողմին, կապված էին Հայոց ցեղասպանության ճանաչման կամ Արցախի հարցի հետ և ուղիղ հղում չունեին Հայաստան-Թուրքիա կարգավորմանը։
Գալով 2020 թվականի առաջին հատված՝ ակնհայտ է, որ այս տարվա արդեն իսկ առաջին ամիսները լի էին քաղաքական (և ոչ միայն) իրադարձություններով, որոնք ոչ միայն տեղական, այլ տարածաշրջանային և համաշխարհային նշանակության են։ Նախորդ տարվա համար ակնհայտ էր, որ բազմաթիվ խնդիրներով ծանրաբեռնված Թուրքիան չունի արտաքին քաղաքականությունում խուսանավման մեծ հնարավորություններ ու ազատ ռեսուրս՝ անդրադառնալու Հայաստանի հետ փակ սահմանների հարցին։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը թուրքական քաղաքական առաջնահերթությունների թվում չէ, ընդհակառակը՝ օրակարգը զբաղեցնում են մեծաթիվ այլ գերակա խնդիրներ, ինչպիսին են թուրքական ներգրավվածությունը Լիբիայում, Սիրիայում, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերությունները։ Ներքին քաղաքական դաշտում թուրքական իշխանությունը չուներ/չունի այն ամրությունը, որը թույլ կտա մերօրյա Թուրքիայում հասարակության կողմից ժողովրդականություն չվայելող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված խորքային քայլեր կատարել։ Ասել է թե՝ նախորդ տարին Թուրքիան ծանրաբեռնված էր իր ներքին ու արտաքին լրջագույն ու բարդ խնդիրներով, իսկ Հայաստանը շարունակում էր մարսել հեղափոխությունը՝ առաջնայնությունը տալով արտաքին քաղաքականության այլ ուղղություններին։ Քննության ենթարկելով վերջին շրջանի զարգացումներն ու կողմերի հայտարարությունները, օգտագործվող բառապաշարը ու քաղաքական օրակարգերն ու առաջնահերթությունները՝ նույնը սպասելի է նաև այս և առաջիկա տարիների համար, իսկ ներկայումս աշխարհում իրավիճակ փոխող և խաղի նոր կանոններ սահմանող կորոնավիրուսի համաճարակն ու դրա ամենատարբեր ազդեցություններն էլ ավելի խճճված են դարձնում իրականությունը։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում շոշափելի արդյունքների բացակայության հետ մեկտեղ 2020-ին կարևոր զարգացումներ տեսանք թուրքական դաշտում՝ կապված հայկական կողմի համար կենսական նշանակության Արցախի հարցի հետ։ Դրա օրինակներից էր մարտի սկզբին Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Պաշտոնական Անկարան վերջին տարիներին փորձում է առավել բարձր մակարդակի պաշտոնական ներգրավվածություն ունենալ Արցախի հարցում, այդ թվում՝ դառնալ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ինչը, բնականաբար, հայկական կողմի համար ընդունելի չէ. Թուրքիան Արցախի հակամարտությունում ունի հստակ ընդգծված ադրբեջանամետ մոտեցում և չի կարող լինել ոչ կողմնապահ այս հարցում։ Հետաքրքրական է նաև Անկարայի հերթական աշխուժացման ժամանակահատվածը, որը զուգընթաց էր Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող կարևոր իրադարձություններինգ Թուրքիան 2020-ի տարեսկզբին բարդ վիճակում էր Սիրիայում, որտեղ սիրիական կառավարական զորքերը Ռուսաստանի աջակցությամբ զգալի հարվածներ հասցրին Սիրիայի տարածքում թուրքական դիրքերին, և թուրքական զինուժը շոշափելի կորուստներ ունեցավ։ Ծանր վիճակում հայտնված Թուրքիայի և նրա ղեկավար Էրդողանի համար կարևոր էր ի հակակշիռ Սիրիայում բարդ իրադրության, փորձել այլ հատվածներում առավել ակտիվ լինել և փորձել հակազդել պաշտոնական Մոսկվային՝ մեղմելու սիրիական ճակատում իր քաղաքական և ռազմական խնդիրները։ Անկարայի ուղղություններից մեկն էլ Արցախն էր, ինչը տեսնում ենք Թուրքիայի արտաքին գործերի նախարարության իրականացրած քայլերից։
Ներկայում, իհարկե, քաղաքական զարգացումները ևս որոշակի փոխակերպումների փուլում են, ինչը կապված է ոչ միայն աշխարհը, այլ նաև Մերձավոր Արևելքը մեծապես ցնցող կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի ու դրա բերած կողմնակի ազդեցությունների հետ։ Կորոնավիրուսի առողջապահական, ինչպես և տնտեսական լուրջ վնասները նույնպես ազդելու են ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև համաշխարհային զարգացումների վրա, բացառություն չի լինի նաև մեր տարածաշրջանը, որտեղ Իրանը համարվում է պանդեմիայի էպիկենտրոններից մեկը։ Արդեն իսկ առկա են տնտեսական խնդիրներ, ինչը Թուրքիայի՝ վերջին տարիներին ծանր կացության մեջ գտնվող տնտեսությանն ու ֆինանսական հատվածի համար բավական ցավոտ հարված կլինի։
Իհարկե, թեև Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը փակված էր վաղուց, առանց անգամ կորոնավիրուսի մասին որևէ ակնարկի, բայց և պետք է հաշվի առնել որ ՀՀ-ի համար Թուրքիան կարևոր է տնտեսական առումով, որտեղից Հայաստանը ստանում է տեքստիլ արտադրանք, շինարարական ապրանքներ և արդյունաբերության համար հաստոցներ և հումք, ուստի իրավիճակի հետագա վատթարացումը կազդի նաև Թուրքիայից Հայաստան ապրանքաշրջանառության վրա։ Միայն այն, որ մեր երկիր ներմուծվող ապրանքները Ռուսաստանից և Չինաստանից հետո ամենամեծ ծավալով ստացվում են Թուրքիայից, արդեն իսկ խոսուն ցուցանիշ է։ 2019 թվականի դեկտեմբերից դադարեցված է նաև Երևան-Ստամբուլ ուղիղ թռիչքը, ինչը կապված էր թռիչքներն իրականացնող թուրքական ավիաընկերության ֆինանսական խնդիրների հետ։ Այսպիսով, նախքան կորոնավիրուսի տարածումն էլ քաղաքական պատճառներով տասնամյակներ շարունակ փակ էր Հայաստան-Թուրքիա սահմանը, իսկ ավիաընկերության ֆինանսական խնդիրների պատճառով նաև Երևան-Ստամբուլ թռիչքը, որը պայմանական կարող ենք կոչել օդային սահման։
Այսպիսով, մարտ ամսվա տվյալներով քաղաքացիների տարանցման համար փակ են ինչպես Հայաստան-Իրան, այնպես էլ Հայաստան-Վրաստան ցամաքային սահմանները, որոնք միջանցիկ ճանապարհ են ուղևորների և բեռների համար դեպի Թուրքիա և հակառակը։ Բեռնափոխադրումների դեպքում, իհարկե, այլ կանոններ են գործում, բայց և այնպես իրավիճակն անհետևանք չի կարող լինել նաև այս ուղղությամբ։
Ասել է թե՝ Հայաստանը և Թուրքիան, որոնք չունեն դիվանագիտական հարաբերություններ, իրավիճակի հետագա սրման դեպքում կորուստներ կունենան տնտեսական ուղղությունում ևս։ Որքան էլ որ ընթերցողների լայն շրջանակի համար առաջին հայացքից տարօրինակ հնչի, բայց Թուրքիայում տնտեսական վիճակի շեշտակի վատթարացումը, պայմանավորված նաև կորոնավիրուսով, բացասական է անդրադառնալու հայաստանյան շուկայի և մեր երկրի տնտեսության որոշ ճյուղերի վրա։ Եվ ներկա պայմաններում, ինչպես վերը նշեցինք, դժվար է սպասել քաղաքական հարթակում երկկողմանի հարաբերությունների որակի փոփոխման Երևանում և հատկապես Անկարայում։ Միակ ուղղությունը, որը կարող է Անկարային և Երևանին առաջիկայում մղել ոլորտային համագործակցության, կորոնավիրուսն է ու նրա ստեղծած համաճարակային վիճակն ու հնարավոր մարդասիրական/առողջապահական փոխգործակցությունը։