Թուրքիան և Ռուսաստանն ակնհայտորեն հավասար չեն ո՛չ իրենց չափերով և ո՛չ էլ ռազմական կարողություններով: Ըստ ամերիկացի վերլուծաբաններից մեկի՝ եթե այդ երկրների զորքերը Սիրիայում մասնակցեն ռազմական գործողությունների, ապա Թուրքիան առավելություն կունենա:
«Սիրիայում ուժերի հավասարակշռությունն ակնհայտորեն Ռուսաստանի օգտին չէ», – ասում է ռուսական բանակի գծով փորձագետ Մայքլ Քոֆմանը, ով աշխատում է Ծովային վերլուծությունների կենտրոնում (Center for Naval Analyses):
Ինչպե՞ս կարող է դա լինել: Ռուսաստանը նախկին գերտերություն է, և այն դեռևս ունի մեծ բանակ և աշխարհի ամենամեծ միջուկային զինանոցը: Թուրքիան, հանդիսանալով ՆԱՏՕ-ի ուժեղ անդամներից մեկը, միջին քաշի պետություն է և չունի միջուկային զենք:
Բայց այս դեպքում ամեն ինչ որոշվում է ըստ աշխարհագրական դիրքի: Ռուսաստանի ռազմական գերակայությունը չի ազդում Սիրիայի հյուսիսարևելյան մասում իր դիրքերի վրա, որտեղ Մոսկվայի սիրիական դաշնակիցը գնաց հարձակողական գործողությունների՝ փորձելով վերականգնել վերահսկողությունը Թուրքիայի հետ սահմանին գտնվող Իդլիբ նահանգի վրա, վտարել թուրքական զորքերին և նրանց աջակցող սիրիական ապստամբ ուժերին:
Ռուսաստանը Սիրիայում ունի միայն մեկ մեծ ավիաբազա՝ Խմեյմիմը, որը գտնվում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում ՝ Լաթաքիա նավահանգստային քաղաքում, իսկ Տարտուսում` մեկ ռազմածովային բազա: Սա Ռուսաստանին խոցելի է դարձնում, քանի որ մի քանի հազար անձնակազմ և տասնյակ ինքնաթիռներ ունեցող ռուսական խումբը մեծապես կախված է ծովային մատակարարումներից:
Ռուսաստանից նավերը պետք է անցնեն Բոսֆորով, որը վերահսկվում է Թուրքիայի կողմից, և միայն դրանից հետո նրանք կարող են մուտք գործել արևելյան Միջերկրական ծովի սիրիական նավահանգիստներ: Ի տարբերություն Միացյալ Նահանգների՝ Ռուսաստանը չունի ռազմական տրանսպորտի ավիացիոն մեծ խումբ` արտասահմանում տեղակայված էքսպեդիցիոն ուժեր ապահովելու համար:
Ըստ Քոֆմանի, նման ենթակառուցվածքային դժվարությունները և նյութատեխնիկական սահմանափակումները հանգեցնում են նրան, որ Ռուսաստանը չի կարող մեծացնել իր խմբավորումը Սիրիայում՝ սահմանափակվելով ներկայիս քանակով: «Այս սցենարում, որտեղ Ռուսաստանն ունի մեկ օդային բազա, նա չի կարող մեծացնել իր ներկայությունը, նրան պետք է Բոսֆորով զորքեր մատակարարել, և, հետևաբար, այդ զորքերը գտնվում են շատ խոցելի վիճակում», – ասում է նա:
Ռիսկային կլինի նաև Թուրքիայի դեմ Ռուսաստանի պատասխան հարվածը: ՆԱՏՕ-ն քիչ հավանական է, որ կաջակցի Թուրքիային սիրիական իր արշավում, քանի որ այն գտնվում է դաշինքի գոտուց դուրս: Բայց Թուրքիայի վրա հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն ստիպված կլինի օգնել իր անդամին, քանի որ դա արդեն ազգային տարածքի վրա հարձակում է:
Հարկ է հստակեցնել, որ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ռուսաստանը չեն ցանկանում գնալ միմյանց դեմ ռազմական առճակատման ճանապարհով: 2020 թվականի մարտի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղևորվեց Մոսկվա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Իդլիբում հրադադար հաստատելու նպատակով ՝ M4 մայրուղու երկայնքով անվտանգության միջանցք ստեղծելու համար, որտեղ Ռուսաստանը և Թուրքիան համատեղ պարեկություն կանցկացնեն:
Իրավիճակը հիշեցնում է Սառը պատերազմի օրերը, երբ Միացյալ Նահանգները և Սովետական Միությունը խուսափեցին ուղիղ բախումներից և փոխարենը կռվեցին մարիոնետային ուժերի օգնությամբ: 2020 թվականի փետրվարին, երբ սիրիական ավիահարվածների հետևանքով 33 թուրք զինվորներ մահացան, Թուրքիան պատասխան գործողություն կատարեց սիրիացիների դեմ. օգտագործեց մարտական անօդաչու սարքեր և գնդակոծեց սիրիական երեք ինքնաթիռ: 2015-ին ռուսական Սու-24 գրոհային ինքնաթիռը խոցվեց թուրքական F-16 ինքնաթիռից, սակայն երկու երկրներին հաջողվեց խուսափել ուղիղ բախումից, և նրանք մինչ այժմ փորձում են պահել ստատուս-քվոն:
Այնուամենայնիվ, Սիրիայի հյուսիսում գտնվող Թուրքիան ունի մոտավորապես 7000-անոց զորք, որը գործում է անօդաչուների և ինքնաթիռների աջակցությամբ: Ռուսական ինքնաթիռներն աջակցում են սիրիական ուժերին, որոնք փորձում են վերադարձնել Իդլիբը, որն ապստամբների կողմից վերահսկվող սիրիական վերջին տարածքն է: Եվ այս ոլորտում կան ռուս խորհրդականներ և ռազմական ոստիկանություն, ինչպես նաև ռուս վարձկաններ: Հեշտ է պատկերացնել ամենատարբեր սցենարները, որոնցում թուրքական և ռուսական զորքերը մտնում են ուղղակի դիմակայության մեջ: Օրինակ, սիրիական զորքերի վրա թուրքական հարձակման ժամանակ ռուս խորհրդատուները կարող են վիրավորվել և օգնության կանչել ռուսական ինքնաթիռներ: Կամ էլ թուրքական ինքնաթիռները կարող են պատահաբար ոչնչացնել ռուսական ինքնաթիռներ՝ շփոթելով սիրիական ինքնաթիռների հետ, և այդ դեպքում Ռուսաստանը կսկսի ի պատասխան խոցել թուրքական ինքնաթիռները:
Ո՛չ Մոսկվային, ո՛չ Անկարային պետք չեն ուղղակի ռազմական գործողություններ, բայց կողմերից ոչ մեկն էլ չի կարող խուսափել կռվից, ասում է Քոֆմանը: «Երկու երկրներն էլ փորձում են խուսափել կոնֆլիկտից, բայց նրանցից ոչ մեկը չի ընդունի իրենց զինծառայողների կյանքերի կորուստը և կձեռնարկի որոշակի պատասխան գործողություններ»:
Թուրքիան և Ռուսաստանն ունեն բարդ հարաբերություններ, և նրանք 17-ից 20-րդ դարերն ընկած ժամանակահատվածում պատերազմել են մեկից ավելի անգամ: («Այս պատերազմները լավ չեն ավարտվել Թուրքիայի համար»,- կատակում է Քոֆմանը:) Բայց հիմա պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում: Սիրիայում երկու երկրների միջև լարվածությունը սկսվեց նրանց մերձեցման ֆոնին, որը շարունակվում էր մի քանի տարի: Թուրքիան նախկինում ՆԱՏՕ-ի հարավային բաստիոնն էր, որը դեմ էր խորհրդային ընդարձակմանը, բայց այժմ նա գնում է ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր՝ ԱՄՆ-ին այն աստիճանի զայրացնելով, որ Թրամփի վարչակազմը Թուրքիային դուրս շպրտեց F-35 կործանիչների արտադրության ծրագրից:
Հարցն այն է, թե արդյոք Թուրքիան և Ռուսաստանն իրոք ունեն հակասական կամ տարբերվող նպատակներ, որոնք հնարավոր է երկկողմանի բավարարել: Թուրքական զորքերը գրավել են Սիրիայի հյուսիս-արևելքը, ենթադրաբար, սիրիական քրդերի միջև բուֆերային գոտի ստեղծելու համար, որոնք ձևավորել են իրենց սեփական շրջանը և բաժանվել են սիրիական պետությունից: Իսկ Թուրքիայի քրդերը, որոնք վաղուց պայքարում են թուրքական իշխանությունների դեմ, ձգտում են անկախության: Թուրքիան նաև կցանկանար տեսնել Բաշար Ասադի ռեժիմի տապալումը, առավել ևս, որ Իդլիբում սիրիական հարձակողական գործողությունների պատճառով գրեթե մեկ միլիոն փախստականներ ստիպված էին գնալ Թուրքիայի սահման:
Ռուսաստանն, իր հերթին, վճռական է պահպանելու սիրիական ռեժիմը: Մոսկվան և Դամասկոսը դաշնակիցներ են դեռևս 1960-ական թվականներից, և Ռուսաստանի միակ արտասահմանյան ռազմածովային բազան գտնվում է սիրիական նավահանգիստ Տարտուս քաղաքում: Մոսկվան վճռական էր իր որոշման մեջ՝ կասեցնելու սիրիական ապստամբներին, որոնք մոտ էին կառավարության տապալմանը: Մոսկվան այնտեղ էր ուղարկել իր ինքնաթիռները, և միաժամանակ գործում էր իրանական զորքերի և լիբանանյան Հըզբոլահի իրանական դրածոների հետ, ինչն էլ զգալիորեն օգնեց հարձակման ենթարկված սիրիական բանակին վերադարձնելու երկրի մեծ մասը:
«Կա ընդունված տեսակետ, որ ռուս զինծառայողները միջամտելու են սիրիական ռեժիմի կողմից տարվող մարտերին, եթե կասկածի տակ դրվի Ասադի ռեժիմի կայունությունն ու գոյատևումը, – ասում է Քոֆմանը: – Այնուամենայնիվ, նրանք Իդլիբում չեն պատրաստվում միջամտել սիրիական զորքերի կողմից իրականացվող գործողություններին: Ռուսաստանին պետք չէ Իդլիբը»:
Այնուամենայնիվ, փորձագետները կարծում են, որ Իդլիբում հրադադարի ցանկացած համաձայնագիր լավագույն դեպքում կլինի ժամանակավոր: «Վերջիվերջո, ռուսները կաջակցեն Սիրիայի կառավարությանը՝ ձգտելով վերադարձնել այդ տարածքները»,- կանխատեսում է Վաշինգտոնի ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի թուրքական նախագծի տնօրեն Բյուլենթ Ալիռիզան: «Բայց մինչ այժմ Պուտինը հաճույքով երկարաձգում էր ժամանակը, հետևում էր, որ Սիրիան կուլ տա և մարսի նախկինում ընդդիմության կողմից վերահսկվող տարածքները»:
Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը
Սկզբնաղբյուրը` The National interest