Գոհար ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դոցենտ
Երևան
Համավարակը, որը փոխեց մեր կյանքի ռիթմը, իրականում կարող է փոխել աշխարհաքաղաքական որոշ իրողություններ ևս։
Հաշվի առնելով Իրանում արձանագրված ծանր վիճակը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան որոշեցին, շրջանցելով ԱՄՆ-ի պատժամիջոցները, բժշկական օգնություն ցուցաբերել Իրանին։ Թվում էր, թե Միացյալ Նահանգները պետք է կոշտ արձագանք տային նրանց գործողություններին, սակայն մարտի 31-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն հանդես եկավ ելույթով, որտեղ ակնարկեց, թե հնարավոր է համավարակի շրջանում Իրանի նկատմամբ որոշ պատժամիջոցներ անգամ հանվեն։ Միևնույն ժամանակ, Իրանի Իսլամական Հանրապետությունն իր պատմության մեջ առաջին անգամ դիմեց Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ) 5 մլրդ դոլարի փոխառություն ստանալու նպատակով, որպեսզի արդյունավետ պայքարի կորոնավիրուսի դեմ։ Իսկ մենք գիտենք, որ Արժույթի Միջազգային Հիմնադրամում ամենաազդեցիկը ԱՄՆ-ի խոսքն է։ Եթե իրականություն դառնային Փոմփեոյի խոստումները, և ԱՄՆ-ն էլ թույլ տար ԱՄՀ անդամ Իրանին ստանալ իր ցանկացած գումարը, կարող էինք արձանագրել Իրան-ԱՄՆ հարաբերություններում որոշակի դրական դինամիկա։
Սա տեսականորեն հնարավոր էր, քանի որ կորոնավիրուսի պատճառով առաջացած խնդիրները, մարդկային մահերը, ստիպում են առավել գթասիրտ լինել այն երկրներին, որոնք ունեն հնարավորություն պայքարելու այդ վարակի դեմ, օգնելով նվազ հնարավորություն ունեցող երկրներին։ Իրականում ստեղծվել էր Իրան-ԱՄՆ հարաբերությունները կարգավորելու ևս մեկ հնարավորություն, որը, ցավոք, անտեսվեց։
Ավելին՝ ապրիլի սկզբներին Իրան-ԱՄՆ հարաբերություններում մշտական լարվածության սանդղակը բարձրացավ Պարսից ծոցում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։ Ապրիլի 15-ին ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի կենտրոնակայանը նշել է, որ Իրանի ռազմածովային ուժերը վտանգավոր զորաշարժեր են իրականացնում ԱՄՆ-ի նավերի մոտ՝ ընդհուպ մոտենալով ԱՄՆ-ի նավերին մինչև 10 մետր հեռավորություն։ Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչն էլ փաստեց, որ ավելի վաղ՝ ապրիլի 6-7-ին, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավերը։ Սա կարելի էր գրանցել Իրան-ԱՄՆ ամենօրյա լարված հարաբերությունների ցուցակում, եթե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ անդրադարձ չկատարեր ստեղծված իրավիճակին և չկարգադրեր Պարսից ծոցում կանգնած ամերիկյան ուժերին ոչնչացնել իրանական բոլոր այն նավերը, որոնք վտանգավորության աստիճանի մոտ կգտնվեն ամերիկյան նավերին։ Այս գործողություններից հետո ԻՀՊԿ-ն որոշում կայացրեց մեծացնել Պարսից ծոցում իր ներկայությունը։
Որպեսզի այս լարված մթնոլորտը փոքր-ինչ լիցքաթափի, Իրանի նախագահը հեռախոսազրույց ունեցավ Կատարի Էմիրի հետ, ինչն անմիջապես տեղադրվեց պաշտոնական լրահոսում։ Հեռախոսազրույցի ժամանակ նախագահը նշել էր, որ «իրենք ուշի ուշով հետևում են Պարսից ծոցում տեղի ունեցող զարգացումներին, սակայն չեն ձգտում բախման»։
Այստեղ պետք է խոսենք այն իրողության մասին, որ երբեմն Իրանի նախագահի և ԻՀՊԿ-ի կարծիքները չեն համընկնում։ 2018 թգ-ից ի վեր, երբ ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս եկավ Իրանի հետ կնքած միջուկային ծրագրից, ակնհայտորեն նկատվում է նաև Իրանի նախագահի դիրքերի թուլացում։ Դա ամրագրվեց նաև խորհրդարանական վերջին ընտրություններով, երբ մեջլիսում ընտրվողների էական մեծամասնությունը կազմեցին պահպանողական թևի ներկայացուցիչները։
Լարվածության չափաբաժինը մեծացավ նաև ապրիլի 22-ին Իրանի կողմից «Նուր» հրթիռի տիեզերք բաց թողնելուց հետո, ինչը հստակ ուղերձ էր ողջ աշխարհին, որ Իրանը ձգտել է ու ձգտում է նվաճումներ ունենալ գիտատեխնիկական ոլորտում և նրա ծրագրերի կյանքի կոչմանը չեն խոչընդոտի ո՛չ ԱՄՆ-ի պատժամիջոցները, ո՛չ էլ համավարակը։ Հստակ է, որ Իրանը տարածաշրջանային գերտերության հայտ է ներկայացրել և փորձելու է ամեն գնով այն պահպանել։ Այս համատեքստում ուշագրավ է այն փաստը, որ ԱՄՆ-ն հունիս ամսից կսկսի Իրաքից իր զորքերը դուրս բերելու գործընթացի շուրջ քննարկումները։ Իհարկե, վստահ ենք, որ այն տեղի չի ունենա շատ արագ և Միացյալ Նահանգները կփորձեն իրենց ներկայությունը պահել Իրաքում։ Սակայն, երբ նրանք դուրս գան Իրաքից, այդ վակուումը արագորեն կլրացվի տարածաշրջանային ուժերի կողմից։ Ակնհայտ է, որ Իրանը այս գործում ևս ակտիվություն կցուցաբերի։
Իրան-ԱՄՆ հարաբերություններում ակնհայտ անհանգստացնող ևս մի քանի գործողություններ տեղի ունեցան. ինչպես գիտենք՝ 2020 թ. հոկտեմբերին լրանում է Իրանի՝ զենք ձեռք բերելու միջազգային արգելանքի ժամկետը և Միացյալ Նահանգները, այլևս չլինելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) մաս, այնուամենայնիվ, փորձում է օգտագործել բոլոր լծակները, որպեսզի երկարացնի Իրանի նկատմամբ միջազգային էմբարգոն՝ զենք ձեռք բերելու հարցում։ Այս թեմային է անդրադարձել նաև ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վասիլի Նիբենզան մայիսի 12-ին հեռավար մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ ՀԳՀԾ-ից ինչ-որ բան անել պահանջելու համար առնվազը պետք է լինել այդ ծրագրի անդամ։ Իսկ այս պահին, ըստ դեսպանի, ինքը չի տեսնում որևէ պատճառ շարունակելու Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն։
Իրանի հետ կապված խնդիրը խիստ անհանգստացնում է ԱՄՆ-ին և դրա ապացույցն է, որ մայիսի 13-ին համաճարակի այս իրավիճակում ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն ժամանեց Իսրայել՝ հանդիպելու վարչապետի հետ և քննարկելու Իրանի, Պաղեստինի ու COVID 19-ի թեմաները։ Ուշագրավ է նաև, որ հանդիպման ժամանակ Փոմփեոն, ըստ էության, հերքեց նախկինում իրենց հնչեցրած այն կարծիքը, ըստ որի՝ իրենք չեն ցանկանում վերացնել Իրանում գործող վարչակարգը։ Երուսաղեմում Բենյանին Նաթանյահուի հետ հանդիպման ժամանակ, ըստ ՏԱՍՍ գործակալության, նա նշել է, որ «այաթոլլահների ռեժիմի հնարավորությունների նվազեցմանը միտված արշավը, որի մաս են կազմել նաև իրենք, տալիս է իր պտուղները»:
Բոլոր այս գործողություններից հետո, եթե Միացյալ Նահանգներին, այնուամենայնիվ, չհաջողվի երկարացնել Իրանի՝ զենքի ձեռքբերման արգելանքը, ապա մեծ հարցականի տակ կդրվի Միացյալ Նահանգների նախագահ Դ.Թրամփի ՀԳՀԾ-ից դուրս գալու որոշման արդյունավետության տրամաբանությունը, քանի որ Իրանը մյուս մասնակիցների հետ շարունակում է իր աշխատանքները, թեպետ գտնվելով ԱՄՆ-ի ծանր պատժամիջոցների տակ։ Իսկ եթե, ամեն դեպքում, նախագահ Թրամփին հաջողվի երկարաձգել զենքի ձեռքբերման արգելանքը, ապա ամենայն հավանականությամբ Իրանն ամբողջությամբ կլքի ՀԳՀԾ-ն, քանի որ մնալով այդ ծրագրում, միևնույն է, ԵՄ-ից չի ստանում այն ծավալի օգնություն, որ կարողանա լուծել երկրի առաջ կանգնած ահագնացնող մարտահրավերները։ Այս ամենին պետք է ավելացնել նաև, որ 2021 թ. Իրանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, և հաջորդ նախագահը, որը, կարծում ենք, աչքի կընկնի առավելապես պահպանողական հայացքներով, շատ հնարավոր է, որ չհամաձայնվի իրականացնել ՀԳԾՀ պահանջները՝ ամերիկյան առկա պատժամիջոցների առկայության պարագայում, և ԻԻՀ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի օրինակով կրկին փակի համագործակցության դռները՝ սկսելով միջուկային ոլորտում իրականացնել նոր հետազոտություններ։
Այս համատեքստում պետք է նշել, որ 2020 թ. ԱՄՆ-ում ևս տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, և այս պահի դրությամբ բավական մեծ առավելություն ունի գործող նախագահը։ Հակված ենք կարծելու, որ ընտրություններից հետո ականատես ենք լինելու Իրանի նկատմամբ էլ ավելի կոշտ քաղաքականության։
Երկրորդ անհանգստացնող գործընթացը տեղի ունեցավ մայիսի 7-ին ԱՄՆ-ում, երբ Սենատը չկարողացավ հաղթահարել նախագահ Թրամփի վետոն, ուստի վերջինս կարող է առանց օրենսդիրների համաձայնության պատերազմական գործողություններ սկսել Իրանի դեմ։
Այս ամենը ստիպում է եզրակացնել, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո տարածաշրջանում ականատես կարող ենք լինել լարվածության նոր դրսևորումների։
Որպես ամփոփում կցանկանայի նշել, որ տարածաշրջանային յուրաքանչյուր լարվածություն ուղղակի կամ անուղակի կերպով ազդում է տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության, տնտեսության զարգացման, բարոյահոգեբանական վիճակի վրա։ Այդ ընթացքում ակտիվության նշաններ են նկատվում սառեցված կամ կիսասառեցված հակամարտություններում, ինչը հղի է տարաբնույթ վտանգներով, հենց նույն տարածաշրջանի համար։
Հայաստանի հարևան երկիր Իրանում տեղի ունեցող յուրաքանչյուր գործողություն խիստ կարևորվում է մեզանում։ Հայաստանը և Իրանը ունեն բազմաթիվ տնտեսական ծրագրեր, որոնց մեծ մասը այս պահին սառեցված են Իրանի տնտեսության ծանր պայմաններում գտնվելու պատճառով։ Որպես փաստ նշենք մեկ ծրագիր. Իրանի և Հայաստանի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծը պետք է շահագործման հանձնվեր մինչև 2019 թվականի սեպտեմբեր ամիսը, սակայն 2020 թ. մայիսին անգամ իրական ինֆորմացիա չկա շահագործման հանձնելու մասին։
Ակնհայտ է, որ թե՛ կորոնավիրուսը, թե՛ ԱՄՆ-ի պատժամիջոցների և լարվածության չափաբաժինը հավելյալ խնդիրներ են ստեղծելու այդ ծրագրերի կյանքի կոչմանը, և հավելյալ աշխատանքներ տանելու անհրաժեշտություն է նկատվելու ապագայում։