24.07.2020
Շահին Ռզաև, Բաքու
Հայ–ադրբեջանական սահմանին հուլիսի 12-16–ը տեղի ունեցած մարտական գործողությունները հերթական կարևոր էջը դարձան հակամարտության պատմության մեջ, որն արդեն 30 տարուց ավելի է ձգվում։ Սակայն այս «փոքր պատերազմը» տարբերվում էր մյուս նման սրացումներից, որոնցից վերջինը տեղի ունեցավ 2016 թ–ի ապրիլին։
Գլխավոր տարբերությունը. այս անգամ մարտերն ընթանում էին ոչ թե ղարաբաղյան ճակատում, այլ բացառապես երկու երկրների պետական սահմանին։ Փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել և ինչի կարող է բերել հետագայում։
Նախապատմություն
Գործողության վայրն Ադրբեջանի հյուսիս–արևմտյան հատվածում գտնվող Թովուզի շրջանն էր։ Երկու տարի առաջ Ադրբեջանի ղեկավարությունը որոշել էր Ազգային բանակի՝ սահմանի այդ հատվածում տեղակայված կանոնավոր զորքերը փոխարինել Պետական սահմանային ծառայության (ՊՍԾ) զորքերով։
Այն ժամանակ շատ մեկնաբաններ, ինչպես նաև տեղի բնակիչներ այդ որոշումը տարակուսանքով ընդունեցին։ Նրանց կարծիքով, պատերազմական ժամանակ ճակատային գծում պետք է բանակ լինի, իսկ արդեն խաղաղ ժամանակ, երբ երկու անկախ պետություն ճանաչեն միմյանց սահմանները, թող հերթապահություն իրականացնեն սահմանապահները։ Ոմանք այդ որոշումը բացատրում էին երկու գեներալների՝ Զաքիր Հասանովի և ՊՍԾ ղեկավար Էլչին Գուլիևի միջև մրցակցությամբ։
Սակայն դժգոհները սկսեցին հանդարտվել, քանի որ պարբերաբար լուրեր էին ստացվում, որ սահմանի այդ հատվածում ադրբեջանցի սահմանապահներն այսքան մետր առաջ են գնացել, հերթական դիրքն են հաստատել այնինչ բարձունքում։ Բնականաբար, ողջ հայ–ադրբեջանական սահմանը զատված չէ, և այնտեղ «չեզոք գոտիներ» կան, որտեղ էլ, ըստ ամենայնի, տեղափոխվում էին ադրբեջանական դիրքերը։
Այդպես էր մինչև 2020 թ–ի հուլիսը, երբ անսպասելիորեն նման քայլի դիմեց հայկական կողմը և իր դիրքը հաստատեց ադրբեջանական երկու դիրքերի միջև։
Բախման ընթացքը
Միանգամից ասեմ, որ Հայաստանի ՊՆ վարկածը, թե ադրբեջանցի սահմանապահները թեթև ՈՒԱԶ–ով փորձել են պետական սահման խախտել կամ իբր մոլորվել են, ծայրահեղ անհավանական է թվում։ Հենց հայկական լրատվամիջոցների տարածած տեսանյութում երևում է, որ մեքենան տեղաշարժվում է բանուկ գրունտային ճանապարհով՝ սովորական երթուղով։
Զգուշացնող կրակոցներից հետո անձնակազմը լքել է ավտոմեքենան և հետ գնացել։ Հետախույզներն ու դիվերսանտներն իրենց այդպես չեն պահում։
Որոշ ժամանակ անց ադրբեջանական զորքերը փորձել են վերադարձնել դիրքը, սակայն մարտերը ձգձգվել են, երկու կողմերն էլ կորուստներ են կրել, ընդ որում, ադրբեջանական կողմը բարձրաստիճան երկու սպա է կորցրել։
Չորս օր անց կրակոցները քչացել են, այդ դիրքի ճակատագիրը դեռևս պարզ չէ։ Տեղեկությունները հակասական են, իսկ անկախ լրագրողներին այնտեղ չեն թողնում։
Ադրբեջանական կողմի արձագանքը
Ակնհայտ էր, որ ադրբեջանական իշխանությունները հանկարծակիի են եկել այդ իրադարձություններից։ Այն, որ ՊՆ, ՊՍԾ և ԱԳՆ մամուլի ծառայությունները մեծ ուշացումով էին տեղեկություններ տրամադրում, դեռ չարյաց փոքրագույնն է։ Մենք՝ տեղի լրագրողներս, դրան սովոր ենք, և, ցավոք, Ադրբեջանի քաղաքացիների մեծ մասը ստիպված է տեղեկություններ ստանալ սոցցանցերից, ինչպես նաև հայկական աղբյուրներից, որոնք շատ ավելի օպերատիվ են աշխատում։
Սակայն մի քանի սխալ պետք է հատուկ նշել։ Բանակում պոպուլյար գեներալ Փոլադ Գաշիմովի մահվան մասին տեղեկություններից հետո մի քանի հազար մարդ էր փողոց դուրս եկել Բաքվում։ Նախագահ Իլհամ Ալիևը հաջորդ առավոտյան իր ելույթում ասաց, որ ինքն անձամբ է ոստիկանությանը հրահանգել չցրել մարդկանց՝ չնայած խիստ կարանտինային ռեժիմին և ակցիայի չարտոնված լինելուն։ Սակայն ինչ–որ պահի մի խումբ մարդիկ ներխուժել են խորհրդարան, այնտեղ ինչ–որ բաներ կոտրել։ Մյուս խումբը սկսել է բղավել «հրաժարակա՜ն»։ Ստիպված են եղել ցրել։
Իր ելույթում նախագահն ասաց, որ զորակոչի հանձնաժողովի ղեկավարն իրեն զեկուցել է, որ «ընդամենը 150 մարդ է կամավորագրվել», և նրանց կեսից ավելին հենց Թովուզի շրջանի բնակիչներն են, որտեղ մարտեր էին ընթանում։
Դա նախագահի ակնհայտ սխալն էր։ Մարդիկ պարզապես չէին կարող ինչ–որ տեղ գրանցվել երեկոյան 9–ին, այն էլ՝ կարանտինի ժամանակ։ Սխալը փորձեցին հարթել, այժմ, ըստ պաշտոնական տվյալների, կամավորագրվածների թիվն անցնում է 50 հազարը։
Նախագահն իր հուզական ելույթում ևս մեկ, նույնիսկ ավելի կոպիտ քաղաքական սխալ թույլ տվեց։ Ընդդիմության մասին խոսելիս նա ասաց, որ «այդ մարդիկ հայերից վատն են»։ Այստեղ առանձնապես բացատրելու բան չկա։ Ինչպե՞ս կարելի է Ղարաբաղի հայերին «ամենալայն ինքնավարություն» առաջարկել, եթե «հայությունը» նշվում է որպես վատ որակների էտալոն։ Հանգուցյալ Հեյդար Ալիևն այդպիսի սխալներ երբեք չէր անում։
Երրորդ սխալն արեց պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար գնդապետ Վագիֆ Դարգյահլին։ Պատասխանելով Մինգեչաուրի ջրամբարին հրթիռով հարվածելու (վաղուց պաշտոնաթող) հայ գեներալ Տեր–Թադևոսյանի սպառնալիքի մասին լրագրողի հարցին, նա հիշեցրեց «նորագույն հրթիռների» մասին, որոնք կարող են պայթեցնել Մեծամորի ատոմակայանը։
Սա այն դեպքում, երբ ԱԷԿ–ն Ադրբեջանի սահմանից 70 կմ, Թուրքիայի սահմանից ընդամենը 16 կմ հեռավորության վրա է, և վթարը կհանգեցներ ողջ տարածաշրջանի համար անդառնալի աղետի։
Հայկական լրատվամիջոցները, բնականաբար, կառչեցին այդ հայտարարությունից, սկսեցին տարածել այն համապատասխան մեկնաբանություններով։ Շատ համաշխարհային պարբերականներ նույնպես անդրադարձան դրան՝ վկայակոչելով հայկական աղբյուրները։
Ադրբեջանական ընդդիմության արձագանքը
Այս օրերին ընդդիմադիր առաջնորդները, չնայած նախագահի՝ ընդդիմությանը քննադատող ծայրահեղ հուզական ելույթին՝ զսպվածություն դրսևորեցին և հայտարարեցին ժամանակավորապես ներքին հակասությունների մասին մոռանալու պատրաստակամության մասին։
«Թող իշխանությունները չանհանգստանան իրենց թիկունքի մասին։ Մենք հետաձգում ենք մեր բոլոր տարաձայնություններն ու վեճերը մինչև ավելի լավ ժամանակներ։ Պետք է միավորվել թշնամուն հակահարված տալու համար», — ֆեյսբուքյան իր էջում գրել է Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին։
Նմանատիպ հայտարարություններ են արել նաև մյուս ընդդիմադիր կուսակցությունների՝ «Մուսավաթի» և ՌԵԱԼ–ի առաջնորդները։
Ի՞նչ է լինելու
Հուլիսյան մարտերի գլխավոր արդյունքն, իմ կարծիքով, հոգեբանական առավելության կորուստն էր, որն Ադրբեջանն ուներ 2016 թ–ի ապրիլյան «քառօրյա պատերազմից» հետո։
Կարծում եմ՝ պետք է սպասել նոր միջադեպերի, հավանաբար, ճակատի մյուս հատվածներում։ Ադրբեջանը սպառնացել է «ասիմետրիկ պատասխան» տալ։ Թե ինչ է դա նշանակում, կարելի է միայն կռահել, դեռևս ոչինչ պարզ չէ։
Հատկապես, որ այս օրերին պաշտոնանկ է արվել երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը (դա ուղղակիորեն կապված չէ սահմանին կատարված իրադարձությունների հետ)։
Ադրբեջանը ողջ բանակցային գործընթացը «ռեստարտ» անելու և մաքուր էջից սկսելու առիթ ունի։ Ես նույնիսկ սպասում եմ, որ նա կհրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունից (որքա՞ն կարելի է) և Հայաստանի Հանրապետության ու չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների հետ ուղիղ բանակցություններ կսկսի։ Հնարավոր է, Ռուսաստանի հովանու ներքո (դե, ինչպե՞ս կլինի առանց Ռուսաստանի)։