Հատկանշական է, որ զորավարժություններն անցկացվում են վերջերս Ադրբեջանի և Հայաստանի սահմանի այլ՝ տավուշյան հատվածում, տեղի ունեցած սրացումից հետո։
Հայաստանի համար Նախիջևանում թուրք–ադրբեջանական զորավարժությունների նշանակությունը JAMnews–ին ներկայացրել է Հայաստանի պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
Թուրք–ադրբեջանական տանդեմն՝ ընդդեմ Հայաստանի
Վերջին տարիներին թուրք–ադրբեջանական տանդեմը Նախիջևանը վերածել է Հայաստանի դեմ ագրեսիայի պլացդարմի, և համատեղ զորավարժությունները կրկին այդ մասին են վկայում։
Թուրքիան նպատակաուղղված ընդգծում է իր ռազմական ներկայությունը Նախիջևանում, անգամ արդեն բանակցություններ են գնում այստեղ թուրքական ռազմաբազայի տեղակայման մասին։ Իսկ դա սպառնալիք է ոչ միայն Հայաստանի համար։ Տարածաշրջանում Թուրքիայի ամրապնդումը մեծապես կհարվածի նաև Ռուսաստանի և Իրանի ազգային շահերին։
Թուրքիայի ակտիվացմանն ու որպես հետևանք Հարավային Կովկասում ռուսական ազդեցության կորստին կհետևի Ռուսաստանի հարավային սահմանների ապակայունացում, ինչում էլ հենց հետաքրքրված է Թուրքիան։
Ռուսաստանի հարավային սահմաններն արդեն կհարևանակցեն ագրեսիվ տրամադրված Թուրքիային, որը քողարկված տարածքային հավակնություններ է ունենալու Ռուսաստանի նկատմամբ՝ նրա տարածքում անջատողական ուժերին և իսլամական ու քվազիպետական կազմավորումներին աջակցելու տեսքով։ Ռուսաստանը կորցնելու է իր ազդեցությունը տարածաշրջանում՝ դրա փոխարեն ստանալով Թուրքիայի ազդեցությունը։
Զորավարժությունների անվան տակ Թուրքիան ռազմական կոնտինգենտ և տեխնիկա է մտցնում Նախիջևան, և մեծ հարց է, թե արդյոք դրանք դուրս է բերելու զորավարժություններից հետո։ Ընդ որում, այն կարող է կենտրոնացնել ինչպես անձնակազմի զգալի թիվ, այնպես էլ մարտական տեխնիկա, իսկ դուրս բերել՝ մուլյաժներ։
Սակայն Թուրքիան պետք է հաշվի առնի Հայաստանի ուժը Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցության համատեքստում, որոնց համատեղ ջանքերը լիովին կարող են կանխել իրենց համար անբարենպաստ սցենարը։
Ի դեպ, Ռուսաստանն արդեն արձագանքել է թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժություններին՝ իր հերթին, հայտարարելով Կասպից և Սև ծովերի գոտու հարավ–արևմտյան ուղղությամբ արտահերթ զորավարժություններ անցկացնելու մասին։ Այդ զորավարժություններին հայկական կողմը նույնպես իր մասնակցությունն է ունենալու։
Սա շատ կարևոր է։ Սա օպերատիվ և շատ հզոր արձագանք է, որը հաստատում է թեզն այն մասին, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական կարևորության շահերը համընկնում են։
Այսօր հայ–ադրբեջանական սահմանին հանգիստ է, հայկական բանակը լիակատար վերահսկում է իրավիճակը։ Եվ Հայաստանը, և Ռուսաստանը ուշադիր հետևում են Նախիջևանում կատարվող իրադարձություններին, և թուրքական կողմն այս մասին շատ լավ գիտի և իրեն հաշիվ է տալիս։
Թուրքիան հասկանում է, որ զորավարժությունների փոխակերպումը Հայաստանի նկատմամբ ագրեսիվ գործողությունների կհանգեցնի հենց իր համար ծայրահեղ ցավոտ հետևանքների։
Նախիջևանի նշանակությունը
Չնայած այն բանին, որ դե յուրե Նախիջևանն Ադրբեջանի վերահսկողության տակ է, դե ֆակտո այդ տարածքը և տնտեսական, և ռազմական տեսանկյունից ինտեգրված է հենց Թուրքիային, և դրա պատճառը նրա էքսկլավային վիճակն է։ Այդ շրջանը բաժանված է Ադրբեջանի հիմնական տարածքից և սահմանակից է Հայաստանին, Իրանին ու Թուրքիային։
Թուրք–ադրբեջանական տանդեմի համար շատ կարևոր է Նախիջևանն Ադրբեջանի տարածքին միացնելը։ Սակայն դա ուղիղ սպառնալիք է Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականությանը։ Այդ նախագիծն իրականացնելու համար թուրք–ադրբեջանական տանդեմը պետք է օկուպացնի Հայաստանի Սյունիքի մարզն ու Լեռնային Ղարաբաղի հարավային շրջանները։
Պետք է նշել, որ Ռուսաստանի համար նման հեռանկարը բնավ ուրախալի չէ։ Այն սպառնալիք է նաև Իրանի ազգային շահերին։ Այդ պարագայում այն կտրվում է Հայաստանից, և Իսլամական Հանրապետության հյուսիսային սահմանը հայտնվում է թուրք–ադրբեջանական տանդեմի, ինչպես նաև դրանց հետևում կանգնած գլոբալիստական ուժերի լիակատար վերահսկողության տակ։
Ադրբեջանը թուրքական երկրորդ պետական կազմավորումն է։ Կարծիք կա, որ 1918 թ–ին այն ստեղծվել է Իրանի հյուսիսի նկատմամբ հավակնություններն օրինականացնելու համար։ Եվ այդ հավակնություններն իրական սպառնալիք են Իրանի տարածքային ամբողջականության համար։
Հայաստանի սեփական ուժերը բավական են Ադրբեջանի հետ սահմանին իր դեմ ագրեսիային դիմակայելու համար։ Ռուսաստանի դաշնակցային աջակցությունը կարող է պետք լինել միայն թուրքական, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ։ Հայաստանի արևմտյան սահմաններին ռուս սահմանապահների և 102–րդ ռազմաբազայի առկայությունը Թուրքիային թույլ չեն տա ագրեսիայի դիմել։ Հարվածի կարելի է սպասել հենց Նախիջևանի տարածքից։
Այդ ագրեսիային թուրքական ներգրավվածությունը կարող է տարբեր լինել։ Դա ոչ միայն կանոնավոր զորքեր են, որոնք կարող են ներդրվել ադրբեջանական կոնտինգենտում և ադրբեջանական բանակի անվան տակ հարված հասցնել։ Կարող են նաև ահաբեկչական ուժեր ներգրավվել ադրբեջանական հատուկ ջոկատների կազմ։
Բայց և հայկական դիրքերն այս ուղղությամբ բավական ամուր են, բացի այդ, ռուսական մասնակցություն, ակնհայտորեն, նույնպես կլինի։ Եթե հարվածը կամ որևէ սրացում տեղի ունենա Նախիջևանի ուղությամբ, դա կընկալվի որպես հարված Թուրքիայի կողմից։ Ինչը կհանգեցնի համապատասխան հետևանքների։
Ռուսաստանի հետ դաշնակցային պայմանագիրը գործնական կիրառում կստանա, ընդ որում՝ տարբեր տեսքով, այդ թվում՝ մարտական գործողություններին ռուսական կոնտինգենտի ներգրավմամբ։
Սակայն այժմ այդ ուղղությամբ հանգիստ է, և հայկական կողմը վերահսկում է իրավիճակը։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի ԶՈՒ-ն մարտական պատրաստվածության է բերված։
Ադրբեջանը դասեր չի քաղել
2016 թ–ին Լեռնային Ղարաբաղի շփման գծում ապրիլյան սրացումից հետո, երբ Արցախի Պաշտպանության բանակը պատրաստ էր հակահարձակման, Ադրբեջանում պետք է շատ սթափ գնահատեին հայկական կողմի ներուժն ու վճռականությունը։
Ռուսաստանն այն ժամանակ էլ ի պատասխան զորավարժություններ ձեռնարկեց Դաղստանի ուղղությամբ, և դա նույնպես սթափեցնող գործողություն էր Ադրբեջանի համար։
2016 թ–ի քառօրյա պատերազմը կաշկանդում է ղարաբաղյան ուղղությամբ նախագահ Ալիևի նախաձեռնությունը։ Այդ սրացումից հետո պարզ դարձավ, որ ցանկացած ագրեսիա վերածվելու է հենց իրեն ուղղված հարվածի։ Ապրիլյան մարտական գործողություններն այն բանի վկայությունն են, որ Ալիևին չի զեկուցվել ուժերի իրական հարաբերակցությունը, Արցախի Պաշտպանության բանակի և սեփական զինված ուժերի մարտունակությունը։ Ցանկալին որպես իրականություն է ներկայացվել։
Սակայն Ադրբեջանը ևս մեկ անգամ ստանդարտ ճանապարհով գնաց 2020 թ–ի հուլիսին՝ արդեն Հայաստանի հետ սահմանին։ Ադրբեջանը փորձեց ուժի լեզվով իր պայմանները թելադրել բանակցային գործընթացում՝ ապահովելով ուժային դիվանագիտություն վարելու իր իրավունքը։ Եվ այդ փորձը կրկին ձախողվեց։
Հայկական կողմն, ի պատասխան Ադրբեջանի ոչնչով չպատճառաբանված ագրեսիվ գործողությունների, նախաձեռնություն դրսևորեց և բարելավեց այդ հատվածում իր դիրքային վիճակը։
Ադրբեջանը կորուստներ կրեց․ մարտական դիրքեր, տեխնիկա, հատուկ նշանակության ուժերի զինծառայողներ։ Յուրաքանչյուր ագրեսիա լրջորեն վատթարացնում է ալիևյան կլանի դրությունը։ Մարտական կորուստներն ապակայունացնող ներուժ ունեն։ Դա լրացուցիչ խթան է Ադրբեջանում իրավիճակի ապակայունացման և բողոքի տրամադրությունների ուժեղացման համար։