Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երևան
Արցախյան երկրորդ պատերազմն այլևս իրողություն է: Այն ուժերի նոր հավասարակշռություն առաջացրեց Հարավային Կովկասում, ամրապնդեց տարածաշրջանային որոշ հսկաների դերը, նոր խաղացողներ ինտեգրեց Արցախյան հակամարտությունում, իսկ որոշներն ուղղակի մնացին լուսանցքից այն կողմ: Արցախյան պատերազմի հետաքրքիր դրվագներից էր ԵՄ-ի անգործունեությունը կամ պասիվ կեցվածքը պատերազմի ողջ ընթացքում: Չնայած Հայաստանն ու Ադրբեջանը հանդիսանում են ԵՄ-ի Արևելյան գործընկերության վեց անդամներից, ԵՄ-ն կարծես թե չէր շտապում գործնական որևէ քայլ ձեռնարկել իր անմիջական հարևանության գոտում կայունություն ու խաղաղություն հաստատելու համար: Համեմատության համար նշենք, որ Արևելյան հարևանության այլ երկրներում, ինչպիսիք Վրաստանն ու Ուկրաինան են, ԵՄ-ն միանգամայն այլ` պրոակտիվ կեցվածք դրսևորեց:
Արցախյան պատերազմի վերսկսման առաջին իսկ օրերից ԵՄ-ն կրավորական դիրքորոշում ցուցաբերեց, որը չէր հատում խորը մտահոգությունների և անհասցե կոչերի սահմանը: Սեպտեմբերի 27-ին Եվրոպական Միության արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ջուզեպ Բորելին հայտարարություն տարածեց, ըստ որի՝ Եվրոպական միությունը կոչ էր անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ապահովել իրավիճակի դեէսկալացիա և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: «Հրատապ անհրաժեշտ է վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին, առանց նախապայմանների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,-ասվում էր հայտարարության մեջ: Հայտարարությունը, ինչպես գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունների և երկրների` այդ օրերին հնչող հայտարարությունները, անատամ էր և չուներ հասցեական ուղղվածություն: Որևէ մեկի համար գաղտնիք չէր, թե ով էր ագրեսորը և ով էր սկսել խաղաղ բնակչության հրետակոծումն արգելված զինատեսակներով, սակայն ԵՄ-ն ևս բոլորի նման փորձեց հավասարության նշան դնել և չդատապարտել ադրբեջանական ագրեսիան: Պատերազմից ընդամենը մի քանի օր անց` հոկտեմբերի 2-ին, ԵՄ-ն որոշում կայացրեց տրամադրել 500.000 եվրո մարդասիրական աջակցություն:
Պատերազմական օրերին հատկապես ակտիվ էին գործում Եվրոպական խորհրդարանի անդամները, որոնք անդադար հարցեր էին ուղղում Եվրոպական հանձնաժողովին և պահանջում դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան: Հատկանշական էր հատկապես Եվրոպական խորհրդարանում հոկտեմբերի 7-ին կայացած բանավեճը, որտեղ ելույթ ունեցող պատգամավորների գերակշիռ մեծամասնությունն (65-ից 60-ը) անկախ իր քաղաքական և կուսակցական պատկանելությունից լիակատար աջակցություն հայտնեց Արցախի հայությանը, դատապարտեցին Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը պատերազմական գործողություններում և պահանջ ներկայացրեց ճանաչել Արցախը: Սակայն Եվրոպական խորհրդարանը, լինելով միակ ժողովրդավարական մարմինը, չունի որոշումներ և օրենքներ ընդունելու ուժ, ուստի այդ հայտարարությունները մնացին միայն խորհրդարանական պատերի ներսում:
Ի տարբերություն Եվրախորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովը միանգամայն այլ բառամթերք էր օգտագործում և կեցվածք ցուցաբերում պատերազմի նկատմամբ: Ավելին` Ստեփանակերտի և Շուշիի քսանօրյա հրետակոծությունների ժամանակ ԵՄ-ն ոչ մի հասցեական դատապարտող հայտարարություն չտարածեց, սակայն Գյանջայի հրետակոծության ժամանակ ԵՄ-ն դատապարտեց Հայաստանի գործողությունները: Ավելի ուշ ԵՄ-ն ևս 400.000 եվրո մարդասիրական օգնություն տրամադրեց պատերազմից տուժած կողմերին: Պատերազմի ավարտից հետո Եվրոպական հանձնաժողովը հայտարարեց հավելյալ 3 մլն եվրո մարդասիրական օգնություն տրամադրելու մասին, որը թույլ կտա ապահովել կարևոր աջակցություն Լեռնային Ղարաբաղի տարածքում և նրա շուրջ հակամարտության հետևանքով առավել տուժած քաղաքացիական բնակչությանը։ ԵՄ-ի ցուցաբերած պահվածքը խոսուն վկայություն էր, որ ԵՄ-ն հետաքրքրված չէ տարածաշրջանում իր դերակատարության բարձրացմամբ:
ԵՄ-ի որոշման վրա ազդում են տարբեր շահեր ունեցող բազմաթիվ դերակատարներ։ Նախ, կարող ենք առանձնացնել պետական և անդրազգային խաղացողներին: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի էներգետիկ սեկտորում բազմաթիվ խոշոր եվրոպական անդրազգային կորպորացիաներ ներդրումներ են կատարել, ուստի շահագրգռված են խաղաղության և կայունության պահպանմամբ: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, խոշոր բաժնեմասեր ունի որոշ եվրոպական երկրների էներգետիկ ոլորտում, որի արդյունքում վերջիններս միջազգային ասպարեզում հանդես են գալիս ադրբեջանանպաստ դիրքորոշումներով: Ուստի պատահական չէ, որ ԵՄ-ն չարձագանքեց նաև իր անվտանգության ուղղակի սպառնալիքներին, որոնք Թուրքիան և Ադրբեջանը ստեղծել էին տարածաշրջանում: ԵՄ-ի ազդեցիկ անդամ Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ ունի հետախուզական տվյալներ Թուրքիայի կողմից դեպի Ադրբեջան տեղափոխվող սիրիական վարձկանների վերաբերյալ: Համաշխարհային լրատվամիջոցներն աղաղակում էին այդ մասին, սակայն ԵՄ-ն գերադասեց փակել աչքերը տարածաշրջանում անվտանգային լուրջ խնդիրներ առաջացնող այդ փաստի վրա:
Այսպիսով, եթե ամփոփենք, ապա ակնհայտ է, որ ԵՄ-ն ամենևին էլ հետաքրքրված չէր տարածաշրջանում նոր փրկչի դեր կատարելու առաքելությամբ: ԵՄ-ն փորձում է փափուկ ուժի մեթոդներով սահմանափակ ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, սակայն պատրաստակամ չէ հատել այդ սահմանը և առանցքային դերակատարություն ստանձնել հակամարտության կարգավորման և տարածաշրջանային խնդիրների լուծման գործում, ինչպես դա արվել էր ռուս- վրացական պատերազմի ժամանակ:
Փորձենք հասկանալ, թե ինչու ԵՄ-ն միանգամայն այլ կեցվածք ցուցաբերեց 2008-ի ռուս-վրացական պատերազմի ժամանակ: 2003-ին Վրաստանի նախագահ դարձավ Մ. Սաակաշավիլին, ով չէր թաքցրել իր հավակնությունը՝ վերականգնելու Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ազատելու երկիրը ռուսական ազդեցությունից և հետագայում դառնալու ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ: ՌԴ-ն փափուկ միջոցներով՝ պատժամիջոցներով բազմիցս նախազգուշացնում էր Սաակաշվիլուն վտանգավոր խաղ սկսելու մասին, սակայն Սաակաշվիլին անդրդվելի էր իր ցանկությունների մեջ, մանավանդ որ ուներ Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի բացարձակ աջակցությունը:
Հաջորդ գործոնը, որը նպաստեց ռուս-վրացական ռազմական բախմանը 2008-ի գարնանը, Արևմուտքի կողմից Կոսովոյի անկախության ճանաչումն էր: ՌԴ-ի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի ճանաչումը դարձավ Արևմուտքի գործողությունների պատասխան քայլը: Կոսովոյի անկախության ճանաչումից մի քանի շաբաթ անց Բուխարեստում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որտեղ որոշում ընդունվեց Վրաստանի և Ուկրաինայի համար ճանապարհային քարտեզ ընդունելու մասին: Սա նշանակում էր, որ տրվում էր Վրաստանի և Ուկրաինայի ՆԱՏՕ-ի անդամակցության տեսլականն, ինչն, անշուշտ, անընդունելի էր ՌԴ-ի համար: Պետք է նշել, որ այդ որոշումը հատկապես պաշտպանվում էր ԱՄՆ-ի կողմից, իսկ ԵՄ-ի առաջատար երկրներ Գերմանիան և Ֆրանսիան բավականին կասկածամտորեն էին վերաբերվում այդ մոտեցմանը: Արդյունքում տեղի ունեցավ 2008-ի օգոստոսի հնգօրյա պատերազմը, որի հետևանքով Վրաստանը ոչ միայն կորցրեց Հարավային Օսիան և Աբխազիան, այլև ռուսական զորքերի կողմից գնդակոծվեցին նաև բուն Վրաստանի տարածքները: Արդյունքում Վրաստանը կորցրեց այն, ինչ արդեն վաղուց կորցրել էր, սակայն դրա փոխարեն կարող ենք նշել, որ ձերբազատվեց հակամարտությունները՝ որպես ազեցության գործիք կիրառող ռուսական ազդեցությունից: Այսինքն, Վրաստանի արևմտամետ քաղաքականության գինը դարձավ տարածքային ամբողջականության դե ֆակտո ամրագրումը:
Հնգօրյա պատերազմը լավ հնարավորություն էր ԵՄ-ին առանց ռազմական միջամտության մուտք գործելու տարածաշրջան և մեծացնելու իր քաղաքական կշիռն այս տարածաշրջանում: Մինչ 2008-ը տարածաշրջանային հակամարտություններում ԵՄ-ն հանդես էր գալիս միջնորդավորված կերպով՝ այլ կազմակերպությունների շրջանակներում, սակայն հնգօրյա պատերազմը փոխեց հակամարտություններում ԵՄ-ի ներգրավվածություն ձևաչափը: Ռուս-վրացական պատերազմի ժամանակ ԵՄ-ն նախագահող երկրի` Ֆրանսիայի ղեկավար Ն. Սարկոզիի գլխավորությամբ, հանդես եկավ միջնորդական առաքելությամբ: Արդյունքում ստորագրվեց վեց կետից բաղկացած հրադադարի ռեժիմի սահմանման փաստաթուղթ: Այդ կերպ ԵՄ-ն ցույց տվեց ՌԴ-ին, որ ինքն էլ տարածաշրջանային ակտիվ դերակատար է, որը կարող է միջնորդություն ունենալ այնպիսի հարցերում, որոնք նախկինում եղել են միայն ՌԴ-ի մենաշնորհը: Միևնույն ժամանակ, կարծում ենք, որ դա տարածաշրջանում իր հիմնական ռազմավարական նպատակները լուծած ՌԴ-ի և իր հեղինակությունը փրկելու և տարածաշրջանում այն ամրապնդել ձգտող ԵՄ-ի միջև առկա լռությամբ ձեռք բերված փոխշահավետ գործարքի արդյունք էր: Սակայն ՌԴ-ի համար տարածաշրջանում «տաք» հակամարտությունների առկայությունը ևս մի ակնարկ էր, որ ԵՄ-ի էներգետիկ քաղաքականությունը հակասում է ՌԴ-ի շահերին, ուստի ՌԴ-ն չի երկմտի դիմել նաև ռազմական ուժի:
Այսպիսով, ռուս-վրացական պատերազմն ազդարարեց ԵՄ-ի մուտքը արևելյան գործընկերության տարածաշրջան, որը 2009-ին ստացավ ինստիտուցիոնալ բնույթ: Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ ԵՄ-ն կարողացավ հստակ մեծացնել իր դերակատարությունը Ռուսաստանի մերձավոր արտասահմանում: Արցախյան երկրորդ պատերազմը փորձաքար դարձավ նաև ԵՄ-ի համար և բազմաթիվ հարցեր առաջացրեց տարածաշրջանում ԵՄ-ի կշռի և ազդեցության վերաբերյալ: