Այս պատերազմին, ինքներս մեզ չխոստովանելով, մոտենում էինք 24 տարի։ Սա էլ պատրանք էր սնուցում, որ այն «այնուամենայնիվ» չի լինելու, որ, ռուսական «авось»-ին («մեկ էլ տեսար»-ին) ապավինելով, դրանից կկարողանանք խուսափել։
Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
«ԱՌԱՎՈՏ» պարբերականի ռուսական տարբերակի խմբագիր
Երևան
Իհարկե, հետին թվով արտահայտված դատողություններն ունեն զրոյական արժեք, եթե դրանք հիմնված չեն պետականության ողջ կաղապարի արմատական վերանայման, նրա գլխավոր նպատակների և լուծման ուղիների որոնման անհրաժեշտության գիտակցման վրա։
Ամեն դեպքում՝ ամեն ինչ սկսվում է տեղի ունեցածն ըստ փաստերի արձանագրումից։
Մենք և մեր հակառակորդները
Մենք հաղթել ենք Առաջին Ղարաբաղյան պատերազմում, հաղթել ենք մարտադաշտում, բայց չկարողացանք մեր հաղթանակը քաղաքականապես ամրապնդել, որպեսզի այդ առաջին պատերազմը դառնա նաև վերջինը։ Մենք այդպես էլ չհասկացանք, որ եթե մարտի դաշտում հնարավոր էր հաղթել թվապես և որակապես քեզ գերազանցող թշնամուն, ապա քաղաքականության մեջ գործում են այլ չափանիշներ և այլ տրամաբանություն։
Հայոց քաղաքական իրականության մեջ խոսքի արժեզրկումը տարեցտարի հատակ էր «ծակում»։ Ռազմական հաղթանակի արտաքին-քաղաքական կապիտալացման խնդրի լուծման փոխարեն, մենք, մեր հաղթանակով արբեցած, համարձակվելով այդ իրապես Հայրենական Մեծ պատերազմի օրերը «մութ ու ցուրտ տարիներ» կոչել, թույլատրել ենք երկրում քրեաօլիգարխիկ և, ըստ էության, հակապետական համակարգի արմատավորումը՝ շահարկելով հակամարտության չկարգավորվածությունը, հիմարացնելով հասարակությանը կեղծ ռազմահայրենասիրական հռետորաբանությամբ, ներարկելով այն ողջ հասարակական-քաղաքական կյանքի մեջ՝ ընդհուպ մինչև պոպ-մշակույթը։
Նույն այլափոխումը տեղի էր ունենում նաև մեր հակառակորդների մոտ։ Եվ եթե մեր արևելյան հարևանն առաջ էր գնում միլիարդավոր նավթադոլարների, իսկ արևմտյանը՝ ԵՄ և նոր «բարեկամ» Ռուսաստանի հետ համագործակցության վրա հիմնված իր գավառական տարածքների աննախադեպ տնտեսական և տեխնոլոգիական վերելքի հաշվին, ապա մեզ մոտ այս այլափոխումը ձախորդ ընթացք էր արձանագրում, իսկ 2018 թ․ ակնհայտ է դարձել, որ առանց հեղափոխական ցնցումների հնարավոր չէ երկիրը մեռյալ կետից շարժել ու դուրս բերել։
Դուրս բերելու մասով՝ հարաբերականորեն և մասամբ դուրս ենք բերել, բայց ո՞ւր։
… Ֆրիդրիխ Մեծի ռազմական փառքով անհոգացած Պրուսիան 1806 թ․, Նապոլեոնի բանակին հանդիպելով, ռազմական աղետի է ենթարկվել։ Կառլ ֆոն Կլաուզևիցն իր «1806 թ․» վերնագրով գրքում կատարել է տեղի ունեցած աղետի ու նրա պատճառների՝ ռազմական, քաղաքական, դիվանագիտական սխալների անաչառ քննությունը։ Չափազանցություն չի լինի ասել, որ 1870 թ․ Բիսմարկի ղեկավարած Պրուսիայից Ֆրանսիայի կրած պարտությունը սկսվել է հենց այս գրքից՝ գերմանացիների կրած պարտության պատճառների անաչառ, ազնիվ և հանգամանալից քննությունից, այդ պարտության դասերի սերտումից և դրանց հիման վրա՝ պետության և բանակի ամբողջական բարեփոխումից և ծառացած խնդիրների լիակատար ըմբռնումից։ Ճիշտ թե սխալ՝ Բիսմարկին վերագրվում են խոսքեր, թե 1866 և 1870 թթ․ Պրուսիայի մղած պատերազմներում հաղթել է զինվորին դաստիարակած գերմանացի մայրը, նրան ուսում տված գերմանացի ուսուցիչը և նրան ոգևորած գերմանացի քահանան․․․
Իհարկե, մեր պարագայում խոսքը ոչ թե ռազմական ռևանշի, այլ այդ մարտահրավերին մեր սերնդին հասած պատմական պատասխանի մասին է, քանզի գալիք սերունդների առջև կատարվածի համար մեղքի և պատասխանատվության ողջ բեռը հենց մենք ենք կրում։
Այո՛, մենք պարտվել ենք, մենք մեր հաղթանակն ենք զիջել և՛ մարտադաշտում, և՛ բանակցությունների սեղանին։ Պարտվել է մեր արտաքին և ներքին քաղաքականությունը։ Պարտվել է ներսի և արտաքին աշխարհի հետ մեր հարաբերությունների համակարգը, որն ամրության պատմական քննությանը չի դիմացել։
Մեր «բարեկամների» հետ մեր «բարեկամության» արդյունքները
Երբ պատերազմն էր ընթանում, նախագահ Էրդողանը հայտարարել էր, թե «իր եղբայր Իլհամին» ասել էր, որ «Թուրքիան լինելու է Ադրբեջանի կողքին և՛ մարտի դաշտում, և՛ բանակցային սեղանի շուրջ»։ Մինչդեռ «մեր ռազմավարական դաշնակիցն» ամենաբարձր մակարդակում հայտարարություն է արել հակամարտող կողմերից «հավասար հեռավորություն» պահպանելու և Հայաստանի ու Ադրբեջանի իր համար «հավասարարժեք» լինելու վերաբերյալ։ Ընդ որում, պատերազմը՝ գոնե մարդասիրական հրադադարի տեսքով կանգնեցնելու Ռուսաստանի ձեռնարկած բոլոր երեք փորձերը՝ սեփական ջանքերով՝ հոկտեմբերի 10-ին, ապա Ֆրանսիայի հետ համատեղ՝ հոկտեմբերի 17-ին և ԱՄՆ հետ միասին՝ հոկտեմբերի վերջերին, միանգամայն ապարդյուն են եղել։ Այսքանը՝ մակերեսի վրա։ Իսկ եթե ավելի «խորը» քննենք, ապա այդ ժամանակ Ադրբեջանը փաստորեն արդեն Թուրքիայի վերատեսչության/պրոտեկտորատի տակ էր։ Շտաբներում օպերատիվ կառավարումն իրականացնում էին թուրք սպաները, «բայրաքթարները» կառավարվում էին թուրք օպերատորների կողմից, իսկ «հողի վրա», հատկապես պատերազմի վերջին օրերին, կռվում էին Թուրքիայի հատուկ ջոկատայինները․․․
Եվ եթե Մոսկվվայի «նկատողությունն» ինչ-որ չափով կարող էր կաշկանդել Ալիևին, ապա Էրդողանի վրա այն ընդհանրապես չէր ազդում։ Արդյունքում՝ Պուտինը ստացել է սիրիականի հակառակ պատկերը։ Եթե Սիրիայում Ռուսաստանը Թուրքիային որպես մանրադրամ հատկացրել է Իդլիբն ու մի քանի այլ ավելի փոքր կտոր՝ իրեն պահելով համարյա ողջ երկիրը, ապա մեր տարածաշրջանում ռուսներին հասել է միայն Արցախի մնացորդը, որտեղ նրանք կարողացել են խաղաղապահ զորք մտցնել։
… Պարտվել է նաև ռուսական զենքը, պարտվել է Ռուսաստանի հետ մեր «բարեկամությունը», պարտվել է ՀԱՊԿ-ում մեր «անդամակցությունը», որտեղ կարծես թե վերջին անգամ հասկանալի է դարձել, որ մենք դաշնակից չունենք ու չենք կարող ունենալ։ Եվս մեկ անգամ պարզ է դարձել, որ «ՀԱՊԿ պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի վրա չեն տարածվում»։ Հարյուր տարի անց մենք ստացել ենք ևս մի ռուսական «փրկություն» այն հակառակորդից, որն ինտենսիվորեն զինվում էր հենց ռուսների կողմից, որպեսզի Մոսկվայի մատակարարած սպառազինությունը դարձյալ ուղղվի Ռուսաստանի «դաշնակցի» դեմ․․․
Տարածաշրջանում ձևավորվում է նոր ռազմաքաղաքական, իսկ որոշ ժամանակ անց նաև ժողովրդագրական պատկեր․ մի շարք ահաբեկչական կազմակերպություններին պատկանող թուրքամետ սիրիացի վարձկան-գրոհայինները որպես մարտական ավար ստանալու են Ադրբեջանում մնալու հնարավորությունը, ավելին, դատելով մամուլի հրապարակումներից, այնտեղ են տեղափոխվում նաև իրենց ընտանիքները։
Սկզբունքորեն կարևոոր է, որ Մոսկվան Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է համարում, թե Բաքուն ում հետ բարեկամություն անելու կամ ում զորքերն իր տարածք հրավիրելու իրավունք ունի։ Անգամ եթե այդ զորքերը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայինն են։ Ընդ որում՝ արժե հիշել, որ Մոսկվայի տեսանկյունից Վրաստանն ու Ուկրաինան այդպիսի «ինքնիշխան իրավունք» չունեն՝ ընդհուպ մինչև casus belli։ Ասենք, որ Երևանում ԱՄՆ դեսպանատան «չափսերը» ռուսական քարոզչությունը նույնպես հակված չէ ընդունել Հայաստանի «ինքնիշխան իրավունքների» համատեքստում և ամեն առիթով այն, օրինակ՝ Մարգարիտա Սիմոնյանի մոտ, հայհոյախոս կատաղության նոպաներ է առաջացնում։ Բայց սա արդեն այլ խոսակցության նյութ է։
Մեր հնարավորությունները
Տարածաշրջանում նոր իրողությունները և ուժերի նոր հավասարակշռությունը թելադրում են մեր պետական օրակարգի արմատական վերիմաստավորման, վերագնահատման և վերանայման անհրաժեշտություն։ Ակնհայտ է, որ այն օդից չի ընկնում, և մեզ անհրաժեշտ է ազգի մտավոր պաշարի աներևակայելի ճիգն ու հավաքագրումը՝ նոր պայմաններում մեր շահերի ձևավորման և ձևակերպման համար՝ հիմնվելով դրանց բաղադրիչների քննության և անմիջական անցյալի դասերը սերտելու վրա։ Դրա համար, բնականաբար, հարկավոր է ազնիվ զրույցին պատշաճող համապատասխան մթնոլորտ։ Առայժմ, ոչ առանց ապակառուցողական ուժերի ջանքերի, անհանդուրժողականության և հիստերիայի բարձր աստիճանով համեմված զրույցի մակարդակը գտնվում է «Նիկոլ Փաշինյանը պետք է/չպետք է հեռանա» մակարդակի վրա։ Պարզ է, որ սա ժամանակավոր է և շուտով կանցնի։
Ներկայումս, երբ լռել են թնդանոթները, կրկին եկել է դիվանագիտության փուլը, որը սեպտեմբերի 27-ին ընդառաջ նույնպես պարտվել է։ Բայց մենք ունենք բոլոր անհրաժեշտ հնարավորությունները բանակցային սեղանին ամրապնդելու այն, ինչ մեր հերոսական բանակը կարողացել է պահպանել և ամրացնել մարտի դաշտում։ Որպեսզի այդ հնարավորությունները գործարկվեն ու չփոշիանան, հարկավոր է միավորել ջանքերը նոր քաղաքական օրակարգի շուրջ, որն առանց արտահերթ ընտրությունների, առանց ժողովրդավարական մանդատի նորացման և նրա հիման վրա նոր իշխանության ձևավորման առաջընթաց հաջողության հեռանկար չունի։ Իսկ դա Ռուսաստանի համար մեզ՝ այժմ արդեն բանակցային սեղանի շուրջ «փրկելու» ևս մի հրավեր կդառնա, երբ «փրկելուն» ենթակա էլ ոչինչ չի լինի։