Փաշինյանի բանակցային օրակարգը. մեկնարկ նոր կետից զրոյական միջնարդյունքով
Ալեն ՂԵՎՈՆԴՅԱՆ
Քաղաքագետ
Երևան
Արցախի հարցի լուծման Երևանի բանակցային մոտեցումները 2018 թ.-ի հեղափոխությունից (իշխանափոխությունից) հետո գոնե հրապարակային, բայց փոխվեցին: Հենց սկզբից հիմնական հարցն այն էր, թե նորընտիր վարչապետ Փաշինյանը պոպուլիստական տեքստեր արտաբերող, էմոցիոնալ վարքի կրող փողոցային ընդդիմադիրի կերպարից ինչպե՞ս է դուրս գալու և տեղավորվելու ԼՂ խնդրի շուրջ բանակցողի զուսպ ու խոհեմ, հաշվենկատ կարգավիճակում: Սակայն կյանքը ցույց տվեց, որ նա՝ իր էքսցենտրիկ ընդդիմադիրի կարգավիճակից հետ չի կանգնելու, ավելին՝ այդ կերպարի ներքո տարօրինակ ջերմ վերաբերմունքի զեղումներ է ունենալու հակառակորդ պետության ղեկավար Ի.Ալիևի նկատմամբ՝ իրենց առաջին հանդիպման տպավորություններում նրան բնորոշելով որպես «կիրթ անձնավորություն»: Սա մի փոքր տարօրինակ մեսիջ էր, որը հայկական հանրային հարթակներում և հատկապես ընդդիմադիր շրջանակներում բավական սուր ու շատ ոչ միանշանակ ընկալվեց՝ տարբեր տիպի բամբասանքների ու դավադրապաշտական սցենարների տեղիք տալով։
Ալիևը միգուցե և կիրթ է, սակայն այդ «կիրթ անձնավորության» հետ դեռ պետք է կարողանալ բանակցել այնպիսի հարցի շուրջ, որ ոչ միայն համահայկական նշանակություն ունի, այլև մի մասով պայմանավորում է ռեգիոնալ ուժային կենտրոնների հարաբերակցությունը տարածաշրջանում: 2018-ի մայիսին ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանը հայտարարեց. «Ես ԼՂ բանակցությունները սկսում եմ իմ կետից» և «ԼՂ-ն պետք է պարտադիր դառնա բանակցային ձևաչափի մաս»: Ակնհայտ էր, որ դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ «նախկիններից տարբերվելու» պոպուլիստ թեզեր՝ ուղղված հեղափոխական էյֆորիա ապրող ժողովրդին: Մյուս կողմից՝ սա սեփական հեղինակությունը դեռևս հեղափոխական թմբիրի մեջ գտնվող ժողովրդի մոտ նոր գործիքով բարձր պահելու քայլ էր։ Մեր տիպի երկրներում «Արցախյան հարցը» ու դրա շուրջ «ինքիշխանության թեմա»-ների շահարկումը սովորաբար շոյում է հանրային զանգվածների «քաղաքական» քիմքը։ Հետագա իրողությունները հաստատեցին այս պնդումը:
Նման հայտարարություններն, իհարկե, ոչ միանշանակ ընկալվեցին ԵԱՀԿ միջնորդ երկրների շրջանում, քանզի ապրիորի ենթադրում էին տասնամյակներ տևած բանակցային գործընթացի զրոյացում և բանակցային մեկնարկ անհայտության կետից: Թերևս հայտարարությունից ամենից շատ շահեց պաշտոնական Բաքուն: Ադրբեջանում հասկացան, որ այդ պահին Արցախի՝ բանակցային գործընթացում ուղղակի ներգրավվածությունն իրականում անհնար է և դրանից փորձեցին օգտվել՝ բանակցային միջավայր մտցնելով և լեգիտիմացնելով ԼՂ-ում բնակվող ադրբեջանցիների համայնքի ներկայացուցչին:
Արցախը չդարձավ բանակցային սուբյեկտ
2019 թ. հունվարի 16-ին Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան «հակամարտող կողմերի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» հայտարարությամբ, որը ապրիլի 15-ին «վերահաստատվեց» Մոսկվայի հանդիպման ժամանակ, իսկ ավելի ուշ՝ վերջնական արձանագրում ստացավ դեկտեմբերի 5-ին Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական համաժողովում: Հատկանշանակ է, որ համաժողովում ՀՀ արտգործնախարար Զ.Մնացականյանը հայտարարեց, որ Արցախի անվտանգությունը ենթակա չէ զիջման, մինչդեռ նիստի շրջանակներում ընդունած հայտարարությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներն ընդգծեցին, որ Մինսկի խմբի ձևաչափը հակամարտության լուծման անփոխարինելի հիմնակետ է։ Փաստորեն ստացվեց ի՞նչ՝ որ «ես իմ կետից եմ սկսելու բանակցությունները» թեզը ի չիք դարձավ դիվանագիտական գործընթացից, իսկ Արցախը, ցավոք, չդարձավ բանակցային ձևաչափի սուբյեկտ:
Սկզբում հետևողականորեն մերժելով, սակայն հետագայում ընդունելով առանց Արցախի լիարժեք ներգրավվածության բանակցություններ վարելու խաղի կանոնը՝ հայկական կողմը սկսեց հայտարարել բանակցային միջավայրի փոփոխման անհրաժեշտության քայլերի մասին: Որպես դրա դրսևորումներ՝ տեղի ունեցան Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի լրագրողական փոխայցելություններ: Զուգահեռաբար, Ադրբեջանը սկսեց ջանքեր գործադրել ճնշելու Հայաստանին գերիներին ու դատապարտվածներին՝ «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման նպատակով՝ այդ ամենը համեմելով հանրային դիվանագիտական և տեղեկատվական քաղաքականության անհրաժեշտ քայլերով: Հայաստանն այս ամենին ոչ միայն ոչ միշտ էր համարժեք, օպերատիվ կամ բովանդակային արձագանքում, այլև երբեմն առհասարակ չէր պատասխանում:
2020 թ. հունվարի 30-ին Ժնևում եռօրյա ինտենսիվ քննարկումների ընթացքում համանախագահներն ու Հայաստանի և Ադրբեջանի նախարարները քննարկեցին տարբեր հարցեր, որ ներառում էին 2019-ին քննարկված համաձայնությունների ու առաջարկների իրագործումն ու «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» ուղղությամբ հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքներն ու տարրերը, կարգավորման գործընթացի առաջ մղման ժամանակացույցն ու օրակարգը։ Հայկական կողմն այս համատեքստում մեկ անգամ չէ, որ նշում էր. բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա, քննարկվում են բանակցային միջավայրի բարելավման միջոցառումներ, վստահության վերականգնման գործիքներ:
«Մյունխենյան» դեֆիլեն, կամ ինչպես չի կարելի բանակցել
2020 թ. փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգային համաժողովի շրջանակներում Ն.Փաշինյանի և Ի.Ալիևի մասնակցությամբ կազմակերպվեց ԼՂ հակամարտության լուծման պանելային քննարկում: Ի.Ալիևի համակարգված ու թիրախավորված ելույթից հետո Ն.Փաշինյանի՝ ակնհայտ անպատրաստ պատասխանը հայկական դիքորոշումը ներկաների ու մեդիա լսարանի համար դարձրեց ոչ միայն անհամոզիչ ու ոչ ընկալելի, այլև մի քանի դրվագներում ներկաների մոտ ծիծաղ ու քամահրանք առաջացնող: Քննարկմանն ակնհայտ անպատրաստ լինելու և Փաշինյանի վատ անգլերենի համադրությունը, նմանօրինակ քննարկումների փորձի բացակայության հետ հայկական կողմին մեղմ ասած դրեցին անպատվաբեր վիճակի մեջ՝ թուլացնելով Արցախի հարցում հայկական մոտեցումների ընկալելիությունը միջազգային անվտանգության այդօրինակ հեղինակավոր հարթակում: Իրավիճակը չփոխեցին անգամ համաժողովից հետո սեփական ՖԲ էջում ԼՂ կարգավորման Փաշինյանի «Մյունխենյան թեզերը»: Չնայած պարզ էր, որ դրա առաջնահերթ շահառուն հայ ժողովուրդն էր, քանզի դրանով փորձ էր արվում սփոփել մյունխենյան համաժողովում բացասական տպավորությունը և նվազեցնել հեղինակազրկման ռիսկերը:
Փուլային տարբերակ. ո՞վ էր ստում
2020 թ. ապրիլի 21-ին ՌԴ արտգործնախարար Ս.Լավրովը «Ալեքսանդր Գորչակովի» անվան հիմնադրամի տեսակապի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այժմ ակտիվորեն քննարկում են ղարաբաղյան խնդրի կարգավորման նախագծեր, որոնք առաջարկվել են մեկ տարի առաջ Մոսկվայի (2019-ի ապրիլ 15) հանդիպման ժամանակ: «Այդ փաստաթղթերը նախատեսում են կարգավորման ուղղությամբ առաջընթաց` հիմնվելով փուլային մոտեցման վրա, ըստ որի՝ առաջին փուլում պետք է լուծվեն առավել հրատապ հարցերը, ազատագրվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջաններ, ապաշրջափակվեն տրանսպորտային, տնտեսական ու հաղորդակցության այլ միջոցներ»,- նշել է Լավրովը:
Լավրովի հայտարարությունը հաստատեցին նաև Ադրբեջանում: ԵԱՀԿ համանախագահ մյուս երկրներն այս մասին դիվանագիտորեն լռեցին՝ այդ կերպ հաստատելով, որ բանակցային սեղանին ինչ-որ փաստաթուղթ, այնուամենյանիվ, կա, որը, ունի փուլային կառուցվածք: Եվ չնայած ՀՀ ԱԳՆ խոսնակի հայտարարությանը, թե «Հայաստանի համար ընդունելի չեն ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները», այնուամենայնիվ՝ անգամ ՀՀ վարչապետը մայիսի 16-ի իր ասուլիսում հաստատեց Լավրովի հայտարարությունը՝ չբացառելով «փուլային տարբերակի»՝ որպես բանակցային օրակարգի քննարկման մաս լինելը:
2020-ի օգոստոսին հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում տեղի ունեցավ ռազմական բախում հայկական ու ադրբեջանական ԶՈՒ-ի ստորաբաժանումների միջև։ Միջադեպի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ու հատկապես նրա անդամ ՌԴ-ի արձագանքը բավական սուր էր։ Մոսկվայի կողմից հնչեցված թեզերը, թե «կողմերի հայրենասիրական դիտարկումները միայն անընդունելիորեն սրում են իրավիճակը երկու երկրների միջև», ուղղված էր ՀՀ-ին, քանի որ հայկական կողմն էր դիրքային փոփոխության նախաձեռնողը։
Դիլետանտություն VS դավաճանություն
2020 թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանական ստորաբաժանումները Թուրքիայի զինուժի ու ահաբեկչական խմբավորումների անմիջական մասնակցությամբ զանգվածային հարձակման անցան արցախ-ադրբեջանական շփման գծի գրեթե ողջ երկայնքով։ Հաշվի առնելով ադրբեջանական կողմի ուժային գերազանցության բազմապատիկ լինելը՝ հայկական կողմին մեծ դժվարությամբ հաջողվեց դիմագրավել առաջին հարվածը և «ոտքի վրա մնալ»։
Նշենք, որ այս շրջանում հենց պատերազմական առաջին օրվանից հանրային-քարոզչական դաշտ նետվեցին «վճռական մենակի» ու «ՀՀ-ի ինքնիշխանությունը թանկ է ամենից» թեզերը, որոնց իմաստը հետևյալն էր. մենք դիմակայելու ենք մինչև վերջ ու որևէ պետությունից (հավանաբար, նկատի էր առնվում ՌԴ-ն) որևէ աջակցություն չենք խնդրելու։ Սակայն ռազմադաշտային իրողությունները ստիպեցին, որ սկզբում հռչակված մոտեցումները փոփոխվեն, և Երևանը դիմեց Մոսկվային աջակցության խնդրանքով, որը և պատերազմի ողջ ընթացքում ապահովվեց։
Հետագայում, սակայն, բուն ռազմական գործողություններից հետո, այս մասով բավական իրարամերժ հայտարարություններ հնչեցվեցին հայկական ուժային պատասխանատուների կողմից. նախ՝ ՊՆ նախարար Դ.Տոնոյանը նշեց, որ իրենք «չեն ստացել ռազմատեխնիկական այն աջակցությունը, որի ակնկալիքը ունեին», ապա ՀՀ վարչապետը արձանագրեց, որ. «մենք ստացել ենք այն ամենը, ինչի կարիք ունեցել ենք, որի համար շնորհակալ ենք ՌԴ-ին»։ Հայտարարությունների կոորդինացում չկար նաև պատերազմի ողջ ընթացքում Երևանում և Ստեփանակերտում բացված տեղեկատվական կենտրոնների տարածած տեղեկատվության մեջ՝ հատկապես կապված Շուշին հանձնել-չհանձնելու առնչությամբ։
Պատերազմի ընթացքում պետական քարոզչամեքենայի՝ 44 օր տևած մեդիա արշավը, որ անցնում էր «Հաղթելու ենք», իսկ հետագայում «Գյոռբագյոռ» հեշթեգերի ներքո, իր ավարտին հասավ, երբ ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանը նոյեմբերի 10-ին հայտարարեց, որ գաղտնի կերպով կապիտուլյացիոն հրադարարի հայտարարություն է ստորագրել, որով հայկական ԶՈՒ-ի ստորաբաժանումների վերահսկողության տակ է մնում Արցախի՝ նախկին մոտ 12 հազ. կմ քառ. տարածքի միայն 2.5 հազ կմ քառ.-ին։ Արցախ են մտնում ռուսական խաղաղապահներ, իսկ Շուշին անցնում է Ադրբեջանին։ Հայտարարություն, որ բազմաթիվ հարցեր առաջ բերեց, որոնց պատասխանները, բնականաբար, բարդ էր գտնել։
Նմանօրինակ բարդ իրողությունների ու գաղտնի կապիտուլյացիոն հայտարարության ստորագրման հարցերն էլ ավելի շատացան, երբ ՀՀ ՊՆ ՌՎԾ գեներալ-գնդապետ Մ.Հակոբյանն իր հրաժարականի դիմումից հետո նոյեմբերի 19-ին հանդես եկավ ասուլիսով, որտեղ մանրամասն ներկայացրեց, թե ռազմական գործողությունների իրականացման ընթացքում, ինչպես նաև նախկինում ինչ խնդիրներ են եղել՝ կապված ռազմական գործողությունների ժամանակ անհրաժեշտ պահին հայկական ստորաբաժանումների կողմից մարտի մեջ զորքին լրակազմ չապահովելու ՀՀ վարչապետի հրամանի, ոչ պիտանի զինտեխնիկայի ձեռքբերման և մի շարք այլ փաստերի մասով։ Մ.Հակոբյանի ասուլիսի վերաբերյալ իր պատասխանում ՀՀ ՊՆ-ն նշում էր, որ «այն, ինչ ներկայացրել է Մ.Հակոբյանը, «պետական ու ռազմական գաղտնիք պարունակող տեղեկատվություն է…»։ Տեղեկատվական նմանօրինակ քաոսի համատեքստում սառը ցնցուղի դեր ունեցավ ՌԴ նախագահ Վ.Պուտինի՝ «Россия» հեռուստաալիքին տված հարցազրույցը, ուր նա նշեց, որ «պատերազմի այլընտրանք կար, սակայն հայկական կողմը, որքան էլ տարօրինակ է, հրաժարվեց այդ առաջարկից», հավելելով, որ «Շուշիի մասին որևէ խոսք, որևէ բանակցություններում երբեք չի եղել»։
Վերոշարադրյալը, ինչպես նաև անգամ առաջին օղակներից հնչեցվող իրարամերժ տեղեկատվությունը, տեղեկատվական աղբը և բարդ ապացուցելի ինֆոհոսքերը բավական բարդ փաստի առջև են կանգնեցնում փորձագիտական հանրույթի ներկայացուցիչներին իրենց դատողություններում ու գնահատականներում բազամակողմանիություն, լիարժեք փաստարկվածություն ապահովելու իրողության անհնարինության առումով։ Մի կողմից՝ դա տրամաբանական է, մյուս կողմից այս հարցադրումներին պատասխանելը կենսական է։ Հետևաբար, մասնագիտական հանրությունը օբյեկտիվության ցենզով պիտի փորձի ու հավանաբար փորձում է ըմբռնել, թե այս պատերազմում ու Արցախյան խնդրի քաղաքականության մեջ առհասարակ՝ Ն.Փաշինյանի պոպուլիստական դիրքորոշումներն ու քաղաքականությունը զուտ ոչ բավարար հմտության, ոչ պրոֆեսիոնալիզմի, թե դավաճանության օրակարգի հարցեր են։