Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լրագրող
Երևան
Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տևած հերթական Արցախյան պատերազմն արդեն հասցրել են 44-օրյա անվանել։ Այնուամենայնիվ, մի շարք գործոնների բերմամբ, այս պատերազմն ավելի շուտ կարելի է տարօրինակ բնութագրել։ Սա մի պատերազմ էր, որի ժամանակ որոշ ստոորաբաժանումներ բոլոր 44 օրերի ընթացքում սպասում էին հարձակման հրամանի, բայց չկար ոչ միայն հրամանը, այլև հրաման տվողը․․․ Անպատասխան մնացած հարցերն օրըստօրե ավելի են շատանում։ Եվ սա բոլորովին մեր պարտությունն արդարացնելու փորձ չէ, այլ՝ այս իրավիճակի իրական պատճառները հայտնաբերելու ձգտում․․․
Սկզբից ևեթ պետք է խոստովանել, որ Հայաստանն ու Արցախն այդ պատերազմին անպատրաստ էին։ Անպատրաստ էին թե՛ քաղաքական, թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ բարոյական և թե՛ ռազմական հարթության վրա։ Առաջին Արցախյան պատերազմին հաջորդած անցած 26 տարինեերի ընթացքում Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը երկրի անվտանգությունը սահմանափակել և կապել է Ռուսաստանի հետ՝ երկկողմանի դաշինքով և ՀԱՊԿ շրջանակում։ Ընդ որում, ոչ մի թղթում Արցախը՝ որպես ՌԴ կողմից անվտանգության ապահովման սուբյեկտ հիշատակված չէր։ Ավելին՝ Մոսկվայից տարիներով կրկնում էին, որ մտադիր չեն պաշտպանել Արցախը։ Այս ֆոնին, վերջին երկու տարիների բացառությամբ, ՀՀ ԶՈՒ և Արցախի ՊԲ սպառազինությունը որպէս կանոն գալիս էր ռուսաստանյան «պահեստներից»։ Այսպիսով, սեպտեմբերի 27-ին ընդառաջ քաղաքական առումով Արցախը հաճախ անսարք և անցած դարի սպառազինություններով լի «գորշ գոտի» էր։ Ի հակակշիռ հայերի՝ Ադրբեջանը վերջին տասնամյակների ընթացքում հետևողականորեն զինվում էր։ Ադրբեջանը միլիարդավոր և տասնյակ միլիարդավոր դոլարների նորագույն ժամանակակից սպառազինություն էր գնում՝ Ռուսաստանից, Իսրայելից, Ուկրայինայից, Բելառուսից, Պակիստանից, Չեխիայից, և, իհարկե, Թուրքիայից։ Այսպիսով, այսպես կոչված «5-րդ սերնդի պատերազմին» հակամարտող կողմերը հասել են տարբեր տրամադրվածությամբ և, ամենագլխավորը, տարբեր սպառազինվածությամբ։
Իսկ այժմ պարտության օբյեկտիվ պատճառներից անցնենք սուբյեկտիվներին։ Իրենց իսկ սպաների կողմից առաջնագծում լքված ստորաբաժանումների մասին տեղեկությունները ստացվում էին պատերազմի առաջին իսկ օրերից։ Մարդկանց դիրքեր էին բերում և օրերով թողնում առանց ուտելիքի, ջրի, և, ամենագլխավորը, որևէ հրամանատարական ղեկավարման։ Ռազմաճակատի որոշ հատվածներում անհասկանալի, բայց, հավանաբար, իրապես տեղեկացված մարդիկ ժամկետային զինծառայողներին և հատկապես կամավորականներին պատերազմի առաջին օրերին իսկ հորդորում էին լքել դիրքերը և վերադառնալ տուն, քանի որ «ամեն ինչ արդեն պայմանավորված և հանձնված է», իսկ «դուք միայնակ շրջափակման մեջ եք մնացել»։ Այս ամենի հետևանքով թշնամու հետ իսկապես կռվել մտադիր շատ մարդիկ լքում էին դիրքերը և մերկացնում հարևանությամբ գտնվող դիրքերի թիկունքը։
Ընդհանուր առմամբ, ռազմաճակատի տարբեր հատվածներոում իրավիճակը հակադիր էր։ Որոշ հատվածներում, օրինակ՝ հյուսիսում, հայ զինվորներն ու կամավորականները հերոսաբար մինչև վերջ կանգնել են՝ առանց մեկ սանտիմետր իսկ իրենց դիրքերից նահանջելու։ Առաջին շաբաթներին, ադրբեջանական առաջխաղացման գագաթնակետին, հարավում հաջող պաշտպանություն իրականացրած հայկական ճակատն այնուհետև հանկարծակիորեն փլվել է և սկսել է նահանջը։ Հադրութը պաշտպանող հայկական ստորաբաժանումները, անհասկանալի պատճառներով նահանջելով, քաղաքն անպաշտպան են թողել՝ ստեղծելով հարևան Մարտունու շրջափակման վտանգ։ Ընդ որում, Մարտունու ուղղությամբ հայկական պաշտպանական գծերը դիմադրում էին մինչև մարտերի վերջին օրերը։ Իսկ բերդաքաղաք Շուշին, ըստ բազմաթիվ վկայությունների, մենք պարզապես հանձնել ենք։
Եվ ահա այստեղ՝ Շուշիում, առաջին պլան է մղվում մի շատ տարօրինակ հանագամանք՝ ադրբեջանական առաջխաղացման ուղղությունը։ Եթե Ադրբեջանն ու Թուրքիան իսկապես մտադիր էին գրավել ողջ Արցախը, իսկ Ալիևը հենց այդ նպատակն էր տարիներով հռչակում, ապա հիմնական հարձակումը պետք է սպասելիորեն իրականացվեր դաշտային ուղղություններով։ Այդպիսին էր աղդամյան ուղղությունը՝ դեպի Ստեփանակերտ դուրս գալու և պատերազմը վերջինիս գրավմամբ ավարտելու հեռանկարով։ Բայց ադրբեջանական բանակը տվյալ ուղղությամբ պատերազմի ողջ ընթացքում ակտիվ հարձակողական գործողություններից զերծ է մնացել՝ նախընտրելով հարավային և հյուսիսային ուղղությամբ հարվածել։ Եթե գերազանցապես դաշտային՝ հարավային ուղղությամբ նման գործողություններն իմաստ ունեին, ապա հյուսիսում ադրբեջանական բանակն առաջին օրվանից բախվել է անմատչելի արցախյան լեռներին։ Էլ ավելի տարօրինակ էին անանցանելի անտառախիտ ձորերով դեպի Շուշի ներթափանցելու ադրբեջանցիների համառ ջանքերը, որոնք, ի միջի այլոց, հնարավոր են դարձել միայն Հադրութի անկումից հետո։
Ադրբեջանցիների կողմից Շուշիի գրավումն, առհասարակ, առաձին թեմա է։ Ռուս լրագրողների տեղեկություններով (այլ տեղեկատվական աղբյուրներ այդպես էլ ի հայտ չեն եկել) պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին, քաղաքում գտնվել է ընդամենը 200 ադրբեջանցի զինվորական։ Թե ինչպես է հակառակորդի այդպիսի սակավաթիվ ստորաբաժանմանը հաջողվել գրավել բերդաքաղաքը՝ հասկանալի չէ։ Էլ ավելի անհասկանալի են դրանից մեկ շաբաթ առաջ համայն հայությանն ուղղված նախագահ Արայիկ Հարությունյանի կոչերը «կանգնել ի պաշտպանություն Շուշիի»։ Այն ժամանակ, երբ ՀՀ ՊՆ պաշտոնական աղբյուրները զեկուցում էին քաղաքի հաջող պաշտպանության վերաբերյալ, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն անսպասելիորեն հայտարարեց Շուշիի կորստյան մասին։ Ընդ որում, դրանից հետո քաղաքում մարտերը դեռ մի քանի օր շարունակվում էին։ Անգամ նոյեմբերի 10-ին՝ փաստացի կապիտուլյացիայից հետո, հայկական ջոկատները Շուշիում շարունակում էին դիմադրել։ Ավելին՝ ձորերով Շուշի ներթափանցած և տարօրինակ հեշտությամբ բերդաքաղաք գրաված ադրբեջանցիները, չգիտես ինչու, ռուս խաղաղապահների հրամանատարությանը խնդրել են թույլատրել իրականացնելու Շուշի մտած ստորաբաժանման հերթափոխումը Բերձորի ճանապարհով․․․
Այս բոլոր տարօրինակությունների համապատկերում եզրակացությունն, ինքնաբերաբար, ի հայտ է գալիս։ Ադրբեջանական բանակին անհրաժեշտ չէր գրավել Աղդամը, քանի որ այն նրանց սկուտեղի վրա էր խոստացված։ Անհրաժեշտ չէր գրավել Ստեփանակերտը, որտեղ պետք է տեղակայվեր ռուս խաղաղապահների շտաբը։ Իսկ Հադրութն ու Շուշին ոչ մի կերպ չէին կարող դառնալ հետպատերազմական հանձնման առարկա, ինչն էլ կանխորոշել է նրանց ճակատագիրը դեռևս պատերազմի ընթացքում։ 44-օրյա պատերազմի ելքը կանխորոշված էր նրա սկսվելուց առաջ։ Կանխորոշված էր ո՛չ քաջաբար մարտնչած հայկական բանակով, ո՛չ թուրք֊ադրբեջանական բանակով, ո՛չ ահաբեկչական խաժամուժով և ո՛չ իսկ բազմամիլիարդ սպառազինությամբ։ Պատերազմի ելքը կանխորոշված էր աշխարհաքաղաքականությամբ, որը բարեկրթորեն արտահայտվելու պարագայում կոչում են աշխարհաքաղաքական, ռազմավարական, որոշ դեպքերում էլ «կենսական շահեր»։ Որոշ երկրների համար այն Ադրբեջանի վերանվաճված տարածքներում ոսկի արդյունահանելու հնարավորություն էր։ Ոմանց համար՝ Իրանի վրա ճնշում գործադրելու և այն ապակայունացնելու հնարավորություն։ Այլոց համար՝ Ադրբեջանը սեփական գաղութի վերածելու հնարավորություն։ Իսկ ոմանց համար՝ 26 տարի երազախաբ լինելուց հետո Արցախում վերջապես ռազմակայան տեղակայելու և դրանով բոլորին և ամեն ինչ ճնշելու հնարավորություն։ Այլ կերպ ասած՝ Արցախը, դասականի խոսքերով, պարզապես «վերցրել և իրար մեջ բաժանել են», ընդ որում՝ մասնատման քարտեզն ի սկզբանե էր գծված։
Այնպես է ստացվել, որ վերոնշյալ աշխարհաքաղաքական-մորթապաշտական շահերը հայ ժողովրդի համար նոր ողբերգության պատճառ են դարձել։ Հազարավոր սպանվածներ, վիրավորներ, ավելի քան հարյուր հազար փախստական, ուղիղ և փոխաբերական իմաստով փլատակված Արցախ՝ ահա այն գինը, որը մենք վճարել ենք Ալիևի ստացած «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» թույլտվության դիմաց։ Ադրբեջանի ժողովրդի վճարած գինը հայտնի չէ և հազիվ թե երբևէ հայտնի դառնա։ Տոնը փչացնելու կարիք չկա։ Չէ՞ որ գլխավորը «հողերն» են, ներողություն՝ աշխարհաքաղաքական շահերը։ Իսկ կանայք դեռ աշխարհ կբերեն նոր մարդկանց-զինվորների-շահիդների։ Չէ՞ որ նոր սերունդ էլ է պետք նոր՝ ազատագրական, նվաճողական, հիբրիդ, համաշխարհային կամ տարօրինակ պատերազմի համար․․․
Հ.Գ. Եվ ևս մի շատ կարևոր հանգամանք։ Պաշտպանության, մոբիլիզացիայի, տեղեկատվական քաղաքականության պատշաճ կազմակերպումը և Արցախում ու Հայաստանում պարտվողական տրամադրությունների կոշտ կանխումն առնվազն լուրջ ուղղումներ կմտցներ օտարերկրյա խարդավանքներում։ Այս տարօրինակ պատերազմը տեսականորեն կարելի էր ավարտել առնվազն միևնույն ժամկետում, բայց շատ ավելի փոքր տարածքային ու մարդկային կորուստներով՝ առանց հիշատակելու իսկ նախորդ 26 տարիների ընթացքում այս պատերազմին պատշաճաբար նախապատրաստվելու մսխված հնարավորությունները։ Տարօրինակ պատերազմը հնարավոր չէր կանխել, բայց կորուստները նվազեցնելը միանգամայն հնարավոր էր։ Եվ, անկասկած, հարկ է ճանաչել և արժանին մատուցել հայ զինվորի անվեհեր քաջությանը, ինչպես և պարսավել սեփական գործառույթներն ու պարտականությունները կատարելու՝ հայոց ղեկավարության անհեռատեսությունն ու անկարողությունը։