Արցախյան վերջին պատերազմում հայկական կողմի ծանր պարտության շոկային արտահայտումը հանրության ու քաղաքական կյանքի զարգացումների վրա թեև թուլացել, բայց չի սպառվել ու դեռ երկար ժամանակ ներհայաստանյան օրակարգում պարտության ու պատասխանատվության պարզաբանումների պահանջը իր տեղը չի զիջի այլ հարցերի։ Արցախի ենթակայության ներքո գտնվող տարածքների, ինչպես նաև բուն ԼՂԻՄ-ի հողերի կորստի գործընթացը բազում հարցականներ ունի. ռազմական գործողություններին զուգահեռ թե Հայաստանը և թե Ադրբեջանը խնդիր ունեին քարոզչությամբ առավելագույնս պատրաստել հանրությանը ռազմական գործողությունների ցանկացած ելքի։=
Անկասկած, հայ հասարակության ցասումը, դժգոհությունը պատերազմի ելքի հետ կապված պայմանավորված է նաև հենց քարոզչության, ավելի ճիշտ՝ պատերազմի ելքի շուրջ անառողջ հույսերի ձևավորման հանգամանքով ու, մասնավորապես, պետական քարոզչամեքենայի կողմից իրականության քողարկման, ռազմաճակատում առկա վիճակի ոչ ամբողջական ներկայացման ու պատերազմի ընթացքի մասին լավատեսական ֆոն ստեղծելու գործողությունների հետ։ Միայն մեկ օրինակ. հայկական կողմը պատերազմի ընթացքում առաջին անգամ ռազմաճակատի գծի փոփոխության ու վերահսկողության վերաբերյալ քարտեզ հրապարակեց հոկտեմբերի 24-ին՝ պատերազմից մոտ մեկ ամիս անց այն դեպքում, երբ պատերազմի առաջին իսկ օրերից Ադրբեջանը տարբեր խողովակներով հրապարակում էր Արցախում իր վերահսկողության ներքո անցած տարածքների վերաբերյալ իրավիճակը նկարագրող այլ քարտեզ։ Նկատենք, որ Ադրբեջանը թեև անճշտություններով և իր վերահսկողության ներքո չգտնված տարածքներ իր ենթակայությանը վերագրելով, սակայն որոշակի պատկերացում էր փորձում ձևավորել պատերազմի ընթացքի մասին։ Հայ հանրությունն այդ մեկ ամսվա ընթացքում պատերազմի քարտեզագրված ընթացքի մասին ինֆորմացիոն բացը փորձում էր լրացնել ադրբեջանական կամ ռուսական աղբյուրներից, երբեմն նույնիսկ օգնության էր հասնում թուրքական մամուլը։ Թե ինչու ամենօրյա ռեժիմով հանրությանը չէին տրամադրվում քարտեզային տվյալներ առկա վիճակի վերաբերյալ՝ չի պարզաբանվել։ Պաշտպանության նախարարության տրամադրած քարտեզային տվյալները հաճախ պարունակում էին նաև չդադարող մարտերի մասին տեղեկություններ այն դեպքում, երբ Արցախում գտնվող լրագրողներին վաղուց հայտնի էր դառնում նշված տարածքի կորստի փաստը։
Սակայն Ադրբեջանին բոլոր դեպքերում ու անընդհատ հաղթելու մասին պետական քարոզչության թեզերը նոր չեն, դրանք 1994-ից հանրային տրամադրությունների վրա ազդեցություն են ունեցել, իսկ հեղափոխությունից հետո ու, մասնավորապես, արդեն 2019-ից իշխող քաղաքական ուժը սկսեց սեփական ռեսուրսների, ուժերի վրա գերվստահության մի մեծ ալիք տարածել, որը փոխանցվում էր հանրությանը։
Այդ ալիքը հիմնվում էր նոր սպառազինության ձեռքբերման, բանակային կյանքի որոշ օղակների բարելավման և մի շարք այլ գործոնների վրա (նոր ձեռքբերված սպառազինության արդյունավետության հետ կապված արդեն իսկ հարցեր են առաջացել): Առաջ եկան ձեռք բերված ՍՈՒ-30 կործանիչների փրկարար ու արդյունավետ գործողությունների մասին պատումներ, այդ կործանիչները դարձան երկու տարում հեղափոխական իշխանության կողմից բանակի նկատմամբ վերաբերմունքի սիմվոլ, հետին պլան մղելով մի տրամաբանական հարց՝ արդյո՞ք փոխվել էր Հայաստանի ու Ադրբեջանի միջև սպառազինության ծավալների հսկա տարբերությունը։ Իսկ իշխանության կողմից հուլիսյան դիրքային փոքր հաջողությունը որպես մեծագույն ձեռքբերում ներկայացնելու փաստը դարձավ անպարտելիության ու հաղթական քարոզչության բարձրակետը՝ հանրությանը դարձյալ թմրեցնելով անպարտելիության սպասումներով։ Տավուշյան մարտերից հետո 71 զինծառայող պարգևատրվեց «Մարտական խաչ» շքանշանով, և սա հանրային լայն շրջանակներին կարող էր հիմք տալ մտածելու, որ տեղի ունեցած գործողությունը զգալի տարածքային նվաճումների է հանգեցրել։
Պատերազմի առաջին իսկ օրը ընտրված «Հաղթելու ենք» կարգախոսը դարձյալ ազդակներ էր տալիս հանրությանը՝ անբեկանելի դրական արդյունքներ ակնկալել բանակից ու քաղաքական իշխանությունից, դա ամրապնդվում էր նաև հենց պատերազմական օրերին բազմաթիվ զինվորականների «Մարտական խաչ»-ով ու Արցախի հերոսի, Հայաստանի ազգայի հերոսի կոչումների շնորհմամբ։ Պարբերաբար անհայտ կայքերի, սոցցանցային օգտատերերի միջոցով բանակի կողմից վճռորոշ տեղանքների գրավման կամ ազատագրման՝ իրականության հետ աղերս չունեցող լուրերը շարունակում էին ազդել հանրության ենթագիտակցության վրա, տրամադրել մարդկանց պատերազմի դրական ելքի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին ռուսական РБК հեռուստաընկերությանը վստահեցնում էր՝ ղարաբաղցի զորահրամանատարները հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել ու ծուղակի մեջ են գցել ադրբեջանական ռազմական կորպուսը, որը ջախջախիչ հարվածներ է ստացել. «Դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի հիմքը»,- վստահեցնում էր Փաշինյանը։ Բացի այն, որ հակառակորդի կորպուսը օղակելով ջախջախելու մասին հայտարարությունն այդպես էլ արտացոլում չէր գտնում Ադրբեջանի զոհերի տվյալներում, այս հայտարարությունները նաև միանգամայն հակասության մեջ էին տեղից ստացվող լուրերի հետ։ Զինծառայողների հարազատները, կամավորականները այս լավատեսական հայտարարություններից կտրուկ տարբերվող տեղեկություններ էին փոխանցում, և պետական քարոզչամեքենան դրական ելքի չափավոր սպասումներ ձևավորելու փոխարեն պարզապես հանրությանը պատրաստել էր պատերազմի հաղթական ավարտի։ Իսկ հոկտեմբերի 29-ին, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զգուշացնում էր հակառակորդի՝ Շուշիից 5 կիլոմետր հեռավորության վրա գտնվելու փաստի մասին, Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը դա բնութագրեց որպես «մարտակոչ, որը ամեն օր էլ կարող է լինել» ու շեշտեց՝ «հակառակորդի հարձակողական զորախմբերի մեջքը կոտրված է»։
Այն պահին, երբ պաշտոնատար անձինք արդեն փորձում էին իրավիճակի լրջության, ծանրության մասին հաղորդել, հանրությունն այլևս ստացած հաղթական սպասումներից հետո պատրաստ չէր լսել պատերազմի վատ ընթացքի մասին որևէ տեղեկություն։ Իրականության, տարածքային կորստի ահռելի չափերի ու հանրային սպասումների միջև հետևողականորեն ստեղծած պատնեշը խաթարել էր հանրային հաղորդակցությունը, սրան գումարվել էին ռազմաճակատից տեղեկություն հաղորդող անձանց ու մարմինների իրարամերժ հայտարարությունները, ինչի արդյունքում տեղեկատվական քաոս էր տեղծվել, ու շատ դեպքերում լրագրողները պարզապես կանգնում էին պաշտոնական աղբյուրներից նույն տեղեկատվության տարբեր մեկնաբանման գլուխկոտրուկները լուծելու խնդրի առաջ։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Հայաստանում պետության կողմից հիմնվել էր միասնական տեղեկատվական կենտրոն, ևս մեկ նման կենտրոն ստեղծվել էր Արցախում։ Թե ինչու էին այս երկու կենտրոնները միմյանցից անջատ գործում, առանձին-առանձին ինչ խնդիր էին լուծում՝ այդպես էլ չպարզաբանվեց։ Լրատվամիջոցների հետ հաղորդակցության հիմնական դերակատարներն էին ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը, պարբերաբար ռազմաճակատի վերաբերյալ հանրությանը տեղեկություններ էին տրամադրում Պաշտպանության բանակի խոսնակ Սուրեն Սարումյանն ու Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու դեպքերով էլ հաղորդակցությունը Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանի հետ էր։ Այս անձանցից զատ՝ պարբերաբար ուղիղ եթերներով, ուղերձներով էին հանդես գալիս Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը։ Մեծ թվով անձանց ներգրավումը հաղորդակցության գործում ոչ թե բարելավում էր ռազմաճակատի մասին տեղեկատվության ապահովումը, այլ շատուշատ դեպքերում ավելի էր խորացնում կասկածները ինֆորմացիայի ճշմարտացիության հանդեպ։ Հասկանալու համար, թե մեծ թվով անձանց ներգրավումը տեղեկատվության սփռման աշխատանքներում որքան անարդյունավետ էր, հիշեցնենք, որ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը նոյեմբերի 9-ին հայտարարել էր, որ Շուշին ամբողջությամբ դուրս է մնացել հայկական ուժերի վերահսկողությունից։ Մի քանի ժամ անց Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց՝ Շուշիի համար մարտերը շարունակվում են։ Տեղեկատվության չհամակարգված տարածման օրինակները մեկ-երկուսը չեն, ինչ-որ պահից սկսած լրատվամիջոցների համար պետական հաղորդագրությունների նկատմամբ սկսվեց լայն անվստահություն, իսկ հանրության որոշ հատված սկսեց որպես տեղեկատվության աղբյուր դիտարկել ադրբեջանական լրատվամիջոցները։
Նկատենք, որ լրատվամիջոցների նկատմամբ տեղեկատվության տարածման սահմանափակումները կամ դրանց վերացումը ևս էականորեն չբարելավեցին վիճակը։ Պատերազմական օրերին լրատվադաշտ նետված «խայծերը» շատ դեպքերում հաջողությամբ ազդում էին կոնկրետ շրջանակների վրա, ադրբեջանական քարոզչական ուժը սոցցանցերի հայկական հատվածում թիրախային աշխատանքի ու մեդիագրագիտության բացակայության արդյունքում կարողանում էր հաջողություններ ունենալ, օրինակ՝ ստանալ զինծառայողների գտնվելու վայրի, հեռախոսահամարի տվյալներ և այլն։
Պատերազմական օրերին քարոզչական բացթողումների ու դրա հետևանքների խնդիրը պիտի դառնա լրջագույն քննարկման առարկա՝ հետագա ճգնաժամերում անկազմակերպ աշխատանքից ու ձախողումից խուսափելու համար։