Վասակ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Գրող, հրապարակախոս
Երևան
Հնարավո՞ր էր խուսափել պատերազմից
Ոչ, քանի որ.
ա). Հայաստանի ղեկավարությունը դեռևս 1997 թվականին չկարողացավ ներքին համաձայնության գալ հակամարտության լուծման առաջարկվող տարբերակի շուրջ, դիվանագիտական ողջամտությունը պարտվեց ռոմանտիկ-հայրենասիրական-առավելապաշտական կողմնորոշմանը, որի առանցքը ստատուս-քվոյի պահպանումն էր և որը պիտի դառնար դեպի նոր պատերազմի տանող ամենաստույգ ուղին:
Ստատուս-քվոյի պահպանման միակ առավելությունն այդ պատերազմի ժամկետի անորոշությունն էր, որը հմտորեն օգտագործեցին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ ստեղծելով բանակցային գործընթացի պատրանք և ձգելով նախագահության երկուական ժամկետ, այդ ընթացքում կոռուպցիան դարձնելով Հայաստանի գոյաբանության անկյունաքար, զուգահեռաբար թուլացնելով երկրի տնտեսությունը, բանակի մարտունակությունը, կրթությունն ու մշակույթը դարձնելով իշխանավորների ցածրակարգ ճաշակն սպասարկող ծառայություններ:
բ). Արտաքին քաղաքականության հիմքում դրվեց ոչ թե հաղթանակով նվաճված Արցախի Հանրապետության ճանաչումը բանակցությունների միջոցով համաձայնեցվելիք սահմաններում, այլ հայ ժողովրդի ամենաողբերգական և ամոթալի իրադարձության՝ Ցեղասպանության ճանաչումը, տարատեսակ անիրական տեսլականները, դրանով գրգռելով Թուրքիային և ներքաշելով այդ երկիրը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տիրույթ:
գ). 2018-ի թավշե հեղափոխությունից հետո Հայաստանի ղեկավարումն ստանձնած քաղաքական ուժը և նրա ղեկավարը իներցիայով շարունակեցին իրենց գաղափարական հակառակորդ նախկին երկու նախագահների՝ լոզունգային- ցուցադրական հայրենասիրության և ռոմանտիկ պահանջատիրության համադրումը, միաժամանակ չունենալով պետության կառավարման հմտություններ և կոշտացնելով հռետորաբանությունը գնալով ավելի ու ավելի անվերահսկելի դարձող Ադրբեջանի հասցեին, այդ կերպ սպառելով հակամարտության կարգավորման խաղաղ ժամանակահատվածի և ստատուս քվոյի պահպանման լիմիտը:
Այո, եթե.
ա). Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1997-ի աշնանը ազատեր Ռոբերտ Քոչարյանին վարչապետի պաշտոնից՝ ուղղելով այդ պաշտոնում նրան նշանակելու իր սխալը, հեռացներ Վազգեն Սարգսյանին Պաշտպանության նախարարի պաշտոնից (մեջբերեմ Վազգեն Սարգսյանի խոստովանությունը ՀՀԿ 5-րդ համագումարում. «Եթե Տեր-Պետրոսյանն ինքը որոշեր չհեռանալ, ոչ ոք նրան չէր կարող հեռացնել: Եթե ինքն ինձ հեռացներ, ես հեռանալու էի: Բայց այդ դեպքում պատասխանատվությունն իր վրա կմնար: Հիմա ինքը հեռացավ, պատասխանատվությունը թողել է մեզ վրա… Ես Տեր-Պետրոսյանի դեմ դուրս չեմ եկել, ես գաղափարն եմ պաշտպանել: Մեր հակասությունը եղել է Արցախի խնդրի շուրջ…»: Վազգենի այս խոսքերը, որքան հիշում եմ, Տեր-Պետրոսյանը չի մեկնաբանել, ինչից ենթադրվում է, որ առարկելու ոչինչ չունի): Համախմբեր ողջամիտ և իրատես ուժերին ու գործիչներին, ԼՂՀ իշխանության, Հայաստանի և Արցախի քաղաքացիների գիտակցությանը հասցներ խաղաղության այլընտրանքի բացառումը և 1997 թվականին ստորագրեր հակամարտության կարգավորման առաջարկվող տարբերակը:
բ). Նախորդ՝ ա) կետի բացառման պարագայում Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը Հայաստանի և Արցախի զարգացման այլ՝ իսկապես ժողովրդավարության զարգացման ուղին ընտրեին, ոչ թե կառուցեին, Լևոն Տեր-Պետրոսյանի բնորոշմամբ՝ «վերից վար կոռումպացված, հանցագործ մի վարչակազմ, որի հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով, ոչ թե ժողովրդի կամքով, ոչ թե քաղաքական երկխոսությամբ, այլ քրեական աշխարհի կանոններով։ Այսինքն՝ լիովին մաֆիոզ, մինչև վերջին երանգը ստրուկտուրիզացված մի ռեժիմ, որը մեզ այսօր արդեն գլորել է երրորդ աշխարհի նմանատիպ ռեժիմների շարքը»։
Եվ իրենց իշխանությունն էլ ծառայեցնեին խաղաղության հասնելու համար նպաստավոր միջավայր ձևավորելուն, ի վերջո հասնեին համաձայնության և ստորագրեին հաշտության պայմանագիր, ոչ թե Մինսկի խմբի համանախագահների աչքերին թոզ փչեին, 15 տարի առաջ փաստահավաք առաքելություն իրականացնող միջազգային կառույցի դեմ էլ, դիցուք, չքմեղանային, թե տեսեք՝ օկուպացված տարածքները չենք վերաբնակեցնում և այլն, այդպիսով կորցնելով դրանք Արցախի կազմում ընդգրկելու հնարավորությունն ու իրավունքը:
գ). Նիկոլ Փաշինյանը իրատեսություն և քաջություն ունենար խոստովանելու, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը երկու տասնամյակից ավելի մոլորված է եղել անիրատեսության, խուսանավումների, զգուշավորության ճահիճներում, թիկունքում նպաստավոր պայմաններ ապահովելով կոռուպցիայի բարգավաճման և բանակի մարտունակությունը փորված խրամատների մակարդակին իջեցնելու համար: Գոնե ինքն իրեն սա խոստովանելու հետ մեկտեղ՝ հրաժարվեր արկածախնդրության տանող հռետորաբանությունից, ընդառաջ գնար հակամարտության լուծման առաջարկվող տարբերակին՝ փորձելով կորզել հնարավոր առավելագույնը:
…Ավաղ: Սրանցից ոչ մեկին չարժանացանք: Ու հիմա մնում է ինքնակեղեքումը. մեր հզորագույն զենքը, որը դարեր շարունակ կռել ենք մեր պարտությունները կատարյալ դարձնելու համար:
Կարո՞ղ էինք հաղթել պատերազմում
Ոչ, քանի որ.
ա). Ռազմական գործողություններում ներքաշված հակամարտ ուժերն անհավասար էին: Մեր բանակը կռվում էր ադրբեջանաթուրքական բանակի և վարձկան ահաբեկիչների դեմ, որոնք սպառազինված էին ամենաժամանակակից զենքերով, ունեին զինամթերքի ու մարդկային ռեսուրսի ահռելի գերակայություն, մեր բանակի սպառազինությունը, զենքի պաշարները, մարտունակության մակարդակը բավարար չէին. թշնամու անսպառ ռեսուրսներին դեմ էինք տվել մեր զինվորի ոգին:
բ). Չկար կենտրոնաձիգ հրամանատարություն, գործողություններն անհամաձայնեցված էին, գրեթե ամենուր ինքնագործունեություն էր, սիրողական մակարդակ, պատերազմի մասին կռիվ կինոներով ձևավորված պատկերացում, մինչդեռ դա ոչ թե կռիվ-կռիվ էր, այլ նմանը չեղած պատերազմ, որն ուղեկցվում էր շատ լուրջ իրադարձություններով, դիմադրությունը կազմակերպվում էր տարերային, չհամակարգված, ինքնագործունեության ու զգացմունքի թելադրանքով, սկսած զորակոչից, վերջացրած ընկույզ վաճառող երեխաների կամ ցանց հյուսող արվեստագետների նվիրվածությամբ:
գ). Ներքաղաքական թշնամանքն ամբողջովին արտացոլվեց բանակում. ամենուր փնտրվում էին դավաճաններ ու դավադրություններ, հող ծախողներ, խուճապ սերմանողներ, կեղծ լուրեր տարածողներ, սրան զուգահեռ՝ չպատճառաբանված սնապարծություն և անհեռատեսություն, իրար տակ փորելու, միմյանց ասպարեզից հեռացնելու պատեհություն:
Այո, եթե.
ա). Բանակն այս պատերազմին պատրաստված լիներ ոչ թե պոռոտախոսության մակարդակով, ոչ թե խաբեության և ինքնախաբեության շղարշով պատված, զինծառայություն կոչվող երկամյա ժամավաճառությամբ, այլ պատկառելի նյութատեխնիկական ու ֆինանսական հատկացումներով, ժամանակակից սպառազինության բավարար պաշարով, ժամանակակից զենքերի գործածությանը տիրապետող ռազմական մասնագետ զինծառայողներով, մարտունակ, մարզված, ֆիզիկապես ուժեղ, լավ սնված զինվորներով, ոչ թե կեղծ ռեմբոներով, փուչ կոմանդոսներով, շվարցենեգերներով, ստալոնեներով, այլ ռազմական կրթություն ստացած, հարուստ գիտելիքներ ունեցող հմուտ գեներալներով ու հրամկազմով….
բ). Ունենայինք ճկուն գործող համակարգեր և կարգապահություն՝ մոբիլիզացիան և զորքերի տեղաշարժը կազմակերպելու, թիկունքի հետ կապն անխափան պահելու և այլն, այսինքն այն, ինչ սահմանված է համապատասխան կանոնադրությամբ:
գ). Գործեր ռազմական տրիբունալ, որը ոչ թե վճիռ կայացներ սրան-նրան աջուձախ գնդակահարելու, այլ ներքին խժդժությունները բացառելու, բացահայտելու, մեկուսացնելու և ասպարեզից հեռու պահելու ի շահ թշնամու գործող յուրաքանչյուր թափթփուկի:
դ). Մեր կենսափիլիսոփայությունը լիներ ոչ թե «որտեղ հաց, այնտեղ կաց»-ը, ոչ թե անձնական բարեկեցության փնտրտուքը, այլ ուժեղ պետության ստեղծման առաջնահերթության գիտակցումը:
Ինչ անել այս պարտությունից հետո
Այս պարտության հետ մենք հիմա կռվում ենք, ոչ մի կերպ չհասկանալով, որ սա ամենաանմիտ կռիվն է՝ այստեղ ևս պարտվելու կանխորոշված ելքով:
Մինչդեռ, որքան էլ դառը լինի՝ սրա հետ մենք պիտի հաշտվենք: Ոչ թե անձնատուր լինելու իմաստով, այլ ընդունելով այն որպես կայացած փաստ:
Պետք է կարողանանք ելք գտնել ողբերգական, դաժան, անհեռանկար թվացող վիճակից:
Միամտություն կլինի փրկիչների կամ հրաշքների սպասելը: Այն պարզ պատճառով, որ դրանք չկան: Հիմա գերխնդիրը եղած կամ դեռևս չկորսված ռեսուրսները չվատնելն ու դրանք պահպանելն է:
Այս ճգնաժամից ելքը արտահերթ ընտրություններն են: Ամենքս պիտի հասկանանք դրա անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը, հրաժարվելով արկածախնդրություններից, դավադրություններից, պատեհապաշտական լուծումներին ընդառաջ գնալու գայթակղություններից:
Նոր ընտրություններով, հուսամ, վերջապես կձևավորվի մի իշխանություն, որը ամենայն պատասխանատվությամբ կլծվի Հայաստանը քաղաքակիրթ և ուժեղ պետություն դարձնելու՝ այլընտրանք չունեցող նպատակի իրագործմանը: Այդ իշխանության համար գերակա պիտի լինեն կրթության, գիտության, մշակույթի ոլորտները: Նշված ոլորտներում պետության քաղաքականությունը պիտի փոխվի հիմնովին: Մեկընդմիշտ պիտի հրաժարվենք մի կողմից՝ անցյալով սերունդներին սնելու, նրանց մեջ սնապարծություն սերմանելու, մյուս կողմից՝ զանազան տեսլականներ, պատրանքներ, հալյուցինացիաներ փայփայելու մտասևեռումից: Մեր պատմությունը, եզակի փառահեղ հաղթանակներն ու շարունակական պարտություններն ընդունելով ի գիտություն՝ պիտի սովորենք ապրել ներկայով և ծրագրել մեր ապագան:
Գերխնդիր պիտի լինի արժանապատիվ և ստեղծագործ կյանքով ապրելը, նպատակին ու երազանքին հասնելու ձգտումը, որը պիտի ուղեկցվի արդար աշխատանքով: Հայաստանը համաքայլ պիտի ընթանա քաղաքակիրթ աշխարհին, դառնալով հզոր և ինքնաբավ երկիր, որն ընդունակ լինի հաղթահարել ցանկացած մարտահրավեր: