Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Չճանաչված պետություններ. միջազգային իրավունք եւ կարգավիճակ

marut
March 2012

Անդրիաս ՂՈՒԿԱՍՅԱՆ
Քաղաքագետ
Երեւան

Մեր մոլորակի բոլոր մարդիկ ի ծնե օժտված են համընդհանուր կերպով ճանաչված քաղաքական իրավունքներով, որոնց թվում է նաեւ սեփական քաղաքական կարգավիճակի որոշման հիմնարար իրավունքը:

Միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքը` պատմականորեն կազմավորված միջազգային սահմաններով որոշված տարածքում բնակվող մարդկանց կոլեկտիվ իրավունքն է` ազատորեն եւ առանց արտաքին միջամտության վճռել, թե ո՞ր պետական իշխանությանը նրանք պատրաստ են կամովին ենթարկվելու:

Պատմական զարգացման առանձնահատկությունների բերմամբ` առանձին դեպքերում, զորօրինակ ԽՍՀՄ-ում, պետությունը ճանաչում է ինքնորոշման իրավունքի առկայությունը նաեւ դաշնության սուբյեկտների կամ նրանց կազմի մեջ մտնող ինքնավար կազմավորումների մոտ: Այսինքն, պետությունում ներքին վարչական սահմանների մեջ բնակվող բնակչության որեւէ մասը նույնպես կարող է ունենալ ինքնորոշման իրավունք, այն դեպքում, եթե այդ իրավունքը տրված կամ պաշտպանված է ազգային օրենսդրությամբ:

Այսպիսով, միջազգային սահմանների ներսում գտնվող տարածքներում ապրող բնակչության ինքնորոշման իրավունքի աղբյուրը միջազգային իրավունքն է, իսկ վարչական սահմանների ներսում գտնվող տարածքներում բնակվող պետության մի մասի բնակչության ինքնորոշման իրավունքի աղբյուրը կարող է լինել ազգային օրենսդրությունը: Կոսովոյի դեպքն առաջացրել է միջազգային իրավունքի` որպես ինքնորոշման իրավունքի աղբյուր կիրառելու նոր նախադեպ: Այն իրավիճակում, երբ վարչական շրջանի բնակչությունը կենտրոնական կառավարության կողմից ենթարկվում է հետեւողական ռասսայական խտրականության, ինքնորոշման իրավունքն առաջանում է որպես ինքնապաշտպանության միջոց` երբ խաղաղ կարգավորման համար բոլոր այլ միջոցներն այլեւս  սպառված են:

Անկախության հռչակագիրը տվյալ տարածքի բնակչության մեծամասնության վստահության վրա հիմնված ժողովրդի լիազորված ներկայացուցիչների հայտարարությունն է` նոր պետություն հիմնադրելու պատրաստակամության մասին, որը բնակչության առջեւ ինքնուրույնաբար ստանձնելու է ողջ պատասխանատվությունն իր գոյության անվտանգության ապահովման եւ արդար սոցիալական կարգի գործառնության համար:  Միջազգային հանրությունը միանշանակորեն ընդունում է, որ նոր պետության ինքնիշխանության աղբյուրն իր ժողովրդի կամքն է: Նոր պետությունը կարող է ճանաչվել միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ ժողովրդի անկախության ձեռքբերման պահին ունեցած սահմաններում, եթե այդ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը չի հակասում ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին: Ժողովրդի` միջազգային իրավունքի սկզբունքներին չհակասող ինքնորոշման իրավունքի իրացման ժխտումը հանդիսանում է մարդու իրավունքների խախտում:

Նոր պետության անկախության ճանաչումը քաղաքական հռչակագրային ակտ է: Միջազգայնորեն ճանաչված յուրաքանչյուր պետության կառավարությունն իրավունք ունի ճանաչել նոր պետության անկախությունն իր հայտարարության հրապարակման միջոցով: Այդ հայտարարությունը նշանակում է, որ տվյալ կառավարությունն իր ժողովրդի անունից ճանաչում է նոր պետության բնակչությանը` որպես քաղաքական անկախ սուբյեկտ, իսկ նրա կողմից հռչակված պետությունը` որպես միջազգային հարաբերությունների իրավահավասար սուբյեկտ: Նոր պետության անկախության ճանաչումն ունի անշրջելի բնույթ. այն չի կարող հետ վերցվել: ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում կազմավորված նոր պետության ինքնիշխան հավասարության ճանաչումից հրաժարումը ՄԱԿ-ի անդամ-պետությունների կողմից` այդ միջազգային կազմակերպության կանոնադրության հիմնարար դրույթների անհանդուրժելի խախտումն է: Սակայն գոյություն չունի միջազգային իրավասուբյեկտության, այսինքն` նոր պետության ինքնիշխան հավասարության ճանաչումը պարտադրող որեւէ իրավաբանական մեխանիզմ:

Նոր պետության կողմից լիարժեք միջազգային իրավասուբյեկտության ձեռքբերումը հասանելի է միջազգային պայմանագիր հանդիսացող ՄԱԿ-ի կանոնադրությանը միանալու ճանապարհով: ՄԱԿ-ի մեջ մտնելու համար նոր պետությանն անհրաժեշտ է ՄԱԿ-ի անդամ պետությունների կեսից ավելիի (ներկայումս`  97 պետությունների), այդ թվում` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ (Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) մշտական անդամների եւ վերջինիս բոլոր 8 անդամ-պետությունների քաղաքական աջակցությունը:

Հետխորհրդային տարածքում չճանաչված պետությունների գոյության խնդիրը ծագել է միութենական հանրապետությունների ղեկավարության կողմից օրենքի գերակայության սկզբունքն ու միջազգային իրավունքի դրույթները կոպտորեն ոտնահարելու հետեւանքով: Միութենական հանրապետությունների ղեկավարները 1991 թ. դեկտեմբերի 21-ին ընդունել են ԽՍՀՄ սահմանադրության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում` մերժելով իրենց կազմի մեջ մտնող ինքնավար կազմավորումների քաղաքական կարգավիճակն ինքնուրույնաբար որոշելու իրավունքի իրացումը:  ԵԱՀԿ անդամ-պետությունները եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ-պետություններն, ի հեճուկս ԽՍՀՄ ազգային օրենքով ամրագրված ինքնավարությունների ինքնորոշման իրավունքը հարգելու ստանձնած միջազգային պարտավորությունների, սատարել են վերջինիս խախտմանը եւ ճանաչել ԽՍՀՄ կազմի մեջ մտնող միութենական հանրապետությունների անկախությունը:

Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի բնակչությունից ինքնորոշման իրավունքն ուժով խլելու փորձերն առաջացրել են զինված հակամարտություններ: Այս հակամարտությունները կարգավորելու համար ԵԱՀԿ-ն ու ՄԱԿ-ը ստեղծել են տարբեր ձեւաչափեր, որոնք դիտարկում են տվյալ հակամարտությունները որպես ԽՍՀՄ տարածքում նոր անկախ պետությունների ինքնանջատման (սեցեսիայի) փորձերի հետեւանք: Ինքնանջատման տեսանկյունից չճանաչված պետությունների խնդրի քննությունը շահագրգիռ կողմերին թույլ է տվել արմատապես քողարկել ԽՍՀՄ փլուզման ժամանակ մարդու հիմնարար իրավունքների թույլ տված կոպիտ ոտնահարման փաստը:

Ինքնանջատումը պետության ներսում բնակչության խմբերի միջեւ ծագած քաղաքական հակամարտության հանգուցալուծման արմատական միջոց է, երբ միմյանց հանդեպ առկա քաղաքական պահանջները չեն կարող վերացվել ո°չ պայմանագրով, ո°չ էլ ուժային միջոցներով: Միջազգային հանրությունն ընդունում է, որ այլ պետության մեջ ժողովրդի քաղաքական միասնությունը խարխլող քաղաքական հակամարտությանն ի նպաստ սադրանքներն ագրեսիայի տեսակներից մեկն է: Ուստի, գոյություն ունեցող պետության ներսում ծագած քաղաքական հակամարտությունը սկզբնապես պատկանում է վերջինիս  ներքին գործերի ոլորտին, որին արտաքուստ միջամտելն արգելված է միջազգային իրավունքի կողմից:  Երբ հակամարտող կողմերից մեկը ինքնանջատումը հռչակում է տվյալ հակամարտության լուծման միջոց, այն դադարում է պետության ներքին գործը լինելուց եւ դառնում միջազգային հանրության հետաքրքրության առարկա:

Ինքնանջատումը պետության համար հավասարազոր է իր ժողովրդի, տարածքի, ունեցվածքի, ակտիվների եւ նախորդ շրջանում ծագած միջազգային եւ ազգային պարտավորությունների համար պատասխանատվության բաժանման: Ինքնանջատումը կարող է հանգեցնել պետության տարածքի մի մասը մյուս պետությանը փոխանցելուն, պետությունից տարածքի մի մասի անջատմանը եւ այնտեղ նոր պետության կազմավորմանը կամ պետության տրոհմանը եւ իր տեղում նոր պետությունների առաջացմանը: Այսպիսով, ակնհայտ է, որ միջազգային մասնակցությունը` ինքնանջատման քաղաքական անօտարելի բաղադրիչն է: Ինքնանջատման միջազգային ճանաչումը հանդիսանում է այն փաստի համընդհանուր ճանաչում, որ պետության մեջ քաղաքական հակամարտությունը չի ծագել արտաքին միջամտության պատճառով եւ հանգեցրել է այդ պետության ժողովրդի քաղաքական միասնության կորստյանն ու վերջինիս բաժանմանը, որն իր բոլոր մասերի զարգացման ապագայի միակ արդյունավետ միջոցն է:

Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը պարփակվում է այն իրողության փաստարկմամբ, որ ինքնանջատումն այդ հակամարտության կարգավորման անհրաժեշտ քաղաքական միջոցն է: Ադրբեջանի փաստարկումը ելնում է նրանից, որ ԼՂՀ կազմավորումը Հայաստանի ագրեսիայի հետեւանքն է: Այս երկու դիրքորոշումներն, ըստ էության, անտեսում են պատմական իրողությունը եւ հակասում միջազգային իրավունքին:  Հայաստանն ինքն իրեն է հակասում, քանզի պնդում է, թե ԼՂՀ անկախության հռչակումն օրինական քաղաքական ակտ էր, սակայն միաժամանակ չի ճանաչում ԼՂՀ իրավահավասարությունն ու ինքնիշխան հավասարությունը: Ադրբեջանը ժխտում է իր պատասխանատվությունը ԽՍՀՄ-ից անջատվելու ժամանակ օրենքի գերակայության սկզբունքի ոտնահարման եւ ԽՍՀՄ օրենսդրությամբ պահպանված Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը մերժելու համար: Մինսկի խմբի ձեւաչափը երկու պետություններին թույլ է տալիս նենգադուլի (սաբոտաժի) ենթարկել ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն ստանձված միջազգային պարտավորությունը` հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները բարեխղճորեն վարելու մասով: Այս իրավիճակը Լեռնային Ղարաբաղը Հայաստանից ամբողջությամբ  կախյալ է դարձնում եւ զրկում է ԼՂՀ միջազգային իրավասուբյեկտությանն ինքնուրույնաբար հասնելու քաղաքական ներուժից:

ԽՍՀՄ փլուզման ժամանակ միջազգային իրավունքի թույլ տված խախտումները հետխորհրդային տարածության նոր քաղաքական կազմակերպման համար ծանր բեռ են դարձել:  Հաշվի առնելով հետխորհրդային տարածությունում հակամարտությունների կարգավորման բոլոր ձեւաչափերում  իրերի անհաջող դրությունը` կարելի է եզրակացնել, որ չճանաչված պետությունների գոյության երեւույթը կապված է պատմության եւ ոչ թե միջազգային իրավունքի անկատարության հետ:

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.