Սերգեյ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ
Պատմական գիտությունների թեկնածու,
Միջազգային գործերով ռուսաստանյան խորհրդի փորձագետ
Մոսկվա
Ղարաբաղ և Ռուսաստան․ ոչ տիպային հակամարտություն
ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանն ուներ և շարունակում է ունենալ զգալի դեր Հարավային Կովկասում ընթացող գործընթացներում, նախ և առաջ՝ էթնոքաղաքական հակամարտությունների կարգավորման հարցում։ Մոսկվան տարածաշրջանը դիտում է որպես իր ռազմավարական շահերի համար առանձնապես կարևոր տարածություն, նախ և առաջ այն պատճառով, որ Ռուսաստանը նույնպես կովկասյան պետություն է։ Ռուսաստանյան Հյուսիսային Կովկասում գտնվում է ինը ռուսաստանյան տարածաշրջան՝ յոթ հանրապետություն և երկու երկրամաս։ Երկրի տարածքի այս հատվածում թե՛ բաց և թե՛ քողարկված հակամարտությունների մեծ մասը սերտորեն կապված է խորհրդային Անդրկովկասի նախկին հանրապետություններում ծավալված դիմակայությունների հետ և՝ ընդհակառակը։[1]
Ներկայումս Հարավային Կովկասում ռուսաստանյան քաղաքականությունը լուսաբանելու ժամանակ ի հայտ են եկել որոշակի քաղաքագիտական շեղումներ։ Ուշադրության կիզակետում, որպես կանոն, հայտնվում է երեք սյուժե․
– Հետխորհրդային տարածությունում Արևմուտքի և Ռուսաստանի միջև դիմակայություն և Կովկասը՝ որպես այդ դիմակայության «պոլիգոններից» մեկը[2],
– Ռուսաստանյան «ռևիզիոնիզմը» և Մոսկվայի դերը Հարավային Օսիային և Աբխազիային աջակցելու հարցում[3],
– Կովկասյան իրավիճակը դիտվում է Ղրիմի՝ ՌԴ իրավասության ներքո անցնելու համատեքստում, ըստ այդմ՝ հարավկովկասյան հակամարտություններն ուսումնասիրվում են կա՛մ որպես 2014 թ․ ռուսաստանյան գործողությունների նախադրյալներ, կա՛մ՝ որպես «ղրիմյան» սցենարի կրկնությանը միտված հնարավոր քեյսեր։[4]
Ընդսմին, տվյալ մոտեցումը ոչ միայն իրավիճակի քննությունը հետ է տանում դեպի «Սառը պատերազմի» դիսկուրսներ, այլև զգալիորեն պարզունակեցնում է գոյություն ունեցող իրավիճակը և չի ապահովում պատկերի ամբողջականությունը՝ կովկասյան էթնոքաղաքական հակամարտությունների լուծման հարցում ՌԴ-ի դերի պես կարևոր սյուժեն պատշաճորեն լուսաբանելու ժամանակ։ 2020 թ․ սեպտեմբեր-նոյեմբերին ծավալված Երկրորդ ղարաբաղյան պատերազմը հստակորեն ցույց է տվել վերոնշյալ բոլոր սխեմաների արհեստականությունը։ Նախ և առաջ՝ հարկ է նշել, որ ղարաբաղյան ուղղությամբ Ռուսաստանն Արևմուտքին հակադրված չէր, ընդհակառակը, նրա խաղաղարար ջանքերը ստացել են Մինսկի խմբի երկու համանախագահների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությունը։ 2020 թ․ նոյեմբերի 10-ին և 2021 թ․ հունվարի 11-ին Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի ստորագրած երկու առանցքային եռակողմ հայտարարությունները չեն ընկալվել որպես Վաշինգտոնին և Փարիզին Մոսկվայի նետած մարտահրավեր։
Ամենահին էթնոքաղաքական հակամարտություններից մեկի՝ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ձևավորված միջազգային ձևաչափն էապես տարբերվում էր Աբխազիայում կամ Հարավային Օսիայում տիրող իրավիճակից։ 2020 թ․ աշնանը խաղաղությունը և ստատուս-քվոն խախտողը եղել է Թուրքիան և ո՛չ Ռուսաստանն ու Արևմուտքը։ Ֆորմալ առումով լինելով ՆԱՏՕ-ի անդամ՝ Բաքվի շահերին միակողմանիորեն աջակցելու Անկարայի մոտեցումները հակասում էին Վաշինգտոնի և Փարիզի պաշտոնական դիրքորոշումներին։ Վերջիններիս դիրքորոշումը՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և բանակցային սեղանի շուրջ վերադառնալու միջոցով խաղաղ կարգավորումը, պարադոքսալ կերպով ավելի մոտ էր Ռուսաստանի և Իրանի, քան Թուրքիայի տեսակետներին։
Սա այն դեպքում, երբ Թուրքիան ֆորմալ առումով հանդիսանում է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ռազմաքաղաքական դաշնակիցը։ Սակայն, Մինսկի խմբի նկատմամբ Անկարայի խիստ քննադատական դիրքորոշումը, որն ամբողջովին միտված էր Ադրբեջանի գործողությունները սատարելուն, Մոսկվայի կողմից որպես աշխարհաքաղաքական մարտահրավեր չի ընկալվել։ Երկկողմանի հարաբերություններում փոխհավասարակշռություն պահպանելու ջանքերն ակներև էին և՛ ռազմական դիմակայության ժամանակ, և՛ նրանից հետո։ Ղարաբաղյան հողում Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը փաստացիորեն դարձել է միակողմանի, այլ ո՛չ թե համատեղ գործողություն։ Ընդ որում, ՌԴ-ն և Թուրքիան պայմանավորվել են հրադադարի պայմաններին հետևելու համար համատեղ մշտադիտարկման կենտրոնի ստեղծման վերաբերյալ։ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Լավրովի աներկիմաստ ասածի համաձայն՝ Մոսկվան և Անկարան դաշնակիցներ չեն, բայց նրանք Եվրասիայի շատ կետերում ստիպված են միմյանց հետ գործակցել։[5] Այժմ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի կողքին նրանք գործակցելու են նաև կովկասյան տարածաշրջանում։
Եվ երկրորդ՝ թերևս, ավելի կարևոր նկատառումը։ Հայ-ադրբեջանական հակամարտության մեջ Մոսկվան չի բռնել հակամարտության մասնակիցներից որևէ մեկի կողղմը։ Անմիջապես նշենք՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում հակամարտությունների կարգավորման ընթացքում Ռուսաստանը երկար ժամանակ վարում էր փոխհավասարակշռման քաղաքականություն։ Բայց 2004 թ․ Վրաստանում Միխեիլ Սաակաշվիլու իշխանության գալուց և երկու էթնոքաղաքական հակամարտությունների «ապասառեցումից» հետո իրավիճակը սկսել էր փոխվել, իսկ 2008 թ․ այն արմատապես փոխակերպվել է։ Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքում աբխազա-օսական մոտեցումների որևիցե պատճենում չի եղել։ Որքանո՞վ էր դա անսպասելի։ Արդյո՞ք դա հնարավոր էր նախապես կանխատեսել։
Ռուսաստանյան փոխհավասարակշռությունը
Լեռնային Ղարաբաղում 2020 թ․ սեպտեմբերի վերջին ռազմական գործողությունների վերսկսման ամենաառաջին օրվանից բանավեճի գլխավոր թեմաներից մեկը եղել է տեղի ունեցածին Ռուսաստանի հնարավոր արձագանքը։ Որչափ շատ ժամանակ էր անցնում, այնչափ շատ էր զարմանք հարուցում բոցավառվող հակամարտության նկատմամբ Մոսկվայի զուսպ վերաբերմունքը՝ ի հակադրություն ուկրաինական ճգնաժամի կամ Վրաստանի դեմ պատերազմի ժամանակ նրա ցուցաբերած միջամտող վարքագծի։ Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհրդի «Մեծ Եվրոպա» ծրագրի տնօրեն Նիկ Պոպեսկուն իր հեղինակած հոդվածում տարակուսանք էր հայտնում, թե ինչու մեծ տերության և վստահելի դաշնակցի կերպարի ստեղծմանն այնչափ շատ ջանք ներդրած Մոսկվան զլանում է դաշնակից Հայաստանին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։[6]
Մինչդեռ զարմանալու առիթներն ավելի քիչ կլինեին, եթե փորձագետները հաշվի առնեին սկզբունքային կարևորության մի փաստ։ Ռուսաստանի ղեկավարությունը երբևէ չի ունեցել Հարավային Կովկասում էթնոքաղաքական հակամարտությունների և այնտեղ գոյություն ունեցող դե-ֆակտո պետությունների հանդեպ միօրինակ և համանման մոտեցում։ Կարելի է առանձնացնել Ռուսաստանի երկու հիմնարար դիրքորոշում։
Առաջին դիրքորոշումը կարելի է ռևիզիոնիստական սահմանել։ Մոսկվան ճանաչում է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը՝ պաշտոնապես հրաժարվելով Վրաստանի տարածքային ամբողջականության ճանաչումից։ Երկրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում փոխհավասարակշռություն կառուցելու փորձն է։ Մինչև 2020 թ․ այն դրսևորվում էր ԼՂՀ-ն չճանաչելու և նրա հետ որևէ շփում չունենալու միջոցով՝ բացառությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատով նախատեսված ձևաչափից, որտեղ Ռուսաստանը երեք համանախագահող երկրներից մեկն էր։ ՌԴ-ն, Հայաստանի հետ ռազմավարական դաշինք ունենալով հանդերձ, նրա և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման շրջանակում ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
2016 թ․ Ռուսաստանի Արտաքին քաղաքականության հայեցակարգում (այս հարցում այն կրկնում է 2013 թ․ Հայեցակարգի դրույթները) ՌԴ առաջնահերթությունների թվում նշված է «Աբխազիայի Հանրապետությանը և Հարավային Օսիայի Հանրապետությանը՝ որպես ժամանակակից ժողովրդավարական պետությունների կայացմանը, նրանց միջազգային դիրքերի ամրապնդմանը, անվտանգության լիակատար ապահովմանը և սոցիալ-տնտեսական վերականգնմանը նպաստելը»։ Ղարաբաղյան ուղղությամբ Մոսկվան ցուցաբերում է այլ մոտեցում։ ԼՂՀ-ն՝ որպես չճանաչված կազմավորում կամ հակամարտության կողմ, 2016 թ․ Արտաքին քաղաքականության հայեցակարգում ընդհանրապես չի հիշատակվում (մինչդեռ, օրինակ, Մերձդնեստրը որպես հակամարտության կողմ է դիտվում)։
Այստեղ հատկապես կարևոր է ընդգծել Երևանի և Մոսկվայի միջև ստեղծված ասիմետրիան։ Հայաստանում բուն ՀՀ-ն, չճանաչված ԼՂՀ-ն և նախկին ԼՂԻՄ հարակից յոթ շրջաններն ընկալվում էին որպես անվտանգության միասնական մեկ գոտի, մինչդեռ Ռուսաստանում այդ բաղադրիչների նկատմամբ ի սկզբանե առկա էր հստակ տարբերակում։ Բուն Հայաստանին աջակցելը և հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը Մոսկվայի համար որոշակիորեն տարբեր երևույթներ էին։ Այսուհանդերձ, հենց Ռուսաստանի՝ Երևանին ցուցաբերած աջակցությունն է զգալի չափով կանխել ռազմական գործողությունների փոխադրումը ՀՀ պետական տարածք, թեև այն միանգամայն հնարավոր էր՝ հաշվի առնելով 2020 թ․ հուլիսին Տավուշի ուղղությամբ տեղի ունեցած սրացումը։
Այսպիսով, Մոսկվան Երկրորդ ղարաբաղյան պատերազմից առաջ էլ և վերջինիս ժամանակ եղել է և մնում է Երևանի և Բաքվի միջև փոխհավասարակշռությունը պահպանելու ամենաշահագրգռված կողմը (որն էլ հատկապես կարևոր էր 2008 թ․ Վրաստանի վրա ազդեցության լծակները կորցնելուց հետո)։ Ի տարբերություն վրաց-աբխազական և վրաց-օսական հակամարտությունների՝ ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված երկու կողմերն էլ շահագրգռված էին Ռուսաստանի միջնորդությամբ։ 2020 թ․ պատերազմն այս դրվածքը չի փոխել։
Մոսկվան Ղարաբաղում․ «ամեն ինչ չէ, որ վերջնականապես լուծված է»
Այն պահից ի վեր, երբ Ռուսաստանին հաջողվել է կանգնեցնել ռազմական հակամարտությունը և փոփոխված ստատուս-քվոյի պայմաններում բանակցային գործընթացում առաջնորդի դեր ստանձնել, նրա առջև նոր խնդիրներ են ծագել։ Փորձենք դրանք կետ առ կետ նշել։ Այսօր Մոսկվան զգալի ջանքեր է գործադրում տարածաշրջանի տնտեսական վերականգնման համար՝ դիտելով այն հակամարտության կարգավորման կարևոր նախադրյալ։ Նպատակը շատ պարզ է․ տնտեսական համագործակցությունը նախկին հակառակորդներին մղելու է իրապաշտական լուծումների որոնման։ Սակայն, էթնոքաղաքական հակամարտությունները կարգավորելու համար սոսկ տնտեսությունը բավարար չէ։
Արցախյան օրակարգում առաջվա պես մնում է կարգավիճակի խնդիրը։ Եթե Ադրբեջանում կարգավիճակի մասին նախընտրում են ավելի շուտ անցյալ ժամանակով խոսել, նույնացնելով այն տարածքային ամբողջականության վերականգնման հետ, ապա Հայաստանում կարգավիճակը մնում է որպես արդիական իրավաքաղաքական խնդիիր։ Չճանաչված ԼՂՀ-ի ենթակառուցվածքները պահպանվում են՝ ի հեճուկս զգալի տարածքային կորուստների, որոնք ներառում են ոչ միայն հարակից յոթ շրջանները, այլև բուն՝ նախկին ԼՂԻՄ տարածքի զգալի հատվածը։ Այդ ենթակառուցվածքները գործակցում են և՛ Երևանի, և՛ ռուս խաղաղապահների հետ, փորձում են լուծել փախստականների վերադարձի, տնտեսական վերականգնման, սեփական կադրային քաղաքականության հարցերը։ Այստեղ Մոսկվային չափազանց կարևոր է գտնել որոշակի բանալիներ։ Ռուսական առաքելությունը սահմանափակված է հինգ տարով, ինչն Աբխազիայում, Հարավային Օսիայում կամ Մերձդնեստրում չի եղել։ Հետևաբար, նրա ներկայության շուրջ կարող են ծագել որոշ թյուրըմբռնումներ ու շահարկումներ, անգամ եթե այսօր այն «լռելյայն» ընդունվում է։ Նույնը վերաբերում է Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռանկյունում առկա բարդ հարաբերություններին և Մոսկվա-Արևմուտք երկխոսությանը։ Շատերը շտապել են թերագնահատել Արևմուտքին՝ որպես ղարաբաղյան հարցերում խաղացողի, մինչդեռ ԱՄՆ-ի և իր դաշնակիցների ավելի ակտիվ ներգրավումը ղարաբաղյան գործերում ամենևին չի կարելի փակված համարել։
Այսօր Վաշինգտոնն ու Փարիզը (ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահները) հետևում են Մոսկվայի ակտիվությանն ու նրա առաջնորդող դիրքերին։ Սակայն դա ամենևին էլ կրավորական հետևել չէ։ Բավական է հիշել ամերիկյան ազգային հետախուզությանը հասցեագրված՝ Ղարաբաղին վերաբերող Կոնգրեսի վերջին նախաձեռնությունը։ Կովկասում՝ Բաքվի կամ Երևանի հետ հարաբերությունների վատթարացմամբ կամ Թուրքիայի հետ դիմակայությամբ պայմանավորված Ռուսաստանի որևիցե ձախողում օգտագործվելու է կովկասյան տարածաշրջանային օրակարգի մեջ միջամտությունը մեծացնելու համար։ Այդ իսկ պատճառով Ռուսաստանը բարդությունների է բախվելու։ Հակամարտող կողմերը նախկինի պես ջանալու են ապահովագրվել Ռուսաստանի աջակցությամբ և նրան «վերջնական ընտրություն» կատարելուն մղել։ Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում տիրող բարդ իրավիճակը՝ Մոսկվան կնախընտրի դրանից խուսափել։ Բայց ղարաբաղյան օրակարգն ավելի բազմագույն լինելու հանգամանքի բերմամբ շատ առումներով ավելի բարդ է, քան կովկասյան այլ սառեցված թեժ կետերում։
_______________
[1] Sushentsov A., Neklyudov N. The Caucasus in Russian foreign policy strategy //Caucasus Survey. 2020. Vol.8. № 2. P.127-141
[2] The New Geopolitics of the South Caucasus: Prospects for Regional Cooperation and Conflict Resolution. Ed. By Shireen Hunter. Lexington Books. 2017. 304 pages.
[3] Hill F., Kirişci K. and Moffatt A. Retracing the Caucasian Circle: Considerations and constraints for U.S., EU, and Turkish engagement in the South Caucasus” // https://www.brookings.edu/research/retracing-the-caucasian-circle-considerations-and-constraints-for-u-s-eu-and-turkish-engagement-in-the-south-caucasus/ (accessed September 19, 2018)
[4] Treisman D. Why Putin Took Crimea: The Gambler in the Kremlin /Foreign Affairs (May– June 2016) //https://www.foreignafairs.com/articles/ukraine/2016-04-18/why-putin-tookcrimea (accessed December 19, 2016)
[5] Лавров назвал Турцию партнером, а не союзником России https://www.kommersant.ru/doc/4530677 2020/- 14 октября
[6] Popescu N. A captive ally: Why Russia isn’t rushing to Armenia’s aid //https://ecfr.eu/article/a_captive_ally_why_russia_isnt_rushing_to_armenias_aid/?fbclid=IwAR0MDEVIv2w1cJZHa4IpxcK5ODigywiJ-YPJ_4NdRQ5k-4KSSH9DFzBRqMM 2020, October 8