Փետրվարի 26-ին Թբիլիսիում ավարտելով բազմահազարանոց բողոքի ցույցը՝ վրացական միավորված ընդդիմությունը հայտարարեց 2021 թվականի մարտի գործողությունների ծրագրի մասին: Երկու նպատակ կա. խոշորագույն ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի և ընդդիմադիր «Մթավարի TV» հեռուստաընկերության հիմնադիրներից մեկի՝ Գիորգի Ռուրուայի ազատումը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումը:
Ծրագիրը ներառում է.
- մարտի 2-ին — խորհրդարանի պիկետ,
- մարտի 5-ին — կառավարության շենքի պիկետ,
- մարտի 9-ին — հանրահավաք ՆԳՆ շենքի դիմաց,
- մարտի 11-ին — ակցիա Գերագույն դատարանի առջև,
- մարտի 13-ին — զանգվածային հանրահավաք-երթ խորհրդարանի դիմաց:
«Ազատության ճանապարհը դժվար է և խոչընդոտներով լի, բայց մենք չենք հաշտվի անարդարության հետ»,- հանրահավաքում հայտարարել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Խաթիա Դեկանոիձեն:
Հայտնի ընդդիմադիրի ձերբակալությունը
Նիկա Մելիան բերման է ենթարկվել փետրվարի 23-ին՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության շտաբում իրականացված հատուկ գործողության արդյունքում: Ընդդիմության առաջնորդներից մեկի ձերբակալությունն էլ ավելի սրեց երկրում տիրող քաղաքական ճգնաժամը, որը սկսվեց 2020-ի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո: Ընդդիմությունն ընտրությունները համարում է կեղծված և չի ճանաչում դրանց արդյունքները:
Մելիայի ձերբակալությունը հսկայական արձագանք է առաջացրել համաշխարհային հանրության շրջանում: Վրաստանում աշխատող գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունները, ինչպես նաև դեսպաններն ու արևմտյան գործընկերները միաձայն դատապարտեցին ձերբակալությունը՝ այն որակելով հետընթաց քայլ ժողովրդավարության ճանապարհին: Նրանք երկխոսության կոչ են արել կառավարությանը և ընդդիմությանը:
Չնայած այն հանգամանքին, որ երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնում նստել բանակցությունների սեղանի շուրջ, առայժմ դա տեղի չի ունենում: Երկխոսություն սկսելուց առաջ ընդդիմությունը պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին: