Հայաստանի արտգործնախարարը կարծում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, և այն մարտահրավեր է ողջ տարածաշրջանի անվտանգության համար։
«Ադրբեջանը պատրաստ չէր Ղարաբաղյան հարցը խաղաղ ճանապարհով լուծելու և երկար ժամանակ նախապատրաստվել էր պատերազմին», — հայտարարել է Արա Այվազյանը։
Այսպես է նա պատասխանել լրագրողների այն հարցին, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ինչ հնարավորություններ են եղել 2018 թ-ին, երբ երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնել է «թավշյա» հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։
Նա փոխարինել է Սերժ Սարգսյանին, որը վերջերս հայտարարել է, թե իր հրաժարականից առաջ պատրաստ է եղել ստորագրել փաստաթուղթ, որն առաջարկում էին միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
Սերժ Սարգսյանի խոսքով՝ դա Ղարաբաղյան հարցի առավել բարենպաստ լուծում կլիներ հայկական կողմի համար, քան այն փաստաթուղթը, որը 2020 թ-ի աշնանը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախյան երկրորդ պատերազմի ավարտին։
Արտգործնախարարը խոսել է նաև Ադրբեջանից գերիների վերադարձի, տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի դերի և իր հնարավոր հրաժարականի մասին։
- Հայաստանն ամրապնդում է Ռուսաստանի հետ համագործակցությունը, հնարավոր է ռուսական ռազմաբազայի ընդլայնում
- Ինչպե՞ս պետք է ադրբեջանցիները վերադառնան Խոջալու, իսկ հայերը՝ Հադրութ
«Անվտանգության տեսանկյունից՝ առանցքային դեր է խաղում Ռուսաստանը»
ԱԳ նախարարը հայտարարել է, որ տարածաշրջանում անվտանգության ապահովումը եղել է և շարունակում է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղությունը լինել․
«Սակայն չկարգավորված հակամարտությունն առանցքային մարտահրավերներից մեկն է տարածաշրջանում։ Արցախի դեմ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ [Ադրբեջանի] ձեռնարկած ագրեսիայի հետևանքները, Արցախի տարածքների մի մասի օկուպացիան չեն կարող հակամարտության կարգավորում համարվել»։
Այս իրավիճակում, ըստ Այվազյանի, հրադադարի պահպանման և անվտանգության ապահովման հարցում առանցքային դեր է խաղում Ռուսաստանը։
Իսկ հակամարտության լիարժեք լուծում, ըստ նախարարի, կարող է լինել միայն խաղաղ և քաղաքական կարգավորումը, «որը կհարգի բոլորի իրավունքներն ու կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը»։
Հայաստանի համար կարգավորման միակ միջազգային միջնորդական ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է։ Նախարարը հայտարարել է, որ Երևանը շարունակելու է սատարել այդ ձևաչափը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը պատրաստ է վերսկսել խաղաղ բանակցությունները, սակայն այն մթնոլորտում, որը նպաստում է խաղաղությանը, բայց Ադրբեջանի կողմից նման նախադրյալներ դեռ չեն նշմարվում։ Եվ այդ մասին է վկայում այն, որ Բաքուն հրաժարվում է վերադարձնել գերիներին։
Գերիների վերադարձն իշխանությունների ուշադրության կենտրոնում է
Նախարարն ասել է, որ հայ գերիների վերադարձի հարցն իշխանության ուշադրության կենտրոնում է։ Սակայն Բաքուն շարունակում է արհեստական խոչընդոտներ ստեղծել։ Միաժամանակ, Արա Այվազյանը կարծում է, որ Ադրբեջանի քաղաքականությունն աստիճանաբար գլխացավանք է դառնում հենց Բաքվի համար․
«Ինչպես կարող էիք նկատել, միջազգային ճնշումն աստիճանաբար աճում է․․․ Հույս ունենք, որ Ադրբեջանը կհրաժարվի գերիներին պահելու քաղաքականությունից և անպայման դրական հանգուցալուծում կտա այս կարևոր հումանիտար հարցին»։
Նախարարը չի նշել հայ գերիների վերադարձի հստակ ժամկետներ և խնդրել է համբերությամբ զինվել։ Հարցի լուծմամբ, ըստ ԱԳ նախարարի, զբաղվում են ոչ միայն երկրի իշխանություններն ու համապատասխան հանձնաժողովները, այլև՝ միջազգային գործընկերները։
Նախարարը հերքում է իր հրաժարականի մասին լուրերը
«Ինչպես տեսնում եք, շարունակում եմ աշխատել, ընդ որում՝ բավականին ակտիվ ռեժիմով», — ասել է Արա Այվազյանը։
Հայկական լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Այվազյանի աշխատանքից։ Մասնավորապես, լուրեր էին հրապարակվում, թե վարչապետի դժգոհությունը կապված է Այվազյանի հայտարարությունների հետ, որոնք հնչել են Մոսկվայում 2020 թ-ի դեկտեմբերին։
Այն ժամանակ արտգործնախարարն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո, պատասխանելով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին հարցին, հիշատակել էր Օսմանյան կայսրությունում 1915 թ-ի Հայոց ցեղասպանությունն ու քննադատել Թուրքիայի դերն Արցախյան պատերազմում։