ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի հրաժարականը։ Փաշինյանը սա ռազմական հեղաշրջման փորձ է համարում


JAMnews, Երևան

Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտարարությամբ է հանդես եկել, որում բաց տեքստով պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այն ստորագրել է ԳՇ ողջ ղեկավարությունը։

«ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում», — ասված է հայտարարությունում:

Նիկոլ Փաշինյանը կատարվածը ռազմական հեղաշրջման փորձ է անվանել։

«Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության հրապարակ: Առաջիկայում հանրությանը կդիմեմ ուղիղ եթերում», — գրել է կառավարության ղեկավարը ֆեյսբուքյան իր էջում։

Այնուհետև արդեն տեսաուղերձում Նիկոլ Փաշինյանը հաղորդել է, որ փաստաթղթեր է նախապատրաստել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու համար․

«Շատ բարդ իրավիճակ է։ Գիտեք, որ որոշում եմ կայացրել աշխատանքից ազատելու Գլխավոր շտաբի պետին և նրա տեղակալին։ Այս որոշումների պատճառը կբարձրաձայնեմ հրապարակում։ Այժմ ամենակարևոր խնդիրը քաղաքացիական և ժողովրդական իշխանության պահպանումն է»։

Երևանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ ԼՂՀ նախագահը հայտարարել է, որ պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ՝ Հայաստանում քաղաքական ճգնաժամի հաղթահարման համար։



Գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի հրաժարականը
Լուսանկարի ձախ հատվածում՝ Օնիկ Գասպարյանը

Գլխավոր շտաբի հայտարարության պատճառները

Հայտարարությունում, որը ստորագրել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, նրա բոլոր տեղակալները, վարչության պետերն ու բոլոր զինվորական խոշոր միավորումների հրամանատարները, ասվում է, որ ԳՇ-ն իր վճռական բողոքն է արտահայտում «անհեռատես և չհիմնավորված քայլերի», մասնավորապես՝ Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ։ Դա է հենց այս հայտարարության առիթը։

Այն ստորագրածները կարծում են, որ Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությունը հիմնված է վարչապետի «միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա»։

«ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները: Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին», — ասված է հայտարարությունում։

Հայտարարության հեղինակներն իշխանություններին նաև զգուշացրել են ժողովրդի դեմ ուժ չկիրառել։

Գլխավոր շտաբի պետի հեռացման մանրամասները

ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն անլուրջ է անվանել վարչապետի խոսքերն այն մասին, որ Հայաստանի ձեռք բերած «Իսկանդերները» «չեն պայթել կամ պայթել են միայն 10%-ով»։

Ավելի վաղ արևմտամետ ուղղվածության տեղական լրատվական կայքերից մեկի ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը կասկած էր հայտնել «Իսկանդեր» ռուսական հրթիռային համալիրների արդյունավետության վերաբերյալ։ Նա հայտարարել էր, որ դրանք «չեն պայթել կամ պայթել են միայն տասը տոկոսով»։

Ի պատասխան վարչապետի խոսքերը մեկնաբանելու լրագրողի խնդրանքին՝ Տիրան Խաչատրյանը ծիծաղել էր և ասել․

«Դա անհնար է։ Ինչպե՞ս։ Իսկանդե՞րը։ Մեկ կրակո՞ցը։ «10%-ո՞վ»։ Կներեք, սա լուրջ չէ, չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Խնդրում եմ չզարգացնել թեման և նման տեխնիկայի մասին սխալ պատկերացումներ չձևավորել»։

Փաշինյանի խոսքերին ավելի վաղ արձագանքել էր նաև Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության հարցերի կոմիտեի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը՝ Հայաստանի վարչապետին մեղադրելով սուտ տեղեկություններ տարածելու մեջ։

Միջնորդություն՝ ճգնաժամի կարգավորման համար

ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում է և հայտարարել է, որ պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Հայաստանում քաղաքական ճգնաժամի կարգավորման համար։

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը խիստ մտահոգիչ է․

«Հորդորում եմ բոլոր կողմերին սթափություն ու ողջամտություն ցուցաբերել, այլապես մեր պարտությունը շատ ավելի խորն ու ճակատագրական է լինելու: Բավ է, որքան արյուն ենք թափել, այժմ ժամանակն է ճգնաժամերը թոթափելու և անցնելու երկարատև զարգացման ու զորացման ճանապարհով»։

Մեկնաբանություն՝ ԳՇ հայտարարության և իրադարձությունների հնարավոր զարգացման վերաբերյալ

«Բանակի Գլխավոր շտաբի հայտարարությունն, ավելի շուտ, 2020 թ-ի աշնանն Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ բարձրագույն հրամանատարության կողմից իր վարքն արդարացնելու և պատերազմում կրած պարտության համար մեղքն իր վրայից գցելու փորձ է։

Այս հայտարարությունն ավելի տեղին կլիներ պատերազմի առաջին օրերին, դրանից հետ, երբ ստորագրվեց խայտառակ համաձայնագիրը։ Սակայն այն հնչեց այսօր և վերջին ակորդի տպավորություն է թողնում։ Վերջին մի քանի ամսում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահպանվում է, ինչպես շատերն են պնդում, ուժայինների հավատարմության շնորհիվ։

Այժմ, երբ ապստամբել է բանակը (իսկ Գլխավոր շտաբը հենց բանակն է), Փաշինյանը զրկվել է իր հիմնական ռեսուրսներից մեկից», — կարծում է Lragir.am տեղեկատվական-վերլուծական կայքի քաղաքական մեկնաբան Նաիրա Հայրումյանը։

«Սա ռազմական հեղաշրջման փորձ չէ, այլապես բանակային ստորաբաժանումներն արդեն Երևանի փողոցներում կլինեին։ Պարզապես Գլխավոր շտաբը, գիտակցելով, որ Նիկոլ Փաշինյանը երկիրն աղետի է տանում, քաղաքական հայտարարությամբ է հանդես եկել», — կարծում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Իրադարձությունների հնարավոր զարգացումը փորձագետները դեռևս չեն մեկնաբանում։

«Դժվար է կանխագուշակել, թե ինչ է լինելու։ Դեռևս պարզ չէ, թե ինչ կանի նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա Փաշինյանին արդեն կոչ էր արել հրաժարական տալ, իսկ երեկ չի ստորագրել կարևոր օրենք։ Եթե չստորագրի նաև Գլխավոր շտաբի պետի հեռացման հրամանն, ապա, հնարավոր է, Փաշինյանն ինքը հրաժարական տա», — կարծում է քաղաքական մեկնաբան Նաիրա Հայրումյանը։

Գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի հրաժարականը
Վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաք Երևանում, 2021թ․
Share

Comments are closed.