Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Аналитикон
Արդյունք չի գտնվել
Դիտել բոլոր արդյունքները

Ճանաչված ու չճանաչված պետություններ. փոխհարաբերությունների բանաձեւը

marut
March 2012


Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ

ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ
Ստեփանակերտ

Արտաքին աշխարհի կամ ՄԱԿ-ի անդամ երկրների հետ լեգիտիմ եւ լիարժեք կապերի բացակայությունը ոչ միայն չճանաչված պետությունների բնակչության խնդիրն է. այն արդիականություն է ձեռք բերել նաեւ համաշխարհային ուժի կենտրոնների համար: Միջազգային խաղացողները դրսեւորում են որոշակի շահագրգռվածություն` չճանաչված տարածքների հետ փոխգործակցություն ունենալու հարցում եւ ձեռնամուխ են լինում նոր պետական կազմավորումների կառավարությունների եւ հասարակությունների հնարավոր ոչ հակամարտային ներգրավման եւ համագործակցության բանաձեւի որոնմանը:

Խաղացողների շահագրգռվածությունն առավելապես կապված է այն հանգամանքի հետ, որ չճանաչված պետություններն իրենց տարածաշրջաններում յուրահատուկ գործոն են դարձել. նրանք վերահսկում են ընդարձակ, երբեմն նաեւ` ռազմավարապես կարեւոր տարածքներ, ունեն ոչ փոքր ռազմական եւ տնտեսական ներուժ, ընդունակ են զարգանալու սահմանափակ հնարավորությունների պայմաններում եւ այլն:

Արեւմտյան հանրությունը, որը տարբեր պատճառներով շահագրգռված էր Կոսովոյի գերարագ միջազգային լեգիտիմացմամբ, նախ առաջ է քաշել «Չափանիշներ` կարգավիճակից առաջ» բանաձեւը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն աջակցել է այդ քաղաքականությանը:[1]  Սակայն, արտաքին աջակցությամբ գործադրված ջանքերը սպասված արդյունքի չեն հանգեցրել:[2]  Այնուամենայնիվ, դա չի խանգարել ԱՄՆ[3]  եւ ԵՄ երկրների մեծամասնությանը[4]  2008 թվականին ճանաչել կառավարման թույլ հաստատություններ եւ մարդու իրավունքների ոլորտում խնդիրներ ունեցող երկրի անկախությունը: Փաստորեն` «չափանիշներն» ու «կարգավիճակը» փոխվել են տեղերով, քանզի գերակայել է քաղաքական նպատակահարմարությունը:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ իրավական ընթացակարգերը (անկախության վերաբերյալ համաժողովրդական հանրաքվեներ, քաղաքակիրթ օրենքների ընդունում եւ այլն) կարեւոր են ճանաչում ստանալու համար, բայց, այնուամենայնիվ, ճանաչման որոշումն ընդունելու համար գերակա գործոնը քաղաքական նպատակահարմարությունն է: Քաղաքական վճիռ կայացնելու ժամանակ արտաքին խաղացողները որպես հիմք են ընդունում յուրաքանչյուր պետական կազմավորման ներսում ընդունված ինքնորոշված բնակչության իրավական ակտերը: Այսպիսով, համապատասխան իրավական հիմքի առկայությունը պարտադիր, բայց ոչ բավարար պայման է ճանաչում ստանալու համար:

Ի տարբերություն Կոսովոյի` չկայացած պետական հաստատություններ ունեցող Արեւելյան Թիմորը ՄԱԿ-ի անդամ է: Մինչեւ 1975 թ. Արեւելյան Թիմորը պորտուգալական գաղութ էր: 24 տարիների ընթացքում թիմորցիներն անկախության համար զինված պայքար են մղել: 1999 թ. Ինդոնեզիան միջազգային ճնշման ներքո հարկադրվել է ճանաչել Արեւելյան Թիմորի ինքնորոշման իրավունքը: Իրավաբանորեն անկախությունը հաստատվել է 2002 թվականին: Հատկանշական է, որ Պորտուգալիան բարոյական պատասխանատվություն է ստանձնել` մինչեւ վերջ աջակցել անկախության համար պայքարող թիմորցիներին: Այս հանգամանքը ներառվել է 1976 թ. Պորտուգալիայի Հանրապետության սահմանադրության մեջ (հոդված 293): Արեւելյան Թիմորի անկախության ճանաչման հարցում մեծ էր նաեւ Վատիկանի  դերը:[5] Արեւելյան Թիմորի պետական գործիչները կարծում են, որ նրանց հաջողվել է հաջողության հասնել երեք` ռազմական, դիվանագիտական եւ տեղեկատվական ուղղություններում:

Միջազգային կենտրոնների ընդունած նոր պետությունների ճանաչման քաղաքական մոտեցումը չճանաչված պետություններում առաջացնում է հասարակական դիսկուրսներ` կասկածի տակ առնելով սկզբից եւեթ ընտրված ժողովրդավարական զարգացման անհրաժեշտությունը: Պահպանողաբար տրամադրված գործիչները հարց են բարձրացնում. «Արդյո՞ք ժողովրդավարությունն անհրաժեշտ է, եթե ամեն ինչ լուծվում է քաղաքական բանալիով»: Տվյալ իրավիճակը ձեռնտու է նաեւ ժողովրդավարական բարեփոխումներից խուսափող ավտորիտար վարչակարգերին:

Արցախում, մեր կարծիքով, ժողովրդավարության զարգացումն ունի երկու կարեւոր գործառույթ: Նախ` ժողովրդավարական պետության կառուցումն անհրաժեշտ է նախ եւ առաջ ԼՂՀ քաղաքացիներին: Արցախցիները հարմարավետորեն կապրեին մարդու իրավունքների եւ օրենքի իշխանության լիարժեք պահպանման պայմաններում: Երկրորդը` ԼՂՀ-ի համար ժողովրդավարությունն ունի կարեւոր արտաքին-քաղաքական գործառույթ: Ելնելով սեփական արժեհամակարգից` զարգացած ժողովրդավարական երկրները գիտակցում են, որ ժողովրդավարական առումով առավել զարգացած հասարակությունը չի կարող կառավարվել այլ պետության ավտորիտար վարչակարգի կողմից: Այսինքն, կատարելով ժողովրդավարական բարեփոխումներ սեփական քաղաքացիների համար, երկիրը հավելյալ փաստարկ է ստանում` անկախության ձեռքբերման գործընթացի անշրջելիության օգտին:

Հետեւելով ընդունված «խաղի կանոններին»` տարածաշրջանի քաղաքական գործիչներն ու փորձագետները ձգտում են գտնել խոշոր խաղացողների հետ ընդհանուր շահեր եւ համադրել միջազգային ճանաչում ստանալու կամ բազմաբեւեռ աշխարհի առանցքային բեւեռներից մեկի կողմից ճանաչվելու համար անհրաժեշտ քաղաքական շահեր:

Հաշվի առնելով միջազգային ուժային կենտրոնների շահերը, որոնք, ունենալով տարբեր դրդապատճառներ, միասնական ճակատով հանդես են գալիս Կովկասյան տարածաշրջանի կայունության օգտին, հարկ է հստակորեն հիմնավորել, որ ԼՂՀ միջազգային ճանաչումն ի վիճակի է ապահովել երկարաժամկետ տարածաշրջանային կայունություն:[6]  Ընդսմին, Արցախից եւ Հայաստանի Հանրապետությունից` խնդրի խաղաղ կարգավորման նախընտրելիության մասին եկող ազդակները չպետք է ընկալվեն որպես թուլության եւ նոր պատերազմից վախենալու նշան:[7]  Մեր երկրի դեմ զինված ագրեսիայի վերսկսման դեպքում ԼՂՀ Պաշտպանության բանակն, անտարակույս, արդարացնելու է Արցախի եւ իր քաղաքացիների անվտանգության գլխավոր երաշխավորի կարգավիճակը:

Քաղաքական վերլուծաբան Գայանե Նովիկովան կարծում է, որ հայկական դիվանագիտությունն ու քաղաքական գործիչները պետք է հետզհետե միջազգային հանրությանը մերձեցնեն հետեւյալ իրողությունների գիտակցմանը.

• Լեռնային Ղարաբաղը կարող է լինել ռազմավարական պատնեշ` Հարավային Կովկասի ընդլայնված տարածաշրջանում իսլամիստական տրամադրությունների եւ նրանց կազմակերպությունների ակտիվության ուժեղացման դեմ:

• Որպես ժողովրդավարության կերտման որոշակի փորձ ունեցող դե-ֆակտո պետություն՝ Լեռնային Ղարաբաղը չի կարող մտցվել ավտորիտար Ադրբեջանի իրավասության տակ,

• Տարածաշրջանային գործընթացների եւ սպառազինությունների մրցավազքի համապատկերին, որի մեջ Ադրբեջանը ներքաշում է տարածաշրջանը,  ռազմական գործողությունների ցանկացած վերսկսում հանգեցնելու է տնտեսական եւ հումանիտար աղետի, որը հարվածելու է ոչ միայն հակամարտության անմիջական մասնակիցներին, այլեւ` հարակից պետություններին:

Փորձագետն առաջարկում է փորձել ներգրավել Լեռնային Ղարաբաղը միջազգային զարգացման ծրագրերի մեջ` առանց անկախության իրավաբանական ամրագրման նախապայմանն առաջ քաշելու` խթանելով ԵԱՀԿ Մինսկի Խմբի ձեւաչափում խաղաղ գործընթացը:[8]

Վերոհիշյալ առաջարկությունը միանգամայն տեղավորվում է «Ներգրավում՝ առանց ճանաչման/չեզոք ներգրավվածության կարգավիճակ» բանաձեւի մեջ, որը Եվրամիության կողմից կիրառվել է Կոսովոյում: Բացառված չէ, որ այս քաղաքականությունն իրականացվելու է նաեւ մեր տարածաշրջանում:[9]  Ի տարբերություն Կոսովոյի, որտեղ «Ներգրավում՝ առանց ճանաչման» բանաձեւի շրջանակներում փաստացիորեն ստեղծվում էին պետական հաստատությունները եւ/կամ կառավարման չափանիշները, տվյալ քաղաքականության կենսագործումն Արցախում կարող է առավելապես ուղղորդվել քաղաքացիական հասարակության հաստատությունների ամրապնդմանը:[10]  ԼՂՀ-ում արդեն ստեղծվել ու արդյունավետ գործառնում են պետական հաստատություններ, որոնց մի մասն, այնուամենայնիվ, կարող է աջակցվել սույն քաղաքականության շրջանակներում (դատավորների եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համար վերապատրաստման դասընթացներ, օրինագծերի փորձաքննություն եւ այլն):

Հարկ է նշել, որ ԵՄ-ն, այլ միջազգային կառույցներ եւ որոշ երկրներ ավելի քան 20 տարի աջակցում են Ադրբեջանին ու Հայաստանին ժողովրդավարական զարգացման հարցում: ԼՂՀ քաղաքացիները հանրապետության չճանաչվածության պատճառով զրկված են նման հնարավորությունից: «Ներգրավում՝ առանց ճանաչման» քաղաքականության կիրառումը կարող է հնարավորություն ստեղծել ԼՂՀ ապամեկուսացման եւ լիարժեք զարգացման հնարավորությունների ընդլայնման համար: Բոլոր երեք հակամարտող երկներում ժողովրդավարության համաչափ զարգացումն ունի մեծ նշանակություն, քանի որ զարգացման մեջ անհավասարակշռությունը կարող է նոր մարտահրավերի վերածվել անգամ ներկա հակամարտության կարգավորման պարագայում:

Այսպիսով, ժամանակակից միջազգային հարաբերություններում գոյություն ունեն հնարավորություններ` ճանաչված եւ չճանաչված պետությունների միջեւ արդյունավետ փոխգործակցության համար: Պետական թափանցիկ կառավարումը, ազատ ընտրությունները եւ խաղաղ արտաքին քաղաքականությունը չճանաչված պետությունների համար նույնքան կարեւոր նշանակություն ունեն, որքան եւ ճանաչվածների համար: Ամերիկացի հետազոտողներ Դենիել Բայմանը (Daniel L. Byman) եւ Չառլզ Քինգը (Charles King) գտնում են, որ դե-ֆակտո կառավարություններին աշխարհի խոշոր տերությունների կողմից համապատասխան պայմաններով պետք է առաջարկվեն լեգիտիմացման ուղիներ: Տնտեսական եւ քաղաքական բարեփոխումները կարող են զուգահեռաբար ընթանալ եւ անգամ նպաստել ինքնիշխանության մասին քննարկումներին:[11]  Ակնհայտ է նաեւ, որ չճանաչվածների ճանաչումը նրանց դարձնելու է պատասխանատու միջազգային խաղացողներ:

 

——————

 

[1] Security Council restates support for Kosovo ‘Standards before Status’ policy,http://www.un.org/apps/news/story.asp?NewsID=10590&Cr=Kosovo&Cr1=

[2] Letter dated 7 October 2005 from the Secretary-General addressed to the President of the Security Council: UN Doc. S/2005/635 , http://www.ico-kos.org/pdf/KaiEidereport.pdf>

[3] United States Recognizes Kosovo as Independent State,http://www.america.gov/st/peacesec-english/2008/February/20080218144244dmslahrellek0.9832117.html

[4] U.S. and EU powers recognize Kosovo as some opposed,http://www.reuters.com/article/2008/02/18/us-kosovo-serbia-idUSHAM53437920080218

[5] M.Mayilian: “They think in Timor that they won, but at the same time Indonesia did not lose,” http://www.armedia.am/?action=ForeignWorld&what=show&id=1247166595&lang=rus

[6] Международное признание может предотвратить войну в Карабахе, http://regnum.ru/news/fd-abroad/karabax/1509853.html#ixzz1q2naOMNe

[7] M.Mayilian, «The Place of Nagorno Karabakh within the Region: Prospects and Dead Ends», Caucasus Institute, Yerevan, 2008 – www.caucasusinstitute.org

[8] Gayane Novikova: “There is no exact analysis of the losses in case of handover of a part of territories, controlled by Nagorno Karabakh, to Azerbaijan,” http://regnum.ru/news/fd-abroad/karabax/1511947.html#ixzz1q2nt4SKv

[9] Engagement without Recognition: A New Strategy toward Abkhazia and Eurasia’s Unrecognized States, Alexander Cooley and Lincoln A. Mitchell, http://www.twq.com/10october/index.cfm?id=409

[10] EU-Artsakh. A new format for relations?, Hayk Khanumyan,http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6317

[11] The Phantom Menace, The New York Times,http://www.nytimes.com/2011/08/16/opinion/the-phantom-menace.html?_r=1

Նմանատիպ  նյութեր

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

Ռուսաստանի մեղսակցությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղաշինության և խաղաղապահության մեջ

December 2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Ռուսաստանի դերը և ռուս խաղաղապահ առաքելության լիակատար ձախողումը Սոսի Թաթիկյանի հոդվածի հիմնական...

Կարդալ ավելին

Գերմանիան պետք է կարևոր դեր խաղա Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում․ Շտեֆան Մայստեր

November 2023

Ինչո՞ւ է Գերմանիան ակտիվացել Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական գործընթացում, ի՞նչ հեռանկարներ ունի հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը և ինչպե՞ս Գերմանիան կարող է...

Կարդալ ավելին
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ու մայիսյան ընտրությունները Թուրքիայում

Ինչո՞ւ են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները ձգտում ստանալ փախստականի կարգավիճակ

October 2023

Սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք բախվում են իրավական տարաբնույթ խնդիրների։ Նրանց մի մասը որպես լուծում տեսնում է իրենց...

Կարդալ ավելին
Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

Ծայրահեղականության պատանդները․ ողբերգություն Մերձավոր Արևելքում

October 2023

Միքայել Զոլյան Մի քանի ամիս առաջ տեքստ էի գրում Մերձավոր Արևելքի հակամարտության մասին մի հեռուստահաղորդման համար, որը պետք է հայ...

Կարդալ ավելին

Մեր մասին

Հանդես` մտածող և ոչ անտարբեր մարդկանց համար

Պարբերականներ

  • 2024-ին ընդառաջ. Արցախն առանց հայերի, խաղաղության ու իրավունքների վերականգնման հույսեր
  • Հայաստանի Հանրապետության եռամիասնական գերխնդիրը 2024 թվականին
  • Հայաստանն ու Ադրբեջանը 2024 թ. նախաշեմին. խաղաղությու՞ն, թե՞ նոր պատերազմ

Հետադարձ կապ

+374-479-42693

[email protected]

© All rights reserved 2022 | The Analyticon.

  • Գլխավոր
  • Արխիվ
    • Արխիվ(2009-2011)
  • Հետադարձ կապ
  • Մեր մասին
  • Հրապարակումներ
    • Խմբագրական
    • Հոդվածներ
    • Արտատպություն
  • Խմբագրի ընտրանի
  • Armenian

© All rights reserved 2022 | The Analyticon.