Հայաստանում քաղաքական ճգնաժամը շարունակվում է, փետրվարի 25-ի առավոտից իրավիճակը բարդացել է, քանի որ ԶՈւ Գլխավոր շտաբը հայտարարությամբ է հանդես եկել, որում բաց տեքստով պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այն ստորագրել է ԳՇ ողջ ղեկավարությունը։
Նիկոլ Փաշինյանը կատարվածը ռազմական հեղաշրջման փորձ է անվանել և հաղորդել, որ փաստաթղթեր է նախապատրաստել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության վերաբերյալ։
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել ԳՇ պետի հրաժարականի հրամանագիրը։ Նա երեք օր ունի՝ «դեմ» և «կողմ» փաստարկները կշռադատելու և որոշում կայացնելու համար։
Զինվորականների հայտարարությունից հետո, օրվա երկրորդ կեսին Երևանում միաժամանակ երկու բազմամարդ հանրահավաք է անցկացվել։
Մեկը կազմակերպել էին համախմբված ընդդիմադիր կուսակցությունները, որոնք 2020 թ-ի նոյեմբերից պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Մյուս հանրահավաքին վարչապետի կոչով հավաքվել էին նրա կողմնակիցները։
Նիկոլ Փաշինյանը բոլոր քաղաքական ուժերին կոչ է արել վերջ տալ փողոցային պայքարին և բանակցություններ սկսել, իսկ ԳՇ ղեկավարությանը՝ վերադառնալ իր պարտականություններին։ Ընդդիմադիրները մտադիր չեն դադարեցնել պայքարը, նրանք որոշել են փողոցում գիշերել այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել։
Հայաստանում ստեղծված իրավիճակին արդեն արձագանքել են Ռուսաստանում։ Մոսկվան երևանյան իրադարձություններին վերաբերվում է որպես հանրապետության ներքին գործ։ Միաժամանակ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան հույս ունի, որ իրավիճակը խաղաղ ճանապարհով կկարգավորվի։
Անկարան «խստորեն քննադատել է հեղաշրջման փորձերը», այս մասին հայտարարել է արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իշխանություններին և ընդդիմությանը կոչ է արել զերծ մնալ կտրուկ գործողություններից և հարցը լուծել «խաղաղ և առանց ագրեսիայի»։
- Հայաստանի վարչապետը քննադատել է ռուսական զենքը, Մոսկվայում նրան մեղադրել են ստի համար «Առանց Նիկոլ Հայաստան»․ տեսանյութ
- Երևանից, որտեղ վերսկսվել են ընդդիմության բողոքի ակցիաները
Փաշինյանը կոչ է արել դադարեցնել անհնազանդության ակցիաները
Հանրապետության հրապարակում իր ելույթը Նիկոլ Փաշինյանը սկսել է լռության րոպեով՝ ի հիշատակ Արցախյան երկրորդ պատերազմի զոհերի։
Այնուհետև նա բանակին հրահանգել է իր գործով զբաղվել՝ պաշտպանել Հայաստանի սահմանները․
«Դա իմ հրամանն է՝ որպես ժողովրդի իշխանության ներկայացուցչի։ Ոչ ոք իրավունք չունի խախտելու այդ հրամանը»։
Ժողովուրդը երբեք թույլ չի տա երկրում ռազմական հեղաշրջում իրականացնել, վստահ է Փաշինյանը։ Նա կարծում է, որ շատ գեներալներ և սպաներ հայտարարությունը ստորագրել են իրենց անմիջական ղեկավարների հրամանով։
Վարչապետը նախագահին դեռևս առաջարկել է պաշտոնանկ անել ԳՇ պետին և նրա առաջին տեղակալին։
Նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել հրամանագիրը։ Վարչապետը կարծում է, որ եթե նախագահը չստորագրի այն, դա կնշանակի, որ նա սատարում է հեղաշրջմանը։
Ճգնաժամը հաղթահարելու համար Փաշինյանը հանրահավաքի ժամանակ Գլխավոր շտաբի պետին առաջարկել է հրաժարականի դիմում ներկայացնել․
«Պետք չէ ժողովրդին անընդհատ ցնցումների ենթարկել․․․Ես թույլ չեմ տա բանակը ժողովրդի դեմ դուրս բերել»։
Նա դիմել է նաև ընդդիմությանը․
«Բոլոր քաղաքական ուժերին կոչ եմ անում դադարեցնել անհնազանդության ակցիաները։ Եկեք երկխոսություն սկսենք»։
Միաժամանակ նա սպառնացել է, որ եթե ապօրինի գործողությունները շարունակվեն, 2018 թ-ի «թավշյա» հեղափոխությունից հետո իշխանության եկած ուժը կհրաժարվի «թավիշից»․
«Եթե անցնեք քաղաքական հայտարարությունների սահմանը, մենք կսկսենք ձերբակալել՝ ըստ օրենքի»։
Ընդդիմությունը չի հրաժարվում իր պահանջներից
Ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» կողմնակիցները պատրաստվում են փողոցային պայքարը շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի վարչապետը հրաժարական չի տվել։ Այդ որոշման մասին հայտարարել է շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
Ընդդիմության հանրահավաքն ավարտվել է դեպի խորհրդարան երթով։
«Գնանք խորհրդարանի մոտ, հայտարարենք մեր պահանջի մասին և հետո կրկին կվերադառնանք հրապարակ», — ասել է Սաղաթելյանն ու կողմնակիցներին կոչ արել տաք հագուստ ունենալ, եթե հարկ լինի գիշերել հրապարակում։
Սակայն արդեն խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության կողմնակիցները սկսել են վրաններ տեղադրել, որպեսզի այդտեղ գիշերեն։
«Մեր դիրքորոշումը չի փոխվել»․ ԳՇ երկրորդ հայտարարությունը
Վարչապետի կողմնակցիների հանրահավաքի մեկնարկից առաջ Հայաստանի Գլխավոր շտաբը երկրորդ հայտարարությունն է արել, որում մասնավորապես ասված է, որ առավոտյան հայտարարությունը ոչ ոքի կողմից չի ուղղորդվել և ճնշման տակ չի ստորագրվել․
«Դա գեներալների ու սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը։ Մեկ անգամ ևս հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը»։
«Հայաստանի ԶՈւ-ն կատարում է իր գործառույթները»․ ՊՆ հայտարարությունը
Հայաստանի Զինված ուժերը լիարժեք կատարում են սահմանների պաշտպանության և պետության անվտանգության ապահովման իրենց գործառույթները, ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունում․
«Բանակը ապաքաղաքական կառույց է, և անթույլատրելի են զինված ուժերին քաղաքական որևէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերը: Յուրաքանչյուր նման փորձ սպառնում է Հայաստանի Հանրապետության կայունությանն ու անվտանգությանը»։
Քաղաքական կուսակցությունների արձագանքը
«Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը նախագահին կոչ է արել չստորագրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության մասին փաստաթուղթը։
«Վարչապետի վերջին օրերի գործողությունները միտված են եղել առանց այդ էլ շարքից դուրս եկած բանակը գլխատելուն՝ ՀՀ գլխավոր շտաբի գեներալներին պաշտոններից ազատելու միջոցով, ինչը բացարձակ դատապարտելի է հետպատերազմյան Հայաստանում», — գրել է պատգամավորը Ֆեյսբուքում։
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոչ է արել սատարել վարչապետի հրաժարականի մասին Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պահանջը․
«Այս ճակատագրական պահին պետք է տեր կանգնել մեր պետությանը, կանգնել Զինված ուժերի և հայկական բանակի կողքին։ Պատերազմում պարտված և հողեր հանձնած իշխանությունները պետք է հեռանան։ Դա է հենց մեր ազգային վերածննդի գրավականը»։
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանություններին և ընդդիմությանը զսպվածության կոչ է արել։ Նրա խոսքով՝ քաղաքացիական պատերազմը կհանգեցնի Թուրքիայի և Ադրբեջանի երազանքի իրականացմանը․
«Քաղաքացիական պատերազմը հայ ժողովրդի վերջի սկիզբը կլինի»։
Վարչապետին սատարել է «Իմ քայլը» իշխող դաշինքը, որն անթույլատրելի է համարում «առանձին զինվորականների քաղաքական հայտարարությունը»․
«Այդ ոչ սահմանադրական քայլն ուղղված է ժողովրդի իշխանության զավթմանը, արտաքին սպառնալիքներով լի այս փխրուն հետպատերազմյան իրավիճակում ցնցումներին։ Ցավոք, նրանք, ովքեր պատասխանատու են երկրի անվտանգության համար, իրենց անպատասխանատու են պահում։ Խմբակցությունը միասնական է պետության կայունության և ժողովրդի իշխանության պահպանման հարցում»։