Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երևան
Ապրիլի առաջին տասնօրյակը նշանավորվեց Եվրոպական Միության միանգամից երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրոպական Հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի դեպի Թուրքիա կատարած այցով: Այցի պատվիրակությունն արդեն իսկ ցուցիչ է, թե որքան է ԵՄ-ն ուշադրություն դարձնում Թուրքիայի հետ հարաբերություններին, որոնք հատկապես սրվել էին վերջին մի քանի ամիսների ընթացքում: Սակայն այցն առանց միջադեպերի չանցավ, որն էլ դարձավ երկարաժամկետ քննարկումների առարկա: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եվրամիության երկու առաջնորդների բանակցությունների ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին տղամարդ քաղաքական գործիչների կողքին աթոռ չհատկացվեց:
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց Ուրսուլա ֆոն դեր Լայենի մոլորված կերպարը, երբ Էրդողանն ու Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը բանակցելու համար նստեցին իրար կողքի դրված երկու բազկաթոռներին, իսկ Եվրահանձնաժողովի նախագահը ստիպված էր տեղավորվել որոշակի հեռավորության վրա գտնվող բազմոցին։ Նրա դիմաց, մեկ այլ բազմոցի վրա նստել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այսկերպ Էրդողանը սիմվոլիկ կերպով ցույց տվեց ԵՄ-ին, որ , ըստ իրեն, կնոջ տեղը խոհանոցում է, կամ լավագույն դեպքում` բազմոցին, բայց ոչ տղամարդուն հավասար կամ տղամարդու կողքին: Հատկանշական է, որ Եվրամիության պաշտոնյանները միջադեպից դիվանագիտական սկանդալ չբարձրացրին և շարունակեցին այցն` ըստ իրենց պլանավորածի: Եվրոպական պաշտոնյաններին հետ չէր կանգնեցրել նաև այն հանգամանքը, որ Թուրքիան այցից օրեր առաջ հայտնել էր Ստամբուլյան հռչակագրից դուրս գալու մասին, որով պաշտպանվում են կանանց իրավունքները և մեխանիզմներ ստեղծվում ընտանեկան բռնությունները կանխարգելելու համար:
Վերջին ամիսներին թուրք-եվրոպական առանց այն էլ բարդ հարաբերություններն էլ ավելի խճճվել էին թուրքական հանդուգն գործողություններից Արևելյան Միջերկրական ծովում, երբ Թուրքիան ակտիվ հետախուզական աշխատանքներ սկսեց Միջերկրականի` էներգակիրներով հարուստ հատվածում։ Ըստ հունական և կիպրական կողմերի պնդումների՝ այդկերպ Թուրքիան ոտնահարում է իրենց տարածքային ամբողջականությունը` կոչ անելով միության անդամ իրենց դաշնակիցներին հրատապ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի ապօրինությունները կանխելու համար: Սակայն երկար ամիսներ Էրդողանն անդրդվելի էր: Միայն վերջերս Թուրքիայի հռետորաբանությունը մի փոքր մեղմվել էր, որի հիմնական պատճառը երկրում տիրող սուր տնտեսական ճգնաժամն է, որն առաջացել է թուրքական լիրայի կտրուկ անկման պատճառով: Թուրքիայի համար սեփական դիրքորոշումը մեղմացնելու գործոնն էր դարձել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Զո Բայդենի վարչախմբի կոշտ դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Թուրքիայի առաջնորդ Էրդողանը նույնիսկ բանակցություններ է սկսել Հունաստանի իշխանությունների հետ:
Եվրամիության պաշտոնյաններն Անկարա էին մեկնել հետևյալ օրակարգով`
- Տնտեսական համագործակցության և ներգաղթյալների խնդիրների շուրջ օրակարգի հստակեցում
- Մաքսային միության արդիականացման համար առաջացած խնդիրների լուծում
- Թուրքիայում ապաստանած ներգաղթյալների համար ֆինանսական հոսքերի ապահովում
- Թուրքիայի հետ հարաբերություններում համագործակցության հիմնական ուղղություններում նոր խթանների առաջարկում
- Անվտանգության ու կայունության ապահովում Միջերկրական ծովի արևելքում:
Հանդիպման ավարտին հայտարարվեց, որ թուրքական կողմի «կառուցողական ու դրական քաղաքականության դիմաց» Եվրամիությունը խոստանում է արդիականացնել տարիներ առաջ ստեղծված Մաքսային միությունը, ակտիվացնել վիզաների ազատականացման գործընթացն ու բարձր մակարդակի բանակցությունները Թուրքիայի հնարավոր անդամակցության շուրջ, որոնք սառեցված են արդեն տևական ժամանակ։ Ի թիվս այլ խոստումների ԵՄ-ն հայտարարեց, որ պատրաստվում է շարունակել ու վերանայել 2016 թ.-ին կնքված գործարքը, որով Անկարան համաձայնել էր ապաստան տրամադրել սիրիացի մոտ 4 միլիոն փախստականների՝ 6 միլիարդ եվրո ֆինանսական օժանդակության դիմաց։ Ըստ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ ԵՄ-ն պատրաստ է ավելացնել գումարները, եթե այդ միջոցները տրամադրվեն փախստականների ինտեգրմանը, նրանց համար բարեկեցության առավել լավ պայմաններ ապահովելուն:
Հիշեցնենք, որ 2015-2016 թթ.-ին ԵՄ-ն փորձում էր ամեն կերպ կանխել ապօրինի ներգաղթյալների մուտքը դեպի իր սահմաններ: Այս համատեքստում առանցքային նշանակություն ունեին ԵՄ-Թուրքիա բանակցությունները: ԵՄ-Թուրքիա համատեղ գործողությունների ծրագիրն ընդունվեց 2015 թ.-ի նոյեմբերի 29-ին: Դրա առանցքային կետերը հետևյալն էին`
- ԵՄ-ն պարտավորվում է մեծացնել Թուրքիայի հետ քաղաքական և ֆինանսական համագործակցությունը, որը պետք է կրի ավելի համակարգային բնույթ` ներառյալ տարեկան երկու անգամ համաժողովների կազմակերպումը:
- ԵՄ-ն հանձնառու է տրամադրել Թուրքիային նախնական 3 միլիարդ եվրո լրացուցիչ ռեսուրս` օգնելու սիրիացի փախստականների հարցում:
- Գործողությունների ծրագրի իրագործման համար փախստականների հարցերով երկու կողմերը ակտիվորեն կհամագործակցեն: Նրանք կկանխեն երկկողմանի տեղաշարժերը:
- Թուրքիան և ԵՄ-ն կավարտեն վիզաների ազատականացման գործընթացը մինչ 2016 թ.-ի հոկտեմբեր:
- 2015 թ.-ի դեկտեմբերի 14-ին կայանալիք միջկառավարական համաժողովում կբացեն անդամակցության գործընթացի 17-րդ գլուխը:
Ամիսներ շարունակ երկկողմանի բարձրաստիճան բանակցություններ էին տեղի ունենում` գործողությունների ծրագիրը կյանքի կոչելու համար: Ի վերջո 2016 թ.-ի մարտի 18-ին ԵՄ-ն և Թուրքիան հանդես եկան պաշտոնական հայտարարությամբ, որի բովանդակությունը հետևյալն էր`
– Բոլոր նոր ապօրինի ներգաղթյալները հունական կղզիներից կվերադարձվեն Թուրքիա:
– Յուրաքանչյուր ապօրինի ներգաղթյալի դիմաց մեկ սիրիացի փախստական կտեղափոխվի ԵՄ:
– Երբ ապօրինի ներգաղթը կանխվի, կակտիվացվի կամավորական-մարդասիրական ընդունման մեխանիզմը:
– Թուրքիայի քաղաքացիների համար վիզայի պահանջները կվերանան մինչ 2016 թ.-ի հունվարի վերջ: Թուրքիան բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկի` բավարարելու վիզայի ազատականացման ռեժիմի համար անհրաժեշտ բոլոր պահանջները:
– Մինչ 2018 թ.-ի վերջը ԵՄ-ն մինչև վեց միլիարդ եվրոյի օգնություն կցուցաբերի Թուրքիային՝ փախստականների համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու գործընթացում:
– Մինչ 2018 թ.-ի հունիսի վերջ պետք է վերսկսել Թուրքիայի անդամակցության բանակցությունների 33-րդ գլուխը:
Որքան էլ Եվրամիության համար դժվար էր Թուրքիայի հետ փոխզիջումների գնալ և խոստանալ վիզայի շուտափույթ ազատականացում ու անդամակցության բանակցություններում 33-րդ գլուխը բացել, այնուամենայնիվ, ստիպված էր դիմել այդ քայլին: Սակայն Թուրքիայի ներքաղաքական օրակարգը միանգամայն այլ բան էր նախատեսել: Հենց 2016 թ.-ի ամռանն էր, որ երկրում պետական հեղաշրջման փորձ կատարվեց, և արտակարգ դրություն հայտարարվեց: Թուրքիայում սկսվեց ձերբակալությունների և ոչ ժողովրդավարական մեթոդների կիրառման տեղատարափ, ինչն էլ ԵՄ-ին մանևրելու հնարավորություն ընձեռեց:
Թուրքիայում սիրիացի փախստականներին օգնելու նպատակով ԵՄ-ն հետևյալ աջակցության փաթեթն էր նախատեսել.
- Ընդհանուր բյուջեն կազմում էր 6 միլիարդ եվրո: Առաջին փոխանցումը կատարվեց 2016-2017 թթ.-ին, իսկ երկրորդ 3 միլիարդը նախատեսված էր 2018-2019 թթ.-ին:
- 2016-2017 թթ.-ի համար նախատեսված փոխանցումները լիովին իրականացվել են, որի շրջանակում իրագործվել են 72 նախագծեր:
- 2019 թ.-ի տվյալներով՝ ավելի քան 470.000 երեխաներ ֆինանսական աջակցության այդ ծրագրերի միջոցով դպրոցներ են հաճախել, 400.000 ուսանողներ մասնակցել են թուրքերենի դասերի, 43.000 ուսանողներ ստացել են լրացուցիչ պարապմունքների իրավունք, 19.000 ուսուցիչներ վերապատրաստվել են:
- Ավելի քան 500.000 ամենախոցելի սիրիացի փախստականներ ամսական կանխիկ փողի տեսքով օգնություն են ստացել:
Այս համաձայնագրի կնքումից անցել է գրեթե 5 տարի և Եվրոպական Միությունը կրկին կանգնել է համաձայնագիրը թարմացնելու շեմին:
«Մենք մեր ձեռքն ենք մեկնում և հուսով ենք, որ Թուրքիան իր հերթին պատասխան քայլեր կանի»,- Անկարայում հայտարարեց Եվրահանձնաժողովի ղեկավարը՝ նախագահ Էրդողանի հետ դռնփակ հանդիպումից հետո,- «Թուրքիան պարտավոր է հարգել միջազգային իրավունքի նորմերը և չափորոշիչները։ Եվրամիությունը երբեք չի ընկրկի բարձրաձայնել այս ոլորտում առկա բացասական զարգացումների, ինչպես նաև Եվրամիության անդամ երկրների, օրինակ, Հունաստանի կամ Կիպրոսի դեմ ձեռնարկված միակողմանի քայլերի մասին»:
Եվ այս ամենն ասվեց այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովի նախագահին չպատվեցին, որպես քաղաքական գործչի, այլ վերաբերվեցին որպես իրավազուրկ կնոջ: Պատահական չէ, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները քննադատում են ԵՄ-ին` նշելով, որ Թուրքիայի նախագահի հանդգնության մեծացմանը զուգահեռ ԵՄ-ն դառնում է ավելի հանդուրժողական և աչք է փակում ավելի ու ավելի սեկուլյարությունից հրաժարվող իսլամիստ Թուրքիայի գործողությունների վրա: Թուրքիան սիրիացի ներգաղթյալների խնդիրը դարձրել է խաղաքարտ և առաջ է մղում իր շահերն ու քաղաքականությունը տարածաշրջանում, իսկ Եվրամիությունը կարծես թե վաղուց հրաժարվել է քաղաքականություն թելադրողի իր դերից: