Վասն հրապարակային հայհոյանքի վարչական հետևանքների
Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մեդիափորձագետ
Երևան
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ (տե՛ս https://www.e-draft.am/projects/3185/about), որով նախատեսվում է Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 172-րդ հոդվածով.
«Հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով) խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյանքը կամ ցանկացած ձևով անպարկեշտ վիրավորանքը, եթե չի պարունակում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսունապատիկի չափով:
- Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունմեկապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով»:
Սրան համապատասխան փոփոխություններ են նախատեսվում նույն Օրենսգրքի այլ հոդվածներում ևս։
Հիմա հարց տամ այս նախագիծը մշակած մտքի գիգանտներին. իսկ ի՞նչ է հայհոյանքը։
Դուք այդ հասկացությունը չեք սահմանել, բայց դրա համար պատասխանատվություն եք նախատեսում։ Այսինքն՝ կամայական մեկնաբանությունների տեղ եք թողնում։
Օրինակ, տողերիս հեղինակի «Հետհեղափոխությունն իր եզրերով» վիպակում կա հերոսուհիներից մեկի՝ բանաստեղծուհի Անոյի բանաստեղծությունը.
«Բոզի տղերքը թրքոտ ոտքերով
Տրորում են փողոցներդ,
Քաղաք իմ…»:
Հիմա ի՞նչ, այլևս գեղարվեստական գործում այսպիսի տողեր չպե՞տք է հրապարակեն։
Երկրորդ՝ հայհոյանքը (որը, կրկնեմ, չեք սահմանել ինչ է) անհատականացվա՞ծ նկատի ունեք, այսինքն՝ կոնկրետ անձին ուղղվա՞ծ, թե՞ էնպես՝ օդում հնչեցրածը։ Եվ եթե կոնկրետ անձը չի բողոքում, դարձյալ պետք է վարչական վարույթ սկսեք և տուգանե՞ք։ Ո՞ւր է այստեղ տրամաբանությունը։
Հնարավոր է՝ «հայհոյված» անձը չի ուզում, որ իր անունն ու իրեն ուղղված հայհոյանքը ավելորդ հանրայնացվեն, դուք ինչո՞ւ եք առանց իրեն հարցնելու տիրաժավորում այն՝ վարչական ակտի ձևով։
Եվ, վերջապես, սահմանման բացակայության պայմաններում ո՞վ է որոշելու տվյալ արտահայտությունը հայհոյա՞նք է, թե՞ ոչ, և արդյո՞ք դա տեղիք չի տալու կամայական և սուբյեկտիվ որոշումների։
Հայաստանի հյուսիսային մարզերի գյուղերից մեկում ծնված-մեծացած ընկերս մի անգամ ասաց, որ իրենց մոտ ամենախիստ ուշունցը «էշի տղա»-ն է, և որ ինքը Երևանում է առաջին անգամ լսել էն բազմահարկ հայհոյանքները։ Հիմա ո՞նց ենք անելու։ Էդ գյուղում ծնված ոստիկանը ա՞կտ է կազմելու «էշի տղա» արտահայտության համար։ Իսկ Երևանի ոստիկանը չի՞ կազմելու։
Ահա այդ անորոշությունը տեղիք է տալու նաև ընտրովի վարչարարության. «այս հայհոյողը (որը կարող է նաև ամենակեղտոտ բառերը ասած լինի) իշխանության կողմից է, սրան բան չասենք», իսկ ահա սրան՝ (որն ընդամենը ասած կլինի «իշու ձագ») տուգանենք։
Այսինքն՝ ինչպես Թումանյանի «Հառաչանքում».
Քննությունն արին, բըռնեցին գյադին,
Թե՝ ինչպե՞ս ուշունց կըտաս թավադին.
Բաց արին տեսան գըրած զակոնում,
Թե չոբան Չատին Սիբիր է գընում։
Նույն նախագծով նախատեսվում է լրացում կատարել Օրենսգրքի 224-րդ հոդվածում և քննության իրավունքը վերապահել ՀՀ ոստիկանությանը։
Այստեղ շեղվեմ և ներկայացնեմ երջանկահիշատակ լրագրող և հրապարակախոս Վալերի Այդինյանի գրած մի պատմություն։
1984 թվականին ԽՍՀՄ-ը բոյկոտում էր Լոս Անջելեսի օլիմպիական խաղերը, և հրաման էր իջեցված այդ մասին ոչինչ չգրել և անգամ «օլիմպիադա» բառն իր վարիացիաներով չօգտագործել։ Վալերի Այդինյանն իր մի հոդվածում գրած է լինում «օլիմիպիական հանդարտություն» թևավոր խոսքը։ Երեկոյան «գլավլիտի» գրաքննիչը պահանջում է հանել դա, քանի որ «օլիմպիական» բառն արգելված է։ Վեճը հասնում է մինչև ՊԱԿ-ի ղեկավարի տեղակալ։ Շարունակությունը չպատմեմ։ Կարևորը հենց եզան համառությամբ, առանց իմաստի մեջ խորանալու «օլիմպիական հանդարտություն» թևավոր արտահայտությունից «օլիմպիական» բառը հանելու պահանջն էր։ Եվ նա դեռ «գլավլիտի» գրաքննիչն էր՝ պրոֆեսիոնալ։ Բա պատկերացրեք վերոհիշյալ օրինագիծն ընդունվելուց հետո ինչ է լինելու, երբ հայհոյանքի առկայությունը որոշելու է ընդամենը, ասենք, ոստիկանության դպրոց ավարտած մի լեյտենանտ, որը (99,9 տոկոսով համոզված եմ) չի տարբերում գեղարվեստական խոսքը փողոցային ժարգոնից։ Նա, վստահաբար, իմ վիպակից վերոհիշյալ մեջբերումը կհամարի հայհոյանք, դրա համար վարչական ակտ կկազմի և ինձ կտուգանի 100 հազար դրամով։
Իրականում սրա անհրաժեշտությունը չկա։ Հայհոյանքը անհատականացված վիրավորանք է ենթադրում։ Անգամ օդում կրակոցը կարող է հասարակության որևէ անհատ գնահատել վիրավորանք իր հասցեին և դիմել Քաղաքացիական օրենսգրքի 1087.1՝ «Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները» հոդվածի օգնությանը։
Վարչական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն էլի բաներ են նախատեսում։ Օրինակ, հրապարակային հայհոյանքի (դարձյալ կրկնենք՝ դրա սահմանումը չկա) համար ոստիկանությունը կարող է նաև վարչական ձերբակալում իրականացնել։ Հարց է առաջանում. իմ հրապարակային հոդվածի մի բառի համար պիտի ինձ վարչական ձերբակալությա՞ն ենթարկեն։ Որ ի՞նչ:
Մինչ հաջորդ հարցը տալը ևս մի շեղում։
Կյանքը, ի գիտություն սույն նախագծի հեղինակների, հարափոփոխ բան է։ Փոփոխական են նաև մեր պատկերացումները վատի ու լավի, դրականի ու բացասականի մասին։ Այն, ինչ երեկ հայհոյանք էր, վաղը կարող է սովորական բառ համարվել։ Սա լավագույնս հասկացել են արտասահմանում։ Ահա թե ինչ է գրված «Վաշինգտոն փոստ» թերթի էթիկայի կանոններում։
«Վաշինգտոն փոստ»-ը հարգում է ճաշակը և պատշաճությունը՝ ընդսմին հասկանալով, որ այդ հասկացությունների մասին հասարակական պատկերացումները հարափոփոխ են: Նախորդ սերնդի համար վիրավորական համարվող բառը հաճախ առօրեական է հաջորդ սերնդի համար:
Եվ, իսկապես, կան և արդեն շրջանառվում են բառեր ու արտահայտություններ, որոնք 40-50 տարի առաջ հայհոյանք էին, իսկ էսօր սովորական են ականջի համար։ Կամ՝ այն, ինչ այսօր հայհոյանք է, կարող է վաղը սովորական դառնալ։ Ուստի նման օրինագիծ ներկայացնողները պիտի կարողանային հայհոյանքի այնպիսի սահմանում տալ, որն ունիվերսալ, համապիտանի կլիներ բոլոր ժամանակների համար։
Եվ վերջապես. թեպետ նախագիծը նախատեսում է նաև վարչական ակտի բողոքարկում դատարանում, սակայն դրա համար երկար գործընթաց է սահմանված։ Դու չես կարող դատական կարգով այն վիճարկել, քանի դեռ չես վիճարկել վարչական մարմնի վերադասին.
«…վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով գանգատարկվելուց (բողոքարկվելուց) հետո…» «…Որոշումը վարչական կարգով գանգատարկվում է (բողոքարկվում է) վարչական ակտն ընդունած վարչական մարմին, վարչական մարմնի վերադաս վարչական մարմին կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ իրավասու վարչական մարմին»:
Պա՞րզ է, սահմանված է այնպես, որ մարդը «զահլա չանի» էդքան ատյան անցնի մինչև դատարան դիմելը, այլ միանգամից վճարի տուգանքն ու գլուխն ազատի։
Եվ հիմա վերջին հարցը հեղինակներին։
Այս նախագիծը պատրաստելիս ինչո՞վ եք մտածել, կամ՝ մտածե՞լ եք, արդյոք։
Հարցս հռետորական է։