Մերձավոր Արևելքում Իսրայելի և Պաղեստինի միջև ռազմական գործողություններն անսպասելիորեն «կռվախնձոր են դարձել» ադրբեջանական հասարակությունում։ Սոցցանցերի տեղական տիրույթը բառացիորեն բաղկացած է դիմակայությունում այս կամ այն կողմի սատարման մասին հաղորդագրություններից։ Այն դեպքում, որ այս կոնֆլիկտը, կարծես, Ադրբեջանից աշխարհագրորեն շատ հեռու է։ Ո՞րն է հասարակության նման արձագանքի պատճառը։
Ընկերը՝ եղբոր դեմ
Իսրայելն Ադրբեջանում համարվում է ընկեր և հիմնական դաշնակիցներից մեկը։ Հրեաների պետությունը բացահայտ սատարել է Ադրբեջանին վերջերս տեղի ունեցած Արցախյան երկրորդ պատերազմում և զենքի՝ մասնավորապես Harop ԱԹՍ-ների հիմնական մատակարարներից է։
Բաքվում դրոնների արտադրության գործարան կա, որը կառուցվել է իսրայելական պաշտպանական ձեռնարկությունների հետ համատեղ։
Մյուս կողմից՝ Պաղեստինը մուսուլմանական երկիր է։ Եվ մուսուլման ադրբեջանցիների բացարձակ մեծամասնությունը նրանց համարում է կրոնական եղբայրներ։ Պակաս կարևոր չէ նաև շիական Իրանի գործոնը, որը բացահայտ սատարում է Պաղեստինին։
Սակայն կրակի մեջ յուղ է լցրել…
…Թուրքիայի գործոնը
Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում իսրայելական ոստիկանության և պաղեստինցիների միջև բախումների մեկնարկից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավանդաբար պաղեստինցիների կողմն է բռնել։
«Վճռականորեն դատապարտում ենք մեր առաջին սրբավայր Ալ-Աքսա մզկիթի վրա Իսրայելի գարշելի հարձակումները, որոնք ամեն տարի իրականացվում են Ռամադան ամսում։ Թուրքիան ցանկացած իրավիճակում և ցանկացած պայմաններում շարունակելու է պաղեստինցի եղբայրների կողքին լինել»,- մայիսի 8-ին Թվիթերում գրել է նա։
Մեկ օր անց թուրքական պետության ղեկավարի հռետորաբանությունը խստացել է։
«Մուսուլմանների գլխավորությամբ ողջ աշխարհին կոչ եմ անում վճռական գործողություններ կատարել Ալ-Աքսա մզկիթի, Երուսաղեմի և պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի դրսևորած ագրեսիայի դեմ»,- նշել է Էրդողանը Twitter-ում մայիսի 9-ին։
Գրեթե միաժամանակ Մերձավոր Արևելքում կատարվածի նկատմամբ իր վերաբերմունքն է հայտնել Սելջուկ Բայրաքթարը՝ Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանում ամենահարգված թուրքը։
Բայրաքթարը համանուն ԱԹՍ-ների արտադրության գործարանի հիմնադիրն ու ղեկավարն է, որոնք վճռորոշ դեր խաղացին Արցախում 2020 թ-ի աշնանը։ Ի դեպ, Սելջուկ Բայրաքթարը Թուրքիայի նախագահ Էրդողանի փեսան է։
«Իսրայելը ռասիստական և ֆաշիստական պետություն է։ Աշխարհում էլ որտե՞ղ կարող են պարել ռումբերի տակ սպանված 16 երեխաների և սրբազան տաճարի այրման պատվին։ Ձեր կողմից վառված այդ կրակը ձեր դեմ է դուրս գալու։ Ալլահը մեծ և արդար է իր որոշումներում»,- գրել է Բայրաքթարը Twitter-ում։
Ո՞ւմ կողմից պետք է լինի և ի՞նչպես պետք է վարվի Ադրբեջանը
«Իրավիճակը բարդ է․ Պաղեստինը մեր ամենամեծ ընկերը չէ, սակայն Իսրայելը մեր ընկերն է։ Բացի այդ, Թուրքիան է Պաղեստինի կողմը բռնել։ Ի՞նչ պետք է անի Ադրբեջանը նման իրավիճակում»,- հարցադրում է անում սոցցանցերի ադրբեջանական տիրույթի օգտատերերից մեկը։
Նույնպիսի հարց են իրենց ընթերցողներին տալիս որոշ հայտնի կայքեր և ֆեյսբուքյան էջեր։
Սակայն բնավ ոչ բոլորն են տիրապետում հարցին, թե ինչու Ադրբեջանը Պաղեստինին ընկեր չի համարում։
Ինչո՞ւ Ադրբեջանում չեն սիրում Պաղեստինը
Նախորդ դարի 90-ականների սկզբից ի վեր ադրբեջանական հասարակությունում օտարերկրյա պետությունների նկատմամբ վերաբերմունքը գալիս է Ղարաբաղյան հակամարտությանն այս կամ այն երկրի վերաբերմունքից։ «Իմ թշնամու ընկերն իմ թշնամին է» կարգախոսը լռելյայն ձևավորել է Ադրբեջանի բնակիչների վերաբերմունքը շատ երկրների նկատմամբ։
Պաղեստինն Ադրբեջանում ընկալվում է որպես Հայաստանի ընկերներից մեկը։ Դրան նպաստել է 2020 թ-ին Պաղեստինում Հայաստանի անվան փողոցի բացումն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծածանվող դրոշն այդ տոնակատարությանը։
Սոցցանցերում նաև ակտիվորեն շրջանառվում է Պաղեստինի նախկին առաջնորդ Յասիր Արաֆաթի արտահայտությունը, որում նա «արդար» է անվանում Արցախում հայերի պայքարը։
Պաշտոնական Բաքվի լռությունը
Նման բարդ իրավիճակում հայտնվելով, երբ ամենամոտ դաշնակիցդ՝ Թուրքիան, բացահայտ սատարել է մյուս դաշնակցի հակառակորդին, պաշտոնական Բաքուն իր դիրքորոշումը չի հայտնել Մերձավոր Արևելքում կատարվածի վերաբերյալ։
«Մերոնցից շատերին չի կարելի գրել արտաքին քաղաքականության մասին։ Մասնավորապես, պաղեստինա-իսրայելական հակամարտության մասին»,- իր Telegram-ալիքում գրել է լրագրող և բլոգեր Համիդ Համիդովը, որը միանգամից մի քանի իշխանամետ լրատվականների ղեկավար է։
Այստեղից կարելի է հետևություն անել, որ Բաքուն որոշել է լռել և բացահայտ չսատարել հակամարտության կողմերից մեկին։
Փորձագետի կարծիք
Շատերը, չգիտես ինչու, որոշել են, որ Ադրբեջանը պաղեստինա-իսրայելական հակամարտությունում միանշանակ սատարում է Իսրայելի քաղաքականությունը, կարծում է քաղաքական տեսաբան Աղշին Քերիմովը։
«Ադրբեջանը բացարձակ այլ դիրքորոշում ունի, և այն հիմնված է միջազգային իրավունքի վրա։
Ցանկացած իրավիճակում Իսրայելին սատարելու կամ Իսրայելին իրանցի քաղաքական գործիչների բառապաշարով քննադատելու՝ որոշների մղումը պայմանավորված է անձնական համակրանքով և շատ հեռու է անաչառ գնահատականից։
Իսրայելն Ադրբեջանի գործընկերն է, նույնսիսկ՝ դաշնակիցը, սակայն Բաքուն երբեք հայտարարություննր չի արել՝ ի աջակցություն անարդար քաղաքականության, և չի էլ անելու։
Նախագահ Իլհամ Ալիևը ժամանակին դեմ է արտահայտվել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն։ Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանը սատարում է պաղեստինա–իսրայելական հակամարտության լուծումը խաղաղ ճանապարհով՝ երկու պետությունների համակեցության և Արևելյան Երուսաղեմը որպես Պաղեստինի մայրաքաղաք հայտարարելու սկզբունքի հիման վրա։
Ադրբեջանը բռնակցման ակտ է ճանաչել Արևելյան Երուսաղեմի հարցն ու դեմ հանդես եկել Ալ–Աքսա մզկիթում աղոթել ցանկացողների նկատմամբ սահմանափակումներին»,- նշել է Քերիմովը JAMnews-ի թղթակցի հետ զրույցում։