Այնքան շատ սպառնալիքներ և բարձրագոչ հայտարարություններ կային առ այն, որ Միացյալ Նահանգները պատրաստ էր անել ամեն ինչ՝ կանխելու ռուս-գերմանական գազատարի շինարարության ավարտը: Եվ այսպես, Բայդենը փոխեց իր միտքը, չնայած ամերիկացիները շարունակում են ամբողջ ուժով քննադատել այս նախագիծը: Գերմանիայի արտգործնախարարը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների այս «կառուցողական քայլը»: «Հյուսիսային հոսք – 2» -ը փրկվա՞ծ է:
Այնքան շատ սպառնալիքներ ու բարձրագոչ հայտարարություններ կային, որ ԱՄՆ-ը պատրաստ էր անել հնարավորը սկանդալային «Հյուսիսային հոսք – 2» գազատարի կառուցման ավարտը կանխելու համար: Ռուս-գերմանական գազատարը երկար տարիներ հանդիսացել է ԱՄՆ-Գերմանիայի հարաբերությունների գլխավոր խոչընդոտը:
Բայց հիմա ԱՄՆ-ն որոշել է հրաժարվել «Հյուսիսային հոսք – 2»-ը կառուցող ընկերության դեմ պատժամիջոցներից: Ընկերության բարձրագույն ղեկավարությունը, այդ թվում գործադիր տնօրեն Մաթիաս Ուարնիգը ՝ «Շտազիի» նախկին գործակալը, որը մտերիմ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ջրից չոր են դուրս գալիս:
«ԱՄՆ-ին ձեռնտու է պատժամիջոցների կիրառումից հրաժարվելը»,- չորեքշաբթի ասաց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
Փորձագետներն այս անսպասելի հայտարարությունը մեկնաբանում են հետևյալ կերպ. Վաշինգտոնը «Հյուսիսային հոսք – 2» -ը համարում է նախկինից ժառանգած խնդիր, որը պետք է վերացվի, քանի որ Գերմանիայի հետ հարաբերությունները բարձրացել են առաջնահերթությունների ցուցակում: Գերմանիայի կառավարությունը աջակցում է գազատարին: Բեռլինում նրանք կարծում են, որ այս գործը բացառապես բիզնեսի ոլորտից է:
«Գերմանիան ԱՄՆ-ի ամենակարևոր դաշնակիցն է, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին: Կոնգրեսը համաձայնել է փորձել դանդաղեցնել «Հյուսիսային հոսք – 2» -ը, սակայն այս ոլորտում օրենսդրությունը նաև հնարավորություն է տալիս հրաժարվել պատժամիջոցներից: Բայդենի կառավարությունը նույնպես շատ քննադատաբար է վերաբերվում այս նախագծին և դրա մասին բարձրաձայնել է պարզ ու հստակ: Բայց նա շահագրգռված չէ պատժամիջոցներ կիրառել բոլորի դեմ՝ միայն թե դադարեցնի կառուցումը»,- ասում է գերմանական Wissenschaft und Politik վերլուծական կենտրոնի քաղաքագետ Սաշա Լոհմանը:
Գերմանիայում ԱՄՆ դեսպանության խոսնակ Ջորդոնո Շոլցը Jyllands-Posten-ի հետ զրույցում շեշտեց, որ ամերիկացիները «շարունակում են համագործակցել Գերմանիայի հետ և անհանգստություն են հայտնում գազատարի հետ կապված ռիսկերի վերաբերյալ»:
Ըստ Financial Times-ի, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը շտապել է ողջունել «կառուցողական քայլը», որն արտացոլում է երկու կառավարությունների «գերազանց հարաբերությունները»:
Բիզնես կամ քաղաքականություն
Բայդենի նախորդ Դոնալդ Թրամփի` ԱՄՆ նախագահ եղած չորս տարիների ընթացքում Բեռլինի և Վաշինգտոնի հարաբերությունները կտրուկ վատթարացան: Թրամփը պարբերաբար հրապարակավ քննադատել է Գերմանիային «Հյուսիսային հոսք – 2»-ի պատճառով, և այն փաստի համար, որ այս երկիրը, ինչպես Դանիան, չնայած ՆԱՏՕ-ի առջև ստանձնած խոստմանը, չի ծախսում ՀՆԱ-ի 2%-ը պաշտպանության ծախսերի վրա:
Վաշինգտոնի նոր կառավարությունը շարունակում է քննադատել խողովակաշարը: Որոշ պատժամիջոցների վերացմանը զուգընթաց՝ Միացյալ Նահանգները մի քանի նոր տույժեր են մտցրել ռուսական նավերի նկատմամբ, որոնք օգնում են կառուցել գազատարը: Սաշա Լոհմանը նշում է, որ չնայած պատժամիջոցները հանվեցին, այնուամենայնիվ, շատ ֆինանսական ընկերություններ «Հյուսիսային հոսք – 2» -ը և դրա բարձր ղեկավարությունը դասում են ռիսկային բիզնես գործընկերների շարքին:
«Ուստի, հնարավոր է, որ նրանք ամեն դեպքում բախվեն խնդիրների, քանի որ ֆինանսական հաստատությունները կարող են չցանկանալ իրենց անունից վճարումներ կատարել»,- ասում է նա:
ԱՄՆ-ն դեմ է գազատարին, քանի որ կարծում է, որ այն եվրոպացիներին կախվածության մեջ կդնի ռուսական գազից, ինչը նշանակում է, որ դա ռուսներին ճնշում գործադրելու հնարավորություն կտա: Բացի այդ, Վաշինգտոնը և դրան մոտ գտնվողները նախազգուշացնում են, որ Ուկրաինան կկորցնի եկամտի կարևոր աղբյուրը, եթե ռուսներն ավելի քիչ օգտագործեն Ուկրաինայով անցնող գազատարները:
Քննադատները պնդում են, որ ԱՄՆ-ն ավելի շուտ դիմադրում է շինարարությանը, քանի որ ցանկանում է իր թանկարժեք հեղուկացված գազը վաճառել եվրոպացիներին:
Հատուկ «Անալիտիկոնի» համար ռուսերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը
Սկզբնաղբյուրը` Inosmi