Լեռնային Ղարաբաղը Մոսկվայի վերջին սառեցված հակամարտությունն է

Ռուս խաղաղապահներն արմատապես վերափոխել են տարածաշրջանը

 Dadivank monastery. Nov. 18, 2020.  KAREN MINASYAN/AFP VIA GETTY IMAGES

Թոմ ՄԱՏՉ (Tom Mutch)

Ադրբեջանի Քելբաջարի շրջանում գտնվող հայկական չքնաղ Դադիվանքը կարելի է անվանել աշխարհի ամենաանառիկ տաճարը: Նրա հինավուրց պատերի վրա կարելի է տեսնել  գնդակների հետքեր, պատուհանները ծածկված են ավազի պարկերով, իսկ շինության ներսը վերածվել է զորանոցի: Ընդամենը վեց ամիս առաջ հայ ուխտավորները կարող էին այստեղ ազատ ու խաղաղ աղոթել: Մեր օրերում այնտեղ կարելի է հասնել միայն ռուս զինվորականների ուղեկցությամբ, ովքեր ամիսը երկու անգամ վանք են մեկնում Ստեփանակերտից՝ ինքնահռչակ Արցախի հայկական հանրապետության մայրաքաղաքից: Այս անջատողական հայկական շրջանը  զբաղեցնում է Լեռնային Ղարաբաղի երկու երրորդը: 12-րդ դարի այս վանքի ճակատագիրը  հայկական մշակութային ժառանգության շուրջ բուռն բանավեճերի թեմա է դարձել , քանի որ այն վերջերս  անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո:

Երբ կիրակնօրյա պատարագից հետո կանգնած էինք Դադիվանքի բակում, իմ հայ ուղեկցորդ Նարիկը ցույց տվեց ջրի  հին աշտարակի մնացորդները, որոնք մեր վերևում գտնվող բլրի վրա էին: «Այնտեղ  ադրբեջանական պահակակետ կա»,- ասաց նա մի փոքր թատերականորեն: «Զգույշ, նրանք հավանաբար արդեն զենքերը ուղղում են դեպի  մեզ»:

Երբ մտնում եք քաղաք Ստեփանակերտ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գովազդային վահանակից նայում է ձեզ քարացած դեմքով: Գովազդային վահանակում գրված է «Տարվա մարդ», իսկ տեղացիները դրան բավականին լուրջ են վերաբերվում: Չգիտես ինչու, Լեռնային Ղարաբաղի խաղաղ հայերը Մոսկվան համարում են իրենց վերջին պաշտպանը: Ռուսաստանն իր հերթին ավելի ու ավելի է մեկուսացնում և վերահսկում այս ինքնահռչակ պետությունը ՝ Հայաստանը դարձնելով ավելի ու ավելի անզոր իր իսկ սեփական տարածաշրջանում:

Երկար տարիներ ձգվող այս հակամարտությունն անցյալ տարվա սեպտեմբերին վերաճեց պատերազմի, որն իսկական աղետ էր Հայաստանի համար: Երևանը ոչ միայն մարդկային մեծ կորուստներ ունեցավ (երկու կողմից զոհվեց 8000 զինծառայող), այլև կորցրեց Լեռնային Ղարաբաղի տարածքի մեկ երրորդը: Հայերը ստիպված էին հրաժարվել Ադրբեջանի յոթ շրջաններից, որոնք նրանք վերահսկում էին 1990-ականների սկզբից, երբ ավարտվեց առաջին պատերազմը: Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը վերջ դրեց ռազմական գործողություններին, մարդիկ դադարեցին իրար սպանել: Բայց ահա, թե ինչ է տեղի ունեցել. խաղաղության պայմաններում նոր շփման գիծ ժամանեց մոտ 2000 զինծառայող` ռուս խաղաղապահների զորախումբ:

Արդյունքում, Հայաստանի ենթադրյալ դաշնակիցը՝ Ռուսաստանը, դարձավ տարածաշրջանային գերտերություն, որն առավելագույն օգուտներ ունեցավ Լեռնային Ղարաբաղի 2020 թվականի պատերազմից: Այսօր ռուսական զորքերը Խորհրդային Միության փլուզումից ի վեր առաջին անգամ վերադարձել են անկլավ և այնտեղ տեղակայվել: Շատ հավանական է, որ հենց նրանցն է  այժմ վերջին խոսքը տարածաշրջանի քաղաքական խնդիրները լուծելու հարցում: Այդ պատճառով Լեռնային Ղարաբաղի մինի-պետությունը գնալով ավելի է մեկուսանում: Փետրվարից օտարերկրացիների համար, բացառությամբ ռուսների, Լեռնային Ղարաբաղ հասնելը գրեթե անհնար է դարձել: Իշխանությունների կողմից մերժվել են գրեթե բոլոր օտարերկրյա լրատվամիջոցներն ու  հումանիտար կազմակերպությունները, որոնք փորձում են մուտք գործել տարածաշրջան:

«Առավոտ» հայկական թերթի ստացած և հրապարակած փաստաթղթում նշված է շուրջ 80 կազմակերպություն, որոնց արգելվել է մուտք գործել Լեռնային Ղարաբաղ: Դրանք ներառում են` «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը, «Միջազգային ճգնաժամային խումբը» և նույնիսկ ականազերծող «Halo Trust» կազմակերպությունը, որը հակամարտությունից առաջ և դրա ընթացքում մեծ հարգանք է վայելում տեղի բնակչության շրջանում:

Մերժվել է նաև BBC-ի, Radio France-ի և շատ այլ անկախ լրագրողների հավատարմագրումը: Ֆոտոլրագրող Կիրան Ռիդլին նույնիսկ մուտքի թույլտվություն է ստացել Արցախի իշխանություններից, բայց ռուս զինվորները թույլ չեն տվել անցնել Ղարաբաղի սահմանը: Նրան ասել են, որ այժմ այդ վայրերը թույլատրվում է մուտք գործել միայն Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիներին:

Ենթակայության համակարգը Լեռնային Ղարաբաղում միտումնավոր ոչ թափանցիկ են դարձրել: Ռուս խաղաղապահների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը հաճախ է հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ՝ լսելով նրանց հայտարարություններն առ այն, թե ինչպես և ինչ պետք է լինի այս քվազի-պետությունում: Բայց քանի որ հայկական զորքերը ստիպված էին լքել այս շրջանը, իսկ ադրբեջանցիները հիմնականում մնում են շփման գծի այն կողմում, պարզվում է, որ  Ռուսաստանն է, որ այժմ լիակատար ռազմական վերահսկողություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

Կենտրոնական Ասիայի «Լրագրողներ առանց սահմանների» լրագրողական կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Ժաննա Քավելիեն ասում է, որ նման սահմանափակումները Լեռնային Ղարաբաղը  դարձնում են տեղեկատվական «սև խոռոչ» և ռուս խաղաղապահներին կոչ է անում թույլ տալ համաշխարհային լրատվամիջոցներին գնալ այնտեղ: Նախկինում իրավիճակը բոլորովին այլ էր: Երբ Լեռնային Ղարաբաղը գտնվում էր Հայաստանի վերահսկողության տակ, արտասահմանյան քաղաքական շահույթ չհետապնդող կազմակերպությունների աշխատողները, արևմտյան լրագրողները և նույնիսկ զբոսաշրջիկները կարող էին տարածաշրջան գալ գրեթե ազատ:

Մարտին Արցախի Հանրապետության խորհրդարանը որոշեց ռուսերենը դարձնել պաշտոնական լեզուներից մեկը, իսկ Երևանի և Մոսկվայի իշխանությունները առաջարկեցին տարածաշրջանի բնակչությանը տրամադրել ռուսական անձնագրեր: Լեռնային Ղարաբաղի համար սա բոլորովին նոր իրավիճակ է, բայց այսպես են զարգացել իրադարձությունները սառեցված հակամարտությունների այլ գոտիներում ևս, որտեղ Ռուսաստանը մեծացրել է  իր ազդեցությունը:

Արևելյան Եվրոպայում և Կովկասում Ռուսաստանն օգտագործում է իր խաղաղապահներին տարածաշրջանային հակառակորդներին ճնշելու համար, ինչպես նաև տեղական բնակչությանն առաջարկում է Ռուսաստանի քաղաքացիություն: Անջատվելով Վրաստանից և Մոսկվայի կողմից ճանաչվելով որպես անկախ պետություն՝ Հարավային Օսիան այժմ վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից: Արտասահմանցիների համար չափազանց դժվար է մուտք գործել այս տարածք, որը աշխարհաքաղաքականորեն ամբողջովին կախված է Մոսկվայից: Մինչդեռ Ուկրաինայում Ռուսաստանը պահանջում է, որ իր խաղաղապահները վերահսկեն երկրի արևելքում գտնվող Դոնբասի սահմանները, ինչը դարձել է կայուն հրադադարի հիմնական խոչընդոտներից մեկը:

1990-ականներից ի վեր ռուս խաղաղապահները պահպանում էին սառեցված հակամարտությունների ևս երկու գոտիներ ՝ վրացական Աբխազիայում և Մոլդովայի Մերձդնեստրում: Այս տարածքները նույնկերպ մեկուսացված են մնում, չնայած այնտեղ հասնելը մի փոքր ավելի հեշտ է, քան Հարավային Օսիա և Դոնբաս հասնելը: 2018-ին ուկրաինացի մի բարձրաստիճան գեներալ ինձ ասաց, որ Ռուսաստանը 2014-ին Մերձդնեստրում իր խաղաղապահներին լիարժեք պատրաստության վիճակի էր բերել՝ անհրաժեշտության դեպքում ներխուժման համար: Իսկապես, ուկրաինացի զինվորականները շատ են վախենում, որ Ռուսաստանը կարող է հարձակողական գործողություններ սկսել Դոնբասի կամ Մոլդովայի տարածքից:

Իհարկե, կան լուրջ տարբերություններ Լեռնային Ղարաբաղի և այլ անկլավների միջև: Նախ, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայն էին ռուս խաղաղապահների ներկայությանը, երբ նրանք անցած աշնանը ստորագրեցին հրադադարի պայմանագիր: Ի տարբերություն` Ուկրաինան և Մոլդովան միայն նախկինում էին իրենց մոտ թույլ տալիս ռուսական զորքեր, բայց հետո վճռականորեն շրջվեցին դեպի Արևմուտք: Դա տեղի ունեցավ, երբ Ռուսաստանը միջամտեց նրանց տեղական բախումներին:

Ադրբեջանն ու Հայաստանը նույնպես բարեկամական հարաբերություններ են պահպանել իրենց նախկին գաղութային կեղեքիչ Մոսկվայի հետ: Այնուամենայնիվ, նրանք իրար նկատմամբ մնում են երդվյալ թշնամիներ: Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերը ընդամենը հաշված մետրերի հեռավորության վրա են իրենց հայ հակառակորդներից: Այս պատճառով, ռուս զինծառայողների ներկայությունը պակաս վիճելի է, քան այլուր, քանի որ նրանք դիտարկվում են որպես չեզոք կողմ: Բայց փոխհրաձգությունները դեռ շարունակվում են:

Ես շփման գիծ այցելեցի փետրվարին՝ օտարերկրյա լրագրողների մուտքը Լեռնային Ղարաբաղ արգելվելուց անմիջապես առաջ: Հետո անձամբ ականատես եղա այս դաժան բախումներից մեկին: Լրագրողների մի փոքր խմբին, այդ թվում ինձ , ուղեկցում էր հայ զինվորների ջոկատը, որը հերթապահում էր հայկական Թաղավարդ գյուղում, որը նոր առաջնագծով բաժանված էր երկու մասի: Հասանք դաշտ, որը, ինչպես մեզ ասացին զինվորները,  ականապատված էր, և այդ պահին կրակոցների ձայներ լսեցինք ադրբեջանական դիրքերից, որոնք մեզանից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա էին:

Հայ զինվորականները գաղտնի էին պահում և ոչինչ չէին ասում իրավիճակի մասին, բայց հաստատում էին, որ նրանք դեռ կորուստներ են կրում դիպուկահարների կրակոցներից: Սա նշանակում է, որ նման բախումներն ու փոխհրաձգությունները պարբերաբար լինում են: Նույն օրը տեղի է ունեցել մեկ այլ մարտ, որի ընթացքում գերի են ընկել 62 հայ զինծառայողներ՝ պաշտպանելով ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքում գտնվող Խծաբերդ և Հին  Թաղեր գյուղերը: Հրադադարի մասին համաձայնագրում նշված գյուղերի կարգավիճակը ամրագրված չէր, ուստի Ադրբեջանը հնարավոր համարեց հարցը լուծել ուժի միջոցով:

Թաղավարդի գյուղապետը մեզ հետ զրույցում ասաց, որ երբ մի բնակիչ գնացել է գյուղի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող կեսը՝ այցելելու իր եղբոր գերեզմանը, ադրբեջանական զինուժը նրան պատանդ է վերցրել ՝ համարելով նրան դիվերսանտ: Այս անձի գտնվելու վայրը դեռ անհայտ է, չնայած գյուղի իշխանությունները կասկածում են, որ նրան տեղափոխել են Բաքու:

Երևանում գտնվող մի հայ ղեկավար ինձ բողոքեց, որ Ռուսաստանը ոչինչ չի ձեռնարկել ի պատասխան անցած աշնանը Ադրբեջանի հարձակման, բայց սկսեց արագ գործել, հենց որ հնարավորություն ստացավ տեղակայել իր զորքերը տարածաշրջանում: Այնուամենայնիվ, շատ հայեր կարծում են, որ իրենք այլ ելք չունեին, քան Ռուսաստանից պաշտպանություն փնտրել:

Ռուսական զորքերի տեղաբաշխումից հետո բուն Ստեփանակերտում ռուսների օրոք հաստատվեց խաղաղության նման մի բան: 2020-ի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ տեղացիները վեր էին կենում վաղ առավոտյան մաքրելու կոտրված ապակիները և գիշերային գնդակոծության մյուս հետևանքները: Տեղացիներից մեկն ինձ ասաց, որ քաղաք մաքրելը պատերազմի ընթացքում արհամարհական անհնազանդության փոքր գործողություն էր: Այժմ քաղաքի փողոցները մաքուր են, վնասված շենքերի մեծ մասը վերանորոգվել է կամ ծածկվել պատնեշներով: Կյանքը վերադարձել է Ստեփանակերտ, և այն ավելի շատ նման է ուժեղ փոթորկի, այլ ոչ թե անխնա հրետանային ռմբակոծությունների:

Բայց քաղաքում մնացած հայերի մոտ կա ինքնընկալման լուրջ ճգնաժամ: Հրադադարի ռեժիմի հապճեպ պատրաստված և ստորագրված հայտարարագիրը ոչ մի բառ չի պարունակում Լեռնային Ղարաբաղի ապագայի մասին, քանի որ կողմերը որոշել են զբաղվել այդ հարցերով հետագայում: Բայց այս անլուծելի խնդիրը գտնվում է այս անկլավի շուրջ հակամարտության առանցքում և մինչ դրա լուծումը, Լեռնային Ղարաբաղը, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Դոնբասի և Մերձդնեստրի հետ միասին, կմնա սառեցված հակամարտության գոտի: Դա նշանակում է ՝ կախված լինել Մոսկվայից: Ռուսաստանին միանգամայն ձեռնտու է այս հակամարտությունների անորոշությունը: Սառեցված հակամարտությունները նրանց մասնակիցներին բացառում են ՆԱՏՕ-ին անդամակցելուց: Ի վերջո, այս կազմակերպությունը պահանջում է, որ թեկնածու երկրները չունենան չլուծված տարածքային վեճեր:

Ռուսական զորքերը նաև խոչընդոտ են հանդիսանում Լեռնային Ղարաբաղում թուրքական ազդեցության վերելքին, քանի որ երկու երկրների միջև ուժեղանում է մրցակցությունը: Սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Թուրքիան ամեն տեսակի դիվանագիտական ​​և ռազմական օգնություն էր ցուցաբերում Ադրբեջանին: Հնարավոր է, որ Թուրքիայից ժամանակակից ռազմական տեխնիկայի մատակարարումը վճռորոշ գործոն է դարձել հակամարտության ելքը որոշելու համար: Ասում են, որ Ադրբեջանի կողմից օգտագործվող անօդաչու թռչող սարքերից շատերը շահագործում էին Անկարայի թուրքական հենակետերի օպերատորները:

Բայց Թուրքիան, կարծես թե, քիչ բան է ստացել Ադրբեջանին օգնելու դիմաց: Անկարան ներկա չէ առաջնագծում ՝ սահմանափակվելով հակամարտության գոտուց հեռու գտնվող հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի աշխատանքներին մասնակցելով: Թուրքիայի և Ադրբեջանի միջև Նախիջևանի անկլավով ցամաքային միջանցք ստեղծելու ծրագիրը նույնպես կասեցվում է: Եվ երբ վերջերս ԱՄՆ նախագահ Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, շատ դիտորդներ եզրակացրին, որ Վաշինգտոնում թուրքական ազդեցությունը թուլանում է, հատկապես Ղարաբաղյան հակամարտության պատճառով:

Մինչդեռ Հայաստանն ու Ադրբեջանը կրկին լարված ռազմական առճակատման մեջ մտան: Մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը մի քանի կիլոմետր անցան և մտան Հայաստանի հարավային Սյունիքի մարզ, այդ պատճառով ԱՄՆ-ը և համաշխարհային հանրությունը պահանջում էին, որ Բաքուն հետ տանի իր զորքերը: Ռուսաստանը կոչ արեց միջնորդել, ինչն էլ ավելի մեծացրեց իր ազդեցությունը երկու երկրների վրա:

Դադիվանքում գտնվելիս ես չէի տեսնում խաղաղության և հաշտության նշաններ: Երեկոյան ադրբեջանական դաշտային համազգեստով երեք տղամարդ իջան լեռան դիրքերից`մի քիչ ուտելիք գնելու հանպատրաստից սարքված փոքրիկ խանութից, որը ռուս զինվորականները տեղադրել էին վանքի մատուռի հարևանությամբ: Նրանք բարձրահասակ էին և նիհար, կոկիկ խնամված բեղերով, բայց 21 տարեկանից մեծ չէին: Նրանք ակնհայտորեն անհարմար էին զգում  և ոչ այնքան համարձակ` նախընտրելով միասին լինել: Այս մարդիկ ոչ մի կերպ չէին հիշեցնում հայկական երևակայության մեջ գոյություն ունեցող նվաճող հորդան: Հավանաբար, սրանք առաջին ադրբեջանցիներն էին, որոնց վանքում գտնվող հայ հավատացյալներն ու քահանաները տեսան 25 տարի առաջ սահմանները փակվելուց ի վեր առաջին անգամ:

Բայց երբ ես առաջարկեցի Նարիկին մոտենալ ադրբեջանցի զինվորներին և զրուցել նրանց հետ, նա տարակուսած նայեց ինձ ու մռայլվեց: «Ես միշտ ատելու եմ նրանց, և նրանք միշտ էլ ատելու են ինձ,- ասաց նա,- էլ ի՞նչ իմաստ խոսել»:

Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը

 Սկզբնաղբյուրը` Foreign Policy

 

Share

Comments are closed.