Անպարկեշտ առաջարկ



Վասակ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Գրող, հրապարակախոս
Երևան

Հանրապետության առաջին նախագահը բացահայտեց, որ երկրորդ և երրորդ նախագահներին առաջարկել է առաջիկա ընտրություններում հանդես գալ «Ազգային համաձայնության» դաշինքով:

Այս բացահայտումը ցնցեց առանց այդ էլ ցնցումների շարունակական շրջափուլում հայտնված քաղաքական դաշտն ու հայհոյախոսության ճահիճն ընկղմված քաղաքական միտքը. ամեն կողմից հնչեցին սուր գնահատականներ, շատերը վրդովվեցին ու հիասթափվեցին, անգամ թիմակիցների մեջ եղան վիրավորվածներ, համարելով, որ նման առաջարկ անելն առնվազն անպարկեշտություն է: Ու  միայն Տեր-Պետրոսյանին անվերապահ հավատացողներն էին, որ առիթը բաց չթողեցին հերթական անգամ իրենց հիացմունքն ու աջակցությունը հայտնելու նրան:

Բայց առժամանակ մի կողմ դնենք այդ գնահատականները և փորձենք «չոր» դատողությամբ արձանագրել կատարվածը նախ մինչև դրա հրապարակայնացումը:

Անգամ բնազդային մակարդակում ակնհայտ է, որ ցանկացած առաջարկ կարող է ունենալ երկու արձագանք. կա՛մ պիտի ընդունվի, կա՛մ պիտի մերժվի:

Ի՞նչ էր մտածում առաջին նախագահը Քոչարյանին ու Սարգսյանին այդ առաջարկն անելուց առաջ:

Ոչ ոք, կարծում եմ, չի առարկի, որ Լևոն Տեր-Պետրոսյանին բնորոշ է քաղաքական սթափ հաշվարկը, սառը դատողությունը, իր քայլերի հետևանքները կանխատեսելը: Միայն միամիտը կարող է պնդել, թե նա նման առաջարկ արել է՝ ընդամենը գնդակը փոխանցելով նրանց դաշտ, չպատկերացնելով, թե ինչ է լինելու հետո:

Լինելու էր հետևյալը. նկատի ունենալով այդ առաջարկի անհամատեղելիությունը առողջ բանականությանը, այն է՝  իր իսկ բնորոշած ավազակապետների, մոնղոլ- թաթարների նմանակների կամ գրեթե սատանայի հետ համագործակցելու անհնարինությունը,  Տեր-Պետրոսյանը, կարծում եմ, համոզված է եղել, որ այն բացարձակապես անիրագործելի մի գաղափար է: Ընդ որում, ակնհայտ է, որ հենց այդ անհնարինությունն է արգելակել վերը նշված պիտակներին արժանացածներից մեկի միտքը, ուստի լռել է: Մյուսը միանգամից մերժել է, ինչը հատուկ է բնազդային մղումներով առաջնորդվողներին:

Այդ ամենը չէր կարող երկար ժամանակ մնալ քողարկված, քանի որ նախընտրական փուլ է, և նախընտրական այս փուլում դրա հմայքը գաղտնազերծվելն է ու հանրությանը մատուցվելը: Բացի այդ՝ իմաստ չունի նման ցցուն բանը, անկախ նրանից՝ ում դա դուր կգա և ում՝ ոչ, քողարկված պահել: Եվ Տեր-Պետրոսյանը հրապարակայնացրեց իր առաջարկը երկրորդ և երրորդ նախագահներին՝ բացահայտելով նաև նրանց արձագանքները:

Ի՞նչ պիտի անեին նրանք դրանից հետո: Բնականաբար՝ պիտի մի թեթև ընդվզեին, թե ինչու է առանց իրենց հետ համաձայնեցնելու հրապարակում, հպանցիկ պիտի մեղադրեին, թե իրականում ամեն ինչ այլ կերպ է եղել, իսկ վերջում էլ պիտի հայտարարեին, որ իրենց համար ընդունելի չէ այդ առաջարկը: Մի քիչ նեղացածի, մի քիչ էլ՝ ամբարտավանի կեցվածքով. իբր՝ «էս ի՞նչ ես ասում, ի՞նչ համաձայնություն կամ ընդհանրություն կարող է լինել մեր միջև…»

Այսպիսով, օրհասական որակված պահին հայրենիքը փրկելու հրամայականով արվում է համագործակցելու առաջարկ, որը մերժվում է: Ասում եմ՝ «օրհասական որակված պահին հայրենիքը փրկելու հրամայականով», քանի որ այս մտայնությունն է գեներացված Հայաստանում, և սրա դեմ որևէ փաստարկ ոչ ոք չի բերում, ըստ երևույթին ոչ թե փաստարկ չգտնելու, այլ գլուխը ցավի տակ չդնելու, «եղունգ ունես՝ գլուխդ քորիր» փիլիսոփայությանը գերի լինելու պատճառով:

Ով ինչ ուզում է ասի՝ եթե խոսքը իսկապես հայրենիքի փրկության մասին է, ապա, վերջին հաշվով, նման առաջարկը ինչ-որ մեկը հազիվ թե դատապարտի: Պատմության կտրվածքով՝ նպատակը միշտ արդարացնում է միջոցները: Հայրենիքի փրկությունը այսրոպեական գործ չէ, հետևաբար անխոցելի է առաջին նախագահի տրամաբանությունը… Մինչդեռ նրան դատապարտողները ցանկություն չունեն սառնասրտորեն կտրվել այսօրվա իրողություններից ու կատարվածը դիտարկել այդ տրամաբանության մեջ: Նրանք դա անում են այսօրվա տրամաբանությամբ: Իսկ այսօր, այս պահին նախանշվող նպատակը պիտի տարբեր շահերի բախվի, փորձություններ հաղթահարի, որը երբեմն խղճի հետ գործարքներ է ենթադրում, ուստի դրան հասնելու միջոցները դառնում են ստորության կամ բարոյազրկության հոմանիշ:

Իրավիճակը ավելի է խճճվում, երբ խնդիրը դիտարկվում է  միանգամից մի քանի՝ բարոյական, հոգեբանական, բանական, քրեական, քաղաքական հարթություններում… Ընդ որում, դիտարկվում է առաջարկը ոչ թե ի սկզբանե անիրագործելի լինելու, այլ հակառակը, այն ընդունելու և կիրառելու տարբերակը: Այսինքն, ընկալվում է կառուցողական, ոչ թե կազմաքանդիչ ուղղվածությամբ: Որպես հռչակված նպատակ՝ փրկելու հայրենիքը հենց ա՛յդ եղանակով՝ միասնաբար հանդես գալով և պաշտոնների չհավակնելով: (Զուգահեռ հարց է հնչում. իսկապե՞ս խոսքը հայրենիքի փրկության մասին է, թե՞ չարաբաստիկ անցյալը, անցյալի գաղջն ու բռնապետությունը վերադարձնելու, անդնդի եզրին հասած երկիրը վերջնականապես անդունդը գլորելու…Բայց սա այլ թեմա է):

Այսպիսով, ամենասուր արձագանքները, որոնք հանգեցրին ընդհուպ մինչև նվիրյալների, գաղափարակիցների ու համախոհների հերթական պառակտման, հնչեցին հենց բարոյական հարթությունում. ո՞նց թե դու համագործակցելու առաջարկ անես քո գաղափարական հակառակորդներին, կեղծիքների ու կոռուպցիայի մեջ թաղվածներին, երկիրը հարստահարածներին, բանակը թալանածներին… Եվ այստեղ, այս հարթությունում, իսկապես  չեղավ բացատրություն ու չի կարող լինել փոխըմբռնում: Առավելագույնը կարող էր լինել և եղավ երրորդ կողմին պատճառ բերելու և նրան համեմատության մեջ որպես առավել մեծ չարիք ներկայացնելու մտասևեռում, որը ավելի շատ բոլորի հավաքական մեղքը նրա վրա բարդելու բացահայտ մղում է, քան համոզիչ փաստարկ: Հետևաբար, շատերի համար այնքան էլ հասկանալի չդարձավ, թե ով ավելի մեծ հնարավորություններ ունի երկիրը կործանելու. «ազգակործան պատուհա՞սը», թե՞ «ազգափրկիչ» պատուհասները:

Եղան նաև հոգեբանական, բանական ու քրեական ուղղվածությամբ ընդվզումներ՝ ինչպե՞ս կարող ես համագործակցել Հոկտեմբերի 27-ի հետևանքով անսահմանափակ իշխանություն ստացածների, Մարտի 1-ի հանցագործների, քո գաղափարակից ընկերներին մահվան դուռը հասցրածների հետ, ի՞նչ ես շահելու 1+2 բանաձևով, երբ քո առաջարկած թեկնածուները ընդամենը մեկ երրորդն են լինելու համաձայնության շղարշով պատված ընդհանուր ցուցակի մեջ, մնացած երկու երրորդը լինելու են ավազակապետների համախոհները… Եվ քաղաքական՝ ի՞նչ ընդհանրություն կարող են ունենալ ոխերիմ հակառակորդները, ի՞նչ արդյունք է ստացվելու այդ համագործակցությունից ու «ազգային համաձայնությունից», որը գոնե առերևույթ ոչ այնքան հանուն (Հայաստանի) է, այլ, այնուամենայիվ, ընդդեմ (Նիկոլի):

…Արդ. կրկնեմ՝ այս ամենը հաշվարկելով ու հաշվի առնելով՝ ՀՀ առաջին նախագահը վայրկյան անգամ չի տարակուսել, որ Քոչարյանն ու Սարգսյանը մերժելու են իր առաջարկը: Ընդ որում, նա հրաշալիորեն գիտակցել է, որ դա ոչ թե իր թուլությունն  է, այլ ակնառու գերիշխանությունը աթոռակռիվ տալը հայրենիքի փրկությունից գերադասող ավազակապետների հանդեպ: Քանզի, ո՞վ կարող է առարկել. մի՞թե հայրենասեր մարդը կստորադասի ազգային համաձայնությունը պաշտոններ ունենալու հեռանկարին:

Եվ ուրեմն, Տեր-Պետրոսյանը, մերժվածի համբավ վաստակելուց չխորշելով՝ հերթական ազդու քայլն արեց՝ ապահովելու իր տեղը Պատմության մեջ. Նորին մեծություն Պատմությունը մոռացության կմատնի այսօր գերիշխող անառողջ կրքերը և կարձանագրի, որ նրա հայրենանվեր առաջարկը, ազգը միավորելու և միասնության մեջ փրկություն գտնելու հերթական փորձը մերժվեց անհեռատես նյութապաշտների և պաշտոնամոլ ավազակապետների կողմից:

Ցավալին այն է, սակայն, որ այդ քայլից ո՛չ Հայաստանը շահեց, ո՛չ էլ պատմության քառուղիներում հազարամյակներ խարխափած հայ ժողովրդի գոնե մի սերունդ:

…Կհարցնեք՝ իսկ ի՞նչ կլիներ, եթե Քոչարյանն ու Սարգսյանը հանկարծ ընդունեին Տեր-Պետրոսյանի առաջարկը: Իզուր մի՛ հարցրեք: Դա բացառված էր ի սկզբանե:

Հ. Գ. Մայիսի 16-ին ՀԱԿ համագումարում Տեր-Պետրոսյանը հստակեցրեց ու հիմնավորեց՝ Քոչարյանին ու Սարգսյանին ուղղված իր առաջարկի նպատակը եղել է «մի կողմից խափանել Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը, մյուս կողմից՝ բացառել Ռոբերտ Քոչարյանի վերահաստատումը պետության ղեկին…»: Ապա բացահայտեց, թե ինչ խնդիրների լուծման ակնկալիքներ ունի առաջիկա ընտրություններից: «Առաջին՝ նախևառաջ թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը, ինչն, ի դեպ, 100 տոկոսով լուծելի էր երեք նախագահների դաշինքի կայացման պարագայում: Երկրորդ՝ բացառել Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը, ինչը ևս լուծվում էր նույն պարագայում: Ի դեպ, վերջինիս կողմից իմ առաջարկի մերժումից հետո, ես նրան անկեղծորեն ասել եմ, որ ստիպված եմ լինելու պայքարել ոչ միայն Փաշինյանի, այլև իր դեմ»:

Ազնիվ դիրքորոշում է, ինչ խոսք: Բայց ի՞նչ ռեսուրսներով պիտի պայքարի Տեր-Պետրոսյանի գլխավորած ուժը այս երկուսի դեմ, և, որ պակաս հետաքրքիր չէ, ո՞ւմ դեմ է առավել ուժգին պայքարելու:

Հայ տկար քաղաքական միտքը և առաջին նախագահի ասածները լավ չհասկացող հասարակությունն ընդամենը հինգ օր տառապեց՝ հասկանալու, թե, այնուամենայնիվ, այս երկուսից որի՞ն է նա համարում չարյաց փոքրագույնը, որին՝ մեծագույնը, և եթե ՀԱԿ-ը հայտնվի խորհրդարանում՝ ո՞ւմ հետ կգերադասի կոալիցիա կազմել…

Մայիսի 21-ի իր հայտարարությամբ Տեր-Պետրոսյանը ցրեց բոլոր հարցականները.  «… այս պահին ընդդիմադիր բոլոր ուժերի նպատակը պետք է լինի ոչ թե ներքին ցնցումների հրահրումը, այլ Փաշինյանի իշխանության պարտությունն առաջիկա ընտրություններում։ Ուրիշ ոչինչ»։ 

Ահա այսպես. Տեր-Պետրոսյանը գերադասեց կենտրոնանալ Փաշինյանին պարտության մատնելու վրա: Նրան միասնաբար պարտության մատնելու ծրագիրը ձախողվեց,  հետևաբար կփորձեն դա անել առանձին-առանձին: Սա, խոստովանենք,  առավել հուզիչ աջակցություն է Քոչարյանին, որը ինքնամոռաց ձգտում է իշխանության:

Չե՞ք կարծում, որ նա Տեր-Պետրոսյանի առաջարկը մերժել էր հենց իշխանության չհավակնելու նախապայմանի պատճառով:

 

 

Share

Comments are closed.