Դա այն հատվածն է, որը նախկին իշխանությունների վերադարձի էջը համարում է փակված, իսկ գործող իշխանության գործունեությունն էլ համարում է վտանգավոր
Հայաստանում կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունները հավակնում են դրանց մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի թվով ամենաբազմազանը լինել։ Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել են Հայաստանի բոլոր նախկին նախագահներն իրենց քաղաքական ուժերով, գործող իշխանությունը, բազմաթիվ արտախորհրդարանական ուժեր։
Չնայած այն հանգամանքին, որ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից հետո սկսված ներքաղաքական գործընթացում միավորվել էին նաև «Հանրապետական» կուսակցությունը, Ռոբերտ Քոչարյանին աջակցող ուժերն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, սակայն ընտրություններում այս ուժերը, որ հավակնում են ընդդիմության ձայների էական հատվածին տիրանալ, որոշել են արտահերթին մասնակցել առանձին-առանձին։ Թեև հրապարակային խոսքում Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն առանձին մասնակցությունը ընտրություններում դիտարկում են ոչ թե որպես բաժանարար գործոն, այլ միևնույն նպատակին տարբեր մարտավարություններով հասնելու հրամայական, սակայն անկախ այն հանգամանքից, թե կողմերն ինչպես են հիմնավորում ընտրություններին դաշինքով չմասնակցելու որոշումը, միևնույն է, ակնհայտ է, որ Քոչարյանի ու Սարգսյանի ընտրազանգվածը նույնական է ու առանձին մասնակցելու որոշման հետևանքով վերջիններս մրցակիցներ են դառնում։
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն ու ՀՀԿ-ի և «Հայրենիք» կուսակցությունների կողմից հիմնված «Պատիվ ունեմ» դաշինքը միևնույն ժամանակ ունեն էական նմանություններ։ Այս դաշինքների հիմնական շարժիչ ուժը մինչ 2018-ի մայիսը Հայաստանում վարչական տարբեր լծակների տիրապետած անձինք ու նրանց մերձակա շրջանակներն են՝ իրենց նյութական ու մարդկային, կազմակերպչական ռեսուրսներով։ Այժմ այս երկու դաշինքներից յուրաքանչյուրը փորձելու է առավելագույնս դեպի իրենց ձգել այդ ռեսուրսները կառավարող անձանց ու շրջանակներին՝ ընտրություններում հնարավորինս ավելի շատ ձայն ստանալու նպատակով, մանավանդ որ թե՛ Քոչարյանը, թե՛ Սարգսյանն ունեն մտերիմ գործարարների լայն շրջանակ։ Մարդկային այս ռեսուրսը «կիսելու» առումով Քոչարյանի ղեկավարած դաշինքն ու ՀՀԿ մասնակցությամբ ստեղծված «Պատիվ ունեմ» դաշինքը չեն կարող հակասություններ չունենալ և ընտրական ցուցակների կազմման փուլում, ինչպես նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում այս բաժանումն ավելի ցայտուն դրսևորում կստանա։
Այս երկու դաշինքներից զատ ընդդիմության շրջանում էական ռեսուրսների է տիրապետում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նոյեմբերի 9-ից հետո վերջինս սերտ համագործակցություն սկսեց 17 կուսակցությունների հետ, իսկ արդեն փետրվարից պարզ դարձավ, որ Ծառուկյանը հետզհետե ցանկանում է առանձնանալ այս ուժերից։ Նա առաջիններից էր, որ հայտարարեց արտահերթ ընտրություններին առանձին մասնակցելու վերաբերյալ։ Ծառուկյանը ևս կարող է դառնալ այն ուժերից, որ «կիսում» է ընդդիմության ձայները, բայց սրան զուգահեռ անհրաժեշտ է ֆիքսել, որ Ծառուկյանի գործողությունների վրա էական ազդեցություն ունի ֆինանսատնտեսական բաղադրիչը։ Կուսակցական որոշումները հաճախ պայմանավորվում են առաջնորդի բիզնես կայսրության անվտանգության մոտիվացիայով, ուստի այժմ բարդ է կանխատեսել, թե խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում, որն, ի դեպ, ԲՀԿ-ի դեպքում անիրատեսական չէ, ինչ դիրքավորում կունենա Գագիկ Ծառուկյանը։
Այս օրերին կառավարության ու խորհրդարանի միջանցքներում «թափառում» է մի օրենսդրական նախաձեռնություն, որն անարդարացիորեն դուրս է մնացել ուշադրությունից։ Խոսքը Իրանից Հայաստան եկող ցեմենտի ներմուծումն արգելելու նախագծի մասին է, որ ներկայացրել էր կառավարությունը. Ծառուկյանն իր կուսակցությունով հանդերձ 2019-ից սկսեց պահանջել տուրք սահմանել Իրանից ներկրվող կլինկերի վրա. պատճառն այն էր, որ ներմուծվող այս ապրանքը հետզհետե գրավում էր ցեմենտի շուկան՝ Ծառուկյանի «Արարատցեմենտ»-ին դուրս մղելով շուկայից, ուստի եթե կառավարության կարգավորումը կյանքի կոչվի, ապա «Արարատցեմենտը» կհայտնվի շահեկան վիճակում։ Հետևաբար, Ծառուկյանի գործողությունները շատ հաճախ (եթե ոչ միշտ) բխում են տնտեսական օգուտ ստանալու հնարավորություններից, ու վերջին տարիներին նա դա քանիցս ապացուցել է (օրինակ, 2012-2015-ին ընդդիմադիր ճամբարում հայտնվելով՝ Ծառուկյանը 2015-ի փետրվարին Սերժ Սարգսյանի սպառնալիքների ու վիրավորանքների հետևանքով քաղաքականությունը լքեց, հետագայում ողջունեց հեղափոխությունը, կոչվեց խոշոր սեփականատեր, 2020-ից սկսեց պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ այժմ էլ չափազանց մեղմ բառապաշար է օգտագործում իշխանություններին քննադատելիս):
Խորհրդարանական ընտրություններին մասնակցող վերը թվարկված ուժերից զատ ընտրություններին մասնակցելու հայտ ունեն նաև այնպիսի ուժեր, որոնք ըստ էության հանդես են գալիս «երրորդ ուժի» դիրքերից՝ մերժողաբար դիրքավորվելով թե՛ գործող իշխանության, թե՛ նախկին իշխանություններից բաղկացած ընդդիմության նկատմամբ։ Այդպիսի ուժերից են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայ ազգային կոնգրես»-ը, «Քաղաքացու որոշում», «Լուսավոր Հայաստան», «Ինքնիշխան Հայաստան», «Սասնա ծռեր» կուսակցությունները։ ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը փետրվարին հրապարակել էր սոցհարցման արդյունքներ, ըստ որոնց՝ հարցված քաղաքացիների 42 տոկոսը պատասխանել էր՝ ոչ մի կուսակցության ձայն չի տալու, իսկ 12 տոկոսն էլ դեռ չգիտեր, թե ընտրության դեպքում ում կընտրի։ Հարցումների այս թվերն իրականում աշխատանքի մեծ դաշտ ու ներուժ են բացում թե՛ իշխանություններին, թե՛ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի կողմից ղեկավարվող ընդդիմությանը քննադատող ուժերի համար։ Վերը թվարկած ուժերը, սակայն, թե՛ առանձին-առանձին, թե՛ միասին չեն տիրապետում այն ռեսուրսներին, որ ունեն «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը։
Հանրային այն հատվածը, որ նախկին իշխանությունների վերադարձի էջը համարում է փակված, իսկ գործող իշխանության գործունեությունն էլ համարում է վտանգավոր, դեռևս չի արտահայտում իր կողմնորոշումը ուժերից որևէ մեկի նկատմամբ։ Թե ինչու այս ուժերը ներկայում պոպուլյար չեն, այժմ կարևոր չէ, սակայն խորհրդարան անցնելու նրանց շանսերն էականորեն կմեծանան, եթե նրանք հանդես գան լայն դաշինքով, իսկ իրերի ներկա դասավորության դեպքում հիմնական ընտրական մրցակցությունը ծավալվելու է նախկին երկու նախագահների մասնակցությամբ ստեղծված դաշինքների ու Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» միջև։ Ընդ որում, այդպիսի մրցակցությունը ձեռնտու է թե՛ ներկա և թե՛ նախկին իշխանություններին. առաջինները կշարունակեն որպես իրենց այլընտրանք հանրությանը սարսափեցնել նախկին իշխանությունների հնարավոր վերադարձով, իսկ նախկին իշխանություններն այս առիթը ևս կօգտագործեն ռևանշի համար։
Նախորդ ընտրություններից էականորեն տարբերվող դիրքորոշմամբ է հանդես գալու Հայ ազգային կոնգրեսը։ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Արցախի հարցում որդեգրած քաղաքականության շուրջ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո ձևավորվեց որոշակի համակրանք, բայց թե ինչքանով կկարողանա ՀԱԿ-ը սա կապիտալիզացնել, դժվար է ասել։ Խորհրդարան անցնելու շանսեր պահպանում է նաև «Լուսավոր Հայաստան»-ը` թեև 2018-ի դեկտեմբերի ընտրություններում վերջինիս քվեարկած քաղաքացիներն այժմ ավելի բազմազան ընտրության հնարավորության առաջ են կանգնած։
Մինչ արտահերթ ընտրությունների քարոզարշավը, սակայն, Հայաստանը ստիպված է անցնել հերթական ցնցման միջով, որը կապված է հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի հատվածում հակառակորդի կողմից Հայաստանի տարածք ներխուժման փաստի հետ։ Արտաքին միջավայրի փոփոխություններն ու ներկա գործընթացները հասկանալիորեն չեն կարող չազդել ընտրությունների արդունքների վրա. ընդ որում, դեպի գործող իշխանությանը քվեարկելու հակված, սակայն ոչ հաստատուն որոշում ունեցող հատվածը սահմանային ներկա իրողությունների փոփոխության դեպքում պարզապես կվերանայի իր որոշումը, իսկ պարբերաբար ցնցվող հանրության մի էական հատվածը սահմանային լարումների ֆոնին ընտրական գործընթացին ուղղակի չի մասնակցի (առհասարակ, այս ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցուցանիշը բարձր չի լինելու՝ պայմանավորված մի շարք գործոններով):